Մենք պետք է Աստծուն հնարավորություն

տանք դրսևորելու իրեն մեր միջոցով

Կոնֆուցիոս

31 մարտի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Կոնֆուցիոսը, որ եկել եմ ձեզ մոտ այս դեսպանորդի միջոցով:

Ես եկել եմ Աստվածային Իմաստության գիտությունից խրատներ կարդալու:

Երկրի վրա իմ մարմնավորումից հետո անցել են շատ հարյուրամյակներ: Եվ ես ուրախ եմ ընձեռնված հնարավորության համար՝ երախտապարտ լսարանի առջև կրկնելու իմ Ուսմունքի խոսքերը:

Միշտ ավելի լավ է լսել խոսքը սկզբնաղբյուրից, քան թե վստահել այդ խոսքի մեկնաբանությանը, որը տալիս են այն մարդիկ, ում կարծիքով իրենք հասել են իմաստության ճանաչման բարձր աստիճանի, բայց գտնվում են Աստվածային Իմաստության լեռնագագաթի ստորոտում, և ունայն կյանքն անընդհատ շեղում է նրանց ուշադրությունը՝ թույլ չտալով դեպի գագաթը տանող ուղղությամբ գոնե մեկ քայլ անել:

Ես կարծում եմ, որ ձեզ հետ, ովքեր կարդում են այս տողերը, այդպես չի լինի: Եվ դուք ունակ կլինեք որոշ ժամանակով վերանալ ձեզ շրջապատող պատրանքից և կենտրոնանալ անանց Ճշմարտությունների վրա, որոնք որևէ կապ չունեն այն ժամանակի, երկրի կամ շրջապատի հետ, որոնց դուք պատկանում եք:

Ձգտեք կենտրոնանալ ձեր սրտի վրա. սրտի զարկերի վրա: Ունկնդրե'ք ձեր շնչառությանը: Ներշնչում... Արտաշնչում...

Ձեր սրտի աշխատանքն ու ձեր շնչառությունը որևէ կերպ կապված չեն այն պետության հետ, որում ապրում եք: Ինչպես և՝ կապված չեն այն դերի հետ, որը դուք կյանքում խաղում եք:

Ճիշտ նույն կերպ նաև Աստվածային Ճշմարտությունն է. այն ինքնին գոյություն ունի և կախված չէ ձեր գիտակցությունից ու ձեր մտքերից:

Այդ դեպքում ինչու՞ դուք գոյություն ունեք, եթե այս աշխարհը կարող է հրաշալի յոլա գնալ առանց ձեզ: Այս հարցը ձեզ չի՞ հետաքրքրել: Երբևէ դուք ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու եք ապրում:

Կարծում եմ, որ այդ հարցը ձեր կյանքում գոնե մեկ անգամ կանգնել է ձեր առջև: Իսկ որոշների առաջ այն ծառացել է այնքան համառորեն և այնքան հաճախ, որ կյանքի իմաստի որոնումը տառացիորեն նրանց համար վերածվել է հենց կյանքի իմաստի:

Դուք իրավացի' եք, սիրելինե'րս, պատվարժան խնդիր է՝ պարզել, թե ինչու եք ապրում, և ինչու գոյություն ունի այն ամենն, ինչը շրջապատում է ձեզ:

Երբ ես մարմնավորման մեջ էի, այդ հարցը տառացիորեն գերել էր ինձ: Օրեր էին լինում, երբ ես տեղս չէի գտնում՝ նորից ու նորից փորձելով գտնել այդ հարցի պատասխանը:

Ես հավատացյալ մարդ էի և ընդունում էի այն աշխարհայացքը, որն ընդունված էր ինձ շրջապատող հասարակության մեջ՝ այնքան ժամանակ, քանի դեռ չէի հասկացել, որ այդ աշխարհընկալման համակարգը ստեղծված է մարդկանց կողմից՝ այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսին ես ինքս եմ: Հասուն մարդ դառնալուն զուգընթաց՝ ես հասկացա, որ ես կատարյալ չեմ և, այդ պատճառով, իմ յուրաքանչյուր միտքն արդեն ոչ կատարյալ է դառնում՝ նախքան այն բարձրաձայն արտահայտելը: Ինչու՞ ես կատարյալ չեմ: Եվ ինչու՞, որքան էլ ջանում եմ՝ չեմ կարողանում հաղթահարել իմ ներսի այդ անկատարությունները:

Ձեզ ծանո՞թ են այս հարցերը: Դուք է՞լ եք այդ հարցերը տվել ձեզ:

Որոշ ժամանակ անց այդ հարցի պատասխանը հիմք դարձավ ուսուցման համակարգի համար, ինչը ես տալիս էի այն մարդկանց, որոնք ցանկանում էին ուսուցանվել ինձ մոտ:

Ես պարզորոշ գիտակցում էի, որ իմ ներսում կա ի'մ իսկ Բարձրագույն՝ ավելի կատարյալ մասը: Եվ ես կարողանում էի հաղորդակցվել իմ այդ մասի հետ: Բայց և գիտակցում էի, որ իմ այդ մասի դրսևորմանը ես ինքս եմ խանգարում. ոչ թե իմ սահմաններից դուրս որևէ մեկը, այլ հենց ինքս:

Ես ենթադրում էի, որ ես և մյուս բոլոր կենդանի էակները ստեղծված են Նրա կերպարով, ով ստեղծել է այս աշխարհը, և ով իր դիրքով անհամեմատ բարձր է գտնվում մեզնից: Եվ մենք բոլորս կապված ենք Նրա հետ և մի անբաժանելի Միասնություն ենք կազմում: Եվ ճիշտ այնպես, ինչպես ես ունեմ իմ ներսում իմ Բարձրագույն մասը, այս Աշխարհի Ստեղծողն ու Արարիչը նույնպես ունի իր Բարձրագույն մասը, ինչպես և՝ իր ցածրագույն մասը: Իսկ Նրա այդ ցածրագույն մասը ես եմ՝ մարմնավորման մեջ. և' ես, և' մյուս կենդանի էակները, և' ամբողջ Երկիրը, որը երևում է ինձ՝ որքան աչքս կտրում է:

Մենք բոլորս Նա ենք՝ մարմնավորման մեջ:

Եվ Նա մեր միջոցով ապրում է, ստեղծում, ճանաչում: Մեր միջոցով՝ յուրաքանչյուր կենդանի էակի միջոցով, Նա ճանաչում է Ինքն իրեն:

Մենք բոլորս նրա բջիջներն ու անոթներն ենք: Մենք կազմում ենք նրա մարմինը: Եվ մենք բոլորս կապված ենք թե' Նրա հետ, թե' մեկս մյուսի հետ: Այն ամենն, ինչը սահմանազատում է մեզ իրարից և Նրա հետ Միասնությունից՝ ենթակա է հաղթահարման:

Ըստ այդմ՝ ես ուսուցանում էի և շարունակում եմ այժմ ուսուցանել միայն մեկ պարզ բան: Ձեզնից յուրաքանչյուրին ես հրավիրում եմ աշխատել իր այն մասի վրա, որը խանգարում է միասնական լինել Արարչի հետ: Աշխատել իր այն մասի վրա, որը թույլ չի տալիս ձեզ լրիվ միասնության վիճակում գտնվելու Աստծո, Արարչի, Ատմանի, Բարձրագույն Բանականության հետ: Կարևոր չէ, թե ինչպես կկոչեք այն, որի մի մասն եք դուք իրականում հանդիսանում:

Դուք ոչինչ չեք կարող անել այլ մարդու փոխարեն: Դուք մի այլ մարդու չեք կարող ստիպել անելու որևէ բան, որը ձեզ պետք է: Ավելի ճիշտ՝ դուք դա կարող եք անել, բայց ձեզ հարկ կլինի բռնություն կիրառել: դուք միայն ուժով կարող եք ստիպել որևէ մեկին՝ աշխատել ձեզ համար կամ կատարել ձեր հրամանները: Կարևոր չէ՝ այդ ուժը ֆիզիկական է, թե ձեր կողմից գրված օրենքի տեսք ունի:

Հապա փորձե'ք ձեր մարմնի մեջ սրտին ստիպել շնչել, իսկ թոքերին՝ արյուն մղել արյունատար անոթներով:

Դա ձեզ չի' հաջողվի: Իսկ եթե դիմենք պատմությանը, ապա այն հենց կազմված է այնպիսի դրվագներից, երբ ինչ-որ մեկը փորձում է ստիպել մի ուրիշին՝ անել այն, ինչ իրեն է պետք: Այստեղից էլ հենց ծագել են բոլոր պատերազմներն ու աշխարհի բոլոր անարդար դրսևորումները:

Եվ այդ բոլոր անարդարությունների հիմքում ընկած է ցանկությունը, որ մեկն անի այն, ինչ մյուսին պետք է:

Վերադառնանք սեփական անկատարության թեմային:

Երբ երիտասարդ էի, ես իսկապես մտածում էի, թե կարող եմ իմ համոզմունքի ուժով և անձնական օրինակով աշխարհին ոգեկոչել փոփոխության: Ես շատ ջանք ու եռանդ ծախսեցի՝ փորձելով համոզել մարդկանց, որ ճիշտ գործեն և ճիշտ պահեն իրենց:

Իմ ուժերը չհերիքեցին, որպեսզի համոզեմ մարդկանց, որ վարվեն այնպես, ինչպես իմ կարծիքով խելացի կլիներ:

Այնժամ ես փորձեցի գործել այն մարդկանց հետ համատեղ, որոնք կիսում էին իմ համոզմունքները: Սակայն, միևնույնն է՝ նախկինի պես իմ ուժերը չէին հերիքում:

Հավատացե'ք ինձ, ես չափազանց շատ ջանք թափեցի, որպեսզի համոզեմ մարդկանց, որ նրանք ճիշտ չեն ապրում, որ նրանք գոնե մի փոքր լսեն ինձ, թե ինչպես արժե ապրել:

Անցնում էր տարին տարու հետևից, տասնամյակը տասնամյակի հետևից, իսկ վիճակն աշխարհում չէր փոխվում՝ չնայած իմ ձգտմանն ու թափած ջանքերին:

Ինչու՞:

Ես միայն մի փոքրիկ ավազահատիկ էի՝ այս տիեզերքի օրգանիզմի մի փոքրիկ բջիջը: Եվ ես փորձում էի համոզել ամբողջ տիեզերքին, որ նա պետք է ապրի իմ օրենքներով:

Եվ շատ տասնամյակներ անց ես վերջապես գիտակցեցի, որ ողջ Երկրի վրա միակ մարդը, որ խանգարում էր ինձ, հենց ինքս էի: Դա իմ անչափ փառասիրությունն էր և իմ անչափ վստահությունը, որ ես ճանաչել եմ ամբողջ Ճշմարտությունն ու կարող եմ այն ուսուցանել ուրիշներին:

Իմ արտաքին մարդ-արարածը, փոխանակ ենթարկվելու այն օրենքին, որը գործում է այս տիեզերքում, փորձում էր ստիպել ողջ տիեզերքին՝ ապրել իր օրենքով:

Ես հասկացա գլխավոր Ճշմարտությունը: Եվ պետք է ձեզ ասեմ, որ արժեր ծախսել ամբողջ կյանքը՝ այդ Ճշմարտությունը գիտակցելու համար:

Անիմաստ ու անօգուտ է սեփական օրենքներ մտցնել այն աշխարհում, որում մենք ապրում ենք: Մենք պետք է ենթարկվենք Օրենքին, որն ընկած է այս տիեզերքի հիմքում, և որն արդեն ստեղծվել է այս տիեզերքի արարման պահին:

Եվ Օրենքն այնպիսին է, որ մենք պետք է հրաժարվենք կյանքում մեզ՝ մեր էգոն, դրսևորելու ցանկությունից. մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի հնարավորություն տանք Աստծուն մեր միջոցով ինքն իրեն դրսևորելու:

Այդ դեպքում մենք կկարողանանք վերականգնել մեր Միասնությունը: Եվ մենք կկարողանանք մասնակցել այս տիեզերքի Արարչի մտահղացման իրագործմանը:

Եվ դա այն խնդիրն ու գործն է, որ պետք իրագործի յուրաքանչյուրը: Եվ չկա տիեզերքում որևէ մեկը, որ այդ գործն ի կատար ածի ձեր փոխարեն: Ուրեմն՝ այդ աշխատանքն ամենակարևորն է: Եվ այդ աշխատանքի կատարումն է հանդիսանում այն կյանքի իմաստը, որը դուք փնտրում եք ձեր սահմաններից դուրս ու չեք կարողանում գտնել:

Ես տալիս եմ ձեզ իմ երկրային կյանքի ընթացքում ունեցած մտորումների պտուղը: Բայց ես չեմ կարող ստիպել ձեզ՝ ճաշակել այդ պտուղը: Դա դուք ինքներդ պետք է անեք:

Ձեզնից դուրս ոչ ոք չի կարող ձեր փոխարեն կատարել ձեր աշխատանքը:

Ես լքում եմ ձեզ: Եվ ես հուսով եմ, որ ձեր մտքին ճիշտ ուղղություն տվեցի:

ԵՍ ԵՄ Կոնֆուցիոսը

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ