Ես շնորհավորում եմ ձեզ այս կարևոր փորձի հաջող իրականացման առթիվ՝ կապված հրատապ ու կարևորագույն տեղեկատվությունը ֆիզիկական պլան հասցնելու հետ

Պաշտելի Էլ Մորիա

30 հունիսի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Էլ Մորիա Խանը՝ այս դեսպանորդի միջոցով այս օրով ձեզ մոտ եկածս:

Իրադարձություններն այնքան արագ տեմպով են ծավալվում, որ պահանջվում են մարմնավորման մեջ գտնվող տառացիորեն բոլոր լուսակիրների ջանքերը: Ես չգիտեմ՝ զգու՞մ եք դուք արդյոք այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում էլ ավելի մեծ ուժով ու արագացմամբ: Հիրավի, եկել է շատ արագ ու միաձույլ գործելու ժամանակը: Եվ նրանք, ովքեր դա չեն զգում ու չեն հասկանում, արժանի են կարեկցանքի, քանզի դուրս են մնացել ժամանակից և փորձում են ապրել հին դրվածքով ու ամեն ինչին մոտենալ հին չափանիշներով:

Սկսվել է Նոր Դարաշրջան, որին, տառացիորեն ընթացքից, դուք պետք է հարմարեցնեք ձեր գիտակցությունը: Քանզի այն ռիթմը, որն սպասվում է ձեզ մոտ ապագայում, ձեզնից կպահանջի ձեր բոլոր ջանքերը, ձեր բոլոր մղումներն ու ձեր սրտերի ամբողջ կրակը:

Ըստ այդմ՝ եթե նույնիսկ ձեզ թվում է, թե ձեր շուրջը ոչինչ չի փոխվել ու մնացել է առաջվա պես, մի' հավատացեք ձեր աչքերին: Ամե՜ն ինչ է փոխվել: Եվ փոխվել է այնքան վճռականորեն ու անվերադարձ, որ ձեր ողջ երևակայությունը չի հերիքի, որպեսզի պատկերացնեք այն փոփոխությունները, որոնք սպասվում են և որոնք արդեն տեղի են ունենում, բայց դեռևս տեսանելի չեն ձեր ֆիզիկական աչքերի համար: Մենք սկսել ենք մեր ընթացքը: Եվ առաջարկում ենք բոլորին, ովքեր արթուն են, ովքեր գիտակցում են վրա հասնող փուլի կարևորությունն ու պատրաստ են գործելու, որ առանց իրենց խնայելու՝ նախապատրաստվեն: Շատ շուտով դուք նույնպես՝ ձեզնից յուրաքանչյուրը, իր երկրում ու իր քաղաքում կզգան այն փոփոխությունները, որոնք սկիզբ են առել:

Ձեզ համար դժվար է դրան հավատալ, քանի որ ձեր շուրջն ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես նախկինում կար: Բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ այն ամենակարևոր փոփոխությունը, որին մենք ձգտում էինք հասնել վերջին մեկ ու կես հարյուրամյակի ընթացքում, արդեն իրականացել է: Գիտակցության փոփոխություն է տեղի ունեցել մարմնավորման մեջ գտնվող բավարար քանակությամբ մարդկանց մոտ, ինչի արդյունքը ֆիզիկական պլանում միանգամայն զգալի դրսևորում կգտնի: Այն ժամկետները, որոնց ընթացքում գիտակցության այդ փոփոխությունները կնստեցվեն Երկիր մոլորակի ֆիզիկական պլանում, նույնպես կարճեցված են: Կար ժամանակ, երբ գիտակցության փոփոխությունները ֆիզիկական պլանում նստեցվում էին տասնյակ ու հարյուրավոր տարիների ընթացքում: Իսկ հիմա, եթե ձեր գիտակցությունը փոփոխություն կրի, ապա մի գիշեր էլ չի անցնի, և ձեր գիտակցության փոփոխությունն իր ազդեցությունը կունենա ձեր գործերի վրա: Ես խոսում եմ պարզեցված, որպեսզի դուք պատկերացում ստանաք վրա հասնող ժամանակների ու հնարավորության մասին:

Շատ շուտով դուք ձեր կյանքերում կկարողանաք նկատել այն հետևանքները, որոնք արդյունք են ձեր փոփոխված գիտակցության: Իսկ եթե դուք ոչ մի փոփոխություն չնկատեք, ապա դա ընդամենը կարելի բացատրել մի բանով՝ դուք իզուր եք ժամանակ վատնել այս թելադրությունները կարդալու համար, քանի որ այն ամենակարևոր բանը, որի համար տրվել են այս թելադրությունները, աչքաթող եք արել: Դուք չեք կարողացել փոխել ձեր գիտակցությունը: Դուք կորցրել եք թանկագին ժամանակը և ձեռքից բաց եք թողել Աստծո կողմից ձեզ շնորհված հնարավորությունը:

Դուք առաջվա պես մտածել եք, որ այս թելադրություններում գեղեցիկ բաներ կկարդաք, և դա է այն բոլորն, ինչ ձեզ անհրաժեշտ է: Դուք սխալվել եք, քանի որ գեղեցիկ խոսքեր կարդալուց բացի, ձեզնից պահանջվել են կոնկրետ գործողություններ, որոնք 100 տոկոս հավանականությամբ կհանգեցնեին արդյունքի՝ ձեր գիտակցության փոփոխությանը, եթե միայն չծուլանայիք և թելադրությունները կարդայիք ոչ թե որպես խոսքեր, այլ ուղեցույց՝ ձեր պրակտիկ գորղողությունների ու ֆիզիկական պլանի ձեր գործերի համար:

Դե ինչ, նա, ով բաց է թողել իր շանսը՝ ձեռնադրումների արագացված կուրս անցնելու և իր գիտակցությունը փոխելու համար, հնարավորություն կունենա մնալու նույն դասարանում և նորից կարդալու այս դեսպանորդի միջոցով տրված թելադրությունները՝ սկսած այս տարվա մարտի 4-ին տրված թելադրությունից:

Եվ, եթե դուք նորից ձեր գիտակցության մեջ ու ձեր կյանքում ոչ մի փոփոխություն չզգաք, ապա խորհուրդ եմ տալիս երրորդ անգամ կարդալ այս թելադրությունները:

Դուք անգնահատելի, միանգամայն առանձնահատուկ շնորհ եք ստացել՝ հանձինս այս թելադրությունների: Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքա՜ն էներգիա է ծախսվել Համբարձյալ Դասերի կողմից, որպեսզի այս թելադրություններն Ինտերնետի միջոցով հասցվեն ուղղակի ձեր տուն: Որքա՜ն շատ հրեշտակներ են մասնակցել գործին: Ես էլ չեմ ասում այն ճիգերի մասին, որոնք ներդրվել են Տատյանայի կողմից՝ այս թելադրություններն ընդունելուց:

Դուք նույնիսկ չեք կարող երևակայել, թե ինչ է նշանակում դիմանալ տեղեկատվության ու էներգիայի ամենօրյա այդ հոսքին:

Փորձի սկզբում մեզնից ոչ մեկը վստահ չէր, որ մեզ կհաջողվի իրականացնել այդքան սեղմ ժամկետներում այդքան կարևոր տեղեկատվության այդպիսի մեծ ծավալի փոխանցումը: Բայց այժմ մենք կարող ենք համարձակորեն հայտարարել, որ փորձը հաջողությամբ է պսակվել: Գործն արված է՝ և արված է հրաշալի՜ կերպով:

Ես շնորհավորում եմ ձեզ, ես շնորհավորում եմ Տատյանային այս կարևոր փորձի հաջող իրականացման առթիվ՝ կապված հրատապ ու կարևորագույն տեղեկատվությունը ֆիզիկական պլան հասցնելու հետ: Աշխատանքը կշարունակվի, բայց ամենագլխավոր փուլն արդեն հետևում է. տեղեկատվական փուլը, երբ մոլորակի ֆիզիկական պլան է հասել հատկապես ընթացիկ պահի համար այդքան կարևոր տեղեկատվությունը: Դուք հնարավորություն կունենաք ստանալու բոլոր անհրաժեշտ պարզաբանումները: Եվ մենք մեր դեսպանորդ Տատյանայի հետ կշարունակենք մեր աշխատանքը:

Գալիս է նոր փուլ: Մի փուլ, երբ թելադրություններում պարունակվող տեղեկատվությունը ծիլեր կտա մարդկանց սրտերում: Եվ յուրաքանչյուրը կկարողանա կիրառություն գտնել իր բոլոր ուժերի ու ունակությունների համար: Գործը բոլորի'ն կհերիքի: Ֆիզիկական պլանի ձևափոխության գործը դեռ նոր է սկսվում: Եվ ամեն ոք, ով կարողացել է արթնացնել իր գիտակցությունն ու վառել բոցն իր սրտում, գիտելիքի, տեղեկատվության ու էներգիայի աղբյուր կհանդիսանա այն բոլոր մարդկանց համար, ում կհանդիպի իր կյանքում: Ձեր՝ լուսակիրներիդ խնդիրն այն է, որ մշտապես վառ պահեք ձեր ջահերն ու Լույս տաք աշխարհին:

Նրանցից յուրաքանչյուրն, ով այս թելադրությունները կարդալու ընթացքում կարողացել է արթնացնել իր գիտակցությունը, ինձնից կստանա նուրբ ոստայնի թել, որով կկարողանա կապվել ինձ հետ և օժանդակություն ստանալ դժվարին պահին:

Ձեզ պետք կլինի միայն կոչ հղել. Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, գործի եմ կոչում այն թելը, որն ինձ կապում է Տիրակալ Էլ Մորիայի հետ: Տիրակա'լ Էլ Մորիա, խնդրում եմ օգնել ինձ այս իրադրության մեջ (մանրամասն նկարագրեք իրադրությունը): Օգնի'ր ինձ Աստվածային լուծում գտնելու իմ այս իրադրության համար՝ այն օգնության սահմաններում, ինչ թույլ է տալիս ցուցաբերել Բարձրագույն Օրենքը:

Եվ հենց որ հղեք այս կոչը, ես կօգնեմ յուրաքանչյուրին, ով իր աշխատանքով վաստակել է ինձ հետ անձնական, անհատական կապ ունենալու իրավունքը: Դուք անպայման կզգաք այդ կապի թելը, որով ձեր սրտերը կապվում են իմ սրտի հետ: Եվ շատերն արդեն զգում են այդ կապը:

ԵՍ ԵՄ Էլ Մորիան: Եվ ես պնդում եմ, որ Աստծո հետ լինելուց ամեն ինչ հնարավոր է դառնում...

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ