Ձեր խնդիրն է՝ սովորել հաղթանակ տանել նուրբ ոլորտում

Սերապիս Բեյ

23 հունիսի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը:

Այս օրով ես եմ եկել... Օրեցօր ավելի դժվար է դառնում ձեր սրտերի դուռը բախելը: Անխուսափելիորեն մարդկությունը շարժվում է դեպի անդունդ: Այնուամենայնիվ մենք մեր հույսը չենք կորցնում: Քանզի հատկապես այնժամ, երբ թվում է, թե վիճակն անելանելի է և ոչ մի ելք չկա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, հենց այդ պահին տեղի է ունենում մի բան, որը կարելի է Աստվածային հրաշք կոչել, և իրադրությունը փոխվում է:

Մարդկության պատմության մեջ որքա՜ն հաճախ են եղել պահեր, երբ թվացել է, թե առջևում միայն անթափանց խավար էտիրում: Սակայն ամեն անգամ վերջին պահին՝ բառացիորեն կործանման եզրին, գտնվել են անձնազոհ հոգիներ, որոնք այդ ճակատագրական պահերին իրենց վրա են վերցրել մարդկության համար պատասխանատվությունը՝ հանուն երկրային էվոլյուցիայի հետագա ընթացքի:

Ես գիտեմ, որ իմ այս ուղերձը կարդացողների մեջ շատ կան լուսավոր հոգիներ: Դուք բազմաթիվ անգամ մարմնավորվել եք Երկրի պատմության ամենաճակատագրական պահերին: Եվ հիմա կրկին ձեզնից պահանջվում է ձեր բոլոր ուժերի ու հնարավորությունների լարումը:

Բավական է միայն, որ ոգի առնեք և ձեր հայացքը հառեք ձեզ շրջապատող պատրանքից ավելի վեր:

Մի պահ պատկերացրեք, թե վատ երազ եք տեսնում: Գիշերը կանցնի, արևը նորից կշողա, և ցերեկվա լույսի տակ ձեր բոլոր գիշերային ահերն ու սարսափները կթվան անիրական: Դուք այժմ քնի մեջ եք: Դուք խորասուզված եք պատրանքի քնի մեջ:

Այժմ հասել է այն ժամանակը, երբ պետք է ի մի բերեք ձեր բոլոր ուժերն ու ընդունակությունները և քայլ անեք դեպի առաջ:

Դուք ասպետներ եք: Մարտիկներ: Եվ այժմ ձեր ջանքերից շատ բան է կախված: Միայն թե հարկ չկա, որ սուր վերցնեք և զրահ հագնեք ֆիզիկական ոլորտում: Դուք պետք է զրահավորվեք ձեր ոգու զրահով: Եվ պետք է վեր հանեք ձեր ոգու սուրը՝ ձեր Կունդալինիի սուրը: Միայն դրանով դուք կարող եք ձեր ներսում և ձեզ շրջապատող իրականության մեջ իրականը բաժանել անիրականից:

Դուք մարտիկներ եք, բայց ձեր խնդիրն այն չէ, որ անվերջանալի ճակատամարտ մղեք ֆիզիկական ոլորտում: Ձեր խնդիրն է, որ սովորեք հաղթանակ տանել նուրբ ոլորտում՝ ձեր հույզերի ու մտքերի ոլորտում: Հատկապես այնժամ, երբ հաղթանակ կտանեք ձեր մտքերի զգացմունքների ու բացասական վիճակների նկատմամբ, հաղթանակ կտանեք լինելիության ֆիզիկական ոլորտում: Քանզի նուրբ ոլորտների ձեր նվաճումներն անխուսափելիորեն կձևափոխեն ֆիզիկական ոլորտը:

Հարկ չկա, որ մարտիկների շարքեր փնտրեք, որպեսզի միանաք նրանց: Քանզի նուրբ ոլորտում դուք ներկայանում եք որպես Լույսի հզոր զորք: Եվ դուք անպարտելի ու անխոցելի կլինեք այնքան ժամանակ, քանի դեռ ձեր գիտակցությունը պահպանում եք Աստվածային մակարդակի վրա:

Այն ամենն, ինչ ձեզնից պահանջվում է՝ կրել իրական Աստվածային գիտակցություն և չկորցնել գիտակցության այդ մակարդակը ողջ օրվա ընթացքում և օր օրի:

Պատկերացրեք այնպես, որ ֆիզիկական ոլորտում դուք հանդես եք գալիս որպես կատարյալ նմուշօրինակ: Աննկարագրելի ջանքերի գնով և ներքին աշխատանքով դուք պահպանում եք ձեր գիտակցությունը հնարավորինս բարձր մակարդակի վրա: Իսկ դա անելը բավականին դժվար է՝ գտնվելով անկատար միջավայրում: Բայց այն դեպքում, երբ ձեզ հաջողվում է պահպանել գիտակցության առավելագույն մակարդակը, ձեր թրթիռներն այնքան են բարձրանում, որ ամեն մի անկատարություն, որին բախվում եք ձեր աշխարհում, ստիպված է լինում ցույց տալ իր դեմքը: Դուք մեր մարտիկներն եք և նմանվում եք ջահերի, որոնցով մեզ համար լուսավորվում է պատրանքի անկատարությունը: Աստծո ողջ ուզածն այն է, որ ձեր աշխարհում հնարավորինս արագ տեղի ունենա որոմը հատիկից ջոկելու գործընթացը: Հատկապես այնժամ, երբ կհավաքվի բարի հատիկների բերքը, իսկ մոլախոտերը կհանձնվեն կրակին, ձեր աշխարհի համար կգա այն ժամանակը, երբ Համբարձյալ Վեհապետները կկարողանան մուտք գործել ձեր աշխարհ:

Ուստի մի՛ հուսահատվեք և մի՛ ասեք, թե ամեն ինչ վատ է: Ամեն ինչ ճշգրտորեն ընթանում է համաձայն Աստվածային պլանի: Եվ ձեզնից ամեն ոք, ով հանձն կառնի իր վրա կրել Լույսի բեռը, կստանա հրեշտակային զորախմբերի պաշտպանությունը:

Դուք սարսափով եք նայում ձեր շրջապատին, և դրությունը ձեզ թվում է անելանելի: Մի՛ թախծեք այն ամենի համար, ինչն այլևս ենթակա չէ հետագա էվոլյուցիայի: Ձեր ոտքերով ամուր կանգնեք հողին և հղե՛ք ձեր կոչերը դեպի Երկինք:

Այս բարդ ժամանակներում ձեր դերն ու առաքելությունն այն է, որ դիմանաք ճակատամարտի լարվածությանը և մնաք մարտադաշտում:

Միայն թե մարտն ընթանում է նուրբ ոլորտում՝ թանձր աստրալի այն շերտերում, որոնք առավելագույնս մոտ են ֆիզիկական ոլորտին: Այդ պատճառով ճակատամարտը զգալի է ձեզ համար: Դուք պառկում եք քնելու և արթնանում այն զգացողությամբ, որ ողջ գիշեր եղել եք ծանր մարտի մեջ: Եվ դա հենց այդպես էլ կա: Լույսի լավագույն մարտիկները դադար չունեն ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը: Քանզի չի կարելի կորցնել թանկարժեք ժամանակը, որովհետև ժամանակ շատ քիչ է մնացել:

Փոխարենը հետագայում դուք կհիշեք ձեր սխրանքների մասին: Անմոռանալի ժամանակներ են ձեր ապրած ժամանակները: Եվ, որքան էլ ձեզ համար դժվար լինի, պետք է գիտակցեք, որ անհրաժեշտ է դիմանալ ու մնալ շարքերում: Վհատվել չի՛ կարելի: Սիրե՛ք լարվածությունն ու մարտը...

Ասված է, որ միայն ամենա-ամենաներն ու նվիրվածները կկարողանան շարունակել էվոլյուցիան:

Ես ուրախ եղա ձեզ այսօրվա իմ խրատները տալուս համար...

 

ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ