Ձեր աշխարհը ենթակա է փոփոխության, և այդ փոփոխությունը կարող է իրականացվել միայն ձեր գիտակցության փոփոխման ճանապարհով

Պաշտելի Հիսուս

28 մայիսի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Հիսուս՝ այս օրով ձեզ մոտ եկածս:

Այսօրվա իմ զրույցի բովանդակությունն այն նյութը կկազմի, առանց որի Ուղով ձեր առաջընթացն ավելի քիչ հաջող կլինի: Ուստի՝ դուք պետք է ժամանակ գտնեք և մանրազննին կերպով ծանոթանաք այս նյութին:

Դուք գիտեք, որ ես քայլեցի Երկրի վրայով 2000 տարի սրանից առաջ: Եվ բազմաթիվ մարդկանց աչքում այդ իրադարձությունն այնքան նշանակալից եղավ, որ նրանցից շատերը պաշտեցին ինձ՝ որպես Աստծո Որդու և Փրկչի: Եվ նրանց այդ հավատը որպես հիմք ծառայեց այն կրոնի համար, որը ձեզ հայտնի է որպես քրիստոնեություն:

Բայց ես պետք է ձեզ ասեմ, որ քրիստոնեությունն իր ողջ պատմության ընթացքում չի արտացոլել այն Ուսմունքի էությունը, որը ես ուսուցանում էի՝ գտնվելով Երկրի վրա:

Ես առանձնապես ցանկություն չունեմ ձեր ուղեղներում ու սրտերում անվստահություն սերմանել քրիստոնեության, ինչպես և ցանկացած ուրիշ համաշխարհային կրոնի նկատմամբ: Պարզապես ես կցանկանայի ուղորդել ձեր միտքը և ձեր ուշադրությունը կենտրոնացել ոչ թե Ուսմունքի այն արտաքին դրսևորման վրա, որը ներկայացված է բոլոր արտաքին քրիստոնեական եկեղեցիներում, այլ իմ Ուսմունքի ներքին էության վրա: Եվ ձեզ համար պարզ կդառնա, թե ինչու ինձ խաչեցին:

Իսկ իմ Ուսմունքի ներքին էությունն այն էր, որ ձեր աշխարհը ժամանակավոր աշխարհ է, և դուք պետք ձեզ նախապատրաստեք փոխադրվելու մի նոր աշխարհ՝ Աստվածային աշխարհը, որը ձեր իսկական Տունն է հանդիսանում, որտեղից դուրս եք եկել, և որտեղ կվերադառնաք:

Ըստ այդմ՝ աշխարհում չկա մի կրոն, որն արտացոլում է իմ Ուսմունքի էությունը:

Գաղտնիքն այստեղ այն է, որ ամեն մի կրոն իրենից ներկայացնում է Աստվածային Ճշմարտության բեկում՝ մարմնավորման մեջ գտնվող մարդկանց ուղեղներում, ովքեր փորձում են իրենց բառերով ձևակերպումներ տալ Աստվածային Ճշմարտությանը: Եվ, քանի որ այդ մարդկանց գիտակցությունը հեռու է կատարյալ լինելուց, ապա և Ճշմարտությունը, որը նրանք ներկայացնում են արտաքին կրոնի տեսքով, նույնպես հեռու է իրական Աստվածային Ճշմարտությունից:

Ուստի՝ Աստված միշտ աշխարհ է առաքում իր դեսպանորդներին ու մարգարեներին, որպեսզի թարմացնի ճշմարիտ Հավատն ու ճշմարիտ կրոնը: Կրոն՝ հիմնված ոչ թե կուլտի ու ձեր սահմաններից դուրս գտնվող ինչ-որ բանի պաշտման վրա, այլ կրոն՝ հիմնված ձեր ներսում, ձեր սրտերում գտնվող Միասնականի պաշտման վրա: Սրտի կրոն, որն ուսուցանում է համընդհանուր Սեր ամենայն արարվածի նկատմամբ և կյանք կրող բոլոր մասնիկների միասնականություն:

Այդ Հավատում կամ կրոնում տեղ չունի մի մարդկային անհատի գերազանցությունը մի ուրիշ մարդկային անհատի նկատմամբ: Այդ Հավատում կամ կրոնում բոլորը բացարձակ հավասար դիրք են գրավում Միասնական Արարչի, Ստեղծարար Աստծո առաջ: Եվ բոլորը Տիրոջ տաճարի սպասավորներն են:

Քանի որ մարդու գիտակցությունն անկատար է, ապա այդ անկատարությունը մարդկանց անհավասարության պատճառ է հանդիսացել: Ունեցվածքային անհավասարության, որը մարդկանց բաժանել է հարուստների ու աղքատների և սոցիալական անհավասարության, որը հանգեցրել է տարբեր սոցիալական շերտերի ու խավերի առաջացման՝ ստեղծելով կրթության, տեղեկատվության, տարբեր նյութական բարիքների անհավասար, ոչ միատեսակ մատչելիություն բնակչության տարբեր շերտերի համար:

Ձեր աշխարհին հատուկ յուրաքանչյուր անհավասարություն հանդիսանում է ձեր անկատար գիտակցության հետևանք: Իրականում դուք բոլորդ բացարձակապես հավասար եք ձեր Հոր առաջ: Եվ ձեզնից յուրաքանչյուրին Երկնավոր Հայրը հավասարապե'ս է սիրում և հոգ տանում յուրաքանչյուրիդ մասին:

Սակայն, ի սկզբանե ձեզ հատուկ անհատական առանձնահատկությունների պատճառով, դուք ձեզ համար ստեղծում եք այն կարմայական պայմանները, որոնք ծնում են սահմանափակումներ: Եվ ժամանակի ընթացքում դուք հայտնվում եք ձեր գիտակցության զարգացման տարբեր աստիճանների վրա:

Որոշ անհատներ Ուղով առաջընթացի ավելի մեծ հնարավորություն են ստացել՝ շնորհիվ իրենց նախորդ մարմնավորումների ընթացքում ձեռք բերած վաստակի: Որոշ անհատներ էլ հետ են ընկել իրենց զարգացման ճանապարհին, և նրանց գիտակցությունը շատ դժվար է ըմբռնում նույնիսկ ամենատարրական գիտելիքները:

Ըստ այդմ՝ պաշտելինե'րս, Աստված թույլ է տալիս տարբեր դավանանքների, տարբեր կրոնների այսպիսի բազմազանություն, նույնիսկ՝ եթե դրանցից շատերը չափազանց շատ են աղավաղում Աստվածային իրականությունը, քանզի որևէ մեկի համար այս կամ այն մոտեցումը կարող է լավագույնը լինել՝ տվյալ անհատի գիտակցության զարգացման այդ փուլում:

Մենք լիովին հաշվի ենք առնում, որ ներկայումս այս դեսպանորդի միջոցով տրվող թելադրությունները հասկանալի կլինեն շատ քիչ թվով մարդկանց համար: Մյուս մարդկանց, հատկապես՝ նրանց, ովքեր շատ ամուր կերպով իրենց գիտակցությունը շղթայել են ինչ-որ կրոնական հիմնադրույթի հետ, այս թելադրությունները ոչինչ չեն տա, բացի գրգռվածությունից և այն մարդու հետ հաշվեհարդար տեսնելու ցանկությունից, որի միջոցով այս թելադրությունները տեղ են հասնում:

Եվ դուք կարող եք նորից հայտնվել նույնպիսի իրավիճակի առջև, ինչպիսին ստեղծվեց 2000 տարի առաջ, երբ կատաղած ամբոխը գոչում էր. Խաչե՜լ դրան:

Հնարավոր է՝ գործն այս անգամ չհասնի ուղղակի ֆիզիկական հաշվեհարդարին: Բայց այն նեգատիվ ուժերը, որոնք գործում են ձեր աշխարհում, հոգ են տարել, որպեսզի սև մոգության ու կախարդության մի ամբողջ զինանոց մատչելի դառնա ամեն մի ցանկացողի համար: Նայեցե'ք ձեր գրախանութների դարակներին: Գրքերի այն առատության մեջ, որոնցով դրանք ծանրաբեռնված են, հազիվ թե գտնեք մի քանի տասնյակ գրքեր, որոնք իրոք անհրաժեշտ են ձեր հոգևոր զարգացման և հոգևոր առաջընթացի համար: Գրքերի 90 տոկոսը հոգևոր սուռոգատներ են հանդիսանում, որոնց ընթերցումը լավագույն դեպքում անօգտակար է, իսկ վատագույն դեպքում՝ ուղղակի կործանարար ազդեցություն կթողնի ձեր գիտակցության, ձեր մտածելակերպի վրա և տառացիորեն ձեզ կծրագրավորի ոչ-ճիշտ արարքների կատարման ուղղությամբ:

Ուստի, ես միշտ հսկայական բերկրանք եմ ապրում, երբ նուրբ պլանից դիտում եմ, թե ինչպես է հայտնվում ևս մեկը, որին մատչելի են դառնում մեր թելադրությունները՝ Ինտերնետի խորքերում դրանք պարունակող կայքի որոնման արդյունքում: Ինձ համար այդ մարդը նմանվում է ձեր աշխարհի խավարում բանականության, սիրո, մղվածության, հավատի հանկարծակի բռնկված կրակի լեզվակի:

Եվ ես, դիտելով, թե ինչպես են ավելի ու ավելի շատանում նման լեզվակներն այն երկրներում, որտեղ հասկանում են ռուսաց լեզուն, որով տրված են այս թելադրությունները, շատ եմ ցավում, որ առայժմ մեզ չի հաջողվում գտնել այն հուսալի մարդկանց, ովքեր կկարողանային դրանք թարգմանել աշխարհի այլ լեզուներով: Ուստի խնդրում եմ ձեզնից նրանց, ովքեր իրենց մեջ ցանկություն, մղում և հնարավորություն են տեսնում աշխարհի այլ լեզուներով թարգմանություն կատարելու կամ թարգմանությանն աջակցելու համար, նեղություն մի' համարեք, խնդրեմ, կատարել իմ խնդրանքն ու կարևոր ծառայություն մատուցել աշխարհին:

Այս թելարդությունները նման են թարմ քամու, որը ներխուժում է մարդկության գաղջ մթնոլորտը: Եվ որոշների համար փոփոխությունների այդ թարմ քամին օգտակար է, քանզի նրանց դուր է գալիս ընդառաջ դուրս գալ այդ քամու պոռթկումներին և այդ քամու մեջ կանխազգում են այն նորը, որն անխուսափելիորեն կանցնի Երկրով: Եվ արդե'ն իսկ անցնում է նրանց մտքերի ու սրտերի միջով, ովքեր կարդում են այս թելադրությունները: Մյուս կողմից՝ շատերին էլ այդ թարմ քամին այնքան ուժեղ կգրգռի, որ նրանք կուզենան ամեն գնով փակել մարդկային գիտակցությունը նորացնող ու բուժող այդ աղբյուրը: Քանզի նրանք վտանգ են զգում, որը բխում է այդ աղբյուրից, զգում են այն ուժը, որը կարող է խորտակել իրենց սովորական կյանքի դրվածքը և ստիպել հարմարվելու նոր աշխարհին ու այդ աշխարհում գոյատևելու նոր պայմաններին:

Նրանք կարող են, ինչպես 2000 տարի առաջ, գործադրել իրենց ջանքերը, որպեսզի ֆիզիկապես վերացնեն Լույսի աղբյուրը կամ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի խլացնեն այն իրենց անաստված գործողություններով: Սակայն, հիշեցե'ք պաշտելի Սուրիայի թելադրությունը: Յուրաքանչյուր ոք, ով որևէ գործողություն կձեռնարկի մեր դեսպանորդի դեմ, ձեռք կբերի ձեր աշխարհին հատուկ կարմայի ամենածանր տեսակը՝ անաստվածության կարմա:

Յուրաքանչյուր մարդ, ով բացահայտ կամ իր գիտակցության մեջ պայքարում է ընդդեմ Աստծո, Աստծո Օրենքի դեմ, նման է քաղցկեղային ուռուցքի, որը ենթակա է բուժման. իսկ եթե բուժման չի ենթարկվում, ապա անհրաժեշտ է շտապ վիրահատություն կատարել, որպեսզի այդ ուռուցքը հեռացվի Աստվածային օրգանիզմից: Դա կարվի և արվում է արդեն՝ հանուն այս տիեզերքի օրգանիզմի առողջության, որի մի մասն էլ ձեր մոլորակն է հանդիսանում:

Ձեր իրական թշնամիները նիստեր չեն գումարում կառավարությունում ինչ-որ տեղ և չեն գլխավորում որևէ կրոն կամ դավանանք: Ձեր իրական թշնամիները, որոնց դեմ դուք պետք է անզիջում պայքար մղեք, գտնվում են ձեր ներսում: Եվ, առաջին հերթին, դա ձեր տգիտությունն է և ձեր գիտակցությունը փոխել չցանկանալը:

Եվ դուք հազար պատճառ կգտնեք, որպեսզի արդարացնեք ձեր բոլոր գործողությունները, ձեր բոլոր բացասական հատկանիշները, մտքերն ու զգացմունքները՝ փոխանակ հրաժարվեք ձեր անկատարությունից և ձեր աշխարհի հետ ունեցած ձեր բոլոր կապվածություններն ու ձեր բոլոր թերությունները դնեք ձեր ներսում գտնվող, ձեր սրտի մեջ գտնվող ճշմարիտ Աստծուն ծառայելու զոհասեղանին:

Ես գիտեմ, որ ձեզնից յուրաքանչյուրի համար կգա այն օրը, երբ բանականության Լույսը կլուսավորի ձեր էության խավարը, և դուք կանեք ձեր վերջնական ընտրությունը՝ այլևս երբեք ձեզ չբաժանվելով այն Աստծուց, որի մի մասնիկն էլ դուք եք հանդիսանում:

Եվ դուք ձեր կյանքի ու ձեր գոյության իմաստը կգտնեք Աստծո Կամքին լրիվ հնազանդվելու և ձեզ շրջապատող իրականության մեջ այդ Կամքի կատարման գործին ծառայելու մեջ:

Ձեր աշխարհը ենթակա է փոփոխության, և այդ փոփոխությունը կարող է իրականացվել միայն ձեր գիտակցության փոփոխման ճանապարհով: Ահա դա' է այն պարզ ճշմարտությունը, որը ես եկա ուսուցանելու 2000 տարի առաջ, և մարդիկ գերադասեցին խաչել ինձ, քան թե փոխել իրենց գիտակցությունը:

Դե ինչ, դուք նորից կանգնած եք այդ նույն երկընտրանքի առաջ և նորից պետք է կատարեք ձեր ընտրությունը:

Ըստ այդմ՝ ես մաղթում եմ ձեզ, որ կատարեք ճիշտ ընտրություն, հնազանդվեք, վերջապես, Աստծո Կամքին և Նրա անկեղծ սպասավորները դառնաք հավիտյան:

ԵՍ ԵՄ Հիսուս

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ