Ժամանակն է պատրանքի աշխարհից ելնելու դեպի Աստծո իրական աշխարհը

 

Պաշտելի Ալֆա

2 հունիսի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Ալֆան՝ կրկին ձեզ այցի եկածս:

Օրվա ունայնությունը ձեզնից ծածկում է հավերժությունը: Եվ հենց հավերժությունն է, որ ես եկել եմ հաստատելու ձեր գիտակցության մեջ:

Իմաստ ունի միայն այն, որ Երկրի վրա ձեր լինելը նվիրաբերեք հավերժին ու անանց արժեքներին, որոնք կմնան ձեզ հետ, երբ կթողնեք երկրային դպրոցն ու անցում կկատարեք էվոլյուլուցիոն զարգացման նոր գալարին:

Իսկ հիմա դեռ ձեզ թվում է, թե այն, ինչ ես ասում եմ, ինչ-որ վերացական մի բան է, որին չգիտեք, թե ինչպես առնչվեք և ինչպես օգտագործեք ձեր առօրյա կյանքում:

Ձեր Հավատը Բարձրագույն աշխարհների և Արարչի նկատմամբ կստեղծի ձեզ համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ու նախադրյալները, որպեսզի ֆիզիկական աշխարհում ձեր գոյությունն ավելի մոտարկված լինի Բարձրագույն աշխարհներին: Ձեզ մնում է միայն, որ ձեր էության ներսում գտնեք այն կետը, որը ձեզ համար հավերժական Կյանքի հեռանկար է բացում: Ձեզնից ո՛չ բոլորին է հասու մտքի նման խոյանքը: Շատերը չեն հասկանա և, որ ավելի վատ է, կմտածեն, թե խոսք է գնում ինչ-որ երևակայական ու անիրական բանի շուրջ: Սիրելինե՛րս, դուք չե՛ք կարողանա առնչվել հեռավոր աշխարհների հետ, քանի դեռ հավատ չեք ընծայում դրանց գոյությանը: Հարկավոր է ճեղք բացել ձեր գիտակցության մեջ՝ ձեր պաշտպանության գծի վրա, որով օրվա մեջ 24 ժամ դուք աչալուրջ պաշտպանվում եք մեր աշխարհից՝ չկամենալով ո՛չ հավատալ, ո՛չ էլ մուտք գործել այնտեղ: Ձեր աշխարհում շատ հնարմտություններ են մտածված, որոնք ձեզ մտցնում են պատրանքային աշխարհի մեջ և թույլ չեն տալիս, որ մտածեք հավերժականի մասին:

Ես չեմ կարող ոտ մեկնել այն բանի հետ, որը ձեր գիտակցության մեջ այնքան բարձր արժեք ունի, որ իրենով ձեր մեջ ծածկում է Աստծուն: Ինձ վայել չէ ո՛չ ձեզ ստիպելը, ո՛չ էլ պնդելը, որ արթնանաք:

Լինում է այնպես, որ վարդի կոկոնն այդպես էլ չի բացվում ու թառամում է՝ առանց իր թերթիկները Հավատի, Հույսի ու Սիրո արևին ուղղելու: Դուք ինքնե՛րդ եք ընտրում, թե ի՞նչ աստվածների պաշտեք և ի՞նչ ուղով ընթանաք: Ես միայն ձեզ հիշեցնում եմ, որ ժամանակն է վերադառնալու իրականությանը, ժամանակն է, որ դուրս ելնեք պատրանքի աշխարհից դեպի Աստծո իրական աշխարհը: Իսկ ինքներդ սեփական ջանքերի գնով պետք է լարվեք այնպես, որպեսզի բացվեն ձեր հոգու թերթիկները և ձգվեն դեպի Բարձրագույն աշխարհները: Երբեմն հնարավոր չի լինում, որ լսեք ձեր հոգու ցանկությունը, քանզի ձեր շուրջն ամեն ինչ հակառակ է ուղղված, որ դա տեղի չունենա: Բայց ես վստահ եմ, որ դուք դրանից գլուխ կհանեք:

Կան միայն երկու հիմնական հատկանիշներ, որոնք, ինչպես թելը, կարող են ձեզ դուրս հանել պատրանքի լաբիրինթոսից: Դրանցից առաջինը Հավատն է, իսկ երկրորդը՝ Սերը:

Մեկի համար առաջին տեղում Սերը կլինի, իսկ երկրորդ տեղում՝ Հավատը: Իսկ մի ուրիշը կասի, որ տարբերություն չկա Հավատի ու Սիրո միջև, քանի որ ճշմարիտ Հավատը միշտ հիմնված է լինում Սիրո վրա՝ Աստծո, մերձավորի, համայն Կյանքի նկատմամբ Սիրո վրա:

Հարկ է, որ ուշադրություն դարձնեք այն բաներին, որոնք խոչընդոտում են ձեր կյանքում այդ երկու հատկանիշների դրսևորմանը և աստիճանաբար վերացնեք այն ամենը, որոնք խանգարում են, որպեսզի հաղթահարեք պատրանքը և ելնեք Աստվածային գիտակցության գագաթը:

Ձեզնից ամեն ոք մի քանի հիմնական խոչընդոտներ ունի, որոնք պետք է հաղթահարվեն ձեր կողմից: Եվ յուրաքանչյուրիդ կթվա, թե առանց ձեր այդ որակների չեք կարող գոյատևել ու զարգանալ: Բոլորովին այդպե՜ս չէ, սիրելինե՛րս:

Ես հասկանում եմ, որ պատրանքն այնքան ուժեղ է, որ կախարդում է ձեզ իր գրավչությամբ ու մոգականությամբ: Բայց Աստվածային աշխա՛րհն էլ կարող է ձեզ հմայել իր հրաշագեղությամբ ու գեղասքանչությամբ:

Դուք գտնվում եք երկու աշխարհների միջև ընտրություն կատարելու կետում: Եվ մոտակա ժամանակներում արդեն ձեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր վերջնական ընտրությունը՝ ընթանալ հետագա էվոլյուցիայի ուղո՞վ, թե՞ շարունակել խաղալիքներով խաղալ այն պատրանքային աշխարհում, որը ձեզ իրական է թվում:

Ինչպես տեսնում եք, ձեզ շրջապատող կյանքի ողջ բազմազանությունը միայն այն բանի համար է, որպեսզի հանձնեք ձեր ավարտական քննությունը և պատրանքային աշխարհից անցում կատարեք Աստծո իրական աշխարհին:

Գլխավորի շուրջ շատ է խոսվում: Խոսվում է շատ պարզ խոսքերով: Եվ ինքս էլ չեմ հոգնում գալ և կրկնել այդ պարզ բաները, հուսալով, որ որևէ հոգի ինձնից խթան ստանալով՝ պատրանքի քնից կարթնանա հավերժական Կյանքի համար: Իմ խնդիրն է՝ հնարավորինս շատ հոգիների արթնացնել, որպեսզի բարի հատիկների բերք հավաքեմ երկնային շտեմարանում:

Ձեզ հարկավոր է միայն հավատալ ու ապրել ըստ այն սկզբունքների, որոնք պատգամվել են բոլոր ժամանակների մարգարեների կողմից:

Ամեն ինչը հայտնի է: Ամեն ինչ տրված է: Հարկավոր է վճիռ կայացնել և ընտրություն կատարել: Հենց հիմա՛: Հետո ուշ կլինի:

 

ԵՍ ԵՄ Ալֆան՝ ձեր հոգիների նկատմամբ հայրական Սիրով լի:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ