Ոսկեդարը պետք է վեր հառնի նախ և առաջ ձեր էության խորքում

 

Սեն Ժերմեն

9 հունիսի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Սեն Ժերմենը...

Մեր վերջին հանդիպումից հետո այնքան էլ քիչ ժամանակ չի անցել: Եվ, ի՞նչ եք կարծում, ինչո՞վ էի ես զբաղված ողջ այդ ընթացքում: Ուշադրությամբ հետևում էի, թե ձեզնից ո՞վ քաջություն կդրսևորի, որպեսզի մոտենա և ոսկե սկուտեղի վրայից վերցնի ընձեռնմված Աստվածային հնարավորությունը:

Հիշեցնեմ, որ մենք խոսում էինք Ոսկեդարի կերտման մասին[1]: Եվ ասացինք, որ պահանջվում են խիզախ ու նպատակասլաց մարդիկ, ոպեսզի իրենց վրա վերցնեն Վեհապետների մտահղացման իրականացման գործը:

Եվ ես հիմա չեմ կարողանում ծիծաղս զսպել, երբ հիշում եմ, թե ինչե՜ր տեսա այս ընթացքում: Իրոք՝ ռուս մարդկանց մտածելակերպն ու մենտալիտետը շատ խիստ տարբերվում է ամերիկականից: Ի՞նչ նախաձեռնեցին ռուսները. ձեռնամուխ եղան համայնքներ ստեղծելու գործին և այս ու այնտեղ սկսեցին տներ ու բնակատեղիներ կառուցել:

Արևմուտքում ոչ մեկը նման ձևով գործ չէր նախաձեռնի: Դուք նույնիսկ չմտածեցիք էլ, թե այդ ամենն ինչպե՞ս պետք է աշխատի: Դուք պլան չկազմեցիք:

Եվ ինչպե՞ս եք մտադիր գործել Համբարձյալ Վեհապետների առաջնորդությամբ, որպեսզի ի կատար ածեք նրանց պլանները, եթե նույնիսկ հարկ չհամարեցիք ուշադրություն դարձնել այն գլխավոր պայմանին, որը դրված է ձեր և Աստվածային հնարավորության միջև: Այն է՝ անցնել անհրաժեշտ թեստերով, որպեսզի վստահ լինեք, որ գործում եք Վեհապետների համար՝ ծառայում եք Վեհապետներին, այլ ոչ թե ձեր էգոյի ինչ-որ քմայքներին ու հետաքրքրություններին:

Ոչ ոք լրջորեն չմտածեց այն հարցի շուրջ, թե ինչպե՞ս է հնարավոր կյանքի կոչել Վեհապետների պլանները՝ առանց ունենալու Նրանց վստահության քվեն:

Հավատացե՛ք ինձ և իմ փորձին. դուք հաջողության չեք հասնի, քանի դեռ համահունչ չեք դառնա Աստվածային աշխարհի հետ: Հարկ չկա, որ Ոսկեդարը կառուցեք ձեզնից դուրս: Ոսկեդարը պետք է վեր հառնի նախ և առաջ ձեր ներսում՝ ձեր էության խորքում: Իսկ դրա համար հարկ է, որ փոխեք ձեր գիտակցությունը և ձեր ներքին էությունը: Եվ այն, ինչ արտաքին աշխարհում է՝ ձեզնից դուրս, հնազանդորեն կնմանվի ձեր ներսի եղածին:

Որքա՜ն ենք մենք Ուսմունք տվել այն մասին, որ աշխարհը պարզապես ձեր գիտակցության արտացոլանքն է: Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ բան եք նախաձեռնում, դուք իսպառ մոռանում եք այդ պարզ ճշմարտության մասին:

Մեզ իրո՛ք հոգու ասպետներ են պետք՝ գործիչներ, որոնք պատրաստ են իրենց կյանքը նվիրաբերելու Երկրի մարդկությանն ու Մեծ Սպիտակ Եղբայրությանը ծառայելուն: Բայց ինչի՞ց եզրակացրեցիք, որ հարկավոր է կառուցել որոշակի քանակությամբ տներ ու ավաններ: Մի՛ մտածեք արտաքինի մասին: Մտածեք ձեր հոգու որակների մասին: Արտաքինն ինքն իրեն կլինի, եթե ձեր ներսում ոսկու բնակտորներ շողշողան՝ ձեր աուրան գունազարդելով ոսկեգույն պայծառացմամբ:

Մենք գալիս ենք Ուսմունք տալու, հետո ուշադիր հետևում ենք, թե ինչպես եք դուք այն կիրառում գործնական կյանքում: Եվ երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, թե ավելի լավ կլիներ ոչինչ չանեիք, քան թե անեիք այնպես, ինչպես սովորաբար անում եք: Ներքին և արտաքին աշխատանքների միջև պետք է գտնվի ոսկե միջինը: Բայց ամեն դեպքում՝ ներքին աշխատանքին պետք է նախապատվություն տրվի: Մի՞թե ձեզ համար հերիք չեղավ սոցիալիստական փորձը: Երևի որոշեցիք, որ հիմա՛ էլ է պետք այնպիսի բաներ կառուցել, ինչպես այն ժամանակներում էր՝ գետեր շուռ տալ հակառակ ուղղությամբ, բերնեբերան լցնել պետական շտեմարանները, կամ կառուցել արդյունաբերական հսկաներ:

Պե՛տք չէ արժեզրկել մեծ գաղափարը: Կանգ առեք և մտորե՛ք: Նախ և առաջ հարկ է, որ նստեք դասասեղանի առջև և սերտեք Աստվածային Օրենքի հիմունքները: Հարկ է, որ մուտք գործեք Համբարձյալ Վեհապետների մենաստանները և անցնեք ողջ ուսուցման դասընթացը: Հարկ է, որ նախապես հրաժեշտ տաք ձեր տգիտությանը և հեշտ հաղթանակի հասնելու հավակնությանը:

Ոսկեդարը կառուցողները դու՛ք չեք: Վեհապետնե՛րն են կառուցելու Ոսկեդարը: Իսկ դուք միայն ոտք ու ձեռք եք ծառայելու Վեհապետների համար: Եվ ձեր շինարարության արդյունքը նախ պետք է երևա այնպիսի բարեմասնությունների  ձեռքբերման տեսքով, ինչպիսիք են՝ հնազանդությունը, խոնարհությունը, նպատակասլացությունը:

Ձեզ դու՞ր է գալիս առաջինը լինելու գաղափարը: Հրաշալի՜ է: Ապացուցե՛ք, որ ներքուստ պատրաստ եք այդ դերի համար: Հեռու՛ վանեք ձեզնից զառամ եսասիրությունը: Համահու՛նչ եղեք Վեհապետների հետ: Դե, թեկուզ նախ պայմանավորվե՛ք մեր դեսպանորդի հետ: Հետաքրքիր է, որ մեր անհաջողակ աշակերտներից  շատերը հատկապես հենց նետվեցին զբաղվելու համայնքային շինարարության գործով: Ձեզ ոչ թե կառուցել է պետք, այլ նորից նստել առաջին դասարանցու դասասեղանի առջև, որովհետև դեռ չեք յուրացրել Համայնքի հիմունքները: Իսկ ձեր հասկացած համայնքը ոչ մի բանի պետք չէ: Ես ձեր աշխատանքը երկուսից հանած եմ գնահատում...

Սոցիալիստական ժամանակների շատ շինարարներ անհամեմատ ձեզնից առաջ էին իրենց գիտակցությամբ: Քանզի նրանք իրոք աշխատում էին ի շահ Ընդհանուր Բարօրության և ամբողջովին նվիրված էին գաղափարին: Իսկ դուք նվիրվել եք ձեր էգոյին և զբաղված եք նրա հետաքրքրությունները բավարարելով:

Ինչպես տեսնում եք, բոլոր ժամանակներում էլ եղել են հոգևոր նվաճումների հասած մարդիկ՝ նույնիսկ այն ժամանակներում, որոնք ընդունված է նույնացնել անաստվածության հետ:

Ցանկացած պայմաններ, ցանկացած հասարակարգ և ցանկացած հանգամանքներ Աստված օգտագործում է, որպեսզի դուք կարողանաք զարգանալ: Որպեսզի ձեր հոգիները կարողանան զարգանալ: Եվ ձեր օրերում նու՛յնպես դուք կարող եք լիովին դրսևորել ասպետական հատկանիշներ: Ու՞ր են այն իսկական ասպետները, որոնք պատրաստ էին հանուն իրենց սիրեցյալի զոհաբերելու սեփական կյանքը: Միայն թե մի՛ ասեք ինձ, թե ժամանակները փոխվել են: Ասպետական ոգին՝ հանուն հայրենիքի կյանքը զոհաբերելու ունակությունը երբեք չի վերացել: Արիություն, քաջություն, խիզախություն, անվեհերություն, հավատարմություն, պատիվ և արժանապատվություն՝ ինչու՞ եք մոռացության մատնում հոգու այս հատկանիշները:

Հարկ կլինի, որ մանրազննին կերպով քչփորեք և գտնեք ձեր հոգում այդ հատկանիշները, քանի որ դրանք ձեզ անպայման պետք կգան մոտակա ժամանակներում:

Իսկ անցյալի ասպետական մենամարտները լիովին կարող են փոխարինվել մեծագույն ձեռնադրյալների աշխատանքների իմացության մրցումներով: Ո՛չ այն ձեռնադրյալների, որոնք իրե՛նք են իրենց այդպիսին համարում և փողի համար սեմինարներ կազմակերպում, այլ Նրանց, որոնց անունները հավերժացված են պատմության մեջ՝ Պյութագորաս, Օրիգեն, Կոնֆուցիոս, Սոկրատես, Լաո Ցզի, Բլավատսկայա...

Առանց գիտելիքի սրին տիրապետելու, առանց էգոյի ձիուն սանձահարելու՝ դուք չե՛ք կարողանա դառնալ բոլոր ժամանակների Խոսքի ասպետ:

Մի՛ վախեցեք անհաջողությունից, մի՛ վախեցեք սխալվելուց: Հետևե՛ք մեր ցուցումներին՝ բոլոր ուղենիշերն առկա են ուղու վրա. նշված են Ուղու բոլոր ոլորանները և վտանգավոր հատվածները:

Միայն կատարյալ անշնորհքներն ու ծույլերը չեն կարողանա հաղթահարել ակնկալվող խնդիրները:

Ո՜վ ոգու ասպետնե՛ր, զբաղվեք արժանավայե՛լ գործերով, այլ ո՛չ թե պառկեք բազմոցին և հեռուստացույց դիտեք: Վե՛ր կացեք և գոնե մի երկու քա՛յլ արեք այն ուղղությամբ, ուր մենք ցույց ենք տալիս:

 

ԵՍ ԵՄ Սեն Ժերմենը...

 

Տատյանա ՄԻկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը


 

[1] Տես՝ 2010 թ.-ի հունվարի 10-ի ուղերձը:

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ