Ուսմունք Մահա Քրանթիի մասին

 

Պաշտելի Բաբաջի

3 հուլիսի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Բաբաջին՝ այս օրով ձեզ այցի եկածս:

Ես այսօր եկել եմ, որպեսզի դուք պատկերացում ստանաք այն փուլի մասին, որում այժմ գտնվում է մարդկությունը, նաև այն մասին, թե ինչ է սպասվում ձեզ մոտակա ժամանակներում:

Երբ ես գտնվում էի մարմնավորման մեջ[1], Ուսմունք տվեցի սպասվող մեծագույն հեղափոխության, մեծագույն փոփոխության մասին՝ Մահա Քրանթիի մասին:

Ուսմունքը լսող ո՛չ բոլոր մարդիկ էին այն հասկանում: Բայց բոլորը երկյուղում էին արյունահեղ իրադարձություններից: Ես ահաբեկել էի նրանց: Սակայն այն իրադարձությունը, որին ականատես կլինի մարդկությունը, կապված չէ այնպիսի հեղափոխության հետ, որը տեղի կունենա մարդկանց, մարդկանց խմբերի, քաղաքական կուսակցության կամ որևէ երկրի կամքով:

Այդ հեղափոխությունը կամ փոփոխությունը տեղի կունենա բարձրագույն ուժերի կամքով: Մարդկային զոհերի և՛ կարգը, և՛ քանակը, որոնք անխուսափելի կլինեն սպասվող փոփոխությունների ընթացքում, կորոշվի գիտակցության այն մակարդակով, որին այժմ մարդկությունն ի վիճակի կլինի հասնել: Միակ որոշիչ գործոնը ձեր գիտակցության մակարդակն է: Դուք կա՛մ կդիմանաք սպասվող փոփոխություններին, կա՛մ ոչ: Եվ ձեզնից նրանք, ովքեր ունակ են հասկանալու մեր Ուսմունքն ու հետևելու դրան իրենց կյանքում, կկարողանան անցնել այդ փոփոխություններով, և նրանց ոչինչ չի սպառնա:

Հարկավոր է միայն, որ հասկանաք Ուսմունքը, անցկացնեք ձեր միջով, կիրառեք այն ձեր կյանքում, և ձեր գիտակցությունը կփոխվի:

Դուք չեք կարողանա մուտք գործել ապագա՝ ունենալով գիտակցության այնպիսի մակարդակ, որը բնորոշ է ներկայիս մարդկության մեծամասնությանը: Եվ դա ոչ թե իմ քմահաճույքն է, այլ՝ գործող օրենք:

Երբ մոտենում են տիեզերական ժամկետները, ապա անխուսափելիորեն տեղի է ունենում մեծագույն անցում, մեծագույն փոփոխություն: Մարդկության հոծ զանգվածը, եթե պատրաստ չէ այդ անցումին, չի կարողանա դրան դիմանալ: Սակայն դրանից հետո Երկրի վրա պայմաններ կստեղծվեն, որպեսզի մարդկանց նոր ռասան բնակեցնի մոլորակը և շարունակի երկրային էվոլյուցիան:

Այդ փոփոխությունները ռասաների հերթագայության ընթացքում միշտ տեղի են ունենում: Եվ դրանք անխուսափելի են մոլորակի համար: Սակայն դրանց ժամկետների մասին ձեզ ոչինչ չի ասվի: Երբեք չեն նշվում կոնկրետ ժամկետները: Միշտ ասվում է սպասվող փոփոխությունների անխուսափելիության մասին: Ձեզնից յուրաքանչյուրին հայտնի է, որ փոփոխություններն անխուսափելի են: Եվ բոլորդ ունեք փոխվելու հնարավորություն: Բոլորդ հնարավորություն ունեք փոխելու ձեր գիտակցությունը և ընթանալու էվոլյուցիոն ուղով:

Նախորդ մեծագույն փոփոխությունները նկարագրված են անցյալի սուրբ գրքերում: Աստվածաշնչում դուք կարդացել եք ջրհեղեղի մասին, Վեդաներում կարդացել եք Կուրուկշետրայի մեծագույն ճակատամարտի մասին:

Անցյալի շատ պատմական փաստաթղթեր հիշատակումներ են պարունակում Երկիր մոլորակի վրա տեղի ունեցած փոփոխությունների մասին:

Այժմ մոլորակի վրա ապրում են շատ մեծ քանակությամբ հոգիներ: Եվ այդ հոգիները՝ շատերը նրանցից, վերջին հնարավորությունն ունեն, որպեսզի կանգնեն զարգացման էվոլյուցիոն ուղու վրա: Նրանցից շատերի համար մեր տված Ուսմունքն անհասկանալի կլինի: Սակայն բանը նույնիսկ արտաքին գիտակցությամբ Աստվածային իմաստությունն ընկալելը չէ, այլ բանը մաքրության ու արդարակյացության ներքին օրենքին հետևելու մեջ է:

Ձեր հոգին կարող է ցեխով պատվել, և արտաքինից կարող է թվալ, թե դուք պիտանի չեք էվոլյուցիայի համար: Սակայն Տիեզերական Վարչությունը զննում է ձեր հոգու խորքը, և ցեխի ցանկացած շերտի ու բազմաթիվ անկատարությունների հետևում կարող է տեսնել այն ոսկու շողարձակումը, որը չի կարող աննկատելի մնալ իմաստունների փորձառու հայացքի դեմ:

Մեկը ձեզ հետագա էվոլյուցիայի համար ոչ-պիտանի է թվում, քանի որ կեղտի մեջ կորած է, տհաճ արտաքինով, չի հարմարվում ձեր կյանքին: Այնինչ նրա հոգին պատրաստ է հետագա էվոլյուցիային: Իսկ մյուսն ունի մարդկային բոլոր արժանապատվություններն ու տարբերանշանները, շրջապատված է պատվով, փառքով, երկրպագուներով, բայց արի ու տես, որ պատրաստ չէ հետագա էվոլյուցիային: Քանզի նրա հոգի՛ն է արատների մեջ թաղված: Աշխարհում փայլողներ և աշխարհի աղքատներ: Ե՛վ մեկ, և՛ մյուս խմբում կան այնպիսինները, որ կշարունակեն էվոլյուցիան, և կան նաև  այնպիսինները, որ չեն շարունակի:

Չկա որոշիչ մի հայտանիշ, որն արտաքին գիտակցությանն իմաց աներ, թե ով է պատրաստ, և ով՝ ոչ: Ո՛չ ազգությունը, ո՛չ ռասան, ո՛չ դավանանքը, ո՛չ սոցիալական դրությունը, ո՛չ էլ տարիքը չեն կարող հայտանիշ ծառայել էվոլյուցիայի նկատմամբ կարողության կամ անկարողության վերաբերյալ:

Չկա՛ այնպիսի հայտանիշ, որը ցուցանի մարդկային գիտակցության մակարդակը: Սակայն Աստծո համար, մարդկային անկատարություններից ու թերություններից անդին, բացվում է ինչպես մեկի անմահ ոգին, այնպես էլ մյուսի փտածությունն ու քայքայումը:

Ըստ այդմ, շա՜տ դժվար ժամանակներում եք դուք ապրում: Ամեն ինչ իրար է խառնված, և մեծ դժվարություն է հարուցում ջոկելն ու որոշելը, թե ով է անգին հատիկ, և ով՝ մոլախոտ:

Ուստի և ձեր ժամանակներում այդքան շատ են հրապուրանքներն ու այն ամենն, ինչը չի համապատասխանում Աստվածային ձևաչափերին:

Եթե հոգին պատրաստ է հետագա էվոլյուցիային, ապա արտաքին աշխարհի ոչ մի հրապուրանք չի կարող այդ հոգուն շեղել Ուղուց: Իսկ այն հոգիները, որոնք դեռ պատրաստ չեն, հնարավորություն ունեն հրաժարվելու շրջապատի հրապուրանքներից և դառնալու արդարակյաց:

Չի՛ կարելի ասել, որ Աստված անարդար է: Ամեն ոք ինքն է անում իր ընտրությունը: Եվ ամեն ոք ենթագիտակցական մակարդակով տեղեկացված է այն ընտրության մասին, որ ինքն է արել:

Դուք ինքներդ եք դատում ձեզ և կատարում ձեր նախընտրանքը: Աստված ձեզ չի խանգարում: Իսկ ես մյուս Համբարձյալ Վեհապետների հետ մեկտեղ հնարավորություն ունեմ տալու իմ խրատները, բայց այդ խրատները նրանց համար են, ովքեր պատրաստ են դրանք լսել:

 

ԵՍ ԵՄ Բաբաջին: ՕՄ:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը


 

[1] Շրի Հեյրակհան Վալե Բաբա (Բաբաջի) մեծագույն հոգևոր ուսուցիչ, որն ապրել է Հնդկաստանում 1970 1984 թթ., Հիմալայների ստորոտի Կումաոնի շրջանում, որտեղ ծնվել ու գործել են շատ ու շատ ականավոր հնդիկ սրբեր: Երիտասարդի մարմնով հայտնվելով Հեյրակհան գյուղի մոտակա քարանձավում՝ Երկրի վրա գտնվելու հետագա իր 14 տարին Նա նվիրաբերել է իր աշրամում մարդկանց ծառայելուն:

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ