Զրույց հետագա էվոլյուցիայի համար անհրաժեշտ հատկանիշների մասին

 

Պադմա Սամբհավա

8 հուլիսի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Պադմա Սամբհավան՝ աշխարհների միջով ձեզ այցի եկածս:

Այսօրվա մեր զրույցի թեման հավերժական այն թեման է, որն ակտուալ կլինի, քանի դեռ գոյություն ունեն երևակված աշխարհները: Դա Ուսուցչի և աշակերտի թեման է՝ Գուրուի և իր սանի:

Ձեզ մատչելի են դարձել զանգվածային տեղեկատվության ամենակատարյալ ձևերը. ձեր տրամադրության տակ է Ինտերնետը, զինված եք համակարգիչներով: Սակայն ես ձեզ պետք է ասեմ, որ ձեր քաղաքակրթությունը մի մազաչափ անգամ առաջ չի գնացել այն հարաբերությունների առումով, որոնք գոյություն ունեն աշխարհների երևակումից ի վեր:

Դրան հակառակ՝ դուք համարում եք, որ ամեն ինչ գիտեք, և ձեզ մատչելի է ցանկացած տեղեկատվություն, որն առատորեն սփռված է ձեր աշխարհում:

Ձեզ հավատացնում են, որ ամբողջ տեղեկատվությունը կարելի է գնել փողով, և որ այն դրված է գրախանութների դարակների վրա կամ կարելի է ձեռք բերել սեմինարներ հաճախելով:

Ձեզ մոլորեցնում են, և դուք ենթարկվում եք այդ մոլորությանը: Քանզի իրապես արժեք ներկայացնող տեղեկատվությունը դուք չեք գտնի գրախանութների դարակներից:

Ձեր քաղաքակրթությունը, որքան էլ ցանկանա, չի կարող ստանալ այդ տեղեկատվությունը: Քանզի դրա բանալիները թաքցված են ձե՛ր իսկ ներսում: Եվ, որպեսզի ստանաք այդ բանալիները, հարկ է, որ ձեր գիտակցությունը բարձրացնեք համապատասխան մակարդակի վրա: Աստվածային իմաստությունն ուսուցանելու մեխանիզմը մշակվել է դարերով: Այն է՝ աշակերտը պետք է հնազանդորեն սպասի այն պահին, մինչև կբացվի այն դուռը, որի հետևում պահված է Ճշմարտությունը:

Ժամանակը փոխվել է: Բայց այն փոխվել է միայն այն առումով, որ ավելի ու ավելի քիչ մարդիկ են ունակ ձեռք բերելու այն հատկանիշները, որոնք կարող են մոտեցնել այն դռանը, որի հետևում պահված է Ճշմարտությունը: Մնացյալները Ճշմարտությունը փնտրում են ոչ թե այնտեղ, որտեղ այն կա, այլ այնտեղ, որտեղ լույս են գցում զանգվածային տեղեկատվության միջոցների լուսարձակները և փողհարում, որ ահա՝ գտանք ճշմարտությունը:

Հանդարտ, շա՜տ հանդարտ է գալիս Ճշմարտության գիտակցումը՝ երկու շնչի և սրտի երկու զարկերի միջև:

Ո՜չ, փողոցի աղմուկն ու տեղեկատվության զանգվածային միջոցների աղմուկը պիտանի չեն այն բանի համար, որպեսզի սկսվի Ճշմարտության որոնումը:

Ունայնը չափազանց շատ է ձեր քաղաքակրթության մեջ: Եվ երբ որևէ մեկը հրապարակում է հերթական հիմարությունը՝ այն ներկայացնելով որպես բարձրագույն ոլորտներից հենց նոր ստացված տեղեկատվություն, կարելի է և՛ ժպտալ, և՛ տխրել: Քանզի դրանում շատ ունայն բաներ են պարունակվում, կան շատ ու շատ տարբեր բաներ, բայց չկա Ճշմարտություն:

Սարդոստայնի նմանվող փրկարար թելեր են սփռված ձեր աշխարհում՝ որպես նշաններ, որոնք տանում են դեպի Ճշմարտության մենաստանները: Բայց այդ նշանները դուք չեք նկատում և դրանց վրա ուշադրություն չեք դարձնում:

Շատ պարզ բաներ են պետք, որպեսզի ձեր քաղաքակրթությունը գոնե մոտավոր պատկերացում կազմի գաղտնի գիտելիքների մասին, որոնք ուսուցիչ-աշակերտ շղթայով դեռևս տարծվում են Երկրում:

Երբեք, նույնիսկ ամենաահեղ ժամանակներում, աշխարհների միջև կապը չի ընդհատվել: Մշտապես, նույնիսկ ամենաահավոր ժամանակներում, մարմնավորված են եղել մարդիկ, որոնք աշխարհին փոխանցել են Ճշմարտության թրթիռները:

Երկրագնդի վրա այժմ էլ հատուկ վայրեր կան, որտեղ ներկա են այդ Գիտելիքի, այդ Ճշմարտության կրողները:

Ես գիտեմ և համոզված եմ, որ կգան այնպիսի ժամանակներ, երբ մարդիկ կհոգնեն ունայնից: Եվ մարդիկ կսկսեն վերադառնալ այն նեղ արահետին, որը տանում է դեպի Ճշմարտություն:

Երբ ես մարմնավորման մեջ էի, գիտելիք փնտրողի հետ զրույցի չէի բռնվում, քանի դեռ նա չէր ցուցաբերում իր նպատակամղվածությունն ու խոնարհությունը:

Երբեմն ես տասնյակ տարիներով սպասում ու դիտում էի՝ նախքան ամենապարզ զրույց վարելն այն անհատների հետ, որոնք ձգտում էին դառնալ իմ աշակերտները, որպեսզի ստանան Ճշմարտության մի մասնիկ:

Ձեզնից ո՞վ կարող է մեդիտացիայի դիրքով ամբողջ տարիներով նստել և խոնարհ սպասել այնքան ժամանակ, մինչև ձեր թրթիռները թույլ տան Ուսուցչին, որպեսզի նա խոսի ձեզ հետ:

Չէ՛, դուք ուզում եք փող վճարել և փոխարենը ստանալ բոլոր գիտելիքները:

Հանդարտվե՛ք: Ճշմարտությունն ու գիտելիքը փողով չեն տրվում: Դրանք մուտք են գործում ձեր էության մեջ այնժամ, երբ ձեր գիտակցությունը պատրաստ է դրանք ընկալել:

Դա անխուսափելիորեն տեղի է ունենում: Երբ անոթը պատրաստ է, հայտնվում է և Ուսուցիչը: Դա օրենք է, որը գործում է ձեր ֆիզիկական աշխարհում:

Եվ եթե Ուսուցչին մոտենաք ձեր իրապես պատրաստ լինելուց ավելի շուտ, ապա հիասթափությունից բացի ուրիշ բան չեք ստանա: Դեռ ավելին՝ կմեղադրեք ձեր Ուսուցչին այն բոլոր թերությունների մեջ, որոնք բնորոշ են հենց ձեզ: Քանզի իսկական Ուսուցիչն այն հայելին է, որի մեջ տեսնում եք ինքներդ ձեզ:

Հաճախ է պատահում, երբ մարդիկ համարում են, որ ժամանակն ու ֆիզիակական աշխարհի պայմաններն այնքան են փոխվել, որ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ուսմունքներ. որ հին մոտեցումները կորցրել են իրենց ուժը և այլևս գործուն չեն:

Դե ի՞նչ, հնարավոր է, որ ձեզ համար այդպես է: Սակայն այն օրենքները, որոնք միլիարդավոր տարիներ ի վեր գործում են տիեզերքում, դեռևս չեն փոխվել:

Երբևէ ձեր գիտնականներն իրենց լաբորատորիաներում կգտնեն տիեզերական օրենքների հաստատումները: Սակայն դա տեղի չի ունենա ավելի շուտ, քան մարդկանց գիտակցությունը պատրաստ կլինի ընկալելու այդ հայտնագործությունները: Իսկ մինչ այդ՝ ձեր գիտությունը կտրված կլինի Ճշմարտությունից, ճիշտ այնպես, ինչպես ձեր ողջ քաղաքակրթությունն է կտրված Ճշմարտությունից:

Ես այսօր ձեզ այցի եկա, որպեսզի ձեր գիտակցության համար պարզ դառնա, որ քանի դեռ հետագա էվոլյուցիայի համար ձեռք չեք բերի անհրաժեշտ հատկանիշներ, չեք տեղաշարժվի այն մեռյալ կետից, որի վրա մարդկությունը դոփում է արդեն մի քանի հազարամյակ:

Ես կկրկնեմ այդ հատկանիշները, որպեսզի ավելի լավ յուրացնեք դրանք:

Ձեզ անհրաժեշտ է խոնարհություն Բարձրագույն Օրենքի առջև. ձեզ անհրաժեշտ է նպատակամղվածություն, հնազանդություն, համբերություն և համբերատարություն:

Դրանք՝ հիմնական հատկանիշներն են:

Դրանցից զատ, ձեզ անհրաժեշտ է ունենալ ճիշտ վեկտոր, որի շնորհիվ Ուղով ձեր ընթացքը կստանա ճշմարիտ ուղղվածություն: Իսկ ճիշտ վեկտորը ձեզ համար կլինի այն, որ ցանկանաք օգնել համայն տիեզերքում գոյություն ունեցող բոլոր կենդանի էակներին:

Ես ձեզ խրատ տվեցի: Եվ հիմա ձեզ ժամանակ է պետք, որպեսզի մտորեք դրա շուրջ:

 

ԵՍ ԵՄ Պադմա Սամբհավան: ՕՄ:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ