Եզրափակիչ ուղերձ
Վեհապետ Մորիա
21 հունիսի, 2010 թիվ
ԵՍ ԵՄ Էլ Մորիան:
Վշտացա՜ծ եմ տալիս այսօրվա իմ ուղերձը...
Ձեզ հայտնի է, որ ես նա եմ, ով Մեծ Կենտրոնական Արևում հասավ ձմեռային շրջանի ուղերձները տալու թողության շնորհի ձեռք բերմանը: Ես նաև պայքարել եմ այս ամառային շրջանի թելադրությունները տալու հնարավորության համար:
Սակայն մեր ուղերձներն առաքելու Աստվածային հնարավորությունն արդեն սպառված է:
Դուք հավանաբար կարծում էիք, թե մեր էներգիան անվերջ կստանա՜ք ու կստանաք...
Բայց մի՛ մոռացեք, որ մենք, ինչպես և դուք, պատասխանատու ենք Աստվածային էներգիայի ծախսման հարցում: Եվ ամեն մի թողության շնորհ, ամեն մի Աստվածային ողորմածություն, նախքան շնորհվելը, համաձայնեցման մանրազննին գործընթաց է անցնում Տիեզերական Հիերարխիայի բոլոր մակարդակներում:
Ձեզնից ոչ ոք չի կարող դժգոհել, որ այս վեց տարիների ընթացքում, երբ մենք տալիս էինք մեր ուղերձները, երբևէ նեղացված է եղել: Մենք լայնորեն տվեցինք մեր Ուսմունքն ամենամատչելի մակարդակով: Մենք բառացիորեն ձեզ գդալով կերակրեցինք, ինչպես մանուկների, և հիմա իրավունք ունենք ակնկալելու որոշակի արդյունք մեր ջանքերի դիմաց: Քանզի, եթե մեր ջանքերն անտեղի են եղել, մեզնից կպահանջվի համապատասխան կարմայի բեռնաթափում:
Ուստի մենք անհամբերությամբ սպասում էինք մեր ջանքերի պտուղներին: Եվ այսօր ես պետք է հաստատագրեմ այն վշտալի փաստը, որ մենք սպասված արդյունքին չհասանք, և ռուս դեսպանորդի միջոցով ուղերձներ փոխանցելու Աստվածային հնարավորությունը մոտեցավ իր ավարտին:
Թե ինչպես եք վերաբերվում մեր դեսպանորդին և մեր Ուսմունքին, դրանից նաև ձեզ կարմա է ավելանում: Եվ ողջ այն Լույսը, որը բխում էր մեզնից ու չէր օգտագործվում ըստ նշանակության՝ ձեր գիտակցության աճի համար, մարդկության համար հսկայական կարմա ստեղծեց:
Այդ իսկ պատճառով, որպեսզի փոքրացնենք մեր ուղերձներում պարունակվող էներգիայի սխալ դասակարգման հետ կապված մարդկության կարման, մենք այժմ ստիպված ենք դադարեցնել մեր ուղերձների փոխանցումը:
Թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, կորոշեն Կարմայական Վարչությունն ու Բարձրագույն Տիեզերական Խորհուրդը:
Ես իմ կողմից պատրաստ եմ շարունակելու իմ Սպասավորությունը մարդկությանը, սակայն չեմ կարող դուրս գալ այն սահմանափակումների շրջանակներից, որոնք դուք ստեղծել եք Խոսքի նկատմամբ ձեր սխալ վերաբերմունքով:
Ֆիզիկապես ձեզ համար ոչինչ չի փոխվի: Որոշ ժամանակ դուք դեռ կշարունակեք ձեր գոյությունը: Բայց այն, ինչի մասին մենք շարունակ զգուշացնում էինք և փորձում մարդկությանը զերծ պահել դրանից, անխուսափելիորեն տեղի կունենա: Եվ այստեղ մենք մեր կողմից չենք կարող ասել, թե ոչինչ չենք արել և չենք նախաձեռնել բոլոր հնարավոր և անհնարին միջոցները:
Ազատ կամքի օրենքը մեզ թույլ չի տալիս ձեզ կանգնեցնելու, եթե որոշել եք սլանալ դեպի անդունդը: Իսկ մարդկությունը հիմա հենց դա է անում:
Ուստի այն հատիկները, որ այս ընթացքում մենք ցանեցինք մարդկանց հոգիներում, աճ կտան միայն այն դեպքում, եթե բարենպաստ պայմաններ ստեղծեք դրա համար:
Իսկ մենք ստիպված ենք մի կողմ քաշվել և լինել դիտորդների դերում:
Ամենացավալին այն է, որ Երկրի համար այս ամենադժվարին ժամանակներում մարմնավորման մեջ են գտնվում մարդկության ամենալավագույն ներկայացուցիչները: Եվ որքա՜ն ծանր է մեզ համար դիտելը, թե ինչպես են նրանք հնազանդորեն, ինչպես օձերը սրինգի նվագի տակ, կատարում այն նույն շարժումները, որոնք ընդունված են հասարակության մեջ. կարծես կախարդված լինեն պատրանքի մոգական ուժով:
Պահանջվում է պոռթկում իրականացնել գիտակցության մեջ, քանզի առանց դրա մարդկությունը դատապարտված է:
Դուք կա՛մ կհետևեք այն ուղուն, որը համապատասխանում է էվոլյուցիայի պահանջներին, կա՛մ էլ ձեզնով կլրացնեք պատմության աղբանոցը՝ որպես ևս մեկ քաղաքակրթություն, որը չի դիմացել պատրանքի կախարդիչ ուժին:
Այլևս դժվա՜ր թե հաջողվի ավելի պարզ ու մատչելի ձևով շարադրել մեր Ուսմունքի հիմնարար դրույթները:
Ես խնդրում եմ, որ ամենայն ուշադրությամբ վերաբերվեք իմ խոսքերին և մնացած ժամանակի ընթացքում մանրազննին կերպով կշռադատեք դրանք:
Ես անհանգիստ եմ իմ այն սաների համար, որոնք մարմնավորման մեջ են և որոնց համար ես կարմայական պատասխանատվություն եմ կրում: Հավանաբար սա իմ վերջին դիմումն է ուղղված ձեզ, որը դուք կարող եք կարդալ ու ընկալել ձեր արտաքին գիտակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է Դարջիլինգյան սրբազան մենաստանում տարվող աշխատանքին, ապա այնտեղ դուք կկարողանաք հանդիպել ինձ հետ և Ուսմունք ստանալ: Սակայն պատրանքի քողն այնքան թանձր է, որ հազի՜վ թե կարողանաք ձեր արտաքին գիտակցությամբ մտաբերել այն խոսքերը, որոնք ինձնից կլսեք իմ մենաստանում:
Քանի որ, ինչպես երևում է, ձեզ ժամանակ է պետք, որպեսզի կշռադատեք և յուրացնեք մեր Ուսմունքը, ապա իմացե՛ք. հենց որ ձեր հոգին այնքան կհասունանա, որ ձեզ շրջապատող ամեն ինչը կտեսնեք ձեր Բարձրագույն Ես-ի աչքերով, ապա միշտ հիշեք, որ մենք հոգատար դայակների պես ձեր կողքին կանգնած կլինենք և կօժանդակենք անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի դուրս գաք պատրանքից:
Իսկ եթե հույսեր եք կապում, թե մենք կծառայենք ձեր էգոյին և կբավարարենք նրա բոլոր քմահաճույքները, ապա խորապես սխալվում եք: Մենք չենք կարող Աստվածային էներգիայով անվերջ կերակրել ձեր էգոյին:
Չէ՞-որ ասված է. «Մի՛ նետեք ձեր մարգարիտները խոզերի առաջ»[1]:
Եվ այսպես, կատարե՛ք ձեր ընտրությունը և որոշու՛մ կայացրեք: Ձեր գիտակցության յուրաքանչյուր առողջ շիվը խնամքով կպահպանվի:
Իսկ մարդկային գիտակցության բոլոր մոլախոտերը կնետվեն տիեզերական աղբանոց:
ԵՍ ԵՄ Էլ Մորիան:
Տատյանա Միկուշինա, 2010 թ.
Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը
Գլխավոր էջ Նախորդ էջ