Դադարե՛ք խույս տալ էվոլյուցիայի խնդիրներից

 

Սանատ Կումարա

20 հունիսի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝ այս օրով կրկին ձեզ մոտ եկածս: Ես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ ուղերձով դիմելու Երկրի մարդկությանը: Ո՛չ միշտ է մեզ նման հնարավորություն ընձեռնվում: Քանզի Երկրի իրադրությունը փոխվում է, և անհատականությունների գիտակցությունը չափազանց շատ է ենթակա դառնում փոփոխությունների:

Այսօր ես եկել եմ, որպեսզի ձեզ պատկերացում տամ, թե ինչ է կատարվում մոլորակի վրա: Ձեզնից շատերը, ֆիզիկական ոլորտում իրենց շուրջը եղած իրավիճակը դիտելով, մտորում են, թե ինչ է ի վերջո տեղի ունենում: Կարծես թե ամեն ինչ սովորականի պես է, բայց այնուհանդերձ ինչ որ բան անորսալիորեն փոխվել է: Ընդ որում, ձեզնից շատերին թվում է, թե աշխարհը խելքը թռցրել է: Եվ դա հեռու չէ ճշմարտությունից:

Իրոք, մենք մարդկանց գիտակցության առավել շատ փոփոխություն էինք ակնկալում: Մենք ակնկալում էինք համագործակցության ավելի մեծ հնարավորություն, երբ մեր դեսպանորդի միջոցով սկսեցինք մեր աշխատանքը Ռուսաստանում: Եվ հիմա զարմանքով նկատում ենք, որ կրկնվում է Ամերիկայի տխուր փորձը: Ռուսնե՛րն էլ նույն ուղով գնացին: Մեր ուղերձները նրանց զարմանքն են հարուցում, դիտարկում են դրանք որպես վայրի մի բան, և այնուամենայնիվ՝ մեր ուղերձներն ու մեր Ուսմունքը նրանց գիտակցությունը չի զբաղեցնում ավելի երկար, քան այն ժամանակը, որն անհրաժեշտ է թելադրությունը կարդալու համար:

Ցավոք, մենք դեռևս չենք ստացել այն, ինչն ակնկալում էինք: Մենք համագործակցության պատրաստակամություն չենք տեսնում: Չենք տեսնում այն անհատներին, որ այնքան խորացած լինեն մեր Ուսմունքի մեջ, որպեսզի զոհեն իրենց ողջ ունեցածը՝ նույնիսկ կյանքը, հանուն այն բանի, որ Երկիր մոլորակի կենսահոսքերին մատուցած իրենց անշահախնդիր ծառայությունն ի վիճակի դառնա երկրաբնակ շատ մարդկանց գիտակցությունները վերաուղղորդելու դեպի Աստվածային Ճշմարտության ճանաչողություն:

Մենք հասկացանք, որ մեր հյուսերը հերթական անգամ չարդարացան: Մենք նորից բախվեցինք մարդկային գիտակցության ծուլության ու անկանխատեսելիության հետ: Դե ի՞նչ, մեզ սա դաս եղավ, և մենք պատրաստ ենք առաջ ընթանալ էվոլյուցիոն զարգացման ուղով: Ձեզ դեռևս հույս մնում է, բայց, որպեսզի այդ հույսն իրականություն դառնա, դուք պետք է մի լավ մտորեք, թե արդյո՞ք անում եք ամեն ինչն այնպես, ինչպես պետք է անեք:

Քանի որ մոլորակի իրադրությունը շիկանում է, դուք այլևս ժամանակ չունեք չափազանց շատ ու երկար խոսելու: Մենք հենվում ենք այն Ուսմունքի վրա, որն արդեն տրված է: Եվ, որպեսզի շարունակեք ձեր շարժումը, պետք է ձեր կյանքի յուրաքանչյուր օրը նվիրաբերեք ձեր գիտակցության փոխմանը: Ես շատ լավ գիտակցում եմ ու հաշվի եմ առնում, որ դուք թաղված եք պատրանքի մեջ, և որ այդ պատրանքն օր օրի ավելի է ուժեղանում:

Բայց և դու՛ք հասկացեք մեզ: Մենք մտահոգված ենք և հոգ ենք տանում բոլոր այն հոգիների փրկության համար, որոնք դեռ քնած են, բայց և քնի մեջ լսում են մեր կանչը, մեր իրազեկումներն ու մեր Ուսմունքը: Դուք դեռ ի վիճակի չեք տարբերելու, թե այն, ինչ լսում եք մեզնից, ձեր քնի շարունակությու՞նն է, թե՞ Նոր Օրվա ղողանջը:

Սակայն մենք բավարարվում ենք քչով. դուք մեզ լսում եք, և դա արդեն ուրախալի է:

Երբեք մի՛ դադարեք նպատակամղվել: Երբեք թույլ մի՛ տվեք, որ պատրանքը գրավի ձեր ողջ գիտակցությունը:

Ես հույսս չեմ կորցնում և համոզում եմ բոլոր տիեզերական խորհուրդներին, որ Երկիր մոլորակի մարդկությունն ունակ է շարժվելու էվոլյուցիոն զարգացման ուղով:

Սակայն ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում: Ես ձեզ չեմ ասի քննարկվող ժամկետների և այն իրադարձությունների ճշգրիտ տարեթվերի մասին, որոնք սպասվում են: Ինչների՞դ է պետք, որ իմանաք...

Նրա համար, ով քնած է մնացել, ոչ մի նշանակություն չունի, թե ինչ տեղի կունենա: Իսկ արթուններին ոչ մի բան չի սպառնում:

Մնացին այն քչերը, որոնք կարծես քնի մեջ լսում են իմ խոսքերը և իմ ուղերձները կարդալուց անմիջապես հետո իսպառ մոռանում դրանց մասին: Բայց ձե՛զ էլ ոչ մի ժամկետ չեմ հայտնի: Քանզի ժամանակը ոչ մի նշանակություն չունի, եթե հիմա չեք կարողանում ձեզ ենթարկացնել ձեր գիտակցության փոփոխությունը:

Ես եկել եմ, որպեսզի հիշեցնեմ, որ ձեզնից՝ մարմնավորվածներիցդ են կախված շատ ու շատ բաներ, եթե չասենք՝ ամեն ինչը:

Դադարե՛ք խույս տալ էվոլյուցիայի խնդիրներից. դադարե՛ք թաքնվել անկյուններում, որպեսզի շարունակեք թաքուն խաղալ ձեր երեխայական խաղերը: Դուք արդեն հատել եք բոլոր այն հնարավոր սահմանները, որոնց ընթացքում անհրաժեշտ էր յուրացնել մեր Ուսմունքը:

Այժմ ես ամենայն պատասխանատվությամբ պետք է ասեմ, որ ամբողջ աշխարհն ու նրա ճակատագիրը կախված են այն քչերից, որոնք որոշակի առաքելությամբ ու նպատակով մարմնավորվել են հենց այս ժամանակ, և այնպես են տարվել պատրանքով, որ բաց են թողել բոլոր հատկացված ժամկետները: Եվ հիմա մեր առջև ծառացել է անհրաժեշտություն՝ կա՛մ երկարաձգել ժամկետները, կա՛մ էլ բռնի կերպով ձեզ քնից հանել:

Ամեն անգամ մենք ասում ու զգուշացնում ենք, և ամեն անգամ ձեր գիտակցությունը հրաժարվում է հավատալ, որ ամեն ինչ շատ լուրջ է: Թող որ իմ այս ուղերձը ձեզ ստիպի գոնե կարճ ժամանակով բացել ձեր աչքերը, որպեսզի տեսնեք այն վտանգը, որը սպառնում է մարդկությանը, եթե նա չկարողանա այն քչերի միջոցով, որոնք մարմնավորվել են հատուկ այդ առաքելությամբ, հենց հիմա անել այն, ինչ պահանջում է Տիեզերական Օրենքը: Իսկ հենց հիմա պահանջվում է ապացուցել, որ մարդկությունն ունակ է համագործակցելու Բարձրագույն Աշխարհների հետ. որ մարդկությունը կարող է և ուզում է զարգանալ՝ ընթանալով էվոլյուցիոն զարգացման վերընթաց ուղով:

Ես այս ամենն ասում եմ ձեզ բաց ու շիտակ, քանզի ինձ վրա պատասխանատվություն եմ վերցրել Երկրի մարդկության համար: Եվ ես կշարունակեմ ձեզ քնից հանել ու արթնացնել այնքան ժամանակ, մինչև որ իրապես արթնանաք:

Դուք չեք կարող պատկերացնել, թե որքա՜ն դժվար է լինում ինձ համար, որպեսզի համոզեմ Մեծ Կենտրոնական Արևին, որ մարդկությանն էլի՛ մի քիչ ժամանակ է պետք ու էլի՛ մի քիչ էներգիա: Շատ ցավալի է, որ դուք ունակ չեք գնահատել ու հասկանալ այն խնամքն ու հոգածությունը, որ այժմ ձեզ ցուցաբերում են ձեր ավագ եղբայրներն ու քույրերը՝ Համբարձյալ Վեհապետները:

Ես այժմ լռում եմ, որպեսզի ասածներիս շուրջ մտորելու ժամանակ ունենաք: Խոստացեք, որ ձեր գիտակցության տարբեր վիճակներում առնվազն երեք անգամ կկարդաք իմ այս ուղերձը:

Ես այս օրով եկա, որպեսզի իմ ձայնը ձեր սրտերին հասցնելու ևս մեկ փորձ կատարեմ:

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ