Մենք մեր օգնության ձեռքն ենք մեկնում յուրաքանչյուրին, ով մեզնից օգնություն է խնդրում

 

Վեհապետ Մորիա

5 հունիսի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան: Եկել եմ, որպեսզի որոշ բացատրություններ տամ երեկվա իմ ուղերձի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնեմ իմ ու մյուս Համբարձյալ Դասերի վերաբերմունքը Երկրի վրա հաստատված իրադրության նկատմամբ:

Չարժե՛, պաշտելիներս, վհատության գիրկն ընկնել: Իրավիճակն իրոք ծանր է: Եվ մեծ աշխատանք է պահանջվում, որպեսզի այն շտկվի: Սակայն երբեք չեն լինում անելանելի իրավիճակներ: Եվ միշտ վերջին պահին Աստված փրկարար ճոպան և օղակ է նետում, որպեսզի մարդկությունը կարողանա շարունակել իր էվոլյուցիան:

Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկվի այս անգամ: Ձեզ հայտնի է, որ ամառային արևադարձից անմիջապես հետո կայանում է Կարմայական Վարչության նիստ, որտեղ քննարկվում է մոլորակի իրադրությունը և արվում են եզրահանգումներ, որոնք ներկայացվում են Մեծ Կենտրոնական Արևի հաստատմանը:

Հավատացե՛ք ինձ, հաշվի կառնվեն բոլոր ձեր դիտողություններն ու առաջարկները, որոնք տեղ  կգտնեն Կարմայական Վարչությանը հղած ձեր նամակներում:

Երբեք չի եղել այնպես, որ Համբարձյալ Դասերը մարդկությանը միայնակ թողնեն իր բախտի հետ: Մարդկային գիտակցության մեծ պատրանքն է այն, թե մարդկությունն ունակ է զարգանալու իր սեփական օրենքներով, որոնք կտրված են համայն տիեզերքում գործող Օրենքից: Գոյություն ունի համայն տիեզերքում գործող միասնական Օրենք, և դրա մի դրույթն էլ վերաբերում է այն բանին, որ իրենց զարգացման մեջ մեծ հաջողությունների հասածները պետք է էվոլյուցիայի ուղու վրա օգնեն հետ մնացողներին: Ուստի ես և մյուս Համբարձյալ Վեհապետները մոլորակի վրա հաստատված ներկա իրավիճակի պայմաններում անում ենք մեզնից կախված հնարավոր ամեն ինչը: Եվ ձեզնից նրանք, ովքեր իրենց համարում են հոգևոր առումով զարգացած ու առաջ գնացած, ինչու՞ չհետևեն մեր օրինակին: Ձեզ թվում է, թե կենսահոսքերին օգնելն անպայման ինչ-որ վերամբարձ և ուրախ բա՞ն է, որը ձեզ կկանգնեցնի պատվո պատվանդանին և դափնեպսա՞կ կդնի ձեր գլխին...

Սխալվու՜մ եք, պաշտելիներս: Առավել հաճախ՝ դեպքերի 99 տոկոսում, մենք և մեր մարմնավորված աշխատակիցները զբաղված ենք լինում սովորական, քրտնաթոր աշխատանքով: Սակայն տարբերություն կա նմանատիպ աշխատանք կատարող և սովորական կյանքով ապրող մարդկանց և մեր աշխատակիցների միջև: Եվ գլխավոր տարբերիչ առանձնահատկությունն այն շարժառիթն է, որով դուք կատարում եք ձեր աշխատանքը: Հանուն ինչի՞ եք կատարում ձեր աշխատանքը:

Իհարկե, որպեսզի փող վաստակենք, - կպատասխանեն մեր ուղերձները կարդացող մարդկանց 99 տոկոսը:

Եվ ընդամենն մեկ կամ ավելի քիչ տոկոսն է, որ իրենց գիտակցությամբ հասել են էվոլյուցիայի հաջորդ աստիճանին, և կպատասխանեն, որ կատարում են իրենց աշխատանքը հանուն Ընդհանուր Բարօրության, հանուն ամբողջ մարդկության և հանուն Կյանքի Սպասավորության:

Եվ այդ շարժառիթային տարբերությամբ է պայմանավորված այն, որ մարդկանց մեծամասնությունը  զբաղված է կարմայաստեղծ գործունեությամբ, այն դեպքում, երբ մեր աշխատակիցները բարի կարմա են ստեղծում ողջ մարդկության համար, որը կարող է օգտագործվել Երկրի էվոլյուցիոն գործընթացը կարգավորելու համար:

Ձեզնից շատերի համար իմ ասածները երևում են որպես կատարելապես աներևակայելի ու հանելուկային բաներ: Սակայն ձեր վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ սկզբունքայի՛ն նշանակություն ունի: Ձեր աշխատանքի հիմքում դրված շարժառիթը փոխում է ձեր գործադրած ջանքերի արդյունքը:

Հենց դրանում է ասվածի[1] իմաստը, որ դաշտում ցանքս անող երկուսից մեկը կվերցվի, մյուսը կթողնվի. ալյուր աղացող երկուսից մեկը կվերցվի, մյուսը կթողնվի: Քանզի եթե պատրաստ չեք ձեր գիտակցությամբ անցնելու էվոլյուցիոն զարգացման նոր գալարին, ապա ձեր աշխատանքն ուղղված կլինի պատրանքների բազմապատկմանը. իսկ եթե ձեր աշխատանքով հաստատում եք Նոր Կյանքն ու էվոլյուցիոն զարգացման նոր փուլը, որեմն ինքներդ էլ պատրաստ եք այդ փուլին: Ուրեմն ձեր գիտակցությունն արդեն հասունացել է էվոլյուցիոն զարգացման նոր փուլին անցնելու համար:

Նախ և առաջ փոխվում է ձեր գիտակցությունը և, մասնավորապես, ձեր վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ: Ուստի ես եկել եմ և հույս ունեմ, որ ապագայում դեռ էլի կգամ, որպեսզի մեկ անգամ ևս ձեզ հասցնեմ այս պարզ ճշմարտությունը, որն այնքան է ակնհայտ, որ հասկանալի է նույնիսկ երեխայի համար, բայց չգիտես ինչու մշտապես վրիպում է ձեր ուշադրությունից:

Եվ այսպես, աշխատանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը՝ ձեզ գործի դնող շարժառիթը, շատ կարևոր պահ է հանդիսանում: Ըստ էության, հենց դա է որոշում ձեր հետագա զարգացման ուղղությունը: Եվ Աստվածային հնարավորությունը, որը ձեզ է մատուցվում այս ուղերձների փոխանցմամբ, կոչված է նախ և առաջ այն բանին, որպեսզի ձեզ տրվեն ճշմարիտ ուղենիշներ և շարժման ճիշտ ուղղություն:

Ըստ այդմ, անցած տարի Մեծ Կենտրոնական Արևի վրա ես ձեռք բերեցի թողության շնորհ, որպեսզի այս դեսպանորդի միջոցով կատարվող աշխատանքը շարունակություն ունենա: Եվ ա՛յս տարվա ընթացքում կանեմ ինձնից կախված ամեն ինչ: Սակայն ես չեմ վերջնական որոշում ընդունողը: Բոլոր հնարավորությունները մանրակրկիտ կերպով կշռվում են տիեզերական կշեռքով: Եվ փաստորեն դեր է խաղում մեր ուղերձների հետ առնչվող յուրաքանչյուր մարդու մտածածը՝ նրա վերաբերմունքը մեր Խոսքին, որը խնամքով, աշխարհների միջով անցնելով, բերում-հասցնում ենք ուղիղ ձեր տուն:

Մեր Ուսմունքի նկատմամբ ձեր վերաբերմունքն այն կռվաններից մեկն է, որը որոշիչ դեր է խաղում հետագա էվոլյուցիայի համար: Այն բանից ելնելով, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում Աստծո կողմից տրված Խոսքին, միշտ էլ որոշվել է ինչպես Հասարակության զարգացման մակարդակը, այնպես էլ հետագա էվոլյուցիային նրա ունակ լինելու կամ չլինելու հարցը:

Ուշադրությու՛ն դարձրեք այն մտքին, որ հիմա ծագել է ձեր գլխում: Եթե այն քննադատական բնույթ է կրում, ուրեմն դուք փաստորեն քվեարկեցիք ընդդեմ նոր Աստվածային հնարավորության՝ ընդդեմ Երկիր մոլորակի մարդկության էվոլյուցիայի: Քանզի ձեր յուրաքանչյուր միտքը հավերժորեն գրանցվում է ակաշիի քրոնիկներում: Եվ հետո ինչ էլ որ ասեք, ինչպես էլ արդարանաք, միևնույնն է, ձեր միտքն արդեն տպվել ու անցել է մշակման տիեզերական համակարգիչում:

Մենք հնարավորություն ունենք հետևելու յուրաքանչյուրի արձագանքին, ով կարդում կամ լսում է մեր ուղերձները: Առայժմ մեր ուղերձները կարդացող մարդկանց մեծամասնությունը հակված չէ մեզ հավատալու և քննադատաբար է տրամադրված:

Մենք ձեզ կուրորեն հավատալու կոչ չենք անում: Մենք ձեզ կոչ ենք անում, որ բարձրանաք գիտակցության այնպիսի մակարդակի վրա, որտեղ ունակ կլինեք ճաշակելու ճշմարիտ Հավատ: Հավատ, որը ոչ թե դրսից է ձեր գլխին կապվում, այլ բխում է ձեր սրտերից: Միայն այդ դեպքում մենք կհասնենք այն նպատակին, որին ձգտում ենք: Քանզի ճշմարիտ հավատ ունեցող մարդն ունակ է դառնում անցնելու էվոլյուցիայի հաջորդ աստիճանին:

Ձեր աշխարհում ամեն ինչ իրար է միախառնված: Եվ ձեր կարմայական պարտքերը ձեզ հեռացնում են այնպիսի վիճակից, որում անհետանում են ձեր կասկածները, երկյուղներն ու անվստահությունը:

Մենք մեր օգնության ձեռքն ենք մեկնում յուրաքանչյուրին, ով մեզնից օգնություն է խնդրում և անկեղծ նկրտումներ ունի: Բայց հենց ինքնե՛րդ եք հրաժարվում մեր օգնության ձեռքից և գերադասում խորտակվել պատրանքների ծովում՝ ձեր եսասիրության և Հավատի բացակայության պատճառով:

Ուստի միշտ իմացեք, որ ես կնետեմ իմ փրկարար ճոպանը յուրաքանչյուրին, ով անկեղծ խնդրանքով կդիմի ինձ: Մի՛ ամաչեք խնդրել և դիմել օգնության ակնկալիքով, և մեր օգնությունն անպայման կհասնի ձեզ:

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը


 

[1] Մտթ., 24: 40, 41

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ