Թող մոտակա ժամանակում իմ Վարդանոցների ընթերցումը

ձեզ համար լինի առաջնահերթ խնդիր

Մայր Մարիամ

26 մարտի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ ձեր Երկնային Մայրը, որ եկել եմ ձեզ մոտ այս դեսպանորդի միջոցով:

Ես բազմաթիվ անգամ ներկայացել եմ շատ մարդկանց միջոցով, որոնք այսօր մարմնավորված են Երկիր մոլորակի վրա: Ես օգտվում եմ այն թողությունից, որը շնորհված է ինձ, և որը թույլ է տալիս ինձ օգտագործել այն էներգիան, որը մարդիկ հղում են ինձ Վարդանոցների ընթերցման ընթացքում, այն բանի համար, որ երևամ ֆիզիկական աշխարհում:

Ես շատերին եմ երևում, և ես կունենամ դրա հնարավորությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի ցամաքել ձեր սրտերից դեպի իմ սիրտն առաքվող էներգիայի հոսքը:

Ես օգտագործում եմ ամեն մի հնարավորություն, որպեսզի հայտնվեմ նրանց առաջ, ովքեր պատրաստ են տեսնել և լսել ինձ: Ես այժմ եկել եմ Տատյանայի միջոցով, որովհետև ժամանակն է, որ այս փուլի համար ձեզ անհրաժեշտ մի ոչ մեծ խրատ տամ:

Դուք կարող եք պատկերացնել ինձ. ես կանգնած եմ ուղիղ ձեր առջև, երբ դուք կարդում եք այս տողերը: Ես կանգնած եմ ձեր առջև՝ վարդերի փունջը ձեռքիս: Եվ այդ փունջը ես պատրաստել եմ ձեզ համար, սիրելինե'րս: Ձեզ համար՝ որ ձգտումներ ունեք և շատ ժամեր եք անցկացնում իմ Վարդանոցներն ընթերցելով: Մի' դադարեցրեք այդ գործը, սիրելինե'րս: Ես հասկանում եմ, թե որքան շատ են ձեր աշխարհի փորձություններն ու գայթակղությունները, որոնք ավելի կարևոր են թվում այն աղոթքների համեմատ, որոնք ես խնդրում եմ ամեն օր ուղղել ինձ: Սակայն, եթե չլիներ պահի պահանջը և ձեր ծառայության կարիքը, ապա ես չէի անհանգստացնի ձեզ:

Պաշտելինե'րս, որևէ հատուկ նշանակություն չունի այն, թե ո'ր Վարդանոցն եք կարդում՝ ավանդական կաթոլիկական Վարդանոցնե՞րը, թե՞ այն Վարդանոցները, որոնք վերջին ժամանակներում ես տվել եմ շատ դեսպանորդների միջոցով: Գիտակցեք, որ նշանակություն ունեն միայն ձեր սրտերի մղումներն ու մաքրությունը և այս մոլորակի ամբողջ Կյանքին օգնելու ձեր ցանկությունը:

Ես չեմ ուզում ձեզ վախեցնել ակնկալվող աղետներով ու արհավիրքներով: Ո'չ այն պատճառով, որ դրանք մոտ ժամանակում չեն կանխատեսված. արհավիրքներն անխուսափելի են, քանի որ մարդիկ առաջվա պես չեն կամենում ուղղել իրենց հայացքը դեպի Երկինք և շարունակում են համառել այդ աշխարհում նորանոր հաճույքներ ստանալու իրենց ձգտման մեջ: Դրա համա'ր է մեզ այդքան անհրաժեշտ ձեր աղոթքների էներգիան: Ես վստահեցնում եմ յուրաքանչյուրին, ով այս դժվար ժամանակներում ամեն օր կկարդա իմ Վարդանոցները, որ 100 կիլոմետր շառավղով այն վայրի շուրջ, որտեղ տեղի է ունենում ձեր ամենօրյա ծառայությունը, չի լինի ոչ մի աղետ ու արհավիրք:

Հատկապես՝ ես դիմում եմ իմ սիրելի Ռուսաստանի բնակիչներին: Շատ լայնարձակ է ձեր երկիրը, և նրա շատ շրջանների բնակեցվածության նոսրությունը ձեզնից պահանջում է ձեր ծառայության մեջ երկակի, եռակի ջանքերի գործադրում: Ռուսաստանին վիճակված է մեծ դեր խաղալ մարդկության գիտակցության վերափոխման, այդ գիտակցությունն ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու գործում:

Ըստ այդմ՝ ես խնդրանքով դիմում եմ յուրաքանչյուրին, ով լսում է իմ այս ուղերձը. թող մոտակա ժամանակում իմ Վարդանոցների ընթերցումն՝ անկախ նրանից, թե որ դեսպանորդի միջոցով են այդ Վարդանոցները հասել ձեզ, լինի ձեր կյանքի առաջնահերթ խնդիրը: Դուք պետք է հղեք ինձ օրական մի Վարդանոց: Ես խնդրու'մ եմ ձեզ: Աղաչում եմ ձեզ, սիրելինե'րս: Ես անձամբ կգամ յուրաքանչյուրիդ մոտ, ով հանձն է առել ամեն օր կարդալ իմ Վարդանոցները, և մի վարդ կտամ իմ ծաղկեփնջից՝ ի նշան նրա նկատմամբ իմ սիրո:

Եվ դեռ դա բոլորը չէ, սիրելինե'րս: Ես խնդրում եմ, որ դուք կարդաք իմ Վարդանոցներն այն ամենավեհ սիրո զգացումով, որը դուք կարող եք տածել ձեր մոլորակի, ձեր մոլորակը բնակեցնող բոլոր կենդանի էակների նկատմամբ: Եվ նաև խնդրում եմ ձեզ՝ նախքան Վարդանոցն ընթերցել սկսելը, խորացե'ք ձեր սրտերի մեջ: Զգացե'ք ձեր սրտի ջերմությունը: Մտածե'ք իմ մասին: Ես գիտեմ, թե որքան դժվար է այս դժվարին ժամանակներում Երկրի վրա մարմնավորման մեջ լինելը: Բայց դուք հիշեք, թե որքան դժվար էր ինձ համար, երբ իմ աչքերի առջև խաչվեց իմ Հիսուս որդին. ի՞նչ վիճակում էի ես՝ նրա տառապանքները տեսնելիս...

Սիրելինե'րս, դուք սիրու՞մ եք ինձ: Կարո՞ղ եք ամեն օր Վարդանոցը կարդալուց առաջ, ընդամենը մի քանի րոպե ձեր սրտի Սերն առաքել ինձ: Չէ՞-որ դա բարդ բան չէ: Դուք կկատարե՞ք իմ խնդրանքը, սիրելինե'րս:

Ես սիրում եմ բոլորիդ: Եվ ես կգամ ձեզ մոտ՝ ձեր Վարդանոց կարդալու ընթացքում: Դուք կզգաք, անպայման կզգաք իմ ներկայությունը: Դուք կարող եք ընդհատել ընթերցանությունն ու զրուցել ինձ հետ: Ես ականջալուր կլինեմ ձեր բոլոր խնդրանքներին, ձեր բոլոր ցանկություններին: Եվ ես խոստանում եմ ցուցաբերել այն ամբողջ օգնությունը, որն ինձ թույլ կտա ցուցաբերել Տիեզերական Օրենքը:

Ես ձեզ համար կանեմ այն ամենն, ինչ ի զորու եմ անել: Կարո՞ղ եմ արդյոք հուսալ, որ դուք էլ կանեք այն, ինչ ե'ս եմ խնդրում:

Հավատացե'ք ինձ. եթե ես չիմանայի այն, ինչ գիտեմ, և ինչը ծածկված է ձեր աչքից, ապա երբեք չէի խնդրի ձեզ անել այն գործը, որը միայն դուք կարող եք անել: Իմ ամենաքիչ ակնկալիքը ձեր երկյուղելն է: Ոչնչից մի' վախեցեք: Ես եղել եմ ձեր մեջ, քայլել եմ Երկրի վրայով և կարող եմ վստահեցնել, որ յուրաքանչյուրն իր կյանքում ճիշտ այնքան փորձությունների է ենթարկվում, որքանին որ կարող է դիմանալ:

Չափազա՜նց ծանր կարմա է ստեղծել մարդկությունը: Եվ այդ կարմայի հատուցումը պահանջում է մեծ զոհեր ու տառապանքներ:

Բայց Աստված ողորմած է և տալիս է ձեզ միջոցներ, որոնց օգնությամբ կարող եք մեղմել ձեր կարման և թեթևացնել ձեր բեռը: Մի' անտեսեք այդ միջոցները և մի' անտեսեք ձեզ տրված հնարավորությունը:

Ես այժմ լքում եմ ձեզ: Եվ ես ուրախ էի օգտագործել այս հնարավորությունը, որ ձեզ հիշեցնեմ այն աշխատանքի մասին, որը դուք պարտավոր եք կատարել:

Մենք անպայման կհանդիպենք յուրաքանչյուրիդ հետ՝ Վարդանոցների ձեր ամենօրյա ընթերցման ժամանակ:

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը, և մինչ նոր հանդիպում:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ