Ես կամենում եմ վստահություն սերմանել ձեր մեջ և ազատել ձեզ վախենալուց

 

Տիրակալ Մորիա

21 հունվարի, 2010 թվական

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան: Եվ ես կանխազգում եմ իմ աշակերտների ուրախ գոչերը. Ահա, վերջապե՜ս...:

Այո՜, սիրելիներս, ես եկա՛: Եվ պետք է ձեզ մի գաղտնիք հայտնեմ. ես հետևում էի այս ուղերձների ընդունման ու հաղորդման ողջ ընթացքին և կարող եմ ձեզ նույնիսկ ավելին ասել. հենց ե՛ս եմ Մեծ Կենտրոնական Արևում թողության շնորհ ձեռք բերել այս շրջանի ուղերձների հաղորդման համար:

Դե ինչ, սիրելինե՛րս, գո՞հ եք արդյոք: Ստացա՞ք արդյոք այն մղումը, որը թույլ կտա ձեզ վերջապես հաղթահարելու իրական կամ ձե՛ր իսկ հնարած այն կարմայական խնդիրները, որպեսզի մի կողմ թողնեք ձեր սովորական կենսակերպը և ամբողջովին նվիրվեք Տիրեկալների գործին:

Չէի՞ք սպասում այս հարցին... Ձեզ համար առավել հաճելի է առաջվա պես ապրել և, կարդալով Տիրակալների ուղերձները, մտածել այն մասին, թե ի՜նչ մեծ գործ եք դրանով կատարում:

Մի՜ մխիթարեք ձեզ խաբկանքով: Վերջապես հարկավոր է, որ ձեզ վրա վերցնեք ողջ պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա: Անհրաժեշտ է, որ դու՛րս գաք մանկական հասակից:

Իմ բոլոր մարմնավորումների ժամանակ գլխավորն ու առաջնահերթն ինձ համար եղել է Տիրոջ Կամքի կատարումը: Որպես թագավոր Արթուր մարմնավորմանս ժամանակ ես առաջ էի քաշում եղբայրական փոխհարաբերությունների սկզբունքը: Դա այն ժամանակվա համար անսովոր բան էր: Այնուհանդերձ՝ մենք փորձում էինք կլոր սեղանի շուրջ լուծել  ծագած բոլոր վեճերն ու փոխանհամաձայնությունները: Ես գործում էի Աստվածային սկզբունքներին համապատասխան և սովորեցնում էի այդ սկզբունքներն ուրիշներին:

Որպես Ակբար Մեծ իմ մարմնավորման ժամանակ ես ուրիշ մարդկանց և ժողովուրդների հավատալիքների հանդեպ հարգալից վերաբերմունքի քաղաքականություն էի վարում: Եվ այն ժամանա՛կ էլ այնպիսի մարդկանց պակաս չէր զգացվում, որոնք կուզենային բաժան-բաժան անել և տիրել իշխանությանը:

Սակայն ես գործի էի դնում  իմ իշխող դիրքը, որպեսզի կյանքի կոչեի ղեկավարման Աստվածային սկզբունքները:

Ռաջպուտական կայսր Մորիա եղածս ժամանակ ես նույնպես գործի էի դնում ամեն միջոց` որքան ուժերս ներում էին, որպեսզի բարձրացնեի մարդկանց գիտակցականությունը դեպի է՛լ ավելի բարձր Ճշմարտություններ, ցույց տայի մարդկային գիտակցության սահմանափակությունը և վեր մղեի այն անհատների գիտակցությունը, որոնք դրան պատրաստ էին:

Եվ այժմ էլ եմ նույն խնդիրը հետապնդում. Աստվածային Կամք, Աստվածային սկզբունքներ ներդնել ձեր աշխարհում:

Ո՛չ միշտ է դա հաջողվում: Փոխվում են ժամանակներն ու մարդկանց գիտակցության հետ աշխատելու եղանակները: Եվ այնուամենայնիվ ես հույսս չեմ կորցնում, որ վաղ թե ուշ Աստվածային սկզբունքները կտոնե՜ն իրենց հաղթանակը մարդկային կյանքի բոլոր բնագավառներում...

Մեր նոր ուղերձները Ռուսաստանի տարածքու՛մ են ամենալայն տարածում գտել: Մարդկանց վերաբերմունքը միանշանակ չէ: Այնուամենայնիվ, ավելի ու ավելի պարզորոշ է դառնում տրվող Ուսմունքը կյանքում կիրառելու հիմնական միտումը: Եվ նույնիսկ այնժամ, երբ իրապես ոչինչ չի արվում, այլ մարդիկ պարզապես լավ, դրական տրամադրվածությամբ վերընթերցում են մեր ուղերձները, այն իր ազզդեցությունն է թողնում հասարակական կյանքի ու նույնիսկ տնտեսության և քաղաքականության վրա: Այո՛, սիրելինե՛րս, ուղերձներում առկա մեր էներգիաներն ազդում են՝ ի հեճուկս ձեր գիտակցության, ձեր մարմնական խելքի: Մենք Աստվածային էներգիայի նեկտարով ենք լցնում ձեր սրտերը՝ նրանց սրտերն, ովքեր պատրաստ են դրան: Եվ, անցնելով ձեր ամենաստորին մարմիններով` Աստվածային էներգիան ի վիճակի է լինում ազդել այն ամենի վրա, ինչը շրջապատում է ձեզ:

Եվ, ամենից առաջ, փոխվում է ձեր գիտակցությունը: Եվ դա այն է, ինչի մասին մենք չենք հոգնում ասել և ինչին ձգտում ենք հասնել, որովհետև, գտնվելով գիտակցության է՛լ ավելի բարձր վիճակում, մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ շատ բաներ, որոնք թույլ էին տալիս անցյալում: Եվ սոսկ մեկն, ով ի վիճակի է պահելու իր գիտակցությունը բավարար չափով բարձր մակարդակի վրա, մի քանի կիլոմետր շառավղով համակշռություն է ապահովում այն վայրում, որտեղ ինքը բնակվում է:

Միևնույն է՝ մենք կհասնե՛նք մեր նպատակին: Եվ եթե նախկինում մենք հույս էինք կապում այն բանի հետ, որ այն անհատներն, ովքեր մարմնավորվել են որոշակի առաքելությամբ, վերջապես ոտքի կելնեն ու կկենսագործեն այն, հանուն ինչի իրենք մարմնավորվել են, ապա հիմա մենք գործում ենք ավելի լայն ճակատով: Մենք բարձրացնում ենք ողջ ֆիզիկական ոլորտի թրթիռները և մարդիկ ստիպված կլինեն գործելու Աստվածային նմուշօրինակներին համապատասխան, քանի որ վարքի ցանկացած հին կարծրատիպ այլևս չի՛ բերի նախկին արդյունքին:

Որպեսզի ժամանակի հետ համընթաց գնաք, դուք պետք է բաժանվեք ձեր հին բեռից, որ կրում եք ձեր ուսերին, այլապես չեք կարող նույնիսկ մեկ քայլ առաջ գնալ: Համարձակորեն մի կո՛ղմ նետեք ձեր կապվածությունները, ձեր սովորություններն ու այն ամենն, ինչն իջեցնում է ձեր թրթիռները: Ընթացքում կողմնորոշվե՛ք, թե ուր գնալ և ինչ անել: Այնժամ, երբ մեկը շտապում է վեր բարձրանալ և ճկուն է մտքով, մեզ համար հեշտ է ուղորդել նրա գործողությունները և ղեկավարել նրան. հատկապես՝ երբ իր կյանքում հենց ի՛նքն է հայց ներկայացնում Աստվածառաջնորդության համար:

Մի՛ վախեցեք կորցնել ձեր հնոտիները, իրերն ու կապվածությունները: Որովհետև կշեռքի մի նժարին դրված է ձեր՝ որպես անհատականության, հետագա գոյության հնարավորությունը, իսկ մյուսին` բոլոր ձեզ համար հաճելի կապվածությունները:

Դրանք անհամատեղելի՛ բաներ են: Եվ ձեր հնոտիները ոչ մի գին չունեն, եթե դուք դրանց նայեք անկանխակալ կերպով և ամենաբարձր տեսանկյունից: Այդ ամենն արժեք ունեն միայն ձեր մարմնական խելքի համար: Եվ գալիք փոփոխությունների հանդեպ ձեր ունեցած երկյուղները զուրկ են որևէ հիմքից: Որովհետև, եթե դուք համընթաց եք ընթանում Աստծո և Տիրակալների հետ, ապա ձեզ չի՛ վախեցնի գալիք և ո՜չ մի փոփոխություն:

Մենք ավելի հեշտ ուղի՛ն էինք ակնկալում: Դուք ցանկացաք ընտրել ամենադժվարը: Դե ի՞նչ, դա ձեր ընտրությունն է. բայց նույնիսկ այդ ցածրագույն ուղո՛վ էլ, այնուամենայնիվ, հարկավոր է շարժվել: Ռուսական ասացվածք կա. Տեղում լռված քարը ջուր չի՛ թողնի: Այդ իսկ պատճառով, սկսեք ձեր շարժումը և ընթացքի ժամանակ արդեն կկողմնորոշվեք ու կշտկեք ձեր ուղին:

Քանի դեռ ձեր սրտում առկա է Աստված, քանի դեռ ուրախ եք և սիրալիր, քանի դեռ հավատում եք և սիրում` ձեզ համար վտանգավոր ոչինչ չկա:

Ես կցանկանայի այսօրվա իմ ուղերձով ձեր մեջ վստահություն սերմանել և ազատել ձեզ վախենալուց:

Թողե՛ք անցյալը: Ձեզ սպասվում է Նոր Օր և Աստվածային նոր հնարավորություն...

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ