Արթնացման կոչ

 

Սանատ Կումարա

7 հունվարի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Ես կրկին ձեզ այցի եմ եկել:

Այժմ, երբ տարեկան շրջանն արդեն սկսվել է, և Կարմայական Վարչության նիստն ավարտված է, ես նորից ձեզ հետ խոսելու նյութ ունեմ:

Ես ուզում եմ դիմել ձեզնից նրանց, ովքեր, չնայած կենսական դժվարություններին ու անհաջողություններին, ձգտում են պահպանել իրենց գիտակցության մղվածությունն առ Աստված:

Ցանկանում եմ դիմել ձեզնից նրանց, ովքեր ունակ են հաղթահարելու դժվարություններն ու, դրա հետ մեկտեղ, պահպանելու իրենց գիտակցության մակարդակը:

Դա շատ արժեքավոր հատկանիշ է: Ինչ-որ ժամանակ դուք ուսուցանվել եք մեր գաղտնի ծեսերի դպրոցներում: Եվ դա այն ժամանակ հատուկ կազմակերպված վարժանք է եղել, երբ ձեզ բերում էինք անհավասարակշռության ու աններդաշնակության վիճակի և հետևում, թե ինչպես կկարողանաք պահպանել ձեր ներքին հանգստությունն ու Երկրի վրա Աստծո Կամքին հավատարիմ մնալու ձեր կարողությունը:

Դա հատուկ վարժանք էր ձեր այսօրվա մարմնավորումից առաջ: Հիմա այլևս հատուկ դժվարություններ կազմակերպելու կարիք չկա: Բավարար են այն դժվարությունները, որոնք ձեզ շրջապատում են: Եվ այժմ ձեր մարմնավորման շատ կարևոր փուլն է սկսվել, երբ ոչ միայն պետք է պահեք ձեր գիտակցությունը ձեզ համար մատչելի ամենաբարձր մակարդակի վրա, այլ նաև աշխատանք կատարեք Եղբայրության համար:

Ձեզ հարկ չկա ասելու, թե ինչ աշխատանք պետք է կատարեք: Բավական է միայն ձեր շուրջը նայեք, և դուք կտեսնեք, որ ներկա պահին ամբողջ աշխարհը վերակառուցման կարիք ունի: Չկա մարդկային գործունեության մի բնագավառ, որ համապատասխաներ Աստվածային ձևաչափերին:

Եվ հավանաբար ձեզ թվում է, թե ես ձեզ կոչ եմ անում թևերը կշտել և գլուխ ջարդել Երկրի վրա հաստատված ամբողջ կարգը փոխելու վրա:

Կարծում եմ, որ այդ դեպքում ձեզ խելագարի տեղ կդնեն: Թեև՝ մեր կարծիքով հենց ամբողջ մարդկությունն է խելքը թռցրել և զբաղված է աներևակայելի բաներով: Սակայն ներկա փուլում մարդկությունն ունակ չէ դա հասկանալու:

Դուք կարող եք ուզածի չափ խոսել հասարակական կառույցի Աստվածային սկզբունքների և Աստվածային ձևաչափերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է ներդնել կյանքի բոլոր բնագավառներում: Բայց չեմ կարծում, թե ձեր շրջապատում կգտնվեն գոնե մի քանի մարդիկ, որոնք ձեզ կկարողանան հասկանալ կամ, առավել ևս՝ կսկսեն ինչ-որ բան իրապես անել:

Այդ դեպքում՝ ի՞նչ անել, և ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելք են առաջարկում Համբարձյալ Վեհապետները:

Ես շատ անգամ եմ արդեն ասել և հիմա էլ կրկնում եմ մեր այն սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվում ենք միլիոնավոր տարիների ընթացքում:

Դուք պետք է սկսեք ինքներդ ձեզ փոխելուց: Ձեր ամբողջ շրջապատը կբողոքի դրա դեմ: Քանի որ ձեր թրթռանքը կփոխվի, ապա վաղ թե ուշ դրանք հակադրության մեջ կմտնեն ձեզ շրջապատող աշխարհի թրթռանքների հետ: Եվ ահա հենց այդ ժամանակ դուք պետք է հիշեք գաղտնի ծեսերի դպրոցում անցածը: Ձեր խնդիրն է՝ դիմանալ արտաքին անբարյացակամ վերաբերմունքին: Դրանով դուք հոգևոր մկաններ կաճեցնեք և կցուցադրեք Վեհապետների գործին ձեր հավատարմությունը՝ անկախ արտաքին պայմաններից:

Որքա՞ն ժամանակ պետք է դիմանաք: Պետք է աչքի առաջ ունենալ մինչև մարմնավորման ավարտն ընկած ժամանակը:

Բայց ձեր մեջ կան նաև այնպիսինները, որոնք մարմնավորվել են որոշակի առաքելությամբ: Եվ այդ առաքելությունն է՝ ստեղծել նմուշօրինակ երկրագնդի ֆիզիկական ոլորտում ինչ-որ տեղ, որտեղ Վեհապետները կկարողանային ներդնել իրենց սկզբունքները:

Ներկա պահին ես չգիտեմ,  թե երկրագնդի վրա որտե՞ղ հնարավոր կլինի նման վայրի ստեղծումը: Մենք փորձ արեցինք այդ վայրն ամրապնդել մեր դեսպանորդի Աշրամի հիմքի վրա: Բայց հիմա ես ձեզ ասում եմ, որ այդ խնդիրը մենք հանել ենք դեսպանորդի վրայից:

Մենք հանդիպեցինք չափազանց մեծ դիմադրության: Եվ այդ պատճառով մենք ներկայումս այլ վայր ենք փնտրում, որտեղ կկարողանայինք առաջապահ դիրք ստեղծել ֆիզիկական ոլորտում:

Դեսպանորդը չի կարող գործել նրանց փոխարեն, ովքեր մարմին են առել ու հանգիստ պառկել բազմոցին:

Ամբողջ երկու տարի մենք դիտում էինք մեր դեսպանորդի հերոսական ջանքները: Եվ հիմա հստակ տեսնում ենք, որ այլևս չենք կարող չարաշահել նրա նվիրվածությունն ու ինքնազոհողությունը:

Դա սխալ կլիներ: Եվ եթե Երկրի ֆիզիկական ոլորտում չկա ոչ ոք, որ կարողանա հոգալ մեր դեսպանորդի մասին և պաշտպանել նրան, ապա ես ինքս կզբաղվեմ այդ գործով: Որովհետև ես առանձնահատուկ կապ ունեմ այս դեսպանորդի հետ: Եվ ես եմ երաշխավոր կանգնել նրա մարմնավորումից առաջ: Ես այլևս չեմ կարող վտանգի ենթարկել իմ սիրելի աշակերտին:

Այժմ ձեզ կվիճակվի, որ ինքներդ անեք ամեն ինչ, եթե, իհարկե, կարողանաք դիմանալ այն ծանրաբեռնվածությանը, որը կընկնի ձեր ուսերի վրա, հենց որ սկսեք աշխատանք կատարել Եղբայրության համար: Իրակա՛ն աշխատանք Եղբայրության համար, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին դուք եք պատկերացնում:

Ես այսօր բավականին խիստ խոսեցի:

Շատ անգամ է եղել, որ կարողացել եմ ներկա գտնվել դեսպանորդի մարմնում, երբ նա հանդիպում էր բազմաթիվ մարդկանց հետ: Եվ ես շատ լավ եմ հասկանում, որ նա ձգտում էր միայն լավը մտածել բոլորի մասին, ինչպես մենք իրեն ուսուցանել էինք. բայց ես պարզ տեսնում էի յուրաքանչյուրին, ով այս տարիների ընթացքում մոտենում էր մեր դեսպանորդին: Եվ քանի որ դուք հայտնվել եք իմ տեսադաշտում, ապա ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի կա՛մ ձեզ խելքի բերեմ, կա՛մ էլ թողնեմ կարմայի հայեցողությանը:

Խոսքս չի վերաբերում նրանց, ովքեր մոտենում էին Լույս ճաշակելու համար: Բայց նրանց մեջ եղել են նաև այնպիսինները, որոնց ես անձամբ ճանաչել եմ, և որոնք պետք է հանձն առնեին որոշակի գործառույթների իրականացում: Չէ՞-որ դուք հատուկ վարժանքներ էիք անցել, ձեր մարմնավորումից առաջ մենք խնամել ու փայփայել էինք ձեր հոգիները, արել էինք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի արտաքին հանգամանքներն այնպես դասավորենք, որ մոտենաք մեր դեսպանորդին: Եվ արդյունքը ո՞րն է...

Դուք չեք կարող զգալ այն ամբողջ հուսախաբությունը, որ այժմ ես ապրում եմ: Ես հիմա կարող եմ միայն դիտել, թե ինչ է կատարվում: Ես չեմ կարող միջամտել, քանի որ դուք ունեք ձեր ազատ կամքը և կարող եք անել այն, ինչ ձեր խելքին կփչի:

Աստված չանի, որ երբևէ ապրեք իմ այս վիճակը, երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ մեկը մյուսի հետևից նախընտրում պատրանքը: Մենք կորցնում ենք մեր ամենալավերին, ամենանվիրյալներին: Լույսի ոչ մի առաքելություն հիմնված չի եղել միայն մեկ մարդու վրա: Մշտապես շատ հոգիներ են մարմին առել: Եղել են, որ կորսվել են հենց մարմնավորման սկզբում, բայց մյուսներն անասելի ջանքերի գնով կարողացել են ընդհուպ մոտենալ իրենց առաքելության իրականցմանը: Իսկ այժմ ես տեսնում եմ, թե ինչպես է նրանցից ամեն մեկն իր համար մի խաղալիք ընտրում և ընկնում պատրանքային աշխարհի իր նպատակի հետևից:

Մենք հասանք նոր թողության շնորհի՝ նոր Աստվածային ողորմածության, որպեսզի այս նոր շրջանի ուղերձները փոխանցենք ձեր աշխարհ: Եվ ես շատ եմ հույս տածում, որ պատրանքում թափառողները կկարողանան լսել իմ կոչը, որը պարունակվում է այս ուղերձներում, և իրենց գիտակցությունը կարթնացնեն ի գործ:

Այլապես դուք միայնակ կթափառեք այդպես մինչև ձեր ընթացիկ մարմնավորման ավարտը:

Կա Աստվածային հնարավորություն, որը դեռևս չի ավարտված: Բայց ու՞ր են այն լուսակիրները, որոնց ձեռքերով ու ոտքերով մենք կարող ենք իրականություն դարձնել մեր մտահղացումը:

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ