Խոսակցություն Ռուսաստանի մարդկանց հետ

 

Վեհապետ Նիկոլայ Ռերիխ

8 հունիսի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Նիկոլայ Ռերիխը:

Ասօրվա մեր խոսակցությունը լուրջ բնույթ կկրի: Ուստի՝ տրամադրվե՛ք դրան: Ո՞վ, եթե ոչ՝ ես, ձեզ ճշմարտացի տեղեկություն կհաղորդի մոլորակի նուրբ ոլորտի գործերի վիճակի մասին: Ո՞վ, եթե ոչ՝ ես, իրազեկ կդարձնի այն վտանգներին, որոնք այժմ ձեզ սպառնում են: Իհարկե, առաջին հերթին ես կուզենայի իմ խոսքն ուղղել Ռուսաստանի բնակիչներին: Քանզի այդ երկրի հետ ունեցած իմ կարմայական կապերը պարտավորեցնում են ինձ աշխատելու նրա բարօրության համար: Մարմնավորման մեջ գտնվող շատերի հետ եմ ես կապված կարմայորեն: Ուստի հույս ունեմ, որ նրանցից որևէ մեկը կկարդա իմ այս ուղերձը: Միայն ձեր շնորհիվ և ձեր միջոցո՛վ ես կարող եմ գործել: Որովհետև այլևս հնարավորություն չկա հետագային թողնելու այն, ինչը վաղուց հասունացել է և արդեն իսկ տեղի է ունենում: Եվ երկիրը հիմա կանգնած է ընտրության առաջ:

Դեպի ապագա տանող ճշգրիտ ուղենիշներ չկան: Գուցե թե՝ կարելի էր մի առժամանակ էլ փորձարկել արևմտյան նմուշի կաֆտանը սեփական մաշկի վրա: Սակայն արդե՛ն իսկ ակնհայտ է, որ այդ կաֆտանը նեղ է գալիս ռուսական հոգու համար:

Անհրաժեշտ է վերադառնալ Ռուսիայի ակունքներին: Անհրաժեշտ է վերհիշել ողջ այն հերոսականն ու լուսավորը, որը եղել է Ռուսիայի պատմության մեջ՝ ո՛չ միայն հեռավոր ժամանակներում, այլ նաև այն սերնդի հիշողության մեջ, որը դեռևս ապրում է՝ աստիճանաբար լքելով ֆիզիկական ոլորտը:

Շա՜տ մութ ու անհրապույր բաներ են եղել անցյալում: Բայց եղել են նաև ոչնչի հետ չհամեմատվող հերոսության, նվիրվածության, սիրո և հայրենասիրության դրսևորման դրվագներ: Հարկավոր է ընտրել դրանցից լավագույնը և այն աճեցնել մարդկանց գիտակցության մեջ: Ո՛չ այն բանի համար, որ մենք ուզում ենք հաստատել ռուս ազգի առաջնայնությունը, այլ որովհետև մեզ անհրաժեշտ է վերականգնել ազգային արժանապատվությունն ու ազգային հպարտությունը: Մենք ունե՛նք հպարտանալու բաներ: Եվ Ռուսաստանի պատմությունն ամենաբարձր մակարդակով պետք է դասավանդվի երկրի բոլոր ուսումնական հաստատություններում:

Բնակչության բոլոր շերտերը գտնվում են գիտակցության ծայրահեղ ճնշված վիճակում: Քանզի չկա մի ազգային գաղափար, որը միավորեր ու համախմբեր մարդկանց: Եվ մարդկանց ընդհանուր վիճակն այժմ շատ ավելի վատ է, քան սոցիալիզմի օրոք էր: Ամեն դեպքում, այն ժամանակ մարդկանց մեջ ներարկվում էր մղվածություն և նվիրվածություն գաղափարներին:

Ժողովուրդը, որը զուրկ է ազգային գաղափարներից, ժողովուրդը, որը չի հիշում իր հերոսական անցյալը, ապագա չունի:

Պետք է խորհել այս մասին, և նման վիճակը պետք է շտկվի: Ռուսաստանին նվիրված մարդիկ կան պետական իշխանության բոլոր մակարդակներում, հասարակության բոլոր շերտերում: Ուստի առաջնահերթ խնդիր պետք է դառնա այն ամեն լուսավորի հաստատումը, որը դեռևս առկա է հասարակության մեջ: Մարդկանց անհրաժեշտ են իդեալներ, դեպի ուր նրանք պետք է մղվեն: Մարդիկ հոգնել են անհավատությունից ու կեղծավորությունից:

Առաջ էլ են եղել անբան ու ծույլ մարդիկ, որոնք նստել են պետության վզին: Սակայն այժմ ձրիակերությունն ու անբանությունը, փողը կուռք դարձնելն ու հաճույքամոլությունն աստվածացվում են զանգվածային տեղեկատվության բոլոր միջոցներով:

Ինչպե՞ս եք պատրաստվում շարունակել ձեր երթը, և ինչպե՞ս պետք է Ռուսաստանն ի կատար ածի իր Աստվածային առաքելությունը, եթե այլանդակությունն է դեռևս կառավարում պարահանդեսը: Դեռ երբեք Ռուսաստանում այնպես չէր եղել, որ անբարոյականությունն ու ստորակարգությունը ձեռք բերեին համարյա պետական քաղաքականության կարգավիճակ:

Աշխարհիկ կյանքից և հեռատեսիլի էկրաններից այլանդակության ու ստորակարգության հեռացումը դիտվում է որպես դեմոկրատիայի հիմքերի խարխլում:

Գիտակցությունը, նախ և առաջ, պետք է հասու լինի դեմոկրատիային: Այդ դեպքում կարելի կլիներ և քննարկման դնել դեմոկրատիայի թեման: Բայց այժմ հարկավոր է զարկել բոլոր զանգերը և փրկել այն, ինչը դեռևս հնարավոր է փրկել այն դիվային իշխանակազմի ձեռքից, որը կառավարում է պարահանդեսը:

Լրջորեն մտորե՛լ է պետք Ռուսաստանի բնակիչներին: Ոչ մի ամենալավ կառավարություն ոչինչ չի կարող անել, եթե ժողովուրդն անհավատ է ու խավարամիտ:

Իհարկե, հեշտ է կառավարել ժողովրդին, եթե նրա գիտակցությունը գտնվում է ամենացածր մակարդակի վրա: Ողջ կառավարումն ի կատար է ածվում կենդանական բնազդների մակարդակով: Սակայն ու՞մ է պետք այն հասարակությունը, որի անդամները մտածում են միայն իրենց ֆիզիկական մարմնի մասին և իսպառ մոռացել են Աստծո և հոգու մասին:

Ըստ այդմ, ես եկել եմ և դեռ էլի՛ կգամ ու կխոսեմ, քանի դեռ Աստվածային հնարավորությունը չի ավարտված: Ժամանակն է լրջորեն խորհելու Ռուսաստանի ապագայի մասին և գործելու այնպես, կարծես թշնամին արդեն դռան առջև է: Պահանջվում է ժողովրդական համախմբում՝ ընդդեմ անաստվածության ու այլանդակության: Երբեք չեմ հոգնի կրկնելուց, որ ապագա սերնդի կրթության պատասխանատվությունն ընկած է բոլոր նրանց վրա, ովքեր հիմա որոշումներ են ընդունում և որոնցից կախված է ինչ-որ բան:

Այժմ Ռուսաստանը հասել է բեկումնային կետի: Իսկ հակադիր ուժերը նշանակալիորեն գերակշռում են:

Ուստի դուք, որ հիմա կարդում եք այս տողերը, մի՛ կարծեք, թե դա ձեզ չի վերաբերվում, թե դուք իշխանության մեջ չեք, և ձեզնից ոչինչ կախված չէ: Ազգի ընդհանուր ենթագիտակցականը ձևավորվում է ձեզնից յուրաքանչյուրով: Իսկ հերոսություն հնարավոր է դրսևորել ո՛չ միայն մարտի դաշտում:

Դեռևս ժամանակ կա: Բայց հնարավորության դռներն, ուր որ է, կփակվեն:

Ամեն անգամ գալիս եմ, և ամեն անգամ փորձում եմ ձեր հոգիներն արթնացնել  քնից:

Արթուն հոգին չի հարցնի, թե ինչ անի և չի սպասի հստակ ցուցումների: Արթուն հոգին գործում է ներքին ցուցումներով և պատրաստ է սխրանքի՝ ուր էլ այն դրսևորվելու լինի: Եվ երբեմն շատերիդ համար սխրանք է լինում հենց այն, որ հրաժարվեք այն ամենից, ինչը նպաստում է հասարակության բարոյական նորմերի անկմանը՝ ալկոհոլից, թմրանյութերից, ծխախոտից, գիտակցությունը մթագնող երաժշտությունից, հեռուստատեսության ու ռադիոյի անճաշակ հաղորդումներից: Փող շինելու ողջ այդ ինդուստրիան գոյատևում է միայն այն բանի շնորհիվ, որ դուք նրան կերակրում եք ձեր փողերով ու ձեր էներգիայով:

Հասարակությունը հիվանդ է: Սակայն եթե բարեփոխման հնարավորությունը չլիներ, իմաստ չէր ունենա մեր գալն ու մեր ուղերձներ տալը:

Հավանականություն կա, որ ամեն ինչ կփոխվի և կփոխվի դեպի լավը: Հարկ է, որ այդ հավանականությունը գերազանցի 50 տոկոսը, իսկ դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ դուք ո՛չ միայն կարդաք իմ խոսքերը, այլ նաև դրանք կիրառեք ձեր կյանքում:

Ռումբեր չեն պայթում, բայց մարդիկ կարծես մահանում են ռմբակոծությունից: Եվ, որ ավելի վատ է, մահանում են նրանց հոգիները: Մահանում են հանդարտ և անիմաստ: Երկիրը չի բռնազավթված, բայց մարդիկ ենթարկվում են ամենադաժան կտտանքների այն թշնամու կողմից, որը թաքնված է յուրաքանչյուրի տանը՝ մարդկային գիտակցության մութ անկյուններում:

Ես այսօր եկա Ռուսաստանի մարդկանց հետ լուրջ խոսակցություն վարելու համար: Եվ ես հավատում եմ այդ երկրի մեծ ապագային:

Միշտ էլ ամենամութ գիշերվան փոխարինել է լուսաբացը: Եվ ես հուսով եմ, որ Աստվածային գիտակցության լուսաբացը դեռևս հասանելի կլինի Ռուսաստանի մարդկանց համար:

 

ԵՍ ԵՄ Նիկոլայ Ռերիխը:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ