Զրույց Ռուսաստանում Աստվածային հնարավորությունը կյանքի կոչելու մասին

 

Վեհապետ Նիկոլայ Ռերիխ

13 հունվարի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Նիկոլայ Ռերիխը:

Այս օրով ես կրկին ձեզ այցի եմ եկել, որպեսզի ձեզ հետ զրուցեմ այն հարցերի մասին, որոնք ինձ հուզում էին իմ մարմնավորման ընթացքում և չեն դադարում հուզել նաև այժմ:

Ձեզ հայտնի է, թե որքան եմ ես սիրում Ռուսաստանը: Եվ ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Երկնոլորտների կողմից այդ երկրին հատկացված Աստվածային հնարավորությունն անուշադրության է մատնվում:

Հասկացե՛ք, հարազատնե՛րս. որպեսզի Աստվածային հնարավորության հոսքը շրջան կազմի, ձեր սրտերի հոսանքները պետք է համապատասխան լինեն դրան և լինեն հարկ եղած մակարդակի վրա: Ձեր սրտերում է գտնվում այն մեխանիզմը, որն Աստվածային հնարավորությանը թույլ է տալիս դրսևորվելու ֆիզիկական աշխարհում:

Ոգու կրակներ, սրտի կրակներ՝ ահա թե ինչերը դուք պետք է բոցավառեք: Արվեստի, գիտության տարբեր բնագավառների որքա՜ն շատ առաջադեմ մարդիկ են ջանք թափել, որպեսզի մարդկանց թրթիռները բարձրանան: Ու՞ր են հիմա մարդկային գիտակցության այդ բարձրագույն ստեղծագործությունները:

Ինչու՞ ենք լավագույնը մոռացության մատնում: Ինչու՞ ենք մեր սրտերը լցնում արվեստի՝ երաժշտության, կինեմատոգրաֆիայի կերպարվեստի ամենացածր նմուշներով: Ինչպե՞ս է ստացվել, որ երիտասարդությունը մնացել է առանց իր համար անհրաժեշտ կերակուրի: Նկատի ունեմ այն կերակուրը, որով հոգին է զարգանում:

Խավարամոլությունը Ռուսաստանում առաջ էլ էր շատ: Եվ մենք գիտեինք այդ մասին: Բայց հարգանքի էին արժանանում այն մարդիկ, ովքեր Աստվածային կերպեր էին ներմուծում: Եվ կար մտավորականություն, որն ունակ էր ընկալելու դրանք:

Իմ ժամանակ խնդիր էր դրված աշխարհին տալ Վեհապետների ուղերձները, որպեսզի դրանք մարդկանց համար մատչելի դառնան և չմերժվեն: Ներկայումս ինտերնետը հնարավորություն է տալիս տեղեկատվությունը տարածել կայծակնային արագությամբ: Բայց մարդկանց առաջ մի այլ վտանգ է հայտնվեց: Դա այն է, որ մարդկանց գլխին թափվեց ամենացածրորակ ու վատթարագույն տեղեկատվության տարափը, և այդ տեղեկատվության օվկիանոսում կորան գիտելիքի այն հատիկները, որոնք մարդկության լավագույն ներկայացուցիչները բերել էին աշխարհին:

Հայտնի է Ուղին, և ամեն ինչ  չէ, որ կորած է: Դեռ ամեն ինչ կարելի է փոխել: Եվ ես շարունակում եմ իմ սրտում վստահություն պահպանել, որ ամեն ինչ դեռ կարելի է ետ բերել, և Ռուսաստանին մեծ ապագա է սպասվում: Ես չեմ կարող հանդուրժել այն պրոբլեմները, որոնք նորից կանգնում են լուսավոր օրվա ճանապարհին: Չգիտես ինչու, մարդկային ամենավատթարագույն դրսևորումները ոչ մի հակահարված չեն ստանւմ:

Արթնացնե՜լ է պետք. արթնացնել նրանց, ովքեր դեռ ի վիճակի են արթնանալու. դա՛ է այսօրվա առաջնահերթ խնդիրը: Միևնույն ժամանակ հարկավոր է ընթանալ այն ուղով, որով մենք ենք ընթացել: Հենվելով մեր կապերի և հեղինակության վրա՝ մենք փորձեցինք համոզել Ռուսաստանի իշխանական վերնախավին, որ այնտեղից ցուցում իջեցվի ներքև: Դա ամենագործուն ուղին կլիներ, որով դեռևս անցյալ դարի 20-ական թվականներին հնարավոր կլիներ փոխել Ռուսաստանի ապագան: Հիմա ես հասկանում եմ, որ մեր առաքելության բարեհաջող ընթացքի հավանականությունն ընդամենը մի քանի տոկոս էր կազմում: Այնուհանդերձ՝ Վեհապետներն այդ հնարավորությունն օգտագործեցին:

Այժմ Ռուսաստանում ամեն ինչ փոխվել է, և հավանականությունն այն բանի, որ Իմաստության Վեհապետների տված համամարդասիրական Ուսմունքը լայնորեն կտարածվի նախ Ռուսաստանում, ապա նաև մյուս երկրներում, անհամեմատ մեծացել է: Հարկավոր է միայն, որ ջանքեր գործադրեն այն անեղծ սրտերը, որոնք հենց այդ առաքելությամբ են մարմնավորվել: Ռուսաստանի բնակչության մեծ մասը նախկինի պես ապրում է հարյուրամյա վաղեմության պատկերացումներով: Դեռ հավատում է, որ կգա բարի հայր-ցարը՝ իր հետ բերելով երջանիկ ու անհոգ կյանք:

Երբեմն մեկ մարդը կարող է փոխել պատմության ողջ ընթացքը: Բայց այդ մարդը պետք է նախապես պատրաստվի իր առաքելությանը: Նա պետք է ունակ լինի դիմանալու Աստվածային հնարավորության հոսանքին, որպեսզի հարկ եղած պահին այն անցկացնի իր միջով: Ագնի յոգայի այն գրքերը, որոնք Վեհապետները տվեցին իմ ու իմ կնոջ միջոցով, շատ անգամ են ընթերցվել ու վերընթերցվել: Արդյունքը ո՞րն է, եթե չկարողացաք նախապատրաստել ձեր սրտերն Աստվածային հնարավորության հոսանքի համար: Մեր ամենօրյա նվիրապետական աշխատանքով մենք մեծ ապագա նախապատրաստեցինք Ռուսաստանի համար: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մենք երկար գիշերներով աչք չէինք փակում՝ աղոթելով ու աղաչելով Ռուսաստանի փրկությունը:

Ես իրավունք ունեի հուսալու, որ մեր գործը շարունակություն կստանա, այլ ոչ թե դանդաղորեն կհալվի զանազան խմբակների ու նստազրույցների միջոցով:

Ես շա՜տ եմ ափսոսում, որ վերջին ժամանակներում խավարը միայն ամրապնդեց իր դիրքերը:

Դժվա՜ր է հաշտվելն այն մտքի հետ, որ Աստվածային այն հնարավորությունը, որը նորից է տրվել Ռուսաստանին, իր ավարտին է հասնում, և այդպես էլ ի հայտ չեն գալիս ոգու այն հսկաները, որոնք կարող էին այդ հնարավորությունը կյանքի կոչել:

Ես շատ եմ ցավում, որ այս պահին մարմնավորման մեջ չեմ գտնվում: Ես կկարողանայի մտավորականության լավագույն ներկայացուցիչներից իմ շուրջը համախմբել շատ համախոհների: Միասին մենք հոգաբարձուական խորհուրդ կկազմակերպեինք, և դրա միջոցով հեռատեսիլների էկրաններից կսրբեինք ամբողջ աղբը:

Մի՞թե Ռուսաստանում չեն մնացել մարդիկ, որոնք ի վիճակի են անշահախնդրորեն ծառայելու Ճշմարտությանը: Արդյո՞ք այդքան զորեղ է կավաշեն ոտքերով այն անդեմ պատվանդանը, որը բոլոր միջոցները գործ է ածում, որպեսզի էլի մի քիչ էլ դիմանա և շարունակի իր խրախճանքը: Ես նկատի ունեմ մարդկանց ընդհանրական ենթագիտակցությունը, որը դեպի խավարն ուղղված լինելով՝ վախենում է լույսից, արևի տակ հայտնվելուց, և գերադասում վարագույրի հետևում թաքնվելով ի կատար ածել իր մութ գործերը:

Ես անմիջականորեն դիմում եմ ձեզ, որ այսօր գտնվում եք մարմնավորման մեջ: Արդյո՞ք ամեն ինչ եք արել ձեր կյանքում, որպեսզի մարդոկության լավագույն իդեալները մոտեցնեք ֆիզիկական ոլորտին և իրականություն դարձնեք դրանք:

Ամենավաղ տարիքից սկսած անհրաժեշտ  է լուսավորել երիտասարդությանը: Հեռատեսիլների էկրաններն ու խանութների դարակներն անհրաժեշտ է լցնել լավագույն նմուշներով: Վեհապետներից ոչ ոք այդ գործը չի՛ անի ձեր փոխարեն...

Միայն սրտի որակ, միայն ոգու կրակ է պետք ձեզ, որպեսզի ի կատար ածեք ձեր առաքելությունը: Եվ այդ աշխատանքն ու սխրանքն ավելի փոքր չեն լինի, քան այն սխրանքները, որոնք անցյալ ժամանակներում դրսևորվել են Ռուսաստանի լավագույն ուստրերի և դուստրերի կողմից:

 

ԵՍ ԵՄ Նիկոլայ Ռերիխը:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ