Ուսմունք թրթռանքների և այն ամենի փոխկապակցվածության մասին, ինչ գոյություն ունի Երկրի վրա

 

Վեհապետ Կութհումի

12 հունիսի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Կութհումին:

Հույս ունեմ, որ մեր այսօրվա զրույցը ճանաչողական նշանակություն կունենա ձեզ համար և կստիպի ձեզ այլ կերպ նայելու այն բաներին, որոնք սովոր եք տեսնել ձեր շուրջը: Ես կաշխատեմ ձեզ տալ մի հայեցակետ, որն առավելագույն չափով մոտ կլինի Համբարձյալ Վեհապետների այն հայեցակետին, որը վերաբերում է ձեզ շրջապատող ամեն ինչին և աշխարհի ընթացիկ իրավիճակին:

Զգում եմ, որ շարժեցի ձեր հետաքրքրասիրությունը: Մեր շատ ուղերձներում մենք մշտապես խոսում ենք թրթիռների և դրանց բարձրացման անհրաժեշտության մասին: Այդ վերացական հասկացությունն ունի իր լիովին կոնկրետ դրսևորումը ֆիզիկական աշխարհում: Եվ եթե ջանայիք աչքի ընկնել ավելի շատ հետաքրքրասիրությամբ, ապա կհայտնաբերեիք, որ ձեր աշխարհիկ գիտության տվյալներով արդե՛ն իսկ բացահայտված է թրթիռների բարձրացման երևույթը: Եվ եթե գիտական հետազոտությունների արդյունքները լայնորեն լուսաբանված լինեին, ապա դա անխուսափելիորեն պայթյուն կառաջացներ ձեր գիտակցության մեջ: Դե ի՞նչ, ավելի շատ շարժեցի ձեր հետաքրքասիրությունը, այնպես չէ՞...

Ես պնդում եմ, որ աշխարհի շատ գիտնականներ արդեն իրենց տրամադրության տակ ունեն տվյալներ այն մասին, թե ինչպես են մարդու բջջի թրթիռները փոխվում այն կենսակերպի ազդեցության տակ, որով ապրում է տվյալ մարդը: Նաև այն մասին, թե ինչպես են այդ թրթիռներն ազդում մարդու առողջական վիճակի վրա, մասնավորապես՝ նրա հիմնական օրգանների և համակարգերի աշխատանքի վրա:

Ամեն ինչ կարելի է չափել: Եվ ամեն ինչն ունի իր գիտական բացատրությունը: Ես ինքս մասնակցություն եմ ունեցել շատ հայտնագործությունների առաքմանը ձեր աշխարհ՝ աշխատելով կենսաբանների ու կենսաֆիզիկոսների հետ:

Ձեր բջիջների թրթիռներն իրարից շատ տարբեր են՝ կախված այն բանից, թե մարդն ի՞նչ սնունդ է օգտագործում, ի՞նչ պայմաններում է ապրում, վնասակար սովորություններ ունի՞, թե՞ ոչ, և նույնիսկ այն բանից, թե հակվա՞ծ է արդյոք տվյալ մարդը լսելու այնպիսի երաժշտություն, որն իր մեջ պարունակում է աններդաշնակ թրթռանքներ: Հենց միայն խոշոր քաղաքում ապրելն արդեն բերում է բջիջների թրթիռների կտրուկ իջեցման: Ըստ այդմ, որքան էլ խոշոր քաղաքում ապրելուն զուգընթաց ջանաք անցում կատարել էվոլյուցիոն զարգացման նոր աստիճանի վրա, ձեզ դա չի՛ հաջողվի անել: Քաղաքային ինֆրակառուցվածքն արձակում է ցածրհաճախային գվվոց, որը հարյուրավոր կիլոմետրերով տարածվում է գերհսկա և խոշոր քաղաքների շուրջ, իսկ տասնյակ կիլոմետրերով՝ ավելի փոքր քաղաքների շուրջ:

Ուստի այն հոգևոր նվաճումները, որոնք իբր դուք ունեք՝ ապրելով խոշոր քաղաքներում, միայն մեր ժպիտն են շարժում: Պետք է լրիվ անգետ լինեք և հոգևոր գործընթացներից բոլորովին գլուխ չհանեք, որպեսզի համարձակություն ունենաք վկայակոչելու ձեր բարձր հոգևոր զարգացումը՝ միաժամանակ ապրելով որևէ քաղաքում:

Հենց միայն քաղաքում ձեր ապրելն անհնարին է դարձնում ձեր բջիջների թրթիռների աճը՝ նույնիսկ այն դեպքում, եթե ձեր կենսակերպը  ճիշտ է՝ չեք ծխում, չեք օգտագործում ալկոհոլ և թմրանյութեր, մսակեր չեք և չեք լսում ռոք երաժշտություն: Ձեր աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, և դուք ձեր շրջապատի հետ մի միասնական համակարգ եք կազմում: Ուստի ձեր բջիջների թրթիռները չեն կարող ավելի բարձր լինել քաղաքների համար մատչելի առավելագույն սահմանից: Եվ թրթիռների այդ մակարդակը կարելի է չափել:

Այն դեպքում, երբ տեղափոխվում եք բնակվելու ավելի մաքուր վայրում, ձեր բջիջների թրթիռները բարձրանում են: Եվ դուք ստանում եք հոգևոր աճի ու առաջընթացի հնարավորություն: Ես նկատի ունեմ ճշմարիտ հոգևոր առաջընթացը:

Այսքանից հետո ձեզ կարող է թվալ, թե հոգևոր աճի հետ կապված ձեր բոլոր ջանքերը, որոնք ձեռնարկում եք՝ ապրելով քաղաքներում, անտեղի են: Անտեղի ոչինչ չի լինում: Իհարկե, դուք չեք կարող ակնթարթորեն հասնել այն թրթիռներին, որոնք բնորոշ են Տիբեթի ճգնակյացներին: Դրան ձեր օրգաններն ու համակարգերը չէին դիմանա: Սակայն աստիճանաբար առաջ ընթանալով հոգևոր ուղով՝ դուք կնկատեք, որ քաղաքում ապրելը ձեզ համար անհնարին է դառնում և ավելի ու ավելի շատ կնմանվեք ափ նետած ձկան:

Ամեն ինչ կարելի է փոխել, բայց պետք է իմանալ, թե ինչին ձգտել և ինչպես հասնել դրան: Հասարակությունն իր ամբողջության մեջ դեռևս անպատրաստ է ընկալելու այն պարզ ճշմարտությունները, որոնց մասին հիմա խոսում եմ: Ուստի մեզ մնում է միայն սպասել, թե երբ կհասունանաք կամ չեք հասունանա, որպեսզի անցում կատարեք էվոլյուցիոն զարգացման հաջորդ փուլին:

Պետք է փոխեք ձեր կենսակերպը: Պետք է փոխեք ձեր սովորությունները: Պետք է փոխեք սպառողական վերաբերմունքը բնության նկատմամբ:

Ցածր թրթիռներ ունեցող մարդն իր ներսում ապրելու պայմաններ է ստեղծում միլիոնավոր մակաբույծների համար: Եվ համարյա երկրի ողջ բնակչությունը մարդագլուխ եռում է դրանցով: Հենց դրանից էլ ծագում է ձեր վատ զգացողությունը, ուժերի կորուստն ու ապրել չուզենալը:

Իսկ գիտե՞ք, թե ինչն է ձեր այդ վիճակի պատճառը. ձեր վերաբերմունքը բնության, ամբողջ Կյանքի և այն ամենի նկատմամբ, ինչը ձեզ հետ համատեղ գոյություն ունի Երկրի վրա: Օրենքն իմաստուն է գործում: Երկիր մոլորակի ու բնության նկատմամբ ձեր մակաբույծ վերաբերմունքը ծնունդ է տալիս ձեր օրգանիզմում մակաբույծների բուռն բնակեցմանը: Եվ ճիշտ այնպես, ինչպես մաքրիչ գործողություններով կարելի է ազատվել ձեր ներսում բույն դրած մակաբույծներից, նույն կերպ էլ Երկիրը ժամանակի ընթացքում ստիպված է լինում զբաղվել մաքրիչ գործողություններով: Եվ հետո չտրտնջաք, երբ հերթական ջրհեղեղը Երկրի երեսից կսրբի այն անհատներին, որոնք չեն ուզում հրաժարվել իրենց գիտակցության մակաբույծ վիճակից:

Էվոլյուցիայի հաջորդ փուլը ենթադրում է խելամիտ համագործակցություն Երկրի և նրա վրա եղած ամեն ինչի հետ: Բայց այն կարման, որը կուտակվել է բնության նկատմամբ ձեր ունեցած գիշատիչ ու բարբարոսական վերաբերմունքի հետևանքով, դուք ստիպված կլինեք բեռնաթափելու ձեր հիվանդությունների, արհավիրքների և տեխնածին համաղետների օգնությամբ:

Կարմայի վերադարձի ծանրությունը կարելի է կարգավորել գիտակցության նոր մակարդակի վրա բարձրանալու միջոցով, որին մասնակից պետք է դառնան համայն Կյանքի հետ իրենց միասնությունը գիտակցելուն ունակ ավելի ու ավելի շատ անհատներ:

Այժմ դուք գտնվում եք կրիտիկական կետում: Եվ արդեն երկրորդ հարյուրամյակն է, ինչ մարդկությունը համակշռություն է պահպանում այդ կետի վրա: Ամեն անգամ մեր միջամտությունն է օգնել, որպեսզի կանխվի իրադարձությունների անբարենպաստ զարգացումը: Սակայն ես այսօր եկա՝ որոշակի նպատակ ունենալով ձեզ տալ բանալիներ, որպեսզի դուք հնարավորինս անցավ կերպով կարողանաք հաղթահարել ճգնաժամն առաջին հերթին ձեր գիտակցության մեջ:

Այլապես ձեզ կվիճակվի ավելի ու ավելի հաճախ նորություններով լսել այն մասին, որ այս ու այնտեղ տեղի է ունեցել հերթական արհավիրքը: Կամ թե՝ այս ու այնտեղ Երկրի երեսից սրբվել են քաղաքներ, իսկ հետո էլ՝ մայրցամաքներ: Ապա դա ձեզ համար սովորական կդառնա, և ձեզ կթվա, թե դա բնական բան է, և այդպես եղել է միշտ:

Մարդկության հիշողությունը շատ կարճ է: Շատերը չեն հիշում նույնիսկ այն, ինչ երեկ է եղել, ու՞ր մնաց, թե խոսենք ավելի երկար ժամանակահատվածների մասին:

Որպեսզի տխուր նոտայով չբաժանվենք իրարից, հնարավոր եմ համարում ձեզ տրամադրել այն բանին, որ հավանականություն կա, որպեսզի Երկրի իրադարձությունները բարենպաստ զարգացում ունենան: Բայց այդ հավանականությունը կարող է կյանքի կոչվել միայն մարդկության միջոցով:

 

ԵՍ ԵՄ Կութհումին:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ