Զրույց աշակերտելու Ուղու մասին

 

Ջավալ Կհուլ

11 հունվարի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Ջավալ Կհուլը: Ես կրկին եկել եմ, քանզի ձեզ խրատներ տալու իմ հերթն է հասել:

Չեմ կարծում, թե այն, ինչ պիտի ասեմ, նորություն կլինի ձեզ համար: Ամենայն հավանականությամբ, այս կամ այն չափով դուք արդեն ծանոթ եք այս Ուսմունքին: Սակայն, որպեսզի գիտելիքն ամրապնդվի, անհրաժեշտ է մշտապես նորացնել այն՝ Ճշմարտությունը ցուցադրելով տարբեր տեսանկյուններից:

Ես եկել եմ Սիրո ճառագայթով: Եվ հենց իմ սրտի այդ հատկության շնորհիվ եմ ես իմ վերջին մարմնավորման ընթացքում նշանակալի առաջընթաց ունեցել իմ հոգևոր Ուղու վրա:

Ձեզ հայտնի է, որ կան մարդիկ, որոնք գերադասում են գիտելիք ստանալ մենտալային փաթեթավորմամբ, և դրանով իսկ համարում են, որ Աստվածային իմաստություն ձեռք բերեցին: Կան նաև մարդիկ, որոնք կամենում են ամրապնդել իրենց Հավատը և մեծագույն ջանքերի գնով ստիպում են իրենք իրենց, որ ընթանան Ձեռնադրումների Ուղով:

Ես ընտրել եմ ամենակարճ ուղին՝ Սիրո Ուղին: Եվ չեմ ափսոսում, որ սպասավորում եմ այդ ճառագայթով: Քանզի Սերը բանալու դեր է կատարում, և միայն այդ հատկության դրսևորմամբ կարելի է հասնել Աստվածային Ճշմարտությանը և ամրապնդել սեփական Հավատը: Այդ Ուղով ընթանալով դուք միայն Սեր եք ճաշակում և ձեր Ուղին անցնում եք բերկրանքով:

Իսկ հիմա՝ այն բանից հետո, երբ ձեզ իրազեկ դարձրեցի իմ Ուղուն, կուզենայի կանգ առնել Ուղով ձեր առաջընթացի մի այլ պահի վրա: Բառացիորեն ուղերձը տալուց առաջ ես հիշեցի, որ դեռևս չլուսաբանված է մնացել ևս մի կարևոր թեմա, ուստիև հարկ եմ համարում ընձեռնված Աստվածային հնարավորության սահմաններում այն լուսաբանել: Խոսքը վերաբերում է Ուսուցչի նկատմամբ նվիրվածությանը:

Ձեր ժամանակներում և այն երկրներում, որտեղ տարածվում են այս ուղերձները, այնքան էլ հաճախ չի խոսվում աշակերտելու Ուղու մասին: Համարվում է, որ ավելի լավ ու ժամանակակից ուղիներ կան, որոնք թույլ են տալիս շատ արագ հասնելու պայծառացման՝ չդիմելով կողմնակի օգնության:

Պաշտելինե՛րս, Աստված չի ուզում սահմանափակել ձեր ազատությունը, և դուք կարող եք ձեր ճշմարտությունը փնտրել երկրագնդի ցանկացած կետում՝ ձեզ ենթարկելով, ինչպես մենք ենք կարծում, ամենատարօրինակ գործառությունների ու հավատալիքների փորձառությանը: Դա ձեր նախընտրանքն է և ձեր ազատ կամքը:

Իսկ ես հինավուրց ձևն եմ ուսուցանում՝ այն Ուղին, որով մարդկությունն ընթանում է միլիոնավոր տարիներ ի վեր: Եվ այդ ողջ ընթացքում այդ Ուղին երբեք ճաք չի տվել: Բացառություններ հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե հետևեք կեղծ գուրուի՝ կեղծ ուսուցչի:

Մնացած դեպքերում՝ Եղբայրությունն այդ Ուղին կիրառել է բոլոր ժամանակներում: Եվ ձեր ժամանակներում նույնպես այդ Ուղին բաց է:

Նախկինում՝ վաղեմի ժամանակներում, շատ դժվար էր լինում Ուսուցիչ գտնելը: Դուք լսե՞լ եք երևի Թիլոպայի ու Նարոպայի պատմությունը: Հավանաբար շա՜տ պատմություններ են ձեզ հայտնի գուրու-սան հարաբերությունների մասին: Իսկ ձեր ժամանակներում տեղեկատվական հոսքերն այնքան են ուժեղացել, որ դրանց ծովում շատ դժվար է կողմնորոշվելը: Շատ նվիրյալ սպասավորներ ու Ճշմարտություն որոնողներ, տրվելով հրապուրանքին, կուլ են տալիս խայծը և ընկնում այս կամ այն ինքնակոչ գուրուի ուռկանը:

Ես ձեզ կտամ մի հայտանիշ, որով առաջնորդվելով կարող եք կատարել ձեր ընտրությունը: Աշխատեք պարզել, թե աշակերտման հետևողական ո՞ր շղթային է պատկանում այն գուրուն, որին պատրաստվում եք հետևել: Ի՞նչ ուսուցիչների է ինքը դավանում, ովքե՞ր են դրանք:

Մեր Ուղին՝ Իմաստության Վեհապետների Ուղին, ուսուցանել են ձեր աշխարհում լավ հայտնի անձնավորություններ՝ Հիսուսը, Մուհամեդ մարգարեն, Հաութամա Բուդդան, Լաո Ցզին, Կոնֆուցիոսը, Պյութագորասը: Այս շարքը կարող եմ էլի՛ շարունակել:

Մարդկությանը հայտնի Ուսուցիչներից որի՞ն է հետևում ձեր գուրուն, որին ուզում եք ինքներդ հետևել:

Հավատացե՛ք ինձ, կա փորձարկված ուղի, որով շատերն են գնացել: Սակայն ոչ ոք չի արգելում ձեզ, որ ընտրեք ձեր սեփական ուղին և ընթանաք դրանով: Բայց ես իմ պարտքն եմ համարում ձեզ զգուշացնելու, որ չտրորված ճանապարհով ընթանալը վտանգավոր է: Ես ճանաչել եմ շատ ճշմարտություն որոնողների, որոնք գոռոզաբար ընթացել են սեփական ուղով: Տեսել եմ նաև նրանց զղջումը, երբ կանգնել են Կարմայական Վարչության առջև, որը նրանց տեղյակ է պահել իրենց կուտակած կարմայի մասին: Քանզի, երբ ընթանում եք չտրորված ճանապարհով, ապավինում եք միայն ձեր սեփական կարմային, ձեր փորձառությանն ու ձեր ընտրությանը: Բայց եթե ձեր հետևից ուրիշներին էլ եք տանում, ապա ձեր կարման բազմապատիկ մեծանում է:

Օրենքը շատ խիստ է նրանց նկատմամբ, ովքեր իրենք իրենց հռչակում են որպես ուսուցիչ և իրենց հետևից տանում ուրիշներին: Արդյունքում ստացվում է կույրերի երթ, երբ կույրերից մեկն ասում է, թե տեսնում է, իսկ մյուսները հավատում և հետևում են նրան: Պարզ է, թե վերջում ինչ կստացվի: Երթը կխափանվի հենց առաջին պատահած առվով:

Ուստի՝ մի՛ նմանվեք կույրերի: Ձեր կյանքում առաջնորդվեք հետևյալ իմաստուն կանոնով՝ երբեք չվստահել մեկին, որը գտել է դեպի Աստված տանող իր սեփական ուղին: Թող նախ նա ապացուցի, որ իր ուղին չի տանում դեպի անհայտություն:

Նորից եմ կրկնում, որ կա փորձարկված Ուղի: Եվ վստահորեն ասում եմ ձեզ, որ համաշխարհային կրոններից յուրաքանչյուրում կան դրույթներ, որոնք հենց այդ Ուղին են մատնանշում:

Իսկ այժմ, պատեհ առիթից օգտվելով, կուզենայի բարձրացնել ևս մեկ հարց: Այն վերաբերում է Աստծո նկատմամբ ձեր անձնական վերաբերմունքին: Ամենակարևորը ձեզ համար այն է, որ ներքին համահնչունություն ձեռք բերեք Աստվածային աշխարհի հետ: Երբ ձեր սրտի կողմնացույցը գործում է, պատրանքային աշխարհի ոչ մի հմայող չի կարող վտանգավոր լինել ձեզ համար: Ձեր սիրտը գիտե՛ Ճշմարտությունը: Եվ երբ պարուրվում եք ձեզ շրջապատող ամեն ինչի նկատմամբ անվերապահ Սիրով, ապա ունակ եք դառնում ճանաչելու Ճշմարտությունը: Որսացե՛ք ձեր կյանքի այդ երջանիկ պահերը: Աստված ձեզ տալիս է նման պահեր: Եվ երբ ողջ կյանքի նկատմամբ անվերապահ Սերն առկա է ձեր մեջ, ապա կարող եք տալ ցանկացած հարց և պատասխան ստանալ ձեր Բարձրագույն Ես-ից:

Որքան ձեր աշխարհում շատ լինեն բազմազան տեղեկատվություններն ու նորահայտ գուրուները, այնքան ձեր կյանքում ավելի շատ պետք է առաջնորդվեք ձեր էության խորքից ստացած պատասխաններով: Ձեզ ուղղակի անհրաժե՛շտ է ունենալ նման հատկանիշ: Եվ Աստծուն ուղղված ձեր աղոթքներում դուք պետք է առաջին հերթին խնդրեք ոչ թե պատրանքային նպատակների ծառայող նյութական բարիքներ, այլ զանազանման շնորհ:

Մենք փորձում ենք պատրանքի օվկիանոսի միջից դուրս հանել հնարավորինս շատ հոգիների, իսկ մեզ հակադիր ուժերը ջանում են հետ որսալ նրանց ու հեռացնել Ուղուց:  

Կուրորեն մի՛ տրամադրեք ինքներդ ձեզ խավարի ոգիների բզկտմանը: Կարողացե՛ք աստծո և սիրո մասին նրանց խոսքերի տակ տեսնել նրանց գազանային բնույթն ու անձնական շահախնդրությունը:

Իմ այսօրվա զրույցն այնքան էլ ուրախ չստացվեց, բայց ես կարծում եմ, որ այն շատերի համար օգտակար կլինի:

 

ԵՍ ԵՄ Ջավալ Կհուլը: Սիրով՝ ԵՍ ԵՄ:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ