Զրույց այն մասին, թե ինչպես կարդալ ուղերձներն ու ինչպես վերաբերվել Դեսպանորդին

 

Պաշտելի Բաբաջի

5 դեկտեմբերի, 2009 թվական

 

ԵՍ ԵՄ Բաբաջին:

Իմ զրույցը սկսելուց առաջ կուզեի համոզված լինել, որ դուք մեր ուղերձները կարդալու նախազգուշական բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել եք:

Նրանք, ովքեր առաջին անգամ են կարդում մեր ուղերձները, հնարավոր է, որ զարմանան: Սակայն նրանք, ովքեր արդեն վաղուց են կարդում մեր ուղերձները, հավանաբար գիտեն այն նախազգուշական միջոցների մասին, որոնք անհրաժեշտ է պահպանել: Նախ պետք է գիտակցեք, որ գործ ունեք էներգիայի հետ, քանզի մեր Խոսքը համապատասխան էներգետիկ լիցքով է օժտված: Եվ, ինչպես ամեն մի էներգիա, այն իր հանդեպ զգուշավոր ու զուսպ վերաբերմունք է ակնկալում, այլապես մեր ուղերձների ընթերցման հետևանքն անկանխատեսելի կարող է լինել:

Այսպիսով, դուք պետք է գիտակցեք, որ խոսում եք Վեհապետների հետ, որոնք իրենց գիտակցության մակարդակով շատ առաջ են անցել ձեզնից: Ուստի դուք պետք է ներքին ակնածանքի ու հարգանքի զգացում տածեք նրանց հանդեպ: Դուք չեք կարող Աստծո հետ խոսել ձեռի հետ, գործերի արանքում: Չեք կարող թեյ խմել, խոսել աշխատանքային ընկերների հետ,  ստուգել ձեր երեխաների տնային առաջադրանքներն ու միաժամանակ կարդալ մեր ուղերձները: Եթե դուք այդ ամենն անեք ու միաժամանակ կարդաք մեր ուղերձներն, ապա կարմա կստեղծեք, որն ուղիղ համեմատական կլինի մեր ուղերձների մեջ եղած էներգիային:

Մեկ անգամ ևս զգուշացնում եմ, որ դուք զրուցում եք Աստծո հետ: Ուստի դա պետք է անեք սրտի թրթիռով ու ակնածանքով: Ձեր ողջ էությունը պետք է միտված լինի Աստծո հետ հաղորդակցվելուն: Պետք է մի կողմ դնեք ձեր բոլոր գործերը կամ, հակառակը՝ հետաձգեք ուղերձի ընթերցումը, քանի դեռ չի եկել դրա բարենպաստ պահը:

Եթե դուք հավասարակշռությունից դուրս եք եկել կամ ցանկացած այլ բացասական հատկանիշի ազդեցության տակ եք գտնվում, ապա մեր ուղերձների մեջ եղած էներգիան կուժեղացնի ձեր մեջ եղած ամեն մի բացասական հատկանիշը: Եվ հակառակը՝ եթե դուք հավասարակշռված եք և լի ներքին խաղաղությամբ, ապա այդ հավասարակշռության ու խաղաղության վիճակը նույնպես կուժեղանա այն էներգիայի համապատասխան չափով, որն առկա է ուղերձում:

Այսպիսով, ես տվեցի ձեզ անհրաժեշտ ցուցումներ, թե ինչպես մոտենաք մեր ուղերձների ընթերցմանը:

Այժմ ես ձեզ պետք է ասեմ այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի պաշտոնը: 2004 թվականին մենք պատմուճան շնորհեցինք մեր Դեսպանորդին և միաժամանակ նրան ֆիզիկական ոլորտում Եղբայրությունը ներկայացնելու լիազորություններ տվեցինք: Այդ պատճառով, երբ որևէ հարաբերության մեջ եք մտնում մեր Դեսպանորդի հետ, պետք է հասկանաք, որ դրանով դուք Եղբայրության հետ եք հարաբերության մեջ մտնում: Եվ կախված այն բանից, թե դուք ինչպես եք վերաբերվում մեր Դեսպանորդին, մենք կարծիք ենք կազմում ձեր և ձեր քաղաքակրթության հոգևոր զարգացվածության  մակարդակի մասին:

Այն ժամանակ, երբ ես մարմնավորման մեջ էի, մարդիկ տարբեր կերպ էին վերաբերվում ինձ: Շատերն իրոք ինձ համարում էին մարմին առած Աստված, և դա օգնում էր իրենց ներքին շատ խնդիրները հաղթահարելուն, քանզի փաստորեն նրանք օգտվում էին իմ նվաճումներից, իսկ դա նպաստում էր իրենց գիտակցության շատ արագ աճին: Մյուսները կասկածում էին, և դա նրանց հետագա աճի հնարավորություն չէր տալիս: Զի ձեզ տրվում է ըստ ձեր հավատի:

Համամիտ եմ՝ շատ մարդիկ կան, որոնք ինքզինք մեծ դեսպանորդների ու մարգարեների մարմնավորում են համարում: Եվ եթե դուք ձգվում եք դեպի այդ մարդիկ, ապա դա միայն ձեր կարմայի հետևանքն է, որը ենթակա է բեռնաթափման:

Բայց եկեք վերադառնանք մեր Դեսպանորդի հարցին: Եվ այստե՛ղ էլ ձեր գիտակցության մեջ պետք է ընդունեք այլ երկրի դեսպանի հետ լիակատար համանմանությունը:

Պատկերացրեք, որ ձեր երկրում մի այլ պետության դեսպան կա: Համենայն դեպս, անցյալ ժամանակներում շատ մեծ նշանակություն էր տրվում այն բանին, թե ինչպես են տվյալ երկրի բնակիչները վերաբերվում հարևան երկրի դեսպանին: Եվ երբեմն դեսպանի հանդեպ ոչ բարյացկամ վերաբերմունքը պատերազմ սկսելու առիթ էր դառնում: Անցյալում այդպես էր: Պատմությունը լի է նման օրինակներով:

Հիմա փորձեք պատկերացնել, թե ինչ ենք մենք զգում, երբ դուք մեր Դեսպանորդի հանդեպ անբարյացկամ վերաբերմունք եք ցուցաբերում կամ բացահայտ թշնամական գործողություններ ձեռնարկում նրա նկատմամբ:

Սխալվու՜մ եք. մենք պատերազմ չենք սկսի կամ ուժով չենք ստիպի, որ հարգեք մեր Դեսպանորդին: Մենք պարզապես ելնելով ձեր գործողություններից, տեսնում ենք մարդկային համակեցության գիտակցության զարգացվածության ընդհանրական պատկերը: Եվ դա մեզ թույլ է տալիս գալու այն եզրահանգմանը, որ մարդկությունը դեռ պատրաստ չէ, որպեսզի իր հետ խոսեն այնպես, ինչպես հավասարը հավասարի հետ է խոսում: Մարդկությունը դեռևս ուզում է թափառել խավարի ուղիներով:

Ահա հենց այս հանգամանքի պարզաբանումն էլ դրդեց ինձ, որ ուղերձով այսօր այցի գամ ձեզ: Կարծում եմ, շատերի համար այս տեղեկատվությունն օգտակար կլինի:

Դուք ապրում եք ֆիզիկական աշխարհում: Եվ միաժամանակ կաք նաև մենտալային ու աստրալային աշխարհներում: Ուստի, եթե ձեր մարմինն ակնածանք ու խոնարհմունք է արտահայտում, բայց ձեր խելքն այդ նույն ժամանակ բոլորի ոսկորներն է համրում, ում աչքը կտրում է, իսկ ցանկությունները համեմված են նախանձով ու այլ անվայել զգացմունքներով, ապա դրանից չի հետևում, որ ձեր գիտակցությունն արժանավայել վիճակում է գտնվում:

Ձեր աշխարհը զարգանալու համար ձեզ հիասքանչ հնարավորություններ է ընձեռում: Այդպիսի ներուժ, որ ունի ձեր աշխարհը, հազվադեպ կարելի է հանդիպել տիեզերքում: Սակայն մտածեք, թե ինչո՞վ եք զբաղվում օրվա մեծ մասի ընթացքում: Արժե՞ր արդյոք մարմնավորվել, որ պառկեիք բազմոցին ու հեռուստացույց դիտեիք:

Ես այսօր շատ թեմաներ շոշափեցի, որոնք արդիական են ձեզ համար: Եվ բոլոր այդ թեմաներն ու հարցերը պահանջում են ձեր ամենալարված ուշադրությունը: Որովհետև առանց այդ հարցերը լուծելու դուք տեղում կանգնած կմնաք: Իսկ մենք ուզում ենք, որ դուք զարգանաք: Մենք ուզում ենք, որ ձեր զարգացումը հաջող ընթանա՝ նվազագույն քանակի համաղետներով ու դժբախտություններով: Մենք հոգում ենք ձեր մասին:

Երբ ես մարմնավորման մեջ էի, ձգտում էի մարդկանց տալ այն առավելագույն էներգիան, որին տիրապետում էի, և որն ինձ Աստված էր տալիս: Սակայն ես տեսնում էի, թե ինչպես մարդիկ ստանալով այդ էներգիան, դեռ երկու քայլ ինձնից չհեռացած՝ իսկույն ցրիվ էին տալիս ստացածը: Շա՜տ անգամ եմ դա նկատել: Այնուհանդերձ ես անընդհատ մարդկանց էներգիա էի տալիս, որովհետև նրանց հոգիները սիրո, ջերմության կարիքն ունեին: Բայց երբ նրանք այդ ամենը ստանում էին, չէին գիտակցում, թե ինչ հարստության են տիրացել և,  դա չգիտակցելով հանդերձ, իսկույն ցիրուցան էին անում ստացածը՝ դրսևորելով քննադատություն, նախանձ, չարություն:

Ես մաղթում եմ ձեզ, որ կարողանաք շուտափույթ կերպով ձերբազատվել ձեր ներսի ամեն մի ոչ-աստվածային էներգիայից: Եվ հավատացեք ինձ, դրան հասնելու համար ձեզ ոչինչ պետք չէ, բացի ցանկություն ու մշտական նկրտում ունենալուց:

 

ԵՍ ԵՄ Բաբաջին: ՕՄ:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

 

Թարգմանությունը՝ Խաչիկ Մանասելյանի և

                  Հուսիկ Իկիլիկյանի

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ