Նախազգուշացում այն մասին, որ դուք ընտրել եք դեպի ապագա տանող ամենաբարդ ուղին

 

Սանատ Կումարա

1 դեկտեմբերի, 2009 թվական

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան`կրկին եկածս:

Ես եկել եմ, որովհետև ափեափ սիրով եմ լցված մարդկության հանդեպ: Եվ ես պատրաստ եմ զոհաբերելու իմ բոլոր նվաճումները՝ իմ նվաճումների ողջ պաշարը, որպեսզի մարդկությունը կարողանա ապրել ու զարգանալ:

Այո, հարցը դեռևս շատ լուրջ է դրված: Մենք անում ենք ամեն հնարավոր բան և յուրաքանչյուր անգամ հայացք ենք նետում ձեզ վրա` մարմնավորված երկրացիներիդ վրա, և զննում, թե ինչն է փոխվել: Եթե չլիներ Երկրի մարդկության հետ ունեցած իմ բազմամիլիոնավոր տարիների հաղորդակցությունն, ապա ես վաղուց կդադարեցնեի այս փորձը: Բայց այս ընթացքում ես այնքա~ն սիրեցի Երկրի մարդկությանն՝ ի դեմս նրա լավագույն ներկայացուցիչների, որ չեմ կարող ձեզ` երկրայիններիդ համար, նորից ու նորից չզոհաբերել իմ նվաճումների պաշարը:

Ըստ էության, ես եկել եմ այն բանի համար, որպեսզի հաղորդեմ որոշակի անհամակշռության մասին, որը չի հաջողվում համակշռել մեր ջանքերով: Մենք Երկիր մոլորակի լուսակիրների կողմից առավել մեծ օգնություն էինք ակնկալում:

Երբ մենք 2005 թվականին սկսեցինք մեր դեսպանորդի միջոցով տրվող թելադրությունների շրջանները, մարմնավորված 144 հազար քրիստոս-էակների սրտերում վառվեց Հաղթանակի Հուրը: Մենք երջանիկ էինք՝ ականատես լինելով երկրագնդի այս կամ այն վայրում այդ Հրո բռնկմանը:

Սակայն ժամանակի ընթացքում կենցաղային առօրյա  թոհուբոհի, նկրտման ու նվիրվածության բացակայության պատճառով  մարեց այդ լուսավոր հոգիների Հուրը: Եվ հիմա ողջ աշխարհում հազիվ մի քանի հարյուր լուսակիրներ կան, որ ունակ են պահելու իրենց նվաճումների պաշարն ու իրենց Լույսով կիսվելու շրջապատի հետ:

Ու՞ր կորան մնացած լուսակիրները: Երբ մենք այս դեսպանորդի միջոցով սկսեցինք մեր առաքելությունը, շատ ու շատ հոգիներ հիշեցին իրենց Աստվածային առաքելության մասին: Նրանցից շատ շատերը ձգվեցին դեպի մեր տված Ուսմունքը: Եվ այդ ձգվողների մեջ էլ ավելի շատ էին նրանք, ովքեր ցանկացան օգուտ քաղել այդ արձակված Լույսից: Այո՜, սիրելինե՛րս, ձեր աշխարհում անկատարությունը գերակշռում է: Եվ նոր Ուսմունքի սկզբնաղբյուրին ձգտող լուսակիրների առաջին ալիքը տարրալուծվեց նրանց ծովում, ովքեր ուզում էին միայն ստանալ` փոխարենը ոչինչ չտալով:

Շա՜տ ափսոս, որ մեծաքանակ լուսակիրների մեջ չգտնվեցին նրանք, ովքեր կարող էին հաղթահարել արտաքին ու ներքին դիմադրությունը և կանգուն մնալ այդ անհավասար մարտում: Ես խոսում եմ մարտի մասին ու կիրառում զինվորական տերմինաբանություն, քանի որ ոչ ոք չեղյալ չի հայտարարել Արմագեդոնը, և ոչ ոք չեղյալ չի հայտարարել այն մարտը, որն ընթանում է Երկրի մարդկանց հոգիների համար: Եվ հակառակ կողմի հունձքն, ավա՜ղ, ավելի շատ է ստացվում, քան Լույսի ուժերինը:

Մեր ջանքերն` ուղղված այն բանին, որ ֆիզիկական ոլորտում բարեկարգվի մի վայր, որտեղ լուսակիրները կարողանային միավորել իրենց ջանքերն ու գործողությունների նախագիծ կազմել, չլսված դիմադրության հանդիպեցին: Եվ այդ դիմադրությունը չի կարելի համեմատել այն դիմադրության հետ, որին հանդիպում էին մեր դեսպանորդներն անցյալում: Այո՛, մենք հնարավորություն ունենք գործելու Ռուսաստանի տարածքում, բայց այն խավարը, որն ամեն կողմից վրա քշեց ֆիզիկական ոլորտի մեր առաջապահ դիրքի վրա, գերազանցեց մեր բոլոր սպասելիքները: Մենք չէինք կարծում (ուստի և չէինք հակազդում), որ մեզ հասցված հիմնական հարվածը կլինի ոչ թե խավար ուժերի կողմից, այլ նրանց կողմից, ովքեր իրենց լուսակիր էին համարում, կամ հենց այդպիսին էին ոչ վաղ անցյալում:

Եվ ի՞նչ ենք մենք տեսնում. խժդժություններ, չարախոսություններ, բամբասանքներ: Տեսնում ենք մեղադրանքներ ու գաղջ մթնոլորտ: Բոլոր մեր ջանքերը մարդկանց ուղեղներում ու սրտերում դիմադրության են հանդիպում՝ անասելի մի դիմադրության:

Ժամանակն արագացել է: Ժամանակը բազմակի է արագացել, և այն տխուր պատկերը, որ մենք տեսնում ենք ողջ աշխարհում սփռված մեր հին կազմակերպություններում, Ռուսաստանի տարածքում դրսևորվեց ընդամենը մեկ տարվա ընթացքում:

Որքա~ն ափսոս է ծախսված էներգիան: Այն կարող էր նպատակաուղղվել Ռուսաստանի փայլուն ապագայի համար: Իսկ այժմ ողջ այդ էներգիան թանձր փառի պես նստած է Աշրամի տարածքում, Ռուսաստանում այս ու այն տեղ, ուր նախկին լուսակիրները թշնամություն ու կասկածամտություն են սերմանում` փոխանակ Լույս, Սեր ու Հույս սերմանելու:

Կարող եմ որոշ նախատինք էլ մեր դեսպանորդին ուղղել: Սակայն ես չգիտեմ ներկայումս մարմնավորված որևէ մեկին, ով նրա տեղը լինելով, կկարողանար տանել այն հարվածները, որոնք հասցվում էին և՛ առջևից ու հետևից, և՛ լուսակիրների կողմից, և՛ պետական կառույցների ու մարմինների կողմից:

Այո՛, սիրելինե՛րս, նախքան ժողովուրդներին իր ետևից տանելու իրավունք ձեռք բերելը՝ ողջ Ռուսաստանը՝ նրա բոլոր օրգաններն ու կառույցները, պետք է թեստեր անցնեն: Ե՛վ դատական իշխանությունները, և՛ օրենսդիր իշխանությունները, և՛ վերահսկող մարմինները: Սակայն ամենագլխավոր ձախողումը մենք կրեցինք հենց լուսակիրների կողմից, որոնք հաշված տարիների ընթացքում բնիցս ելած արծվաձագերից վերածվեցին ագռավների երամի: Ինձ համար դառն ու ցավալի է այդ ամենը տեսնելն ու գիտակցելը:

Մենք այլ ուղի էինք ակնկալում` լեռնայինը: Սակայն մարդկությունն առաջվա պես ձգտում է ամենաբարդ ճանապարհով գնալ: Դե ի՞նչ, մենք հարգում ենք ձեր ընտրությունը:

Սակայն այնժամ, երբ ձեր տառապանքները, դառնություններն ու դժբախտությունները կգերազանցեն երևակայելի բոլոր չափանիշերը, իմացե՛ք, որ կան Համբարձյալ Տիրակալներ, որոնք միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնելու ձեզ:

Մենք միշտ պատրաստ ենք համագործակցության: Մենք միշտ պատրաստ ենք օգնություն ցուցաբերել: Ձեր կարման ո՛չ միշտ է թույլ տալիս ձեզ օգնություն ցուցաբերել, բայց դա այն է, ինչ դուք ինքներդ եք ստեղծել, իսկ Կարմայի Օրենքը շարունակում է անխախտ գործել տիեզերքում:

Որպեսզի կրկին բացվի դյուրին լեռնային ուղին, մեզ անհրաժեշտ է ձեր ներքին նվաճումների դրսևորումը: Ձեր ներքին գերապատվություններից է կախված մարդկության ապագան, որը կարող է փոփոխվել ցանկացած ակնթարթում` բավական է միայն, որպեսզի որոշակի քանակի լուսակիրներ դրսևորեն միասնություն և նպատակամղվածություն:

Ամեն անգամ դուք ստիպված եք լինում սկսել ձեր գործն ավելի ու ավելի ծանր պայմաններում: Ստիպված եք լինում հաղթահարել այն բոլոր կարմայական կուտակները, որոնք հենց ինքներդ եք ստեղծել:

Ձեռքը սրտին դնելով կարո՞ղ եք արդյոք ասել, որ վերջին մի քանի տարիների ձեր բոլոր ուժերը, ողջ էներգիան, ողջ ձգտումը դուք ուղղել եք միայն Մեծ Սպիտակ Եղբայրությանը ծառայելուն: Քանի՞սն են ձեզնից ի վիճակի այդ հարցին դրական պատասխան տալ՝ առանց իրենց հոգու առջև մեղք գործելու:

Ի՞նչ եք այդ դեպքում ակնկալում ապագայից: Ի՞նչ կերպ գնահատենք մենք ձեր պատրաստակամության ու նվաճումների աստիճանը, եթե դուք այսօր կայտառորեն գնում եք այն ուղղությամբ, որը մենք ցույց ենք տալիս, իսկ վաղը սլանում եք լրիվ հակառակ ուղղությամբ կամ ընդհանրապես նախընտրում եք ձեր օրերն անցկացնել ընկճվածության ու անգործության մեջ կամ էլ իջնում եք այն աստիճան, որ խաղաք ձեր աշխարհի պատրանքային խաղալիքներով:

Ես եկա այս ուղերձով, որպեսզի ձեզ տամ այն իրավիճակի նկարագրությունը, որն այժմ ստեղծվել է Երկրի վրա, և նաև զգուշացնեմ, որ դուք ընտրել եք դեպի ապագա տանող ամենաբարդ ուղին:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանությունը՝ Խաչիկ Մանասելյանի և

                                    Հուսիկ Իկիլիկյանի

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ