Զրույց դրամական էներգիայի և շատ այլ բաների շուրջ

 

Պադմասամբհավա

8 հունվարի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Պադմասամբհավան: Ես առաջ էլի եմ եկել, և դուք կարող եք ճանաչել ինձ:

Երբ ես մարմնավորվեցի Երկրի վրա, առաքելություն ունեի թարմացնելու այն Ուսմունքը, որը տրվել էր Հաութամա Բուդդայի միջոցով:

Ցավոք, մարդկանց աշխարհում բանն այնպես է լինում, որ երբ կյանքից հեռանում է մեծ հոգևոր նվաճումներ ունեցող և Վերին ուժերի հովանավորյալ Ուսուցիչը, մարդիկ անմիջապես ձեռնամուխ են լինում աղավաղելու այն Ուսմունքը, որը տրվում է Նրա միջոցով:

Ձեր ժամանակնե՛րն էլ որևէ բացառություն չեն: Ընդհակառակը՝ ամեն ինչ ավելի է բարդացել: Ամեն ոք իրեն ուսուցիչ է երևակայում և սկսում հրամցնել իր սեփական ուսմունքը:

Անցյալ դարաշրջաններում նման բան հնարավոր չէր: Որովհետև մարդիկ շատ լավ իրազեկված էին կարմայի Օրենքի մասին: Դրանից զատ, գիտելիքն ու գրագիտությունը մատչելի էին միայն նրանց, ովքեր իրենց ծագմանը համապատասխան ունեին դրա հնարավորությունը:

Ուստիև՝ հիմա շատ բարդ ժամանակներ են: Բառացիորեն ամեն թփի տակ նստած է մեկը, որն իրեն գուրու է համարում և իր ուսմունքն է մատուցում: Շատ ցավալի է, որ նմաններին մանուկ հասակից չեն ուսուցանում կարմայի Օրենքը:

Ամեն մի խոսք, որը չի համապատասխանում Աստվածային Ճշմարտությանը և դուրս է ելնում նրանց շուրթերից, ովքեր իրենք իրենց հոգևոր ուսուցիչ են հռչակել, հետագայում կարմայական բեռնաթափում է պահանջում:

Ձեր աշխարհում շատ բաներ այլ կերպ կդասավորվեին, եթե մարդիկ ավելի շատ տեղեկացված լինեին կարմայի կամ հատուցման Օրենքի մասին:

Դա համայն տիեզերքում գործող հիմնական Օրենքն է: Եվ շա՜տ ափսոս, որ այդ Օրենքը չի ուսումնասիրվում ոչ մի աշխարհիկ դպրոցում, ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատությունում:

Որքա՜ն այլ կլիներ գործերի վիճակը ձեր աշխարհում, եթե մարդիկ մշտապես հիշեին կարմայի կամ հատուցման Օրենքի մասին: Որքա՜ն բարդություններից կարելի կլիներ խուսափել, եթե մարդիկ այդքան տգետ չլինեին:

Երբ ես մարմնավորման մեջ էի, կարմայի Օրենքն ամենակարևոր առարկաներից մեկն էր, որ ես ուսուցանում էի: Իմ վիճակն էլ էր ծանր: Որովհետև շատերը կային, որոնք համարում էին, որ իրենք մեծ հոգևոր նվաճումներ ունեն: Սակայն փորձը ցույց էր տալիս, որ իրենց այդ նվաճումները հիմնված են սեփական էգոյին ծառայելու ցանկության վրա, նաև այն բանի վրա, որ ուրիշներին ստիպեն ծառայելու իրենց էգոյին:

Որքա՜ն խաղացկուն է ամեն ինչ ձեր աշխարհում: Եվ եթե ձեր ջանքերի գոնե մի մասը, որոնք կյանքից հաճույքներ ստանալուն եք հատկացնում, տրամադրեիք կարմայի Օրենքը յուրացնելու գործին, ապա ձեր կյանքը շատ արագ կփոխվեր դեպի լավը:

Օրինակ՝ ես գիտեմ, որ շատ մարդիկ իրենց համար ձեռքբերում են համարում այն, որ կարողանում են խաբել ուրիշ մարդկանց: Նրանք երջանկությունից շփում են ձեռքերը, երբ խաբում են իրենց մերձավորներին և մի քանի ավելորդ թղթադրամ խցկում իրենց գրպանները:

Ձեզ թվում է, թե դրսևորեցիք ճարպկություն և հնարամտություն: Բայց իրականում դրսևորեցիք խաբեություն և կծծիություն:

Եթե կարողանայիք հետևել այն բանին, թե ինչպիսի հետևանքների է հանգեցնում ձեր արարքը, ապա գլխապատառ կվազեիք գտնելու այն մարդուն, որին խաբել եք, և կփորձեիք ձեր գրպանից նրա գրպանը տեղափոխել ձեր ունեցած բոլոր փողերը:

Փողերն Աստվածային էներգիայի արտահայտություն են ֆիզիկական ոլորտում: Եվ, թե ինչպես եք վերաբերվում փողերին, ցույց է տալիս ձեր վերաբերմունքն Աստվածային էներգիայի նկատմամբ:

Հոգևոր Ուսուցիչների մոտ (ճշմարիտ Ուսուցիչների, և ոչ նրանց, ովքեր իրենք են իրենց այդպես անվանում) շատ տարածված հնարք էր այն, որ փող էին տալիս աշակերտին և դիտում վերջինիս վերաբերմունքը դրա նկատմամբ:

Այն բանից, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերում մարդ փողի նկատմամբ, երևում է նրա համապատասխան վերաբերմունքն Աստվածային էներգիայի նկատմամբ: Եվ եթե աշակերտը յուրացնում էր ամբողջ փողը կամ դրա մի մասը, կամ ծախսում էր ոչ արդյունավետ, ապա անմիջապես հեռացվում էր աշակերտությունից:

Ուսուցիչը կրում է իր աշակերտների կարմայական բեռը: Այդ պատճառով մանրազննին կերպով ստուգվում էր նրանց մոտ տարբեր բացասական հատկանիշների առկայությունը:

Երբեմն անհատը չէր կարողանում աշակերտ դառնալ, քանի դեռ որևէ կարմայական պարտք ուներ աշխարհում:

Թարգմանեմ ձեր լեզվին: Դա կարող է լինել դրամական փոխառությունը, վարկը, պարտավորությունը կողակցի նկատմամբ, զավակին դաստիարակելու և կրթություն տալու պարտքը՝ մինչև որ նա կարողանա ինքնուրույն կյանք վարել, և այլ պարտավորություններ հասարակության ու մերձավորների նկատմամբ:

Հասարակության կամ անհատ մարդկանց նկատմամբ ունեցած ձեր բոլոր պարտքերը պետք է լրիվությամբ մարվեն, եթե լրջորեն ուզում եք առաջ ընթանալ հոգևոր ուղով:

Իմաստուն մարդիկ, նույնիսկ սովորական կյանքով ապրելու դեպքում, աշխատում են պարտքեր չունենալ: Ընդհակառակը՝ ձգտում են այնպես անել, որ ուրիշներն իրենց պարտք լինեն: Քանզի նրանք շատ լավ են հասկանում կարմայի Օրենքը, թեկուզ՝ ենթագիտակցական մակարդակով: Ձեր պարտապանը վաղ թե ուշ, այսպես թե այնպես ստիպված կլինի վերադարձնելու ձեզ իր պարտքը: Եթե ոչ այս կյանքում, ապա որևէ հաջորդում: Կարմայի Օրենքն անթերի է գործում:

Հավանաբար երբեմն ձեր զարմանքն են հարուցում որոշ մարդիկ, որոնք կարծես թե նշանակալի ջանքեր չեն գործադրում, բայց փողերը հոսում են դեպի իրենց կողմը: Գաղտնիքը պարզ է. նախորդ կյանքերում նրանք ճիշտ են հարաբերվել դրամական էներգիայի հետ: Կան և ուրիշ մարդիկ, որոնք շատ են ջանում փող վաստակել, բայց չի ստացվում: Իսկ ամբողջ բանն այն է, որ անցյալում նրանք չեն փակել իրենց պարտքերը կամ յուրացրել են ուրիշի փողերը:

Կա ևս մի հանգամանք դրամական էներգիայի ծախսման բնագավառում: Այդ մասին գիտեին բոլոր դարերում: Եթե փող եք ծախսում բարի գործի համար, ապա ձեր ծախսածի տասնապատիկից ավելին կվերադառնա ձեզ:

Շա՜տ ափսոս, որ ակաշիի գրառումները մատչելի չեն ձեզ համար, որպեսզի հետևեիք, թե ինչպես է օրենքը գործում: Որովհետև միշտ չէ, որ փողերը վերադառնում են մի մարմնավորման ընթացքում:

Ես պետք է հիշատակեմ նաև դրամական զոհաբերության ժամանակ ունեցած անշահախնդրության պահի մասին: Բարեգործական հատկացումները շատ նման են աղոթքի: Որքան անշահախնդիր եք էներգիա զոհաբերում, այնքան ապագայում ավելի շատ շնորհներ եք ստանում:

Միշտ հիշեք. ոչ թե դուք եք ձեր աշխատանքով փող վաստակում, այլ Աստված է ձեզ փող տալիս: Ուստի անիմաստ է փող վաստակելը կյանքի նպատակ դարձնելը: Ճիշտ այնպես, ինչպես անիմաստ է ձեր աշխարհում զանազան իրեր ձեռք բերելու հետևից ընկնելը:

Դուք փորձում եք ձեր հոգում Աստծո բացակայությունը փոխարինել իրեղենի հետևից ընկնելով ու զանազան հաճույքներ ստանալով:

Երբ ձեր սրտում բնակություն է հաստատում Աստված, ձեզ այլևս ոչինչ պետք չէ: Դուք լիակատար բավարարվածություն եք զգում, և Աստված հոգում է ձեր մասին:

Ես գիտակցում եմ, որ այս հասարակ բաները, որոնց մասին խոսում եմ իմ այսօրվա զրույցում, շատ բարդ են ձեր ընկալման համար, քանի որ աշխարհը շուռ է եկել, և պարզ ճշմարտությունները դադարել են ձեր գիտակցությանը մատչելի լինել:

 

ԵՍ ԵՄ Պադմասամբհավան

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ