Ուսմունք պատասխանատվության մասին

 

Սանատ Կումարա

1 հունիսի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝ մեր դեսպանորդի միջոցով կրկին ձեզ այցի եկածս:

Այսօր ես եկել եմ, որպեսզի կրկին անգամ ձեզ հիշեցնեմ մոլորակի ընթացիկ իրավիճակի մասին և Երկրի այդ իրավիճակի նկատմամբ ձեր պատասխանատվության մասին: Երբ մարդկությունն ունակ դառնա գիտակցելու Երկիր մոլորակի վրա տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ իր ողջ պատասխանատվությունը, մենք թեթևացած շունչ կքաշենք, քանի որ ամբողջ այն ընթացքում, քանի դեռ մարդկության գիտակցության մակարդակը համապատասխանում է մանկան գիտակցության մակարդակին, մենք ստիպված կլինենք խնամք տածել նրա նկատմամբ և հետևել, որպեսզի մարդիկ իրենց անմտությամբ մի այնպիսի աղետ չստեղծեն, որից հետո կյանքը մոլորակի վրա դառնա անհնարին:

Իսկ այժմ, երբ ձեզ փոքր-ինչ համալարեցի մոլորակի իրավիճակի իմ ըմբռնման ալիքի հետ, պատրաստ եմ տալ ոչ մեծ Ուսմունք, որը լսելը ձեզ համար օգտակար կլինի:

Քանի որ ձեր գիտակցությունն ի վիճակի չէ երկար ժամանակով կենտրոնանալու մի որոշակի նյութի վրա, մենք ստիպված ենք լինում գալու բազմակի անգամներ և ձեզ հիշեցնելու շատ պարզ ճշմարտություններ, որոնց մասին հավանաբար գիտեք, բայց չգիտես ինչու մոռանում եք և՛ դրանք կիրառել գործնականում, և՛ պահել դրանք ձեր գիտակցության մեջ:

Ես եկել եմ մեր դեսպանորդի միջոցով Երկրի մարդկության հետ տարվող մեր աշխատանքի երկարատև ընդմիջումից հետո: Եվ ողջ այդ դադարի ընթացքում ես հնարավորություն ունեի նուրբ ոլորտից դիտելու մոլորակի իրադարձությունների զարգացման ընթացքը: Դուք նույնպես հնարավորություն ունեիք հետևելու իրադարձությունների ընթացքին, սակայն՝ միայն ֆիզիկական ոլորտից: Եվ այն մարդիկ, ովքեր վերլուծելու հակում ունեն ու խորհել գիտեն, կարող էին նկատել, որ մոլորակի իրադրությունն օր օրի շիկանում է: Եվ այդ իրադրության մասին տագնապ են հնչեցնում գործնականում չընդհատվող երկրաշարժներն ու հրաբուխների ժայթքումները, ռազմական ընդհարումներն ու տեռորիստական գործողությունները, սոցիալական պայթյուններն ու հեղաշրջումները, որոնք մոլորակի վրա տեղի են ունենում այս ու այնտեղ:

Ձեզ թվում է, թե դա բնական է, և ոչ մի անսովոր բան չկա: Իրոք, մարդկային գիտակցության անկատարության այդ դրսևորումներն առաջ էլ գոյություն ունեին՝ հարյուր տարի առաջ, հարյուրավոր տարիներ առաջ: Բայց այդ բացասական երևույթների հաճախականությունն ու ընդգրկումը, ինչպես նաև այն նեգատիվ ուժերը, որոնք կանգնած են այդ երևույթների հետևում, երբեք այսքան մեծ չէին եղել:

Եվ դա ես եմ ձեզ ասում: Իմ հիշողությունն անհամեմատ ավելի լավն է, քան ունի ներկայումս մարմնավորված մարդկությունը: Ես հնարավորություն ունեմ նայելու ակաշայի ժամանակագրությունները (քրոնիկները) և ձեր իրադրությունը համեմատելու ցանկացած այլ ժամանակի իրադրության հետ: Համեմատության արդյունքը ներկայիս իրադրության կողմը չի լինի: Մեզ՝ Համբարձյալ Դասերիս, ավելի ու ավելի շատ էներգիա է պետք գալիս, որպեսզի կարգավորենք մոլորակի իրադրությունը և թույլ չտանք ամենաահավորը մարդկության համար՝ ֆիզիկական պլատֆորմի ոչնչացումը:

Ձեզ թվում է, թե ես մի այնպիսի բանի մասին եմ խոսում, որի հետ դուք անմիջական առնչություն չունեք: Դե՜, ինչ որ տեղ ինչ որ մեկի գործողությունների հետևանքով խախտվել է մոլորակի հավասարակշռությունը, որի հետևանքով էլ հրաբուխներ են ժայթքում ու մրրկահողմեր են առաջանում...

Պաշտելինե՜րս, պե՛տք չէ խորհել այդպես համոզված ու միանշանակ: Ներկայումս Երկրի վրա մարմնավորված անհատները կարմայորեն այնպես են իրար հետ միահյուսված, որ հնարավոր չէ ջոկել, թե հատկապես ով է իր գործողություններով համաղետ առաջացնում մոլորակի վրա:

Մարդկության տեղեկատվական դաշտն ավելի ու ավելի է նմանվում այնպիսի մի ընդհանրական դաշտի, որից անհնարին է առանձնացնել որոշակի որևէ մի անհատի ներդրումը: Հաղորդակցության ժամանակակից միջոցների զարգացումը հանգեցրել է այն բանին, որ վայրկյանի մասերի ընթացքում լուրերը հասնում են երկրագնդի ամենահեռավոր անկյունները: Եվ յուրաքանչյուր ոք, ով արձագանքում է այդ լուրերին, իր ներդրումն է ունենում մոլորակի էներգետիկական իրադրության մեջ:

Ո՛չ բոլոր լուրերն են բավարար ռեզոնանս ստանում: Տեղեկատվության մեծ մասը թաքցվում է մարդկությունից, քանզի եթե մարդկությունն իրազեկ դառնա ողջ տեղեկատվությանն այն մասին, թե ինչ ավերիչ ազդեցություն ունի ներկայումս մոլորակի վրա տեղի ունեցող ամեն ինչը, ապա մարդկանց ուղեղներում ռեզոնանսը կստանար անկառավարելի բնույթ:

Մեծ երջանկություն է ձեզ համար, որ ձեր հիշողությունը կարճ է, և ունակ չեք գիտակցելու մոլորակի վրա տիրող իրավիճակի ողջ ծանրությունը:

Շատ բարձր գիտակցություն է պետք, որն իր մեջ տեղավորի մոլորակի ողջ անհամակշիռ վիճակը և այն համակշռի իր ներքին նվաճումների օգնությամբ: Չեմ թաքցնի ձեզնից, որ մարմնավորված որոշակի քանակությամբ անհատներ կան, որոնք իրենց վրա են վերցրել մոլորակի էներգիաների համակշռման գործը: Եվ հենց այդ անձնազոհ հոգիների շնորհիվ է, որ մոլորակը հնարավորություն ունի շարունակելու իր գոյությունը:

Սակայն դուք ևս, որ հիմա կարդում եք այս տողերը, պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեք ձեր ներքին աշխատանքին: Քանզի միայն ձեր ներքին նվաճումներով է հնարավոր համակշռել իրավիճակը մոլորակի այն կետում, որտեղ դուք ապրում եք:

Կան որոշակի մարդիկ, որոնք իրենց անգիտության պատճառով շարունակում են ճոճել մակույկը: Բայց հենց իրենք էլ վատնում են իրենց բարի կարմայի վերջին մնացորդները՝ էլ ավելի աղտոտելով մոլորակի տեղեկատվական դաշտը, որն առանց այդ էլ չափազանց աղտոտված է:

Ձեր յուրաքանչյուր անորակ միտքը բազմապատկվում է միլիոնավոր անգամ: Այդ գործընթացի մի նմանօրինակը կարող եք տեսնել համացանցում: Վիրտուալ այդ տարածությունում կան բազմաթիվ տեղեր, որտեղ ոմանք հորինովի անվան տակ նստած հորինում են որևէ անհեթեթություն կամ բացահայտ մի սուտ: Եվ տեսեք, թե ինչպե՜ս են դեպի այդ լուրը սլանում բազմաթիվ միամիտներ և տարածում այն ողջ համացանցով մեկ:

Ահա այդպես եք դուք կարմա ստեղծում՝ ուշք չդարձնելով ու հաշիվ չտալով ձեր գործողություններին:

Հիմնարար ու անկյունաքարային Ուսմունքներից մեկը, որը տրվել է մեր դեսպանորդի միջոցով, վերաբերում է Աստվածային էներգիայի խնայողական օգտագործմանը: Դուք պատասխանատու եք Աստվածային աշխարհից ստացած Աստվածային էներգիայի ամեն մի էրգի համար: Եվ կախված այն բանից, թե ինչպես եք ծախսում Աստվածային էներգիան, կա՛մ ձեզ համար Լույսի անմահ մարմին եք գործում, կամ այնպիսի մի սարդոստայն, որով անդառնալիորեն ձեզ կապում եք Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի հետ և խափանում ավելի նուրբ ու բարձրյալ աշխարհներում ձեր հետագա զարգացման հնարավորությունը:

Այսօր ես մի Ուսմունք տվեցի, որը կոչված էր ձեզ հիշեցնելու ձեր պատասխանատվության մասին: Եվ կարծում եմ, որ մոլորակի ընթացիկ իրադրության պայմաններում ձեզ համար ավելորդ չի լինի այս Ուսմունքը ևս մեկ անգամ լսելը:

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ      Հաջորդ էջ