Երջանիկ կյանքի ողջ մեխանիզմը դրված է ձեր ներսում

 

Մայր Մարիամ

11 հունիսի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ այսօր կրկին ձեզ այցի եկածս:

Ձեզնից շատերն այսօրվա մեր հանդիպումը երկար կհիշեն: Քանզի ձեր արտաքին գիտակցության համար կասեմ մի բան, որը ձեզ հնարավորություն կտա հիշելու իմ մենաստանում ինձ հետ ունեցած ձեր հանդիպումները:

Շատերը ձեզնից՝ հատկապես նրանք, ովքեր առանձնահատուկ հոգեհարազատություն են զգում իմ նկատմամբ և կարդում իմ Վարդանոցները, գիշերային քնի ընթացքում այցելում են իմ մենաստանը: Եվ ես հնարավորություն եմ ունենում զրուցելու ձեզ հետ: Թեև արթնանալուց հետո դուք մոռանում եք մեր զրույցները, այնուամենայնիվ դրանք այս դժվար ժամանակներում զգալիորեն օժանդակում են ձեր հոգուն:

Շատերիդ հոգիները չեն դիմանում այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեզ շրջապատող կյանքում: Եվ, գալով ինձ մոտ, դուք սովորաբար տրտնջում եք ձեր կյանքից և խնդրում ինձ, որ ձեզ հանեմ մարմնավորումից: Շատ ու շատ հոգիներ՝ ամենալուսավորներն ու մաքուրները, ոչ մի կերպ չեն կարողանում հարմարվել ֆիզիկական ոլորտում տիրող իրականությանը, և նրանց հոգիները նմանվում են ցեխի մեջ ոտնատակ եղած վարդերի: Եվ ամեն գիշեր, երբ ես հնարավորություն եմ ունենում հանդիպելու ձեզ հետ, հարթեցնում եմ ձեր թերթիկները և լվանում դրանք իմ արցունքներով:

Ես շատ լավ եմ հասկանում ձեր դրությունը: Սակայն, սիրելինե՛րս, աշխարհի վիճակն այժմ այնպիսին է, որ լավագույն հոգիներն այդ աշխարհում իրենց ճնշված են զգում և չեն ուզում ապրել: Այն դեպքում, երբ մարդիկ, որոնք աչքի չեն ընկնում մեծ բարեմասնություններով, իրենց հրաշալի են զգում այդ իրադրության մեջ:

Պաշտելինե՛րս, ձեր հոգիներն իրենց վրա ծանր բեռ են վերցրել՝ մարմին առնելով Երկրի համար այս բարդ ժամանակներում: Եվ ես միայն կարող եմ հիշեցնել ձեզ այդ մասին, մխիթարանքի խոսքեր ասել և սրբել ձեր արցունքները: Բայց ձեզ վիճակված է շարունակելու ձեր առաքելությունները: Ձեզնից յուրաքանչյուրը շատ թանկ է իմ սրտին, և ինձ հետ ունեցած այդ հատուկ կապը միշտ ձեզ համար օգնություն կդառնա այն պահերին, երբ ձեզ կթվա, թե այլևս ուժ ու հնարավորություն չունեք դիմանալու ձեր շուրջը տիրող կոպտությանն ու տգիտությանը:

Ձեր կյանքի ամենադժվար պահերին ձեր մեջ ուժ գտեք, որպեսզի մտնեք ինձ հետ մտավոր հաղորդակցության մեջ: Պարզապես մտածե՛ք իմ մասին, և ես կկարողանամ ներկա գտնվել ձեր կողքին և թեթևացնել ձեր բեռը: Եվ թեթևանալով՝ դուք կկարողանաք շարունակել ձեր կյանքն ու մինչև վերջ իրականացնել ձեր Սպասավորությունը:

Ձեր Սպասավորության մեջ է և այն, որ լսեք շրջապատի մարդկանց քմծիծաղը, դիմանաք ձեր շուրջը տիրող կոպտությանը: Սակայն, պաշտելինե՛րս, չարժե, որ սկսեք դատապարտել: Ես և իմ քույր Գուան Ինը ձեզ ուսուցանում ենք, որ կարեկացանքով վերաբերվեք այն մարդկանց հոգիներին, որոնք գտնվում են պատրանքի իշխանության տակ: Գեղեցիկի նկատմամբ այն անհագ կարոտը, որն առկա է շատ մարդկանց հոգիներում, բայց համապատասխան նմուշներ չի գտնում շրջապատող աշխարհում, հանգեցնում է ներքին ավերածության և վերածվում խռովքի, որն արտահայտվում է վնասակար սովորություններով, և դա այլ բան չէ, քան ինքնակործանման ձգտում:

Ձեզ բոլորիդ չի հերիքում սերն ու ներդաշնակությունը: Ինչ-որ ժամանակ ձեր արարքներով դուք վատ կարմա եք ստեղծել և հիմա վայելում եք դրանց պտուղները: Պաշտելինե՛րս, եթե դուք հիմա լսում եք ինձ, եթե իմ խոսքերը ձեր հոգում արձագանք են գտնում, ապա խնդրու՜մ եմ, հիշե՛ք, որ ձեզ բաժին հասած ողջ ծանրությունը դուք ինքներդ եք ստեղծել անցյալի ձեր սխալ արարքներով: Ուստի ես չեմ հոգնում ձեզ ասել զղջման մասին և այն մասին, որ ընդունեք անցյալի ձեր մեղքերն ու սխալ արարքները:

Հենց որ ներքուստ ընդունեք, որ ձեր շուրջը տեղի ունեցող ամեն ինչը ձեր ստեղծածն է, դուք կկանգնեք միակ ճշմարիտ ուղու վրա: Եվ եթե հաստատակամորեն ընթանաք այդ ուղով, ապա այն ձեզ դուրս կհանի կյանքից դժգոհելու և ապրել չցանկանալու փակուղային վիճակից: Դուք կզգաք տարբերությունը ձեզ շրջապատող կյանքի և Աստծո պատգամած կյանքի միջև: Ձեր շրջապատում դուք կկարողանաք գտնել այն գեղեցիկը, որը կյանքում առկա է, բայց դուք չեք նկատում, քանի որ մշտապես մղվում եք այն ուղղությամբ, ուր ցուցանում են տեղեկատվության զանգվածային միջոցները:

Մենք չենք կարող նույնքան բարձրագոչ լինել, որքան ձեր տեղեկատվության զանգվածային միջոցներն են: Մեր ձայները նման են խոտի սոսափյունի և առվի հանդարտ խոխոջյունի, ուստի անհրաժեշտ է, որ ձեր ներքին ընկալումը համալարեք մեր ալիքի հետ: Եվ այնժամ մենք կկարողանանք մոտ լինել իրարու: Եվ դուք կրկին ձեռք կբերեք կյանքի ուրախությունն ու ձեր գոյության իմաստը: Երբ ձեր հոգին լցված է լինում Աստվածային էներգիայով, դուք ձեզ երջանիկ եք զգում, քանի որ Աստվածային էներգիան ունակ է ձեր թրթիռները հասցնել ձեզ համար հնարավոր ամենահրաշալի վիճակներին՝ հրճվանքի, սիրո, ներքին ներդաշնակության ու անդորրի:

Ցավոք, ձեր աշխարհի երևույթների մեծ մասն ուղղված են հատկապես այն բանին, որ իջեցնեն ձեր թրթիռները, որի հետևանքով դուք զրկվում եք Աստվածային աշխարհի հետ համահնչունությունից և դառնում ապերջանիկ:

Ես անում եմ ինձնից կախված ամեն ինչ, որ ձեզ հիշեցնեմ աշխարհի հրաշագեղության մասին: Աշխարհի ձեր ընկալումը փոխվում է այն բանից կախված, թե համահու՞նչ եք արդյոք Աստվածային աշխարհի հետ, թե՞ կտրված եք Աստվածային աշխարհից:

Ձեր շրջապատում շատ բաներ կան, որ կարող են իջեցնել ձեր թրթիռները, և դուք ապերջանիկ եք դառնում միայն այն բանի պատճառով, որ ինքներդ ձեզ շրջապատել եք սխալ, ոչ-Աստվածային նմուշօրինակներով:

Իհարկե, Աստվածային աշխարհի հետ ձեր համահնչունությունը դրսևորվում է ձեր ներսում՝ ձեր սրտերում: Սակայն դուք պետք է հոգ տանեք, որպեսզի ձեր այդ համանչունությունը չխափանվի ձեր աշխարհի անորակ դրսևորումների պատճառով: Ես հասկանում եմ, որ շատ դժվար է ապրել աշխարհում և չկրել դրա ազդեցությունը: Բայց եթե ձեր սրտերում նախընտրում եք համահունչ մնալ Աստվածային աշխարհի հետ, ապա ունակ եք դառնում աստիճանաբար փոխելու ձեզ շրջապատող իրականությունը՝ քայլ առ քայլ, մեկը մյուսի հետևից վերացնելով անորակ դրսևորումները:

Ամեն ինչը, պաշտելինե՛րս, իր առանձնահատուկ թրթռանքն ունի: Ամենայն ինչ թրթռանք է: Ձեր սնունդն օժտված է որոշակի թրթռանքով, ձեր երաժշտությունն օժտված է որոշակի թրթռանքով: Որոշակի թրթռանքով են օժտված ձեր քաղաքների ճարտարապետությունը, ձեր ամենօրյա գործածության իրեղենն ու առարկաները: Իրերի մի մասը դրական թրթռանք ունեն, մյուսները՝ բացասական: Եվ երբեմն ընդամենը մեկ աններդաշնակ իրը կարող է ձեզ զրկել հոգեկան հանգստությունից ու ներդաշնակությունից:

Որքա՜ն առանձնահատուկ զգույշ պիտի լինեք, երբ ձեզ ենթարկում եք անընդհատ միացված հեռուստացույցի և ռադիոընդունիչի ազդեցությանը: Դուք մշտապես ձեզ ենթարկում եք կասկածելի բնույթ ունեցող նմուշների ազդեցությանը, որի հետևանքով երկար ժամանակով կորցնում եք գիտակցության Աստվածային վիճակ ապրելու, Աստվածային աշխարհի հետ համահունչ լինելու հնարավորությունը: Իմ ասածներն այնքան բնական բաներ են, որ ես տարակուսում եմ, երբ տեսնում եմ, որ ինձ լսելուց, նույնիսկ՝ ինձ հետ համաձայնվելուց հետո, հենց որ ավարտում եք իմ ուղերձի ընթերցումը, անմիջապես նորից անցնում եք ձեր հին կենսակերպին:

Հարկ է, որ հավատարիմ մնաք մեր հանձնարարականներին, և այդ դեպքում ստիպված չեք լինի իմ մենաստանում արցունքներ հեղելու և կյանքից դժգոհելու:

Երջանիկ կյանքի ողջ մեխանիզմը դրված է ձեր ներսում: Ինչու՞ չեք օգտվում դրանից:

 

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ ձեզ հետ եղա այսօր:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ