Ուսմունք Սպասավորության մասին

 

Պաշտելի Ջավալ Կհուլ

29 հունիսի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Ջավալ Կհուլը: ԵՍ ԵՄ՝ չափազանց հազվադեպ այս դեսպանորդի միջոցով եկողս:

Բայց այսօր ես եկել եմ՝ այն բանից ելնելով, որ անհրաժեշտ է տալ որոշակի Ուսմունք: Եվ կոչված եմ, որ ձեր ուշադրությանը ներկայացնեմ այդ Ուսմունքը: Գործնականում շատ քիչ են այն մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են ճշմարիտ Սպասավորությանը: Եվ ես եկել եմ, որպեսզի ձեզ տամ ճշմարիտ Սպասավորության ըմբռնումը. ո՛չ այն սպասավորության, որը դուք եք ճիշտ համարում, այլ այն Սպասավորության, որն իրապես ճշմարիտ է:

Ասացե՛ք, դուք երբևէ մտորե՞լ եք Սպասավորության հասկացության շուրջ. ի՞նչ բան է դա:

Ես կարծում եմ, որ դուք ավելի շատ մտորում եք ձեր աշխարհի իրեղենի շուրջ: Ցավոք, Սպասավորությունն այն հատկանիշը չէ, որ շատ է տարածված ձեր աշխարհում: Եվ գիտե՞ք, թե ինչու. որովհետև հենց ինքը՝ հասկացությունը, կորսված է ձեր քաղաքակրթության կողմից:

Ես եկել եմ նորացնելու Սպասավորությունը: Քանզի հենց որ սկսեք լրջորեն խորհել այդ թեմայի շուրջ, կկարողանաք Սպասավորության մասին պատկերացում ստանալ ավելի նուրբ աշխարհներից: Ձեր աշխարհընկալումն անընդհատ ստիպում է ձեզ շեղվել առավել վերամբարձ ու հավերժական հարցերի լուծումը որոնելուց: Սակայն եկել է այն ժամանակը, երբ պետք է սկսեք խորհել այնպիսի բաների շուրջ, որոնք մակերեսի վրա չեն, բայց անհրաժեշտ են ձեզ, եթե մտադիր եք շարունակել ձեր ընթացքն էվոլյուցիոն ուղով:

Եվ այսպես, Սպասավորության մասին: Ես գիտեմ, որ շատ-շատերը սպասավորություն ասելով հասկանում են այն պարտականությունները, որոնք կատարվում են մերձավորների կամ նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք ունեն: Սակայն Սպասավորության հասկացությունը, ինչպես այն ընկալում են Համբարձյալ Վեհապետները, շատ ավելի լայն է: Փաստորեն առանց Սպասավորության հնարավոր չէ մարդկության հետագա էվոլյուցիոն զարգացումն ու առաջընթացը: Եվ Սպասավորության հատկանիշի կողքին կանգնած է անշահախնդրությունը: Քանզի այնժամ, երբ ձեզ վրա եք վերցնում ինչ-որ պարտականություններ և փոխարենը ցանկանում ինչ-որ հատուցում ստանալ, կարևոր չէ՝ ֆիզիկական աշխարհի բարի՞ք, թե՞ արժանավայել տեղ Աստվածային աշխարհում, ապա դա ճշմարիտ Սպասավորություն չի լինի:

Փաստորեն, Սպասավորությունը ձեր գիտակցության վիճակն է: Այն ենթադրում է համայն տիեզերքում գոյություն ունեցող որոշակի կարգի պահպանում, երբ ամեն մի կենդանի էակ ծառայում է ուրիշ կենդանի էակների, և այդ համատեղ Սպասավորության արդյունքում տեղի է ունենում համագործակցություն ու զարգացում: Սպասավորությունն անհնարին է առանց համագործակցության, իսկ ճշմարիտ համագործակցությունն անհնարին է առանց Սիրո: Եվ ահա մոտեցանք ամենագլխավորին: Ճշմարիտ Սպասավորությունը հնարավոր է միայն այնժամ, երբ այն հիմնված է Սիրո զգացմունքի վրա: Ո՛չ այն սիրո վրա, որը դուք սովոր եք ընկալել: Ձեզ հայտնի են սիրո այն դրսևորումները, որ տղամարդը տածում է կնոջ նկատմամբ կամ հակառակը, սերը երեխաների, ծնողների նկատմամբ: Սակայն գոյություն ունի ավելի մեծ Սեր: Սեր, որը հիմնված չէ հարազատության կամ սեռական տարբերության վրա: Սեր, որը ձեր մեջ առկա է որպես վիճակ և հնարավոր չէ նկարագրել բառերով, որքան էլ ջանք թափեք, բայց և ներթափանցել է ողջ արարվածի մեջ: Եվ երբ ձեր գիտակցությամբ հասնում եք Սիրուն՝ Աստվածային Սիրուն, ապա ունակ եք դառնում այն ճշմարիտ Սպասավորությանը, որի մասին խոսում են Համբարձյալ Դասերը:

Կյանքին Սպասավորելը նման է մշտական դետքի վրա գտնվելուն, երբ մշտապես պատրաստ եք կատարելու ձեր պարտքը: Սպասավորությունը նաև ենթադրում է այնպիսի հատկանիշների առկայություն, ինչպիսիք են պատասխանատվությունն ու կայունությունը: Բոլոր ճշմարիտ Աստվածային հատկանիշները խտացված ձևով երևան են գալիս Սպասավորության մեջ:

Ես պետք է հատուկ ընդգծեմ խոնարհության հատկանիշը, որն անփոխարինելի է Սպասավորության պարագայում: Քանզի երբեմն սպասավորում եք անհատների, որոնք գտնվում են գիտակցության չափազանց ծանր վիճակներում, և ձեզնից պահանջվում է ձեր ողջ խոնարհությունն ու համբերատարությունը, որպեսզի ցուցաբերեք անհրաժեշտ օգնությունը՝ անկախ այդ անհատների ո՛չ ամենալավ գծերի դրսևորումից: Ձեզ չպետք է անհանգստացնի այն, ինչին երբեմն ականատես եք լինում ֆիզիկական ոլորտում: Ձեզ պետք է անհանգստացնի հոգածությունը հոգու նկատմամբ, որն անհատի անանց մասն է:

Երբեմն անհրաժեշտություն է ծագում օգնելու մի մարդու, որը, ցավոք, իր ողջ կյանքում թիթեռի պես զարնվելով ապակու՝ կորցրել է իր բոլոր ուժերը, և կարման այնպես է մթագնել նրա աչքերը, որ նա չի տեսնում հենց իր կողքին գտնվող և լայն բացված Աստվածային հնարավորության օդանցքը:

Տառապող մարդկային անհատների մեծամասնության կյանքերը նման են ապակուն զարնվող թիթեռի, որն անկարող է ելք գտնել: Եվ եթե մոտենում եք անհատին այն ժամանակ, երբ նա անխոնջ կերպով հսկայական ջանքեր է գործադրում, բայց ո՛չ հարկ եղած ուղղությամբ, ապա նա հազիվ թե լսի ձեզ: Բայց երբ ամբողջովին ուժասպառ է եղել, ապա երբեմն հոգեպայծառացում է վրա հասնում, և այն ամենն, ինչ մինչ այդ ասում էիք իրեն, արդեն լսում է նույնիսկ առանց բառերի: Քանզի նրա հոգին գերտառապելով ձեռք է բերել հատուկ զգայունություն: Այդ պահին դուք կարող եք անգնահատելի օգնություն ցուցաբերել տառապյալ հոգուն, սակայն, ցավոք, այդ օգնության արդյունքը կդրսևորվի նրա հաջորդ մարմնավորման ժամանակ: Ըստ այդմ, ճշմարիտ Սպասավորությունը երբեմն դրսևորվում է ոչ թե ամենօրյա քարոզներով ու խրատներով, այլ այն պահի սպասմամբ, երբ հոգին կբացվի վարդի կոկոնի պես և ունակ կլինի ընկալելու այն կենարար էներգիան, որը ձեր սրտից փոխանցվում է տվյալ անհատի սրտին:

Դրանք շատ նուրբ պահեր են, պաշտելինե՛րս, և երբեմն բավարար է լինում մի քանի վայրկյան անկեղծ աղոթքի ու օժանդակության հղում անել ձեր սրտից օգնության կարիք ունեցողի սրտին, որպեսզի հոգին հարություն առնի հավերժական կյանքի համար:

Զգու՞մ եք արդյոք տարբերություն այն սպասավորության միջև, երբ ձեզ զբաղեցնում են աստծո խոսքի մասին իրենց քարոզներով, և այն Սպասավորության միջև, երբ օգնության ձեռք եք մեկնում հենց այն պահին, երբ այդ օգնությունը կարող է ընդունվել և ավելի արժեքավոր է, քան միլիոնավոր անգամ, բայց ո՛չ ճիշտ ժամանակին ասվող խոսքերը:

Նման Սպասավորության համար երբեմն հարկ է լինում սպասել մի ամբողջ կյանք, մինչև գա այն պահը, երբ օգնության կարիք ունեցող հոգին ունակ կդառնա ընդունելու ցուցաբերվող օգնությունը:

Ես այսօր ձեզ հետ զրուցեցի Աստվածային Սպասավորության մասին: Եվ ինձ համար հաճելի կլինի իմանալ, որ դուք մեր զրույցի ընթացքում ստացաք մի մասնիկ այն Սիրուց, որը խնամքով ձեզ հասցրեցի՝ աշխարհների միջով անցնելով:

 

ԵՍ ԵՄ Ջավալ Կհուլը:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ