Ողջ մարդկային հասարակայնությունը մուտք է գործել կոլեկտիվ ձեռնադրման ժամանակաշրջան

 

Պաշտելի Լանտո

30 հունիսի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Լանտոն՝ այս օրով ձեզ այցի եկածս: Եվ այսօրվա իմ  այցի նպատակը ձեզ խրատ տալն է, որը, կարծում եմ, ձեզ համար օգտակար կլինի ձեր առօրյա կյանքում:

Ներկայումս, երբ տիեզերական բոլորաշրջանը փոխվում է, ձեզ այլ որակներ են պետք՝ այլ հմտություններ ու ունակություններ, որոնք տարբերվում են անցյալ դարերի ընթացքում մարդկության ունեցածից: Եվ մարդկության հետագա բանական զարգացումը հնարավոր չի լինի առանց այդ հատկանիշների ու հմտությունների տիրապետման:

Դուք դա պետք է որ արդեն զգաք ինքներդ ձեզ վրա: Մենք ձեզ նախազգուշացրել էինք, որ Երկիր մոլորակի թրթռանքներն անցում են կատարում նոր մակարդակի[1]: Եվ, որպեսզի հարմարվեք այդ թրթռանքներին, պահանջվում է, որ վերկառուցեք ձեր աշխարհընկալման համակարգը: Դա շատ բարդ և աշխատատար գործընթաց է: Հարկ է, որ փոխեք ձեր վերաբերմունքն ամեն ինչի նկատմամբ, և հարկ է, որ վերակառուցեք այն փոխհարաբերությունների համակարգը, որը գոյություն ունի ձեր հասարակության մեջ:

Սա ո՛չ իմ նախաձեռնությունն է, ո՛չ էլ, առավել ևս, մեր դեսպանորդինը: Եվ այդ նոր հարաբերությունները պետք է հնարավորինս նման դառնան այն հարաբերություններին, որոնք առկա են մեր՝ Համբարձյալ Վեհապետներիս, միջև: Ինչու՞ չհետևեք մեր օրինակին և մի կողմ չնետեք ձեր նախկին անորակ հարաբերությունները: Փոխել է պետք ձեր ինդիվիդուալիզմը համագործակցությամբ, վերմակն իր վրա քաշելու գործը՝ սեփական փորձը ողջ մարդկային ընտանիքի վրա տարածելու գործով:

Հասկացե՛ք, հասել է այն ժամանակը, երբ պետք է անցում կատարվի այնպիսի հարաբերությունների, որոնք հիմնված են ընկերակցության, սիրո, փոխօգնության ու փոխադարձ օժանդակության վրա: Եվ որքան էլ փորձեք կառչած մնալ ձեզ համար սովորական դարձած վարքի կարծրատիպերից, դրանք անխուսափելիորեն անցյալի գիրկը կանցնեն՝ լուծվելով այն անկատարությունների հետ մեկտեղ, որոնք ներկայումս բնորոշ են ձեր հասարակությանը՝ պատերազմներ, տեռորիստական գործողություններ, համաճարակներ, տնտեսական ճգնաժամեր: Ձեր հասարակությունը հիվանդ է, և հարկավոր է անցում կատարել գիտակցության ու մտածողության նոր մակարդակի, որպեսզի հնարավոր լինի շարունակել էվոլյուցիան:

Մենք ձեզ իզուր չենք նախազգուշացրել, որ բարձրացվում է մոլորակի թրթռանքների ընդհանուր ֆոնը: Եվ դուք ստիպված կլինեք հետևելու թրթռանքների այդ նոր մակարդակին: Այն ամենն, ինչ չի կարողանա համալարվել ու փոփոխվել, կենթարկվի աստիճանական մաքրման: Հարկավոր է, որ ուշադրությամբ դիտազննեք ինքներդ ձեզ և ձեր շրջապատի մարդկանց: Տեղի է ունենում հենց այն, ինչը սովորաբար տեղի է ունեցել, երբ մարդը ձեռնադրումներ է անցնելիս եղել անցյալի գաղտնի ծեսերի դպրոցներում: Նա հայտնվում էր այնպիսի պայմաններում, որտեղ թրթռանքներն ավելի բարձր էին լինում իր համար սովորական մակարդակից: Եվ բոլոր մարմինները՝ մարդու ֆիզիկական և ավելի նուրբ մարմինները, ստիպված էին լինում հարմարվելու թրթռանքների նոր մակարդակին: Թրթռանքների բարձրացումը մարդու միջից դուրս է մղում այն բացասական էներգետիկական արգելապատնեշները, որոնք ներաճել և խաղաղ գոյակցել են նրա հետ բազմաթիվ մարմնավորումների ընթացքում: Այդ պատճառով մարդը ենթակա է դառնում գիտակցության զանազան  բացասական վիճակների ազդեցությանը, ֆիզիկական մարմնի զանազան ցավեր է ունենում, որոնք հնարավոր չէ դասակարգել որպես սովորական հիվանդությունների արդյունք: Փոփոխություններ են տեղի ունենում մարդու հոգեկանում, որոնց հետևանքով նա դառնում է ջղագրգիռ, անհավասարակշիռ, մռայլ ու շուտ բորբոքվող: Ծանոթ պատկեր է, այնպես չէ՞:

Սակայն այն, ինչ տեղի էր ունենում անցյալի ծեսերի դպրոցներում, վերաբերվում էր մի մարդու կամ մարդկանց մի խմբի: Իսկ հիմա ձեր մոլորակն ու ողջ մարդկային հասարակայնությունը մուտք են գործել կոլեկտիվ ձեռնադրման ժամանակաշրջան:

Այսպիսով, ձեզ հասկացնում են, որ տիեզերական հնարավորության միջանցքը նեղանում է: Ժամանակն է, որ վերջնական ընտրություն կատարեք. կա՛մ ընթանում եք էվոլյուցիոն ուղով, կա՛մ էլ վերածվում եք մոլախոտերի, թափոնների:

Կարող եք ինձ ասել, թե Տիեզերական Օրենքը ձեզ հետ մարդասիրաբար չի վարվում: Բայց արդյո՞ք հենց ինքներդ այդպես չեք վարվում ձեր բանջարանոցում: Դուք քաղհանում եք մոլախոտերը, եթե դրանք սպառնում են ձեր բերքին: Դուք էտում եք ծառերի չորացած ճյուղերը և վառում դրանք:

Վերջին հազարամյակների ընթացքում մենք մշտապես եկել ենք բազմաթիվ դեսպանորդների և մարգարեների միջոցով: Եվ մշտապես ձեզ նախազգուշացրել ենք այն մասին, որ անհրաժեշտ է շտկել ձեր քաղաքակրթության զարգացման ուղղությունը: Չե՛ք կարող ասել, որ ձեզնից որևէ մեկն իր կյանքում գոնե մեկ անգամ չի լսել մեր նախազգուշացումների մասին: Եվ այն հանգամանքը, որ մեր փոփոխությունները մենք անում ենք շատ սահուն կերպով, ձեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ կշռադատելու ամեն ինչ և զարգացման հնարավորություն տալու ձեր լավագույն մասին:

Դեռևս ժամանակ կա. խորհրդածե՛ք իմ խոսքերի շուրջ: Ամեն ինչ կշռադատե՛ք: Մի՛ ձգտեք մի հարվածով ամեն ինչ վճռել: Լավագույն արդյունքի հանգեցնում են ոչ մեծ, բայց կանոնավոր ջանքերը, որոնք գործադրում եք ճիշտ ուղղությամբ:

Այն կարման, որ դուք կուտակել եք, շա՜տ մարդկանց ճակատագրեր է միահյուսել ձեր ճակատագրի հետ: Ուստի դուք չեք կարող ամեն ինչ թողնել և ձեր հոգին փրկելու համար սլանալ դեպի անտառ կամ անապատ: Դուք պետք է ամենօրյա ջանքեր գործադրեք ձեր հարազատների ու գործընկերների հետ ունեցած հարաբերությունները վերափոխելու ուղղությամբ: Հարկավոր է, որ ձեր կյանքի փոփոխությունները համաձայնեցնեք այն մարդկանց հետ, որոնց հետ ունեցած ձեր կարման առավել ծանր է:

Կարելի է ամենածանր կարմայական իրավիճակն ուղղորդել դեպի բարենպաստ հուն, բայց այդ դեպքում հարկ կլինի, որ ձեր կարմայական հանգույցների քանդմանը նվիրաբերեք ձեր ողջ կյանքը և, հնարավոր է, ո՛չ մեկ կյանք:

Ըստ այդմ, պատրաստվեցե՛ք լարված աշխատանքի ինքներդ ձեր ու ձեր թերությունների վրա և միշտ հիշեք, որ երբ որևէ մեկին օգնում եք լուծելու իր խնդիրները, դրանով իսկ լուծում եք ձեր կարմայական խնդիրները: Եթե դուք անկեղծորեն ուրախանում եք ուրիշի նվաճումներով, ապա դրանով իսկ նաև ձերն եք դարձնում այդ մարդու նվաճումների ներուժը:

Շատ եղանակներ կան, որոնցով կարելի է շատ մեծ կարման բեռնաթափել հաշված տարիների ընթացքում՝ ընդամենը ճիշտ նախընտրանքներ կատարելով և ճիշտ վերաբերվելով այն իրադրություններին, որոնք ձեզ մատուցում է կյանքը:

Ես ձեզ կարևոր Ուսմունք տվեցի, որը ձեզ համար անփոխարինելի արժեք կունենա այս տարիների և օրերի ընթացքում:

 

ԵՍ ԵՄ Լանտոն:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

[1] Տես՝ 28,12,2007թ.-ի ուղերձը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ