Դուք կարող եք ձեր Սիրո օգնությամբ ձեր աշխարհից դուրս մղել ամբողջ անկատարությունը

Պաշտելի Լանելլո

29 մայիսի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Լանելլոն՝ նորից ձեց մոտ եկածս:

ԵՍ ԵՄ եկել, որպեսզի ձեզ հնարավորություն տամ ծանոթանալու Ռուսաստանի և աշխարհի իրադրության վերաբերյալ իմ մտքերի ու մտորումների հետ: Եվ ձեր ազատ կամքն է՝ ի գիտություն ընդունել իմ մտորումները, թե՝ ոչ, դրանցով կյանքում առաջնորդվել, թե՝ դեն նետել:

Ցավոք՝ դուք հազվադեպ եք ականջալուր լինում այն խորհուրդներին, որոնք ստանում եք մեզնից:

Եվ այն տեղեկատվությունը, որը պարունակվում է այս թելադրություններում, ձեզնից շատերի համար ոչնչով չի տարբերվում այն տեղեկատվությունից, որը դուք ստանում եք զուտ մարդկային աղբյուրներից: Դրա պատճառը ձեր Հավատի անբավարարությունն է:

Դուք ձեր մարդկային խելքով ոչ մի կերպ չեք կարողանում հավատալ, որ Համբարձյալ Դասերը հենց այսպես, հասարակ ձևով, կարող են գալ և զրուցել ձեզ հետ:

Տեղի է ունենում ուղիղ այն, պաշտելինե'րս, ինչը դուք թույլ եք տալիս ձեր գիտակցության մեջ: Եվ, եթե դուք ձեր արտաքին գիտակցության մեջ անվերջ կրկնում եք, թե այս Ռուսաստանում երբեք ոչինչ չի փոխվի և չի լինի ավելի լավ, ապա միամտություն կլիներ սպասել, որ ձեր շուրջը տեղի կունենան ինչ-որ փոփոխություններ:

Սկզբում ձեր գիտակցությունը պետք է ընդունի փոփոխությունները, որից հետո տեղի ունենա այդ փոփոխությունների նստեցումը ֆիզիկական պլանում: Մի' մոռացեք, որ էներգիան՝ Աստվածային Էներգիան, կարող է մուտք գործել ձեր աշխարհ միայն այն բյուրեղյա լարով, որն ամրացված է ձեր սրտում՝ ձեր սրտի գաղտնի մենաստանում: Եվ Աստվածային Էներգիան, որը մուտք է գործում ձեր աշխարհ ձեր սրտերի միջով, գունազարդվում է ձեր մտքերով, զգացմունքներով ու մղումներով: Եվ, եթե դուք ձեր գիտակցության մեջ մշտապես կրկնում եք և ձեր գլխում մշտապես պահում եք Ռուսաստանի ապագային վերաբերող ամենավատ մտքերն ու ամենավատ կանխազգացումները, ապա այդքանից հետո ձեզ տարօրինակ չի՞ թվում արդյոք ինչ-որ դրական փոփոխություններ ակնկալել ձեր երկրում:

Ուստի այն, ինչ մոտակա ժամանակներում ձեզ անհրաժեշտ է սովորել՝ ձեզ շրջապատող իրականության նկատմամբ դրական տրամադրվածություն մշակելն է: Դուք պետք է դրական պատկերի աճ խթանեք ձեր գիտակցության մեջ՝ ձեր երկրի, ձեր բնակավայրի, վերջապես՝ ձեր ընտանիքի ապագայի համար:

Սովորություն դարձրեք՝ ամեն անգամ ձեր ծառայության ավարտից հետո մեդիտացիա անել ի բարօրություն Ռուսաստանի: Միացրեք ռուս երգահանների՝ Ռախմանինովի, Չայկովսկու երաժշտությունը կամ հանրահայտ համաշխարհային երգահանների՝ Բախի, Բեթհովենի, Մոցարտի երաժշտությունը: Խորհրդածե'ք, թե ինչպիսի՞ն դուք կուզենայիք տեսնել ձեր երկրի ապագան:

Մի' խուսափեք արտահայտել առաջին հայացքից չափազանց ֆանտաստիկական թվացող գաղափարներ: Ձեր գիտակցության մեջ կառուցեք ձեր երկրի համար երջանիկ ապագա: Եթե ձեզ համար դժվար է կենտրոնանալ ամբողջ երկրի վրա, ապա կարող եք մտորել այն գործունեության մասին, որը կարող է իրականացնել ձեր խումբը:

Եվ, եթե որևէ խմբի անդամ չեք, ապա ձեր գիտակցության մեջ կարող եք ապագա կառուցել ձեր ընտանիքի, ձեր հարազատների ու մերձավորների և, վերջապես, անձամբ ձեզ համար:

Եվ, եթե ձեր ֆանտազիան չի բավականացնում, որպեսզի երջանիկ ապագա կառուցեք ձեր երկրի, ընտանիքի և ձեզ համար, ապա մտածեք այն մասին, թե ձեզ համար ի՞նչ է իրենից ներկայացնում երջանկությունը: Ի՞նչը դուք կուզենայիք ձեր կյանքում փոխել, որպեսզի մշտապես զգաք երջանկության, հանգստության, ներդաշնակության, սիրո վիճակ:

Նույնիսկ գտնվելով գիտակցության վերամբարձ վիճակում և հեռու վանելով ծանր մտքերն ու զգացմունքները՝ դուք ձեր աշխարհի համար վերածվում եք Լույսի աղբյուրի: Պատկերացրեք, թե ինչպես է անընդհատ հոսքով ձեր սրտի մեջ լցվում մաքուր Աստվածային Էներգիան: Եվ դուք այդ Էներգիայի սեփականատերն եք հանդիսանում: Եվ ձեզ վրա է դրված լիակատար պատասխանատվությունը՝ այդ Էներգիան մաքուր ու անեղծ պահելու հարցում:

Զգացե'ք, թե ինչպես է այդ էներգիան լցվում ձեր աուրայի մեջ: Ձեր աուրան ընդարձակվում է, հարթվում: Ձեր ողջ մարմինն ընկղմվում է երանության, լիության վիճակի մեջ: Դուք հանգստություն եք զգում և վստահություն՝ ձեր, ձեր ապագայի նկատմամբ: Հասկանում եք, որ Աստված հոգում է ձեր մասին՝ Երկրի վրա գտնվելու ամեն պահի ընթացքում: Եվ ձեզ անհրաժեշտ է միայն զգայուն լինել և լսել այն խորհուրդները, որոնք ստանում եք ձե'ր իսկ Բարձրագույն մասից:

Ձեր Բարձրագույն Եսը միշտ գիտի, թե ինչ պետք է անեք: Մի' համառեք, լսե'ք նրա խորհուրդները, ընդունե'ք նրա օգնությունը ձեր երկրային գործերում:

Երբ դուք լի եք հանգստության ու սիրո զգացմունքով, ապա փորձեք ձեր այդ զգացումը տարածել այն սենյակով մեկ, որտեղ գտնվում եք: Այնուհետև պատկերացրեք, որ ձեր աուրան շարունակում է ընդլայնվել և ընդգրկել այն տունը, որտեղ ապրում եք: Հետո ձեր աուրան լայնանալով ընդգրկում է արդեն հարևան տները, ապա ողջ քաղաքը: Եվ ամեն մարդ, ով հայտնվում է ձեր աուրայի դաշտի ազդեցության տակ, դառնում է նույնքան հանգիստ, ներդաշնակ և հավասարակշռված, որքան դուք ինքներդ: Բոլոր վատ ու տագնապալից մտքերը լքում են յուրաքանչյուր մարդու, ով ընկնում է ձեր աուրայի դաշտի ազդեցության տակ:

Ձեր սրտի ամեն զարկի հետ ձեր աուրան ընդարձակվում է էլի ու էլի: Ամեն ձեր ներշնչման ու արտաշնչման հետ ձեր աուրայի ազդեցության գոտին ավելի ու ավելի է մեծանում:

Դուք կարող եք պատկերացնել, որ ձեր աուրայի ազդեցության տակ է ընկնում ձեր ամբողջ երկիրն ու ամբողջ երկրագունդը:

Ամբողջ աշխարհը մշտապես զգում է Սիրո, անդորրության պակաս: Դուք կարող եք ձեր Սերը նվիրել ամբողջ աշխարհին, ամեն մի կենդանի էակի, որը գտնվում է Երկիր մոլորակի վրա:

Պատկերացրեք, թե որքան շատ կան Երկիր մոլորակի վրա էակներ, որոնք հենց հիմա զգում են ձեր օգնության կարիքը: Եվ հենց այս պահին՝ ձեր սրտից բխած Սիրո ալիքները կարող են կանխել որևէ մեկի մահը կամ թեթևացնել որևէ մեկի տառապանքները:

Նվիրաբերե'ք ձեր Սերն աշխարհին: Դա այն է, ինչ կարող եք անել աշխարհի համար, և այն ձեզնից չի պահանջում որևէ լրացուցիչ ծախս:

Առաքե'ք ձեր Սերը ձեր երկրի նախագահին: Առաքե'ք ձեր Սերը բոլոր այն մարդկանց, ովքեր իշխանություն ունեն և որոնցից կախված է ձեր երկրի իրադրության փոփոխությունը:

Երբ մեկը զգում է իր հասցեով առաքված Սեր, ապա դա նրան ուժ ու վստահություն է հաղորդում, որպեսզի իրականացնի ճիշտ, Աստվածային գործողություններ: Աղոթե'ք, որպեսզի ձեր կառավարիչներն ունակ լինեն իրենց սրտերի մեջ Աստվածային իմաստություն ստանալ. որպեսզի նրանց սրտերը բաց լինեն Աստվածային առաջնորդության համար:

Ձեր երկիրը ձեր երեխան է՝ ձեր համայնական զավակը: Եվ ձեզնից յուրաքանչյուրի վրա պատասխանատվություն է ընկած՝ հոգալ ձեր երեխայի մասին:

Այժմ ձեր երկիրը նման է անապաստան երեխայի, ով ոչ մեկին պետք չէ և ում բոլորն անիծում են:

Փոխեցե'ք ձեր վերաբերմունքը ձեր երեխայի նկատմամբ, և իրավիճակը ձեր երկրում կփոխվի:

Ես այսօր ուղղություն տվեցի ձեզ՝ ձեր ամենօրյա աշխատանքի համար: Դուք կարող եք ինքներդ կազմել մեդիտացիայի տեքստն ու կրկնել այն:

Միակ պայմանը հանդիսանում է ձեր զգացմունքների անկեղծությունն ու մաքրությունը: Դուք չեք կարող Սեր խաղալ, չեք կարող հոգածություն խաղալ ձեր երկրի համար: Դուք դա պետք է անեք անկե'ղծ: Անկեղծությամբ հղե'ք ձեր Սերը դեպի այն աններդաշնակ իրավիճակը, որը ծագում է ձեր երկրում: Ջերմությու'ն զգացեք ձեր սրտում: Զգացեք, թե ինչպես են Աստվածային Սերն ու ներդաշնակությունն Աստվածային աշխարհից ներթափանցում ձեզ մոտ:

Այժմ դուք կարող եք այդ Սերն ու ներդաշնակությունը սփռել ձեր ամբողջ երկրում, ամբողջ աշխարհում:

Եվ, երբ դուք ձեր կյանքում կբախվեք որևէ աններդաշնակ իրավիճակի հետ, միշտ հիշեցե'ք մեդիտացիայի ընթացքում ձեր սրտում ապրած այդ Սիրո զգացմունքը և ձեր սրտից այդ Սերն առաքեք դեպի տվյալ աններդաշնակ իրավիճակը:

Դուք չեք կարող մարտնչել ողջ աշխարհի անկատարության դեմ, բայց կարող եք ձեր Սիրո օգնությամբ ձեր աշխարհից դուրս մղել ամբողջ անկատարությունը:

ԵՍ ԵՄ Լանելլոն՝ ձեր նկատմամբ սիրով լի:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ