Անուրախ ուղերձ

 

Վեհապետ Մորիա

2 հունվարի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան:

Մեր նախորդ հանդիպումից հետո այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն եթերային օկտավաներում, որտեղ Համբարձյալ Վեհապետներն են գտնվում, այդ ընթացքում շատ բաներ են տեղի ունեցել:

Մենք ամփոփել ենք արդյունքները և նախանշել հետագա քայլերը:

Ամենահետաքրքրասեր սաների համար ասեմ, որ ո՛չ այդ արդյունքների, ո՛չ էլ հետագա քայլերի մասին ներկայիս մարմնավորված մարդկությունը իրազեկ չի դառնա:

Նախորդ տարիների ընթացքում մենք շատ բան բացեցինք ձեզ համար: Եվ նրանք, ովքեր հարկ եղած չափով համալարված էին մեր ալիքի հետ, կարող էին դրանցից շատ բաներ քաղել իրենց հոգևոր զարգացման համար:

Առավել հետաքրքրասերներին, որոնք փորձում են մեզ հետ՝ Համբարձյալ Դասերիս, կամ մեր դեսպանորդի հետ մտնել անմիջական հարաբերությունների մեջ, կասեմ, որ դա այնքան էլ անվտանգ զբաղմունք չէ, ինչպես կարող է թվալ մեր որոշ թելադրություններից:

Օրինակ՝ այն անհատների համար, որոնք հետաքրքրասիրությունից ելնելով կամ ներքին դրդմամբ հնարավորություն են ունեցել մերձորեն շփվելու մեր դեսպանորդի հետ, ուժի մեջ է մտել ձեռնադրումների օրենքը: Եվ դեսպանորդի կողմից ձեզ հասցեագրված յուրաքանչյուր խնդրանքը, որը ձեզ խելամիտ թվացող պատճառաբանություններով դուք չեք բավարարել, նուրբ ոլորտում անհաղթահարելի խոչընդոտ է ստեղծել ձեր հոգևոր առաջընթացի ճանապարհին: Իհարկե, ձեզ համար ամեն ինչ չէ, որ կորած է, բայց խոչընդոտներն այնուամենայնիվ ստիպված կլինեք հաղթահարել: Եվ հնարավոր է, որ դրան նվիրաբերեք մի ամբողջ կյանք:

Յուրաքանչյուր ոք, ով հայտնվում է մեր դեսպանորդի տեսադաշտում, հայտնվում է նաև մեր տեսադաշտում: Եվ բոլորովին իզուր եք կարծում, թե ոչինչ տեղի չի ունենում: Մեր աշակերտության շատ թեկնածուներ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենք թեստավորվում են. չեն էլ կռահում, որ մեկը մյուսի հետևից քննություն են տապալում:

Ճիշտ նույն կերպ՝ Ռուսաստանը, որն այս տարիների ընթացքում պետք է թեստ անցներ, որպեսզի հոգևոր առաքելություն իրականացնողի իրավունք նվաճեր, չկարողացավ հաղթահարել այդ թեստը: Եվ դա արդեն ակնհայտ է դարձել: Յուրաքանչյուր ոք, ով կարդացել է մեր ուղերձները, կարող էր նկատել մեր կողմից տրված հիմնական ուղենիշները, բայց դրանք չեն նկատվել նրանց կողմից, որոնց համար նախատեսված են եղել մեր առաջադրած թեստերից յուրաքանչյուրը:

Դուք ափսոսում և հավանաբար մտածում եք, թե հետո՞ ինչ է լինելու... Հետո հարկ կլինի նստելու կյանքի դաժան դասերի դասասեղանի առջև և նորից անցնելու ուսուցման ողջ դասընթացը: Բավական է միայն վերհիշել այդ ուսման դասընթացի հիմնական փուլերը: Դրա համար պետք է վերադառնալ դեպի անցյալ դարի սկիզբը: Համաշխարհային պատերազմ, հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, այլախոհության դաժան ճնշումների ռեժիմ, նորից պատերազմ, ավերածություններ, միջուկային զենքի հակամարտություն: Չե՛մ ասում, թե սցենարը նույնը կլինի: Էվոլյուցիոն պարույրի նոր գալարում չի կարող կրկնվել նույն սցենարը՝ թեկուզև այն պատճառով, որ ժամանակն ավելի սրընթաց է դարձել: Եվ նախորդ դարի բոլոր իրադարձությունները նոր սցենարում կարող են խտացվել ընդամենը մի քանի տարվա մեջ:

Իհարկե, այն ընթացքում, երբ երկրներից մեկի ժողովուրդն իրեն հատուկ անզսպությամբ ու սանձարձակությամբ ջահը ձեռքին պարում է վառոդի տակառի վրա, ո՛չ միայն մերձակա երկրները չեն կարողանա հանգիստ ապրել, այլ նաև մնացած բոլոր երկրները: Քանզի երկրների միջև չափազանց սերտացել են տեղեկատվական, տնտեսական և այլ տիպի կապերը:

Ահա այդ վտանգավոր սցենարն է, որ մենք քայլեր ենք ձեռնարկում, որ հանգուցալուծվի ամենաանվտանգ ձևով, որպեսզի մի քանի տարի հետո մոլորակի վրա մնացած լինեն էվոլյուցիան շարունակողներ:

Նորից եմ հիշեցնում, որ մոլորակի այս իրադրությունը մեր կողմից չի հաստատվել: Այն մարդկության համայնական գիտակցության պտուղն է: Ուստի ձեզ կվիճակվի հանգուցալուծել բոլոր այն կարմայական հանգույցները, որոնք մարդկությունը ստեղծել է իր ոչ շատ վաղ անցյալի պատմության ընթացքում:

Աշխարհի մեղքերի քավումը հնարավոր է, բայց սպասվող մեսիան չի կարող մարմին առնել այն պայմաններում, որոնցում աշխարհն այժմ գտնվում է: Ֆիզիկական ոլորտի թրթռանքները չափազանց ցածր են:

Մենք շարունակում ենք մարդկության համար մատնանշել ամենախաղաղ և ամենաանվտանգ ուղին: Վառոդի տակառի վրա պար գալու կարիք չկա՛: Ուսումնասիրե՛ք Կարմայի Օրենքը և գործեք դրան համապատասխան:

Քանի՜ անգամ է ասվել... Եվ եթե վեց տարի առաջվա 13-14 տարեկան երեխաները դպրոցում լսած լինեին Կարմայի Օրենքի մասին, որքա՜ն ավելի հեշտ կլիներ նրանց ներկայիս ագրեսիվության սանձահարումն ու կյանքից դժգոհությունը փարատելը: Յուրաքանչյուր գործողություն կամ անգործություն համապատասխան կարմա է ստեղծում: Եվ կարմա միայն նրա՛նք չեն ստեղծում, ովքեր թելադրություններ են կարդում. դա համընդանուր Օրենք է:

Երկրի ղեկավար այրերն առաջի՛նը պետք է նստեն դասասեղանի առաջ և ուսումնասիրեն համայն տիեզերքի հիմնական Օրենքը:

Ապագան մեզ հույս է ներշնչում, և մենք կանխատեսում ենք, որ կգա այն ժամանակը, երբ պետությունները, քաղաքներն ու տարածաշրջանները կգլխավորեն այնպիսի լուսավորյալ այրեր, որոնք ձեռնադրումների գոնե մի քանի աստիճաններ են անցել: Այդժամ կմտաբերվեն հին, բարի խոսքերը՝ պատիվ, արժանապատվություն, առաքինություն, մշակույթ, հավատ: Եվ կհասնի այն ժամանակը, երբ նոր ռասան կկարողանա մարմնավորվել՝ իր հետ բերելով Ոսկեդարյան գիտակցություն:

Իսկ այժմ մարմնավորման մեջ են գտնվում չորրորդ և հինգերորդ ռասաների վերջապահները, որոնք միլիոնավոր տարիների ընթացքում անընդհատ ձախողում են էվոլյուցիան շարունակելու իրենց իրավունքի քննությունը: Իհարկե, նրանց ժամանակը մոտենում է իր ավարտին: Կարևորն այն է, որ այն լուսավոր հոգիները, որոնք ներկայումս մարմնավորվել են՝ իրենց մեջ կրելով ապագա ռասայի սերմերը, նրանց հետ միասին չհայտնվեն էվոլյուցիայի աղբանոցում:

Ուղերձս կրկին անգամ տխուր ստացվեց: Սակայն հույս դեռևս կա... Բավական է միայն ձեր վրայից թոթափեք տոնական կյանքի պատրանքը և ձեռնամուխ լինեք իրական գործողությունների՝ հանուն Երկիր մոլորակի կենսահոսքերի բարօրության:

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան...

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ