Երկնոլորտները տալիս են ձեզ ևս մեկ հնարավորություն

 

Պաշտելի Գուան Ին

27 հունիսի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը՝ ձեզ այցի եկածս:

Երկրում հաստատված իրադրության մեջ չափազանց շատ այնպիսի պահեր կան, որոնք էվոլյուցիայի հետագա գործընթացում կարող են խաղալ ինչպես դրական, այնպես էլ բացասական դեր: Ես այժմ նկատի ունեմ այն բացասական փորձառությունը, որը մարդկության պատմության ընթացքում ձեռք է բերվել շատ հոգիների կողմից:

Ահա, տեսե՛ք. վերջին հարյուրամյակների ընթացքում աշխարհը մշտապես համակշռվում է՝ գտնվելով կործանման եզրին: Եվ Համբարձյալ Դասերը մշտապես գտնվում են մարտի պատրաստ վիճակում: Իրոք, եթե մարդկության պատմությունը դիտարկենք հոգևոր փորձառության տեսանկյունից, ապա, որքան էլ դա տարօրինակ թվա, հենց այդ կործանման եզրի մշտական համակշռումն է հոգիներին առավելագույն աճի հնարավորություն տալիս, իսկ մեզ՝ Համբարձյալ Դասերիս, հնարավորություն է ընձեռում մարդկության պատմության համամասնակիցը դառնալ: Քանզի այն բանից, թե որքանով կկարողանանք համաձայնեցված գործել պատմության կրիտիկական պահերին, կախված է այն, թե մարդկային քաղաքակրթությունը կշարունակի՞ իր գոյությունը, թե՞ ոչ:

Շատ ու շատ հոգիներ, անցնելով տառապանքով ու ծանրագույն թեստերով, կարողացան մաքրվել դարավոր կարմայից, որը ձեռք էին բերել, Աստվածային տեսակետից սխալ համարվող՝ անցյալի իրենց վարքով: Եվ հիմա այդ հոգիներից շատ-շատերը Լույսի օկտավաներից օգնություն են ցուցաբերում մարդկությանը: Ըստ այդմ, երբեմն մարդկային չափանիշներով կատարելապես կորուսյալ թվացող հոգին ունակ է լինում ակնթարթորեն կերպափոխվելու ու մաքրվելու: Այո՛, հենց այդպիսին է հնարավորությունը, որը ներկայումս ընձեռնված է Երկիր մոլորակի իրադրությանը: Ուստի ես, որպես Բարեգթության ու Կարեկցանքի Աստվածուհի, առաջին իսկ կանչով մոտենում եմ տառապանք կրող անհատականությանը և ջանում ցուցաբերել այն օգնությունը, որի կարիքն ինքն ունի: Եվ երբեմն իմ մի քնքուշ հայացքն ու իմ սրտից ելած Սիրո ճառագայթը բավարար է լինում, որպեսզի ահավոր տառապանքների մեջ գտնվող ու մեռնող հոգին նորից հառնի նոր կյանքի համար: Եվ շատ ու շատ մարդիկ, մահվան շեմին տառապելով ծանր հիվանդությունից, վերջին պահին վերջին շնչի հետ անվերադարձ ազատագրվում են երկրային տառապանքներից և վերածնվում հավերժական կյանքի համար:

Ամեն ինչ կախված է այն բանից, թե ի՞նչ վիճակում է մարդը անցում կատարում այլ աշխարհ: Չարացա՞ծ է արդյոք ողջ աշխարհի նկատմամբ, թե՞ լիովին գիտակցում է երկրային վայելքներից իր և իր հոգու համար հաճույքներ ստանալու իր բոլոր փորձերի ապարդյունությունը և իր հայացքը հառում դեպի Երկինք, դեպի Աստված:

Անցման այդ պահին հոգին վերափոխվում է և վեր ելնում Կյանքի պարույրով:

Այդ պատճառով է, որ ճշմարիտ հավատ ունեցողները մշտապես օգնել են անբուժելի հիվանդներին անցում կատարելուց. օգնել են նրանց հոգիներին, որպեսզի անցման հետ միաժամանակ ձերբազատվեն նուրբ մարմիններում դարերով կուտակված ծանրությունից:

Եվ ձեր աշխարհի այդ հատկանիշը՝ բառացիորեն մոխրի, ցեխի ու աղբի միջից մարդկանց հոգիների վերածնվելու կարողությունը, գոյատևելու հնարավորություն է տալիս ձեր մոլորակին՝ չնայած բոլոր ճառագայթներով Աստվածային էներգիայի հրեշավոր աղավաղումների առկայությանը:

Այսօր ես այցի եմ եկել ձեզ, որպեսզի ձեր հոգիներին գիտելիք տամ անցման ուղու վերաբերյալ: Ձեր երկրային կյանքի ցանկացած պահին դուք կարող եք ձեր գիտակցությամբ անցում իրականացնել: Այդպիսին է ընթացիկ պահի յուրահատկությունը: Դուք կարող եք ձերբազատվել այն բեռից, որի ծանրության տակ տնքում է մարդկությունը: Ձեր գիտակցության փոփոխման բանալին ու ողջ մեխնիզմը թաքցված են ձեր ներսում: Ձեզ հարկավոր է միայն յուրացնել այն նոր սկզբունքները, որոնք հաստատուն կերպով պետք է գան փոխարինելու այն հին սկզբունքներին, որոնց վրա ներկայումս հենված է հասարակությունը: Դուք պետք է գիտակցեք, որ այնպիսի հատկանիշներն, ինչպիսիք են՝ Սերը, Բարեգթությունը, Կարեկցանքը, ինչ-որ վերացական բաներ չեն: Դրանք այն հատկանիշներն են, որոնք պետք է մուտք գործեն յուրաքանչյուրի կյանքի մեջ, ով կամենում է շարունակել իր էվոլյուցիան Երկիր մոլորակի վրա: Բավական է միայն, որ պարզապես բարեփոխումների մշտական ծարավ ու կարիք զգաք: Դուք պետք է ողջ էությամբ մղվեք դեպի ապագայի աշխարհը, որը զուրկ է մարդկության ներկա փուլին հատուկ թերություններից ու արատներից: Եվ ձեր այդ մղման ընթացքում տեղի կունենա երաժշտության, ճարտարապետության, կրթական նոր համակարգերի, առողջապահության, նոր տնտեսական համակարգի ճշմարիտ կերպերի իջանում, որոնք արդեն գոյություն ունեն և մշտապես իրնց համար ճանապարհ են հարթում այն անհատականությունների գիտակցության մեջ, որոնց մարմնավորման նպատակն այդ կերպերը ֆիզիկական ոլորտ հասցնելն է:

Մարդկություն աղտոտվել է հին գիտակցությամբ, հին կենսակերպով: Եվ երբ Երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդուն հասկանալի կդառնա, որ այլևս այդպես ապրել չի կարելի, որ պահանջվում են շտապ փոփոխություններ ու ձևափոխություններ, ապա դրանք՝ մարդկային կյանքի բոլոր բնագավառների այդ ճշմարիտ կերպերը կսկսեն իջանել ու Երկրի վրա այս ու այնտեղ մատերիականացվել:

Ձեզ մնում է միայն ցանկանալ ազատվել այն կենսակերպից, որն առկա է ձեր շուրջը: Դրսևորե՛ք ձեր ազատ կամքը, հնչեցրե՛ք դեպի Երկինք ձեր ազատ կամքը ձեր կոչով.

 

Տե՛ր, ես հոգնել եմ անելանելիությունից, հոգնել եմ անբարյացակամությունից և մարդկանց մռայլ դեմքերը տեսնելուց: Ես կերպափոխություններ եմ ուզում... Իմ հոգին նորացման է ծարավ... Իմ հոգին հոգնել է և կարիք ունի նոր էներգիաների՝ Սիրո էներգիայի, Բարյացակամության, Կարեկցանքի և Բարեգթության իջանման: Օգնի՛ր, Տեր, արագացրու՛ Երկիր մոլորակի կերպափոխման գործընթացը...:

 

Հենց որ բավարար քանակի անհատականություններ պատրաստ լինեն իրենց գիտակցությամբ, Երկիր մոլորակի փոփոխությունները երկար չեն սպասեցնի: Համբարձյալ Դասերը պատրաստ են կերպափոխություններին: Ողջ Երկինքն իր հայացքը հառել է Երկրին: Ձեր հերթն է գալիս: Մի՞թե չեք լսում ժամանակի կանչը:

Անհնարին է չնկատել այն նշանները, որոնք սփռված են այս ու այնտեղ՝ եղանակային պայմանների, արհավիրքների, տնտեսական ու ֆինանսական ոլորտների անկարգավորվածության տեսքով:

Հասել է այն ժամանակը, երբ Երկնոլորտները ձեզ նոր հնարավորություն են տալիս, և դա ձեզ ես հայտնում եմ՝ որպես Կարմայական Վարչության անդամ:

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ