Դուք պետք է կողմնորոշվեք, թե որն է ձեզ համար ավելի կարևոր՝ ձե՞ր աշխարհը, թե՞ Աստվածային աշխարհը

 

Պաշտելի Բաբաջի

20 հունիսի, 2010 թ.

 

ԵՍ ԵՄ Բաբաջին: Ես կրկին ձեզ այցի եմ եկել:

Այսօր ես եկել եմ, որպեսզի լրջորեն խոսեմ ձեզ հետ: Մինչև ամառային արևադարձը հաշված ժամեր են մնացել: Եվ այն Աստվածային հնարավորությունը, որը Լույսի այս առաքելությամբ մատուցվում էր մարդկությանը, արդեն հասնում է իր ավարտին:

Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց մենք տխուր ենք:

Երեք տարի է անցել այն օրից, երբ Վեհապետները հատուկ դիմեցին Ռուսաստանի ժողովրդին[1]: Մենք դիտում էինք, թե հետո ինչ է լինելու: Ես նույնպես դիտում էի: Քանզի մինչև հիմա աչքիս առաջ է իմ վերջին մարմնավորման իրողությունը: Ես Աստվածային էներգիա փոխանցելու հնարավորություն ունեի: Եվ, շնորհիվ այդ էներգիայի՝ իմ կողմը գրավեցի շատ մարդկանց, որոնք դեպի ինձ էին թռչում Լույսը ճաշակելու համար: Ես տեսնում էի նրանցից յուրաքանչյուրի ողջ ներաշխարհը: Ես կարդում էի նրանց մտքերը և կարող էի նրանց հոգու մասին իմանալ նույնիսկ այնպիսի բաներ, որոնց մասին հենց իրենք չգիտեին և ամաչում էին իրենք իրենց դա խոստովանել:

Բոլոր այդ մարդիկ, որոնք իմ Աշրամն էին գալիս զանազան երկրներից, իրենց հիմնական մասով ձգվում էին դեպի Լույսը: Նաև նրանց համար հետաքրքիր էր իմ կազմակերպած բազմաթիվ գեղեցիկ ծեսերին մասնակցելն ու համատեղ բհաջաններ երգելը:

Իհարկե, շատ եվրոպացիների ինձ մոտ էր բերում էկզոտիկայի ծարավը: Սակայն ես միշտ առաջնորդվում էի այն ուղղությամբ, որն իմ ներսում էր գտնվում: Եվ ես հանդուրժեցի բոլոր խոնարհումներն ու պաշտումները, քանի որ հասկանում էի, որ շատ մարդկանց համար արտաքնապես Գուրուին պաշտելն ուղղակի անհրաժեշտություն է: Քանզի այդպիսի՛ն է նրանց գիտակցության զարգացման մակարդակը:

Ամեն տարի մի քանի հարյուր մարդ այցի էր գալիս իմ Աշրամը: Եվ այդ հարյուրավոր մարդկանց մեջ միայն մի քանի մարդիկ կային, որոնք պաշտում էին ինձ որպես իրենց Ուսուցչի՝ իրենց վրա կրելով իմ առաքելության մի մասը:

Այժմ մենք տեղափոխվել ենք մի ուրիշ երկիր՝ Ռուսաստան: Բայց մեր կողմից կիրառվող մեթոդը հիմա այլ է: Մենք ուղերձներ ենք տալիս: Քանզի մարդկանց մեծամասնությունը, որոնք օգտվում են ինտերնետից կամ գրքեր կարդում, էներգիան ընկալում են խոսքի միջոցով: Եվ նրանց համար ավելի կարևոր է մեր ուղերձների էներգետիկական բաղադրիչը, քան մարմնական խելքին բաժին հասնող մենտալային սնունդը:

Եվ հիմա ոչ թե հարյուրավոր մարդիկ են ընկալում մեր Ուսմունքը, այլ, երկրագնդի մասշտաբով, տասնյակ հազարավոր մարդիկ:

Եվ ահա իրավիճակը կրկնվում է: Շատ են նրանք, ովքեր ուզում են հրաշքի ականատես դառնալ, և շատ քիչ են նրանք, ովքեր իսկապես նվիրվում են այն գործին, որն ի կատար են ածում Վեհապետները, և է՛լ ավելի քիչ են նրանք, ովքեր հավատարիմ են մեր դեսպանորդին:

Հիերարխիայի արտաքին ներկայացուցիչն առանցքային դեր է խաղում այս գործընթացում: Եվ կախված այն բանից, թե մարդիկ ինչպես են ընկալում մեր ներկայացուցչին ու այն Ուսմունքը, որը նա տալիս է, ողջ մարդկության զարգացման համար կա՛մ բացվում է Աստվածային հնարավորություն, կա՛մ այդ հնարավորությունը հետ է հավաքվում:

Եվ այսպես, ժամկետ էր դրված՝ երեք տարի, որպեսզի ազգը հոգածություն դրսևորեր դեսպանորդի նկատմամբ: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ այդ ընթացքում:

Երկու տարի մեր դեսպանորդը զբաղվեց շինարարությամբ: Երրորդ տարին անցավ չընդհատվող դատական քաշքշուկների մեջ: Ընդմիջում եղած ժամանակ էլ՝ խրվում էր տնտեսական հոգսերի մեջ. սանհանգույց էր նորոգում, մերձակա դաշտերն էր կարգի բերում՝ գործերի արանքում վերանորոգելով այն ամենն, ինչը հրատապ վերանորոգման պահանջ էր առաջացնում:

Կարելի է ասել, որ այդ գործերն, ինչպես ընհանրապես ամեն մի գործ, որն ուղղված է Համընդհանուր Բարիքի ավելացմանը, անօգուտ չէին և մեր դեսպանորդի համար անանց գանձեր դարձան Երկնքում:

Իսկ ի՞նչ ասենք ազգի մասին... Ազգը զրկվեց ամենակարևոր բաներից՝ կենդանի Խոսքը ստանալուց, ուսուցումից ու սեմինարներից:

Այժմ մի պահ ձեզ դրեք Համբարձյալ Վեհապետների տեղը: Արդյոք կշարունակեի՞ք էներգիա ներդնել մի գործում, որը սպասվող եկամուտը չի տալիս: Իհարկե, եկամուտը մենք այլ կերպ ենք հասկանում, քան դուք: Չգիտես ինչու, դուք ամեն ինչ փողով եք չափում. փող որ եղավ, ամեն ինչ էլ կլինի: Իսկ մեր հասկացած եկամուտն ազգի գիտակցության աճն է: Եվ ունենք չափանիշներ, որոնցով դատում ենք ձեռք բերված գիտակցության մակարդակի մասին: Դրանցից գլխավորն այն վերաբերմունքն է, որը դրսևորվում է Խոսքը փոխանցող դեսպանորդի նկատմամբ:

Արդյո՞ք մեր ներկայացուցիչը Երկրի վրա արժանանում է հարկ եղած հարգանքին:

Կա՞ն արդյոք մարդիկ, որոնք իրենց կյանքը կառուցում են ըստ մեր տված Ուսմունքի:

Հնարավոր է, որ փորձեք ինձ համոզել, որ դուք գործում եք ստացած Ուսմունքին համապատասխան և անում եք այն ամենն, ինչ ասում են Վեհապետները՝ Վարդանոցներ եք կարդում, բնության գրկում կացարաններ եք կառուցում, կրթում եք երեխաներին ու երիտասարդությանը:

Գուցե թե՝ այդ ամեն ինչն իսկապես կատարվում է: Բայց կատարվում է գեղարվեստական ինքնագործունեության մակարդակով՝ այնպես, ինչպես դուք դա հասկանում եք ձեր գիտակցության մակարդակով: Իսկ մենք կուզենայինք, որ այդ ամենն արվեր այնպես, ինչպես մենք ենք ճիշտ համարում՝ ելնելով մեր գիտակցության համբարձյալ մակարդակից: Այն է՝ կան բազմաթիվ ստորջրյա խութեր ու ջրապտույտներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել: Ըստ էության, ամեն մի քայլը պետք է լավ կշռադատվի և համապատասխանեցվի Աստվածային ուղղությանն ու Աստվածային կերպերին: Իսկ դրա փոխարեն դուք ամեն ինչում գործածում եք զուտ մարդկային չափանիշներ: Դե, ձեզ համար այդպես ավելի հեշտ է. համարում եք, որ ներքնապես ոչինչ հարկ չկա փոխելու: Եվ ես համոզված եմ, որ շատ շուտով չարի գործունյաները փակի տակ կդնեն ձեր ստեղծած համայնքները կամ աշրամները:

Եվ հենց այդպես էլ կլինի, քանի դեռ չեք մտածում, թե ձեր ինչի՞ն է պետք այդ ամենն առանց ամենակարևորի՝ գիտակցության մակարդակի, որին պետք ձգտեք հասնել:

Իսկ ձեր գիտակցության պատշաճ մակարդակի հայտանիշն այն է, թե ինչպես եք վերաբերվում մեր դեսպանորդին: Անհնա՛ր է Ուսմունք ստանալ՝ միաժամանակ արհամարհական վերբերմունք ցուցաբերելով Ուսմունքի աղբյուրի նկատմամբ: Այլապես՝ ինչ որ ստանաք, հենց ձեր աչքի առաջ ոսկուց կփոխակերպվի մոխրակույտի:

Բարձրագույն աղբյուրի նկատմամբ ակնածանքի պահպանումն անհրաժեշտ պայման է:

Երեք տարի մենք Ուսմունք տվեցինք՝ ուշք չդարձնելով այն խոչնդոտներին, որոնք կանգնում էին մեր առջև: Անկախ՝ ընթացող շինարարությունից, անկախ՝ դատավարություններից:

Սակայն կա՞ արդյոք որևէ օգուտ նման ուսուցումից:

Օրենքն անխափան է գործում: Նոր գիտակցության մակարդակ կստանաք միայն այնժամ, երբ գիտելիք ստանալու ընթացքում անվերապահ սեր կտածեք Ուսուցչի նկատմամբ և կդրսևորեք ձեր նվիրվածությունը Վեհապետներին:

Եվ մեր պահանջների մակարդակը մենք չենք իջեցնի ի նպաստ այս կամ այն անհատի, որն ուզում է և՛ Աստծուն ծառայել, և՛ զուտ իր անձի հոգսերը հոգալ:

Դուք պետք է կողմնորոշվեք, թե որն է ձեզ համար ավելի կարևոր՝ ձե՞ր աշխարհը, թե՞ Աստվածային աշխարհը:

Եվ նախընտրանքների այն թվացյալ բազմազանությունը, որն ամեն օր կանգնում է ձեր առջև, ի վերջո գալիս ու հանգում է այդ ամենակարևոր նախընտրանքին:

Մենք Աստվածային հնարավորության դուռը ողջ այս ընթացքում բաց էինք պահում: Իսկ հիմա՝ բոլորաշրջանը փակվեց, և սկսվեց մի ուրիշ փուլ:

Կարմայական Վարչությունն արդեն մոտակա երկու շաբաթում կանի իր եզրակացությունները և համապատասխան որոշում կընդունի:

 

ԵՍ ԵՄ Բաբաջին


 

[1] Դիմումի բովանդակությունը բերում ենք ստորև

 

* * *

Վեհապետների դիմումը Ռուսաստանի ժողովրդին

Հատված Տ. Ն. Միկուշինայի ելույթից

 

Մոսկվա, 24 մարտի, 2007 թիվ

 

 

Երեկ, երբ ես մտասևեռման մեջ էի գտնվում Տեր Մայտրեյայի հետ, Նա ինձ հետևյալն ասաց...

Ամեն անգամ, երբ ավարտվում է Վեհապետների կողմից նախաձեռնված որևէ միջոցառում, ես կանչ եմ հչում իմ Ուսուցչին, և Նա ինձ ասում է, թե հետո ինչին պետք է նախապատրաստվել:

Մոտ մեկ ամիս առաջ պարզապես պետք է հարցում կատարեի Բուլղարիայի սեմինարի վերաբերյալ, և այն ժամանա՛կ էլ այդ հարցը տվեցի: Եվ Տեր Մայտրեյան ահա թե ինչ ասաց. Այն սեմինարից հետո, որը Ձեռնադրումների Ուղին անունն է կրում, ամեն ինչ կարող է շատ խիստ փոխվել:

Ես այն ժամանակ չհասկացա, թե դա ինչ է նշանակում: Եվ երեկ՝ մտասևեռման ընթացքում, ես նորից կրկնեցի նույն հարցը. Հետո՞ ինչ է լինելու...

Քանի դեռ չես հասել փողոցի անկյունին, չի երևում, թե այն կողմում ինչ կա...

Եվ ապա մոտ մեկ ժամվա ընթացքում մտքերի հոսք տեղի ունեցավ, որը, սակայն, չձևավորվեց որպես թելադրություն. բայց դրանք այնպիսի մտքեր էին, որոնք ինձ չափազանց լուրջ երևացին: Եվ հիմա կարող եմ կրկնել այն ամենը, ինչ հասկացա...

Իրականում Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի պատմուճանն ինձ տրվել է 2004 թ-ի մարտ ամսին: Այսպիսով, երեք տարի է անցել այն օրից, ինչ Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդն ու նրա Պատմուճանը հնարավորություն են ստացել ներկա գտնվելու Ռուսաստանում: Իսկ դա արդեն որոշակի ժամանակահատված է, որը հատկացվում է տվյալ ազգին, տվյալ երկրին:

Ձեզ հայտնի է, թե ինչ եղավ Հիսուսի դեպքում: Նախքան ավանակի վրա նստած Երուսաղեմ մտնելը՝ նա արդեն երեք տարի քարոզել էր Իսրայելի ժողովրդին: Քաղաքում նրան դիմավորեցին արմավենու ճյուղերով և գոչում էին. Օվսաննա, օվսաննա... Իսկ հետո... ուրբաթ օրը նրան խաչեցին: Դրանով իսկ՝ հանձինս նրանց, ովքեր բռնեցին, տանջեցին ու մահապատժի ենթարկեցին, ազգը կատարեց իր ընտրությունը: Եվ Իսրայելի ժողովուրդը ցրիվ եկավ աշխարհով մեկ:

Ռուսաստանը շատ կարևոր երկիր է: Եվ հիմա պարզ է դառնում, թե ինչու: Որովհետև Ռուսաստանը 70 տարվա ընթացքում հնարավորություն է ունեցել բարձրացնելու իր գիտակցության մակարդակը՝ որպես ազգ կրելով իր փորձությունները... (Այսինքն՝ ոչ միայն առանձին անձերն են ձեռնադրումներ անցնում, այլ ամբողջական ազգերը)... Եվ Ռուսաստանը հնարավորություն ուներ հասնելու գիտակցության այն մակարդակին, որի շնորհիվ հետագայում կկարողանար կարևոր ընտրություն կատարել:

Գիտեք նաև, որ Բլավացկայան, ապա Ռերիխները չկարողացան մնալ Ռուսաստանում: Նրանք իրենց Ուսմունքը տվեցին Ռուսաստանի սահմաններից դուրս: Եվ ողջ անցյալ 20-րդ դարում Մեծ Սպիտակ Եղբայրությունն իր Ուսմունքը տվեց Ամերիկայի տարածքում: Ապա, ինչպես գիտենք Վեհապետների թելադրություններից, Լույսի կիզակետն Ամերիկայից տեղափոխվեց Ռուսաստան: Լույսի կիզակետն անպիսի ինչ-որ բան չէ, որ կարելի է շոշափել: Դա այն է, ինչ ներսում է գտնվում: Դա պարզապես մի հնարավորություն է, որով մեկը կարող է Աստվածային Լույս փոխանցել մի ողջ ժողովրդի համար:

2004 թիվ... Երեք տարի... Եվ փոփոխությունները, որոնք այժմ տեղի են ունենում Ռուսաստանում, նկատելի են անզեն աչքով: Աստվածային էներգիան ֆիզիկական ոլորտում դրսևորվում է որպես դրամական էներգիա: Եվ Ռուսաստանին կվիճակվի հարուստ երկիր դառնալ, եթե նա անցնի իր Ձեռնադրումները:

Երբ Ուսմունքը տրվեց Ամերիկայի տարածքում, Ամերիկան վերածվեց հարուստ երկրի: Հարցն այն էր միայն, թե ազգն ինչպես կտնօրինի իր ստացած Լույսը: Եվ Ամերիկան գնաց ոսկե հորթին պաշտելու ճանապարհով: Այսինքն, ողջ այն Լույսը, որն ամբողջ 20-րդ դարում Վեհապետները տվեցին Ամերիկային, հատկացվեց այն բանին, որ մարդիկ ընտրեն արտաքինը, ընտրեն այս աշխարհի ճոխությունները և ծառայեն դրանց:

Իսկ հիմա արդեն ժամանակ չի մնացել: Եվ այն, ինչ Ամերիկայում տասնյակ տարիներ է տևել, Ռուսաստանին տրվեց այս ընթացքում: 3 տարի, և երկիրն արդեն կանգնած է ընտրության առաջ: Եվ, ինչպես Ամերիկայի դեպքում էր, Ռուսաստանն էլ պետք է կատարի իր ընտրությունը: Ի՞նչը կընտրվի: Հոգևոր, Աստվածային Ուղի՞ն, թե՞ ոսկե հորթին պաշտելը: Սա է այն այլընտրանքը, որն այժմ դրված է ազգի առջև:

Ես հարց տվեցի՝ ի՞նչ է լինելու հետո: Հունիս-հուլիս ամիսների համար պլանավորված էր թելադրությունների ամառային շրջան, պետք է նաև սեմինար տեղի ունենար: Բայց Մայտրեյան թույլ չի տալիս. Նրանք ինձ աշխատելու հնարավորություն չեն տալիս: Նրանք ասում են, որ... Ռուսաստանն այս ընթացքում ոչինչ չտվեց քեզ: Դու նույնիսկ տեղ չունես ապրելու համար: Թե ինչպես է ժողովուրդը վերաբերվում Վեհապետների Դեսպանորդին, շատ բան է ասում...

Բանը կոնկրետ իմ անձի մեջ չէ: Իրականում ինձ համար շատ ծանր է այս ամենի մասին հիմա խոսելը: Քանզի մարդկային մակարդակով թվում է, թե ես ինձ համար եմ ինչ-որ բան փնտրում: Այնինչ՝ ինձ ոչինչ պետք չէ: Իսկ հարցն, իրոք, շատ լուրջ է դրված:

Եվ եթե Վեհապետները հետ վերցնեն Լույսի կիզակետը, ապա Ռուսաստանը չի անցնի իր թեստը: Սովորաբար ազգն իր ընտրությունը մարդկանց միջոցով է կատարում՝ այն մարդկանց միջոցով, որոնք ներկա էին Հիսուսի մահապատժի ժամանակ, և այն մարդկանց միջոցով, որոնք հնարավորություն ունեցան մասնակցելու սույն հանդիպմանը: Նշանակում է՝ Աստված խոսում է ձեզ համար:

Աստված խոսում է ձեզ համար...

Աստված խոսում է ձեզ համար...

Եվ հնարավոր է, որ այս հանդիպումը վերջինը լինի: Չգիտեմ...

Ահա սա՛ է այն ամենն, ինչ երեկ ես հասկացա Տեր Մայտրեյայի հետ ունեցած իմ մտասևեռման ընթացքում:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ