Մեր խնդիրն է՝ ճիշտ ուղղություն և կոշմնորոշիչներ տալ նրանց, ովքեր ի վիճակի են դրանցից օգտվել

 

Պաշտելի Լանելո

16 հունիսի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Լանելոն: Այսօր ես կրկին ձեզ այցի եմ եկել, որպեսզի ուսուցանեմ ձեզ, քանի որ դրա կարիքը ձեր հոգիներն ունեն:

Ընդունված է համարել, որ Համբարձյալ Վեհապետների գիտակցության մակարդակն անհամեմատ ավելի բարձր է մարդկության ունեցած մակարդակից: Սակայն դա այնքան էլ ճիշտ չէ: Իհարկե, մեր մեջ կան այնպիսի բարձր ոգիներ, որոնց ես ինքս երբեմն չեմ կարողանում մերձենալ, բայց և կան այնպիսինները, որ դեռ նոր են ավարտել Երկրի դպրոցը և սպասում են իրադարձությունների բարենպաստ ընթացքին, որպեսզի նորից մարմին առնեն Երկրի վրա:

Ուստի ձեզ համար հետաքրքիր կլինի, եթե նկարագրեմ իմ անձնական փորձը, թե ինչպես հասնել գիտակցության այնպիսի մակարդակի, որը թույլ է տալիս անցում կատարելուց հետո հայտնվելու եթերային օկտավաներում:

Սխալ կլինի կարծել, թե հոգին անցում կատարելուց հետո անմիջապես հասնում է բարձրագույն օկտավաներ: Պահանջվում է ժամանակ՝ սովորաբար ավելի քան 40 օր, որպեսզի հոգին պատրաստվի անցնել ավելի բարձր մակարդակի վրա: Եվ այն ծեսը, որով հոգին անցնում է եթերային օկտավաներում, ամենավեհագույններից մեկն է: Այն թույլ է տալիս համբարձման բոցով այրելու այն ամենն, ինչը խանգարում է գիտակցության համբարձյալ վիճակին հասնելուն: Ձեզնից շատերը, որ հիմա կարդում են այս տողերը, ժամանակի ընթացքում կկարողանան անցնել այդ ծեսով:

Իսկ հիմա, երբ Երկրի վրա գտնվում եք մարմնավորման մեջ, պետք է ի կատար ածեք այն աշխատանքը, որի համար մարմին եք առել: Մի՛ կարծեք, թե առջևում դեռ շատ ժամանակ կա: Երկրի վրա գտնվելու ամեն րոպեն թանկ է: Ա՛յ, օրինակ ես, անցում կատարելուց և համբարձվելուց հետո նոր միայն սկսեցի հասկանալ, թե որքա՜ն անտեղի ժամանակ եմ վատնել իմ մարմնավորման ընթացքում... Աստվածային վեհությունն ու ողորմածությունը հիրավի սահմաններ չեն ճանաչում:

Ուստի, եթե դուք միայն հետաքրքրությունից դրդված չեք կարդում մեր Ուսմունքները, այլ լուրջ եք տրամադրված, ապա մի՛ զլացեք վերահսկելու ինքներդ ձեզ և նվազագույնի հասցնելու այն ժամանակը, որը ծախսում եք ձեր մարմնի ֆիզիկական պահանջմունքների բավարարման վրա:

Ամենից առավել պետք է հոգ տանեք ձեր հոգուն, որպեսզի այն զարգանա և ձերբազատվի անցյալի կարմայի այն շերտանստվածքներից, որոնք միախառնվել են ձեր էության հետ և խանգարում են ձեր առաջընթացին:

Եվ ամենադժվարը կլինի այն, որ ձեր մեջ գտնեք այն բնավորության գծերը, սովորություններն ու կապվածությունները, որոնցից հարկ է ազատվել: Քանզի ձեր մարմնական խելքը շատ հմտորեն ձեզ կվստահեցնի, թե իբր արդեն Ուղու վրա հասել եք մեծ նվաճումների, և էլ բան չի մնացել, որից հարկավոր է ձերբազատվել:

Պատրանքը ներծծվել է ձեր ստորին մարմինների մեջ: Եվ միայն Աստծո օգնությամբ կարող եք ձերբազատվել ձեր շատ անաստված հատկանիշներից ու դրսևորումներից:

Վերջին հաշվով, ամեն ինչ տեղի է ունենում Աստծո կամքով: Ուստի ձեր ամենագլխավոր քայլն այն կլինի, որ Աստծուց օգնություն խնդրեք, որպեսզի ձեր էությունն ազատեք բոլոր այդ անաստված հատկանիշներից ու դրսևորումներից:

Սակայն, որպեսզի այդ քայլն անեք, դուք պետք է նախ գիտակցեք, որ այնքան էլ կատարյալ չեք, ինչպես ձեզ է թվում:

Կա ևս մի հանգամանք, որ պետք է հաշվի առնեք: Որպեսզի ձեր գիտակցությունը պահեք ներկայումս ձեր ունեցած մակարդակի վրա, մշտապես պետք է աշխատեք ինքներդ ձեզ վրա: Դա նման է այն բանին, երբ հեծանիվով սար եք բարձրանում: Եթե ոտնակները չպտտեք, ապա հետ կընթանաք դեպի ձոր և ստիպված կլինեք նորից սկսել ձեր վերելքը:

Դուք մշտապես պետք է աշխատեք ձեր գիտակցության վրա: Ամեն օր և օր օրի: Միայն այդ դեպքում դուք կարող եք հուսալ, որ կհամբարձվեք անցում կատարելուց հետո:

Ձեզնից ամեն ոք պետք է ինքնուրույն ի կատար ածի ուղով իր վերելքը:  Եվ դեպի Աստվածային գիտակցության գագաթը տանող այդ վերելքի ընթացքում պետք է լսեք ինքներդ ձեզ՝ ձեր սրտին:

Ձեր Ուղու սկզբնական թեստերից մեկը հենց այն է, որ արտաքին աշխարհից հայտնվում է ոմն անձնավորություն, որը ձեզ համոզում է վարվել իր ասած ձևով: Կամ պնդում է, որ դուք սխալ եք վարվում: Որպես կանոն, այդ մարդը ձեզ հեղինակավոր է թվում: Իսկ այդ թեստի իմաստը հենց այն է, որ սովորեք գործել ձեր ներքին կողմնորոշիչներին համապատասխան և հենվեք միայն ներքին առաջնորդության վրա:

Շատերը, որոնք իրենց հոգևոր Ուղու առաջին քայլերն են անում, կմտածեն, որ այդ թեստը հենց իրենց է վերաբերում: Ուստի կսկսեն վարվել այնպես, ինչպես կամենում են՝ առանց հաշվի առնելու շրջապատի մարդկանց կարծիքը:

Պաշտելինե՛րս, նախ պետք է համոզված լինեք, որ ձեր Բարձրագույն Ես-ի՛ց եք ներքին առաջնորդություն ստանում, այլ ո՛չ թե՝ ձեր էգոյից:

Նորելուկները, որոնք ձեռնադրումների մասին ինչ-որ բան են լսել և առատորեն կասկածելի բնույթի գրականություն կարդացել, կարող են իրենք իրենց մեծ ձեռնադրյալներ համարել և գործել իրենց էգոյի թելադրանքով՝ հաշվի չառնելով և չլսելով ոչ մեկին:

Իսկ ինչպե՞ս սովորեք զանազանել, թե ով է ձեզ առաջնորդում՝ ձեր Բարձրագույն Ե՞ս-ը, թե՞ էգոն: Ձեր փոխարեն ես չէի ձգտի այդ հարցը լուծել միանգամից ու վերջնականորեն: Նուրբ ոլորտի ձեր ամեն մի նվաճումը պետք է իր հաստատումը գտնի ֆիզիկական ոլորտում: Եվ այն բանով, թե ինչ է դրսևորվում ֆիզիկական ոլորտում և ինչպես, դուք կարող եք դատել ձեր նվաճումների մասին:

Եվ եթե ձեր շրջապատում ոչինչ չի փոխվում՝ դուք շարունակում եք ձեր սիրած կամայականություններն ալկոհոլի, նիկոտինի և թմրանյութերի առումով, կամ շարունակում եք աղմկոտ երաժշտությամբ ու կերուխումով հագեցած ձեր հավաքույթները, ապա ես ձեզ խորհուրդ կտայի հիմնավորապես ու անմիջականորեն զբաղվել ձեր էգոյի հարցով:

Բայց նաև այն դեպքում, երբ ճիշտ կյանք եք վարում և վնասակար սովորություններ չունեք, Ուղու վրա ձեզ մի այլ վտանգ է սպառնում՝ հոգևոր սնապարծությունը: Ձեզ սկսում է թվալ, թե դուք շատ բանի եք հասել և ձեր շրջապատի մարդկանց հետ կիսելու շատ բան ունեք: Սակայն, եթե ոչ անմիջապես, ապա որոշ ժամանակ անց մարդիկ նկատում են ձեր սնապարծությունը և հեռանում ձեզնից: Եվ ապա դուք մտածում եք, թե ձեր հոգևոր նվաճումներն այնքան բարձր էին, որ մարդիկ չդիմացան ձեր բարձր թրթիռներին:

Ինչպես տեսնում եք, պատրանքների աշխարհում միշտ էլ հնարավոր է մոլորվել, եթե ձեր քայլերը մշտապես չճշգրտեք հուսալի կողմնորոշիչներով:

Մենք պնդում ենք, որ եթե դուք հետևեք Համբարձյալ Վեհապետների խորհուրդներին, որոնք առկա են մեր դեսպանորդի միջոցով տրված ուղերձներում, ապա ձեր ձեռքին կունենաք կողմնացույց ու քարտեզ, որոնք ձեզ դուրս կհանեն պատրանքի թավուտներից:

Սակայն, նույնիսկ կարդալով մեր ուղերձները, դուք էլի՛ հաջողացնում եք ամեն անգամ կարմա ստեղծել, երբ ուղերձները կարդալուց ձեր մեջ արթնանում է քննադատական ոգին, մեղադրելու հակումն ու այլ բացասական դրսևորումներ: Եթե մեր ուղերձները ձեր մեջ այդպիսի բացասական բաներ են առաջացնում, ապա մի՛ կարդացեք դրանք: Գոնե այդտե՛ղ կարմա չեք ստեղծի...

Հնարավոր չէ ուսուցանել նրան, ով չի ուզում սովորել: Ուստի մեր խնդիրն է՝ ճիշտ ուղղություն և կողմնորոշիչներ տալ նրանց, ովքեր ի վըճակի են դրանցից օգտվել:

Իսկ հիմա ես ձեզ հրաժեշտ եմ տալիս՝ նոր հանդիպումների ակնկալիքով:

 

ԵՍ ԵՄ Լանելոն:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ