Նշանակալից զրույց ձեզ համար

 

Գուան Ին

19 հունիսի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը: Ես եկել եմ ամառային արևադարձի և Կարմայական Վարչության նիստի սկսման նախօրյակին: Ուստի այսօրվա մեր զրույցը նշանակալից կլինի ձեզ համար՝ ձեր գիտակցության համար:

Նախ կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել այն իրավիճակի վրա, որը ձևավորվել մեր դեսպանորդի Աշրամի շուրջ: Ձեզ հայտնի է, որ արդեն երեք տարի է անցել, ինչ նա հաստատվել է այդ վայրում:

Սակայն մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում, որ ռուս ժողովուրդը մեզ չաջակցեց: Չդրսևորեց այն աջակցությունը, որը մենք ակնկալում էինք: Քանզի շատ դատարկ ու հետաքրքրասեր մարդիկ փրփուրի պես ի դերև ելան, բայց այն անեղծներն ու նվիրյալները, որոնք Լույսի մեր առաքելությունը կյանքի կոչելու նպատակով մարմնավորվել էին, այդպես էլ ջրի երես դուրս չեկան:

Այդ պատճառով մենք որոշում ենք ընդունում փոխելու մեր տակտիկան: Մենք չենք փոխում մեր նպատակները, բայց այլևս ժամանակ չենք հատկացնի, որ ի հայտ գան նրանք, ովքեր Լույսի այս առաքելությանն օժանդակելու նպատակով մարմին են առել:

Մենք ստիպված ենք նահանջել: Եվ ակտիվ գործողությունների ժամանակահատվածն այժմ կփոխվի: Իսկ ձեզ հնարավորություն կտրվի, որպեսզի մտասևեռվեք իմ խոսքերի և Ուսմունքի բոլոր այն տեքստերի վրա, որոնք մենք փոխանցել ենք մեր դեսպանորդի միջոցով:

Մենք այսքան թանկ գին ենք վճարում ամեն մի ուղերձին ո՛չ այն բանի համար, որ դուք մատների արանքով նայեք դրան՝ առանց խորանալու էության մեջ և դեն նետեք այնպես, կարծես դրա մեջ ոչ մի նոր բան չեք գտել ձեզ  համար:

Դուք այդպես էլ պատրանքի մեջ մի ուսմունքից մյուսին կանցնեք ՝ փորձելով գտնել ինչ-որ սենսացիաներ կամ հայտնություններ, քանի դեռ կանգ չեք առնի այն միակ Ուղու վրա, որը ձեր աշխարհից իրական ելք է տալիս: Իսկ այդ Ուղին հենց ձեր ներսում է գտնվում: Դա ոչ թե արտաքին, այլ ներքին Ուղի է: Դրանով են ընթացել անցյալի բոլոր դեսպանորդներն ու մարգարեները, այդ Ուղին են ուսուցանել ճշմարիտ Ուսուցիչները վերջին մի քանի հազարամյակների ընթացքում:

Մարդկությունը դաս չի առնում: Նա անվերջ շարունակում է վազել արտաքին ուսմունքի հետևից, ինչ-որ հրաշագործ գործառություններ է փնտրում, որպեսզի դրանց միջոցով հրաշքի պես հայտնվի գիտակցության նոր աստիճանի վրա:

Ցավոք, առանց սեփական հոգու զորացման հնարավոր չէ բարձրանալ գիտակցության նոր մակարդակի վրա: Միայն անձնական ջանքերի ու անձնական նվաճումների շնորհիվ դուք կարող եք վեր բարձրանալ: Այլապես ստիպված կլինեք թափառել պատրանքի մեջ:

Ոչ մի արտաքին մեթոդ չի կարող ձեզ օգնել, որպեսզի բարձրանաք գիտակցության նոր մակարդակի վրա: Միայն ձեր էության մեջ կամերտոնի պես հնչող Աստվածայինի հետ համահնչունությունն է ունակ ձեզ դուրս հանելու էվոլյուցիոն փակուղուց:

Ես եկել եմ ո՛չ-այնքան ուրախ ուղերձով: Սակայն, որպեսզի ըմբռնեք պարզ ճշմարտությունները, երբեմն հարկ է լինում, որ դրանք լսեք բազմաթիվ անգամներ և այն էլ՝ ո՛չ ամենանուրբ մատուցմամբ:

Ես ունեմ այդ իրավունքը, որպեսզի ասեմ ձեզ այս ոչ-այնքան հաճելի բաները: Քանզի հարյուր հազարավոր տարիներով ծառայում եմ Երկրի մարդկության կենսահոսքերին: Այդ ընթացքում շա՜տ անգամ եմ մարմին առել: Բուդդայականները հիշում են իմ ոչ-շատ վաղ անցյալի մարմնավորումները:

Մարդկությանը մատուցվող իմ ծառայությունը հիմնված է մարդկանց հոգիների նկատմամբ կարեկցանքի վրա: Ես տեսնում եմ, թե ձեզնից շատերն ինչպիսի՜ անտանելի տառապանքներ են կրում՝ ելք չգտնելով կարմայական իրավիճակի այն թակարդից, որի մեջ հենց իրենք են ընկել, բայց դրանում մեղադրում են իրենց ողջ շրջապատին: Մոռանում են Ուսմունքի տողերը, մոռանում են այն ճշմարտությունը, որը գրված է անցյալի բոլոր սուրբ գրքերում. Ինչ որ ցանես, այն էլ կհնձես:

Դուրս գալ ձեզ շրջապատող իրադրության ընկալման մի այլ մակարդակի վրա՝ նշանակում է հասնել այն գիտակցությանը, որ այդ իրադրությունը հենց ինքներդ եք ստեղծել՝ այն խոսքերով, որ ասել եք, ձեզնից բխած այն հույզերով, որոնց ազդեցության տակ մեկը մյուսի հետևից չկշռադատված արարքներ եք գործել:

Եթե գիտակցեք, որ պատրանքն իր այն դեմքով է շուռ գալիս դեպի ձեզ, որը համահունչ է ձեր անցյալի արարքներին ու նախընտրանքներին, ապա դա կլինի այս փուլի ձեր ամենամեծ նվաճումը:

Ներքին աշխատանքը պետք է համակցվի հոգևոր գործառությունների հետ: Դուք մշտապես ամեն օր պետք է անցկացնեք այն հոգևոր գործառությունը, որը ձեզ հոգեհարազատ է և կատարման համար հաճելի: Եթե ձեզ ամենահարմար ժամանակ, լավ է՝ օրվա սկզբին, թեկուզ կարճատև՝ 10-15 րոպեով, կարողանաք պահպանել ձեր գիտակցության վերամբարձ վիճակը, ապա կստանաք այն փրկարար օղակը, որով կկարողանաք լողալ պատրանքի ծովի երեսին՝ առանց գլխովին դրա մեջ սուզվելու:

Ցավոք, մարդկության ընդհանուր վիճակն այնպիսին է, որ ստիպված եք լինում միայնա՛կ դեգերել պատրանքի ծովում: Բայց դա ձեր կատարած նախընտրանքն է: Իսկ այն Աստվածային հնարավորությունը, որն այս երեք տարիների ընթացքում բաց էր ձեզ համար, արդեն ավարտվեց:

Նոր Աստվածային հնարավորություն կարող է բացվել միայն այն դեպքում, եթե բավարար քանակի անհատներ ցուցաբերեն այնպիսի գիտակցության մակարդակ, ինչպիսին մենք ակնկալում ենք տեսնել:

Իսկ ամեն կորցրած Աստվածային հնարավորությունից հետո ձեզ վիճակվում է ավելի վատ պայմաններում ամեն ինչ սկսել նորից:

Աշխարհը հակված չէ յուրացնելու այն պարզ ճշմարտությունները, որոնք մենք տալիս ենք հազարամյակների ընթացքում:

Բայց և այնպես, որպեսզի իմ այսօրվա ուղերձն ավարտեմ ուրախ նոտայով, պետք է ասեմ, որ Աստված մի փոքր կիսաբաց է թողնում դուռը, որպեսզի Լույսը ձեզ տեսանելի լինի, և դուք մղվեք դեպի այն:

Ուստի կրկնեմ, որ Աստվածային նոր հնարավորություն կարող է բացվել, եթե բավարար քանակի անհատներ ցուցաբերեն նոր գիտակցության մակարդակ:

Իսկ հիմա ես հրաժեշտ եմ տալիս ձեզ:

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ