Զրույց պատրանքի աշխարհից ելնելու և Աստվածային աշխարհ մուտք գործելու մասին

 

Տեր Մայտրեյա

13 հունիսի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Մայտրեյան:

Ես կրկին եկել եմ: Առաջվա պես այսօր ես կուզենայի ձեզ որոշ իմացություն տալ և փոխանցել ձեզ իմ գիտակցության մի մասնիկը: Մենք էներգիաներ ենք փոխանակում, և դրա ընթացքում փոխադարձաբար իրար հարստացնում ենք:

Այդ պատճառով է, որ ես գալիս եմ նորից ու նորից: Եվ ամեն անգամ հայացք եմ նետում ձեր աշխարհին:

Երբ ձեր գիտակցությունն ունակ կլինի ընկալելու հավերժական ճշմարտություններ, մենք կկարողանանք հաղորդակցվել անմիջականորեն: Իսկ քանի դեռ ձեր գիտակցությունը զբաղված է պատրանքային բաներով, մենք կարող ենք միայն կարճ ժամանակով իրար ձեռք սեղմել՝ ձեռք մեկնելով աշխարհների միջով:

Ձեր տպավորություններ և մատերիական էներգիաներ ստանալու կիրքը խանգարում է մեր հաղորդակցությանը: Ձեր գիտակցությունը մշտապես կլանված է ձեր աշխարհի այլազան առարկաներով: Չկա՛ ազատություն: Եվ քանի որ ձեր գիտակցությունը զուրկ է ազատությունից, մեր հաղորդակցությունն անհնարին է դառնում: Դուք բանտի մեջ եք: Եվ այդ բանտը ձեր այն պատրանքն է, որով շրջապատված եք մատերիական աշխարհում: Ձեր գիտակցությունը մշտապես թափառում է պատրանքի թավուտներում: Անգամ մի րոպեով դուք չեք կարողանում կենտրոնանալ մեր աշխարհի վրա: Էլ ինչպե՞ս հասկանանք իրար:

Դուք ձեր գիտակցությամբ կարող եք ինձ մերձենալ միայն այն դեպքում, եթե ձեր չորս ստորին մարմիններից հեռացնեք պատրանքի շղարշները: Իսկ դա հենց այն է, որ կանգնեք Ձեռնադրումների Ուղու վրա և ընթանաք այդ Ուղով:

Աշխարհի վիճակը հիմա այնպիսին է, որ որպեսզի դուրս պրծնեք պատրանքի ցանցից, պետք է մեծ ջանքեր գործադրեք ձեր մարդկային գիտակցության՝ ձեր մարմնական խելքի, և ձեր ցանկությունների հաղթահարման ուղղությամբ: Ուստիև այդ Ուղին ներկա ժամանակահատվածում շատ ցավագին է ձեզ համար: Կարծես հարկ է լինում կտրվածք անել կենդանի մարմնի վրա, երբ փորձում եք ձերբազատվել այն ամենից, որոնք ձեր աշխարհում համարվում են պատվարժան ու անհրաժեշտ:

Հազի՜վ թե իմ այս ուղերձի խոսքերը հասկանալի լինեն ձեզնից շատերի համար, քանի որ մենք տարբեր լեզուներով ենք խոսում: Եվ մենք չենք կարողանա հասկանալ իրար, մինչև ձեր գիտակցությունը լոտոսի ծաղկի պես չբացվի այն Աստվածային Ճշմարտության հանդեպ, որի մասին ես խոսում եմ, և որի մասին խոսում են մյուս Համբարձյալ Վեհապետները:

Այն միտքը, որ պետք է հրաժարվեք ձեզ շրջապատող ամեն ինչից, դուք որպես բռնություն եք ընկալում՝ որպես ինչ-որ անհասկանալի ու կասկածներ հարուցող մի բան:

Այո՛, անցյալում էլ էր այդպես: Մենք դիմում էինք քչերին, որոնք պատրաստ էին լինում իրենց գիտակցությունը ծովախեցու պես ուղղորդելու դեպի մեր կողմը: Բայց նույնիսկ այդ քչե՛րն էլ դժվարությամբ էին ընկալում մեր ասածները:

Հասկացե՛ք, մենք ձեզ միայն Բարիք, միայն Սեր ենք կամենում՝ այն ամենալավագույնը, որ կարող է լինել: Սակայն մեր ու ձեր բարիքի, սիրո և լավագույնի ընկալումները տարբեր են, որովհետև ձեր աշխարհը շուռ տված աշխարհ է: Եվ այն, ինչ մեզ համար վեհ է ու Աստվածային, ձեզ թվում է կասկածելի ու վհատեցուցիչ:

Հենց դրանում է մեր աշխարհների փոխազդեցության դժվարությունը: Եվ գիտակցության փոփոխության հարցը՝ դրա բարձրացումն այնպիսի մակարդակի, որի վրա հնարավոր կդառնար նույն լեզվով խոսելը, ներկայումս հրատապ է ու կարևոր: Եվ դա հենց ձեր ժամանակի գլխավոր խնդիրն է:

Մի՞թե կարծում եք, թե Աստված չի կարողանա հոգալ ձեր մասին, եթե ձեզ լիովին հանձնեք Իրեն: Մի՞թե կարծում եք, թե հոգածու ձեռքերը չեն ապահովի ձեր անվտանգությունը, երբ դուք դեռևս անվստահ քայլերով ընդառաջ գաք Նոր Աշխարհին:

Մարմնավորումից-մարմնավորում դուք բախվում եք չափազանց շատ հուսախաբությունների և անհաջողությունների: Եվ այն սպիները, որ կրում եք ձեր հոգիներում, ոչ մի կերպ չեն ամոքվում ու անհետանում: Դա՛ է ձեր Հավատի բացակայության պատճառը: Եվ դրա պատճառով է, որ մեր խոսքերը չեք ընկալում որպես Ճշմարտություն: Դուք չափազանց հաճախ եք այրվածքներ ստացել: Եվ երբ եկել է այն ժամանակը, որ պետք է լսեք մեր ձայնը, որը նախկինում էլ եք լսել մեր մարգարեների միջոցով, դուք սկսում եք կասկածներ ապրել: Դուք ունկնդրում եք, բայց չեք լսում: Կարդում եք ու չեք վստահում: Եվ դա ձեր իրավունքն է:

Կա մի օրենք, որը գործում է պատրանքային աշխարհում: Գործում է անթերի ու անխափան: Այդ օրենքն ասում է, որ ձեզ հետ տեղի է ունենում ճիշտ այն, ինչին հավատում եք և ինչին ձգտում եք: Ուստիև մենք խոսում ենք Հավատի որակի և Վեհապետների նկատմամբ նվիրվածության որակի մասին:

Երբ ձեր էության մեջ բռնկվում են Հավատն ու նվիրվածությունը, դուք կարծես յուրահատուկ մագնիսի եք վերածվում, որը ձգվում է մեր աշխարհի կողմը: Բայց քանի որ այսօր հավատում ու ձգվում եք, իսկ վաղը նորից մղվում դեպի ձեր աշխարհի որևէ առարկայի կողմը կամ կամենում նորից թաղվել պատրանքի մեջ, ապա մենք չենք կարողանում ձեզ դուրս կորզել պատրանքի միջից:

Մեզ պետք է, որ ձեր մղման, Հավատի ու նվիրվածության կրակը վառվի կայուն ու հավասարաչափ բոցով: Այդ դեպքում մենք կկարողանանք ճանաչել ձեզ և միջոցներ ձեռնարկել ձեզ ընդառաջ գալու համար:

Ուստի մենք խոսում ենք Աստվածային հատկանիշներ մշակելու անհրաժեշտության մասին: Քանզի դրանք այն գանձերն են, որոնք մշտապես ձերը կլինեն: Իսկ ձեր պատրանքային հրապուրանքները կչքանան պատրանքի աշխարհի հետ մեկտեղ:

Ես գալիս եմ, որպեսզի ճիշտ ուղղություն տամ ձեր մղումներին: Քանի որ պատրանքն անընդհատ ամրապնդում է իր դիրքերը, ձեզնից պահանջվում է, որ կրկնակի և նույնիսկ բազմակի անգամ ուժեղացնեք ձեր Աստվածային հատկանիշերը:

Դեռ երբեք այնպես չի եղել, որ մեր աշակերտներն առանց ցավի ու տառապանքի ձերբազատվեն իրենց էգոյից: Պայծառացման գործընթացն անխուսափելիորեն ուղեկցվում է ողջ պատրանքայինից մաքրվելու գործընթացով: Իսկ քանի որ ձեր էգոն ձե՛ր իսկ մի մասն է, դուք տառապանք եք կրում՝ կտոր առ կտոր ինքներդ ձեզնից հատելով ձեր էգոյի հատվածները և այրելով ձեր կապվածություններն ու ցանկությունները:

Դա շատ դժվարին ուղի է: Պահանջվում է ներքին բավարար պատճառաբանվածութուն և անվերապահ Հավատ, որպեսզի դիմանաք այդ Ուղուն և ընթանաք մինչև վերջ: Միայն եզակիներն են դրան ընդունակ:

Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հեշտացնենք ձեր անցումը պատրանքի աշխարհից դեպի Աստծո իրական աշխարհը: Մենք տիտանական ջանքեր ենք գործադրում: Սակայն ձեզ մոտիկ է ձեր աշխարհը, և դուք լսում եք նրա ձայները, զգում նրա ձգող ուժը: Որովհետև մեզ լսելու համար անհրաժեշտ է լռություն, առանձնացում և կարմայից որոշակի աստիճանի մաքրվածություն:

Ամեն ինչ այնքան վատ չէ, ինչպես թվում է: Քանզի ձեր աշխարհն ավելի ու ավելի անհրապույր է դառնում: Եվ այն հոգիները, որոնք հասունացել են մեր աշխարհ անցում կատարելու համար, ավելի ու ավելի ակնառու են դա զգում:

Ես այսօր խոսեցի ամենագլխավորի՝ պատրանքի աշխարհից դեպի Աստվածային աշխարհ ձեր ելքի մասին: Եվ դա ներկայումս ամենահրատապ բանն է ձեզ համար:

 

ԵՍ ԵՄ Մայտրեյան

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ