Զրույց Ճշմարիտ Խոսքի նկատմամբ ակնածալից վերաբերմունքը վերականգնելու շուրջ

 

Հովհաննես Սիրեցյալ

9 հունվարի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Հովհաննես Սիրեցյալը՝ ձեզ այցի եկածս:

Իմ այսօրվա ուղերձը նվիրված կլինի Աստծո Խոսքին: Կենսագիր եղածս ժամանակ որքա՜ն խորին ակնածանքով էի ես գրառում Հիսուսի կյանքի դրվագները: Ես շատ լավ գիտակցում էի, որ յուրաքանչյուր բառ ոչ միայն տեղեկատվական նշանակություն ունի, այլ նաև կրում է իր մեջ որոշակի թրթռանք: Եվ այն բանից կախված, թե ինչպիսի վիճակով էի սկսում գրառումները, որոշվում էր դրանց էներգետիկական մակարդակը: Ամենից առաջ, ես ձգտում էի չաղավաղել դեպքերի իմաստն ու նշանակությունը և դրանք ներկայացնել, որքան հնարավոր է, ավելի մանրամասն:

Իհարկե, յուրաքանչյուր մարդ Ճշմարտությունն անց է կացնում իր միջով՝ իր սրտի միջով: Եվ եթե հավաքեք 10 մարդ և նրանց հաղորդեք միևնույն ճշմարտությունը, ապա նրանցից յուրաքանչյուրն իրենը կհասկանա, որից հետո այդ ճշմարտությունն արդեն կտարածվի այնպես, ինչպես բեկվել է այդ մարդկանց գիտակցության մեջ:

Մարդկանց բնորոշ է այդ հատկությունը, այդ պատճառով միշտ եղել են հատուկ մարդիկ, որոնց վստահվել է Աստծո Խոսքի փոխանցումը: Վաղեմի ժամանակներում Խոսքի նկատմամբ վերաբերմունքը և այն թղթին կամ այլ կրիչին հանձնելը կատարվում էր շատ խնամքով և ամենայն զգուշությամբ: Պատասխանատվության գիտակցո՛ւմ կար բովանդակությունը սխալ չփոխանցելու համար:

Ձեր ժամանակներում այդպես չէ: Դե, հիմա բոլորը գրագետ են և, դրանից զատ, տիրապետում են զանազան տեխնիկական միջոցների: Ամեն ոք կարող է, օրինակ, իր մտքերը հանձնել թղթին կամ համակարգչին: Սակայն, թվում է թե բարձր որակի հետևում, երբ մարդիկ կարող են ազատորեն արտահայտել այն ամենը, ինչ կամենում են, թաքնված է ձեր երկդիմի աշխարհի գլխավոր վտանգը՝ անհարգալից վերաբերմունքը բառերով արտահայտված Խոսքի ու Ճշմարտության նկատմամբ:

Ասված է. ...քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես[1]: Եվ եթե որևէ բան եք ասում մեկին կամ տասին, և ձեր խոսքը չի համապատասխանում ճշմարտությանը, ապա կարմա եք ստեղծում, որը բազմապատկվում է այն մարդկանց քանակով, որոնք լսում են ձեզ:

Ներկայումս մարդկությունն իր տրամադրության տակ ունի զանգվածային տեղեկատվության հզոր միջոցներ՝ թերթեր, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ: Եվ մի մարդու արտաբերած կամ գրառած խոսքը կարող են լսել կամ կարդալ միլիոնավոր մարդիկ:

Մի կողմից՝ մեծ տեխնիկական նվաճումների եք հասել, որը ձեզ հնարավորություն է տալիս Խոսքը հասցնելու միլիոններին, իսկ մյուս կողմից՝ եթե տարածում եք ոչ թե Ճշմարիտ Խոսք, այլ սուտ, ապա այդ դեպքում ձեր կարման բազմապատկվում է այնքան անգամ, որքան մարդ որ հնարավորություն ունի լսելու կամ կարդալու ձեր արտահայտած սուտը:

Այնպիսի ժամանակներ են եկել, որ կարման թափ է հավաքում ամեն ինչով: Մարդկությունը չափազանց երկար մնաց այն աստիճանի վրա, որից արդեն պետք է վեր բարձրանար: Ուստի աշխարհում ամեն ինչ՝ բոլոր այն նվաճումները, որոնք, ինչպես դուք եք կարծում, մարդկային խելքի արդյունք են, մի կողմից կարմայի շատ արագ բեռնաթափում են թույլ տալիս նրանց, որոնք արդարամիտ են և ընթանում են Աստծուն համաքայլ, իսկ մյուս կողմից՝ նրանք, ովքեր նախանշված ուղով չեն ուզում ընթանալ, շատ արագ բացասական կարմա են կուտակում: Եվ երբ այդ կարման գերազանցում է բոլոր թույլատրելի սահմանները, վրա է հասնում անէացում:

Այսպիսով ձեր աշխարհը հիմա ներկայանում է որպես մի հսկայական ալրաղաց, որտեղ տեղի է ունենում հատիկը որոմից ջոկելու գործընթաց: Եվ այդ գործընթացը տարեցտարի արագանում է ու արագանում:

Ես այսօր եկել եմ, որպեսզի նրանց հոգիներում, որոնք ականջալուր են լինում Աստվածային Ճշմարտությանը, ցանեմ Խոսքի նկատմամբ ակնածալից վերաբերմունք: Ճշմարիտ Աստծո Խոսքի, որն արտահայտվում է ձեր կյանքում ամեն ինչում:

Աստծո Խոսքը սովորական մարդկային խոսք չէ, այլ թրթռանք է, որը թույլ է տալիս մարդուն ձեռք բերելու զանազանման կարողություն, ընկալունակություն և բարեշնորհանք:

Երբ թեկուզ կարճատև ժամանակով ճշմարիտ Աստվածային թրթռանքի մեջ եք հայտնվում՝ ասենք, երբ գտնվում եք բնության գրկում, դիտում եք երեխաների խաղը կամ ունկնդրում լավ երաժշտություն, ապա Ճշմարտության այդ պահը դուք չեք կարող շփոթել որևէ ուրիշ բանի հետ: Դուք ներքին բավարարվածություն եք զգում, անդորր, երանություն: Եվ այդ պահին միանում եք Աստվածային Ճշմարտության հետ և քարոզում Աստծո Խոսքը՝ նույնիսկ այնժամ, երբ լուռ եք և ոչինչ չեք խոսում:

Սիրելինե՛րս, ահա այդպիսին է ձեր ժամանակը, որում ապրում եք: Ձեր աշխարհում շատ քիչ բան է մնացել այն ճշմարտից, որին իրապես արժե ականջ դնել: Մնացած ամեն ինչն ունայնություն է ունայնությանց, և այդ ունայնությունը ժամանակավոր բնույթ է կրում: Իսկ դուք պետք է մտածեք հավերժական Կյանքի մասին: Նշանակություն ունեն միայն ձեր նվիրվածությունն Աստծուն և ձեր անձնական փոխհարաբերություններն Աստծո հետ, որոնք առկա են ձեր սրտում:

Ես այս ուղերձն այն հույսով եմ տալիս, որ հետ կպահեմ նրանց, ովքեր չափազանց շատ են տարվում բառախաղերով: Նրանց, ովքեր շատ կեղծ հասկացություններ են տիրաժավորում: Պե՜տք չէ այդ ամենն անել, սիրելինե՛րս:

Գայթակղությունը, որ շատե՛րը կկարդան ձեր խոսքը, չպետք է գերակշռի այն բանի գիտակցման առողջ իմաստին, թե ինչպիսի՜ կարմա կարող եք ստեղծել: Բոլոր պարտամուրհակները հարկ կլինի մարել: Եվ ամեն խոսքի համար հարկ կլինի պատասխան տալ:

Ես ընտրեցի այս դեսպանորդին, որպեսզի պարզ Ճշմարտություն հասցնեմ ձեզ և հետ պահեմ ձեզ սխալվելուց: Քանզի Աստծո Խոսք բերելու համար պետք է Աստծո ընտրյալը լինել: Թե չէ՝ ձեր աշխարհում տիրող խառնաշփոթը երբեք չի պարզվի, և կարգուկանոն երբեք չի հաստատվի:

Ո՛չ բոլորին հավատացեք, ովքեր ուղերձ են գրում: Գրվածը ստուգե՛ք ձեր սրտով. արդյոք արձագանք կա՞:

Նաև նրանց կողմից, ովքեր կարդում են ուղերձները, պետք է հարգալից վերաբերմունք լինի Խոսքի նկատմամբ: Արտաքին ունայնության միջամտություն երբևէ չպետք է թույլ տալ, երբ կարդում եք մեր ուղերձները: Քանզի հաղորդակցվում եք Աստծո և Վեհապետների հետ, այլ ոչ թե կարդում ձեր լրատվական միջոցներում զետեղված որևէ գրավիչ հոդված:

Ձեր վիճակով է որոշվում այն արդյունքը, որին հասնում եք՝ ձեռնամուխ լինելով կարդալու մեր ուղերձները:

Եվ մի շտապեք հայհոյել այն, ինչ կարդում եք. ավելի լավ է՝ հիշեք ձեր այն վիճակը, երբ սկսեցիք կարդալ մեր ուղերձները:

Դուք չեք կարող մեզ լսել ու հասկանալ, եթե հոգ չեք տարել ձեր թրթիռների բարձրացման մասին, որպեսզի ունակ դառնաք բացելու ձեր սիրտը և համալարվեք այն Վեհապետի հետ, որն ուղերձ է տվել:

Մենք այսքա՜ն ջանքեր ենք գործադրում, որ հասցնենք ձեզ Ճշմարիտ Խոսքը, իսկ դուք փռվում եք բազմոցին և, չդադարելով հեռուստացույց նայել, փորձում եք կարդալ մեր ուղերձները:

Եթե կամենում եք զրուցել Աստծո և Վեհապետների հետ, ապա կարգի՛ բերեք ինքներդ ձեզ, ներդաշնակվե՛ք Աստվածային աղոթքով ու ներխոկմամբ, որպեսզի ձեր էությունն ունակ դառնա ականջալուր լինելու Ճշմարիտ Խոսքին՝ փոխանակ պարզապես լսեք կամ կարդաք:

Ես եկա՝ ձեր մեջ Խոսքի նկատմամբ ակնածալից վերաբերմունքը վերականգնելու նպատակով:

 

ԵՍ ԵՄ Հովհաննես Սիրեցյալը

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ

 


 

[1] Մտթ. 12:36,37