Մենք շարունակում ենք Ռուսաստանում սկսած մեր գործը

 

Վեհապետ  Էլ Մորիա
10
հուլիսի 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան:

Դուք սպասու՞մ էիք ինձ... Ես գիտեմ, որ ձեզնից շատերն անհամբերությամբ սպասում էին իմ այցին: Քանզի Վեհապետներից ոչ մեկն այնքան վճռական ու խիստ գործնական տոնով չի խոսում, ինչպես ես. որովհետև Ռուսաստանում մեր սկսած բոլոր գործերի պատասխանատվությունն ինձ վրա է ընկած: Եվ այդ պատասխանատվությունն ինձ ստիպում է, որ խոսեմ հակիրճ, տարողունակ ու գործնական տոնով:

Ուղերձի սահմանափակ շրջանակում անհրաժեշտ է շատ բան ներառել:

Դե ի՞նչ, ես կսկսե՛մ: Ձեզ պետք է որ հայտնի լինի, որ մեր առաքելությունը Ռուսաստանում տեղապտույտ է տալիս: Եվ նաև պետք է հայտնի լինի, որ դրա պատճառն այն լուսակիրների անճարակությունը եղավ, ովքեր պետք է մասնակից դառնային մեր առաքելությանը, բայց փոխարենն այլ զբաղմունքներ գտան և զբաղվեցին այնպիսի գործերով, որոնք բոլորովին մեր հետաքրքրությունների ոլորտի մեջ չեն:

Որքա՜ն երկար ու մանրակրկիտ են նախապատրաստվում մեր առաքելությունները: Որքա՜ն շատ զրույցներ են վարվում նուրբ ոլորտում այն հոգիների հետ, որոնք նախապատրաստվում են այդ առաքելությանը: Եվ երբ գալիս է գործելու անհրաժեշտության ժամանակը, տեղի է ունենում այն, ինչը հնարավոր չէ նախապես ծրագրավորել. դուք հրապուրվում եք բաներով, որոնցով երբեք չէիք հրապուրվել, և կարծում եք, թե հենց դրա համար եք մարմնավորվել: Դուք չեք լսում և չեք ուզում լսել մեր խոսքերից ոչ մեկը, որոնք կարդում եք մեր ուղերձներում կամ գիշերային քնի ընթացքում լսում մեր մենաստաններում, չեք նկատում ֆիզիկական ոլորտի մեր նշանները. դուք պարզապես սուզվում եք պատրանքի մեջ:

Եվ ի՞նչ է մնում անել: Ես իմ ծափողջյուններն եմ հղում մեր դեսպանորդին՝ իր հերոսական ջանքերի համար: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ որևէ կերպ չէր պլանավորված, որ այդ կինը շինարարությամբ կզբաղվի՝ իր մարմնավորման թանկարժեք օրերը նվիրաբերելով այնպիսի բաների, որոնցով պետք է զբաղվեին բոլորովին ուրիշ մարդիկ: Ես նրան ծափահարում եմ, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ գուցե լավ է դա, բայց ամբողջ այս երկու տարում, երբ ընթանում էր շինարարությունը, առաջ գնալու փոխարեն մենք մի քանի տարով հետ գնացինք:

Այո՛, մենք նորից ստիպված ենք ձեզ նստացնելու առաջին դասարանցու դասասեղանի առջև և նորից սկսելու մեր ուսուցումը՝ փոխանակ զբաղվելու այն գործերով, որոնք պլանավորված էին:

Մենք ակնկալում էինք, որ ավելի շատ բան կհասցնենք անել, բայց ձիերը կառքի առջևից չենք լծի: Կսպասենք, մինչև ռուս մուժիկը քնից կշտանա ու վեր կենա վառարանի վրայից: Այսպիսի ասացվածք կա. Ռուսները դանդաղ են լծում, բայց արագ են գնում: Պետք է ասեմ, որ դուք դեռ ձեռնամուխ չեք եղել լծելու գործին:

Մենք դեռևս գտնվում ենք ուղու ամենասկզբում և հրատապորեն փնտրում ենք այն անհատներին փոխարինողներին, որոնք կանչվել էին Լույսի առաքելության գործին մասնակցելու, բայց վազքուղուց դուրս մնացին: Ամեն մեկն իր պատճառն ուներ, բայց ընդհանուր արդյունքը ողբալի եղավ. այս ու այնտեղ առկայծող ցաքու ցրիվ կայծերը չեն կարող հաջողության ցուցանիշ ծառայել: Եվ, փոխանակ միավորվելու մեր դեսպանորդի դրոշի ներքո, դուք գտաք ձեր արդարացումը զանազան գործերի տեսքով, որոնք փորձում էիք ի կատար ածել ֆիզիկական ոլորտում այս ու այնտեղ:

Եղբայրության գործերից զատ դուք այլ գործեր չպետք է ունենաք:

Եվ այնժամ երբ մենք բոլոր փողերը փչելով ազդարարում ենք լայն ճակատով հարձակում, դուք չպետք է զբաղվեք հարմոն նվագելով: Հենց այդպես են երևում ձեր գործերից շատերը, որոնցով զբաղված եք:

Փոխանակ մեր գործին մասնակցելու և օգնելու, դուք բազմաթիվ գործեր գտաք, որոնք գուցե լավ են էվոլյուցիոն զարգացման որոշակի փուլի համար, բայց ձեր հոգիները դրանց կարիքը բոլորովին չունեն:

Դա նույն բանն է, որ այն լեռնագնացն, ով նվաճել է աշխարհի շատ բարձր գագաթներ, հիմա զբաղվի այն բլրիկը նվաճելով, որով ձմեռը սահում են հինգ տարեկան երեխաները: Ես չգիտեմ, թե էլի ի՞նչ խոսքեր գտնեմ, որպեսզի խելքի բերեմ ձեզ: Բայց և այնպես մենք շարունակում ենք Ռուսաստանում սկսած մեր գործը: Մենք առաջ կընթանանք ուղիղ այնքան, որքան կկարողանանք: Բայց ես տխուր եմ. կարելի էր անհամեմատ ավելի շատին հասնել: Սակայն թերևս վաղ է արդյունքներն անփոփել. աշխատանքի եռուն շրջանն է: Եվ այնժամ, երբ կկարողանանք ծածանել մեր դրոշներն ու կարգավորել մեր մարտակարգերը, կտեսնենք, թե ով կհանդգնի մեզ հակադրել իր խորամանկ որոգայթներն ու շահադիտական նպատակները:

Հասավ ֆիզիկական ոլորտում հզորություն զարգացնելու ժամանակը:

Մենք չենք հոգնում ձեզ համար կրկնել, որ ձեզ անհրաժեշտ է խիստ որոշակի գործեր անել, բայց դրանք պետք է անեք ոչ թե քաոսայնորեն, այլ կազմակերպված ձևով: Ձեզ անհրաժեշտ է միավորվել: Եթե մեզ հաջողվի երկրագնդի ինչ որ վայրում իրականացնել մտահղացումը, ապա կկարողանանք նույն փորձը կրկնել նաև ուրիշ շատ վայրերում:

Ես ակնկալում էի, որ դուք ավելի շատ ճարպկություն ու արագաշարժություն կդրսևորեք: Ի՞նչ արած, փորձենք շարքերը վերադասավորել և մեծացնել Լույսի զորությունը:

Դուք երկար էիք սպասել իմ այցին: Սակայն հիմա ես ձեզ հետ երկար զրուցելու ժամանակ չունեմ:

Ավելի լավ աշխատեք, և ես ձեզ ավելի շատ ժամանակ կհատկացնեմ...

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ