Տարեսկզբի ավանդական ուղերձ

 

Հաութամա Բուդդա

1 հունվարի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան: Այս օրով եկել եմ, որպեսզի մեկ անգամ ևս խոսեմ գլխավորի մասին՝ այն մասին, թե ինչ է կատարվում Երկիր մոլորակի վրա և ինչ է սպասվում մոլորակին:

Մենք շատ անգամ ենք ասել, որ մոլորակի թրթռանքները բարձրանում են: Թրթռանքների այդ բարձրացումն անհրաժեշտ գործընթաց է: Եվ այն պլանավորվել է այս տիեզերքի կառավարման ամենաբարձր ատյանների կողմից:

Ցավոք, կարծես թե բարի այդ իրադարձությունը, որը կապված է թրթռանքների բարձրացման հետ, մարմնավորման մեջ գտնվող սովորական, շարքային անհատների համար այնքան էլ հարմարավետ և ուրախալի իրադարձություն չէ:

Թրթռանքի ֆոնի բարձրացումն իր անդրադարձն է ունենում ձեր բոլոր մարմինների վրա:

Ինչպես ձեր ֆիզիկական մարմինը, այնպես էլ ավելի նուրբ մարմինները հայտնվում են իրենց համար անսովոր թրթռանքների տիրույթում: Երբ գտնվում եք ձեզ համար սովորական դարձած թրթիռների տիրույթում, ապա հարմարավետություն եք զգում: Իսկ երբ թրթռանքի մակարդակը փոխվում է, ձեզ զգում եք անհարմարավետ վիճակում: Դա կարող է արտահայտվել ինչպես ֆիզիկական մարմնի հիվանդությամբ, այնպես էլ ցածրորակ հոգեբանական վիճակներ ապրելով՝ վախ, ագրեսիվություն, ճնշվածություն, ապրելու ցանկության բացակայություն:

Գիտակցության անորակ վիճակները կարող են հանգեցնել զանգվածային հուզումների և տարբեր կարգի տեխնածին համաղետների, քանի որ ձեր տեխնոկրատական քաղաքակրթությունը չափազանց շատ է հենվում բազմաբնույթ տեխնիկական միջոցների վրա, որոնց սպասարկման համար որակյալ պատրաստվածություն և աշխատունակություն է պահանջվում: Ուստիև այժմ ամբողջ մոլորակը և հատկապես նրա այն տարածքները, որոնք աչքի են ընկնում բարձր քաղաքակրթությամբ, մուտք են գործում բարձր վտանգավորության գոտի:

Մարդկային գիտակցության անորակ վիճակները հանգեցնում են ոչ միայն տեխնածին, այլ նաև բնական համաղետների: Ձեզ հայտնի է, թե վերջին հարյուր տարում քանի անգամ է աճել զանազան տարերային աղետների՝ հրաբուխների, երկրաշարժերի, ցունամիների, քանակը: Եվ դա հետևանքն է աստեղային ոլորտի այն լարվածության, որը պայմանավորված է ձեր գիտակցության վիճակով:

Ուստի մենք ստեպ-ստեպ գալիս ենք, որպեսզի դեղատոմս առաջարկենք և հիշեցնենք անվտանգության այն կանոնների մասին, որոնք պետք է պահպանել՝ հանուն Երկիր մոլորակի վրա կյանքի շարունակման:

Մենք խնդրում ենք ձեզ, որ սահմանափակեք զանգվածային գիտակցության ազդեցությունը ձեր և ձեր երեխաների վրա: Խոսքս վերաբերում է հեռուստահաղորդումներին ու ռադիոհաղորդումներին, անորակ երաժշտությանը: Նաև խնդրում ենք, որ սահմանափակեք մսամթերքի օգտագործումը, հրաժարվեք ալկոհոլից, թմրանյութերից, նիկոտինից, ագրեսիվ բնույթի համակարգչային խաղերից:

Սրանք շատ հասարակ պահանջներ են: Եվ ես կբացատրեմ, թե ինչու է անհրաժեշտ դրանց ենթարկվել: Իմ թվարկած բոլոր բաները նպաստում են ձեր թրթիռների իջեցմանը: Եվ, հետևաբար, դուք ստիպված եք լինում հակադրվելու Երկրի թրթռանքի ընդհանուր ֆոնին, որը տարեցտարի բարձրանում է: Ուստի, եթե նախկինում այդ բոլոր բաները դուք կարող էիք ձեզ թույլ տալ, ապա այժմ դրանք վտանգավոր են դառնում: Եվ դրանց վտանգավորության աստիճանը տարեցտարի ավելի ու ավելի է աճում:

Շատերը փորձում են հարմարավետ վիճակի մեջ հայտնվել՝ ուժեղացնելով ալկոհոլի կամ նիկոտինի չափաբաժինը, ունկնդրելով այսպես կոչված երաժշտության նորանոր ձևեր: Սակայն դրանով ավելի ու ավելի խոր են ներքաշվում գիտակցության բացասական վիճակների մեջ:

Մենք ձեզ պարզ դեղատոմսեր ենք առաջարկում: Մենք առաջարկում ենք օգտագործել բոլոր մատչելի միջոցները, որպեսզի ձեր գիտակցությունը պահեք հնարավորինս բարձր մակարդակի վրա: Այդ դեպքում ձեր թրթիռները կհամապատասխանեն մոլորակի թրթռանքի ֆոնին, և դուք կկարողանաք մնալ էվոլյուցիոն զարգացման ուղու վրա:

Ցավոք, մեծ քաղաքները, հանդիսանալով զանգվածային գիտակցության հավաքատեղիներ, ունակ չեն դիմանալու այն տեմպին, որով ընթանում է մոլորակի թրթռանքի մակարդակի բարձրացումը: Ժամանակի ընթացքում մեծ քաղաքներում ապրելը չափազանց վտանգավոր կդառնա: Մեր ուղերձներում մենք նաև խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է ապրել բնության հետ ներդաշնակ:

Կանցնի ևս մի քանի տարի, և դուք կսկսեք փնտրել մեր այս թելադրությունները, ինչպես ամանորյա բլիթների թխման տատիկի թողած բաղադրատոմսն եք փնտրում, ապա նոր միայն կփորձեք առաջնորդվել մեր ասածներով:

Սակայն, ճիշտ այնպես, ինչպես հիմա վաճառքի մեջ չկան այն մթերքները, որոնցով տատիկն այնպիսի գաթա էր թխում, որի համը մանկությունից մնացել է ձեր բերաններում, այնպես էլ մի քանի տարի հետո մեր դեղատոմսերը ձեզ համար այլևս օգտակար չեն լինի:

Ճիշտ այնպես, ինչպես խանութների մթերքները, նախկին անունները կրելով հանդերձ, այլևս առաջվանը չեն, այլ արհեստական սուռոգատներ են, այդպես էլ այն հոգևոր սնունդը, որը հրամցնում են տեղեկատվության զանգվածային միջոցները, իսկականը չէ, այլ սուռոգատ է, որը դուք սովորության համաձայն կլանում եք, բայց բավարարվածություն չեք ստանում:

Ներկայիս քաղաքակրթությունը հասել է փակուղու: Եվ փակուղուց դուրս գալու միակ ելքը գլուխը վեր բարձրացնելն ու դեպի վեր՝ դեպի Աստծված, ձգտելն է: Դուք պետք է գիտակցված ընտրություն կատարեք և որոշեք, թե ո՞րն է ձեր կյանքում ավելի կարևոր՝ դու՞ք՝ ձեր բոլոր մարմնական ցանկություններով հանդերձ, թե՞ Աստված:

Այդ հարցի ձեր պատասխանը դուք պետք է աշխատեք տալ մինչև այս տարվա վերջը:

Մենք մեր ուղերձներն այն հույսով ենք հղում, որ գոնե մի քանի հարյուր կամ տասնյակ մարդիկ ունակ կդառնան արթնանալու շրջապատող աշխարհի պատրանքից, որպեսզի արթնացնեն նաև մյուսներին:

Կռիվը գնում է յուրաքանչյուր հոգու համար: Եվ ձեզնից յուրաքանչյուրն, ով կարդում է մեր ուղերձները, թանկ է մեզ համար: Հանուն ձեզ մենք շատ բան ենք պատրաստ անելու, բայց առաջին քայլը դո՛ւք պետք է անեք և օգնություն խնդրեք մեզնից:

Միայն այնժամ, երբ կգիտակցեք, որ սխալ ուղով եք ընթանում և կդիմեք մեր օգնությանը, մենք ուղեկցորդ կուղարկենք, որը ձեզ կհանի լուսավոր ուղու վրա:

Քանի դեռ կասկածների մեջ եք և կարծում եք, թե մենք ձեզ պարզապես սարսափելի հեքիաթներ ենք պատմում, մենք ձեզ չենք կարող ցուցաբերել այն օգնությունը, որի կարիքը դուք իսկապես ունեք:

Ես եկա տարեսկզբյան ավանդական ուղերձով և տվեցի ձեզ բոլոր անհրաժեշտ հանձնարարականները:

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան:

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ