Օգտվե'ք Աստծո կողմից ձեզ շնորհված՝ ուսուցում անցնելու և խրատներ ստանալու հնարավորությունից

Սանատ Կումարա

25 հունիսի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝ իմ դեսպանորդի միջոցով նորից ձեզ մոտ եկածս: Ամեն անգամվա հետ բարձրանում է այն թրթռումների մակարդակը, որոնք այս դեսպանորդի ֆիզիկական հաղորդչի և այս թելադրությունների միջոցով մենք իջեցնում ենք ֆիզիկական պլան:

Մեր փորձ ձեռք բերելուն զուգընթաց՝ հաջողվում է ասել ավելի շատ և փոխանցել ավելի հեշտ: Չնայած՝ այն իրադրությունը, որը դեսպանորդի շուրջ ձևավորվում է ֆիզիկական և նուրբ պլաններում, երբեմն մեզ խոչընդոտում է այն բանին, որ տեղեկությունը հաղորդենք առավել էֆեկտիվորեն:

Եթերային օկտավաներից թելադրություններ ընդունելու այս փորձը, որն առանց ընդհատվելու շարունակվում է ամեն օր՝ ավելի քան երեք ու կես ամիսների ընթացքում, մեր կողմից կարող է շարունակվել մի պայմանով, եթե կարողանանք հետագայում ևս պահպանել կանալի և հաղորդչի մաքրությունը:

Փորձի էությունն այն է, որ հնարավորություն տրվի այն հոգիներին, ովքեր պատրաստ են մեր տեղեկատվությունն ընկալելուն, որպեսզի նրանք երկարատև ժամանակահատվածի ընթացքում առանց ընդհատման ամեն օր ստանան մեր էներգիան: Բանն այն է, որ ֆիզիկական աշխարհը նման է ճահճի, որը մարդկանց գիտակցությունը քաշում է կարծես ճահճատիղմի մեջ: Եվ երբ ձեր ոտքերը խրվում են այդ տիղմի մեջ, դուք դեռևս տագնապ չեք զգում. բայց գալիս է պահը, երբ տիղմն ավելի ու ավելի ուժեղ է քաշում ձեզ, և դուք այլևս ուժ չեք ունենում, որպեսզի ինքնուրույնաբար դուրս գաք դրա միջից: Այդ պատճառով, մենք ձեզ տալիս ենք այս Ուսմունքի ճոպանը, որից կառչելով՝ դուք կարող եք դուրս գալ զանգվածային գիտակցության ճահճատիղմից:

Մենք ձեզ հնարավորություն ենք տալիս Աստվածային Էներգիայի ամենօրյա չափաբաժին ստանալ այն ժամանակի ընթացքում, երբ ընթերցում եք այս թելադրությունները:

Որպեսզի, նույնիսկ սովորական դպրոցում կամ քոլեջում, ինչ-որ բան կարողանաք սովորել, դուք պետք է ամեն օր հաճախեք պարապմունքներին և ջանքեր գործադրեք՝ մատուցվող նյութը յուրացնելու համար: Առանց ձեր կողմից գործադրվող ամենօրյա ջանքերի և պարապմունքներին կանոնավորապես հաճախելու՝ հազիվ թե ձեզ հաջողվի յուրացնել ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Աստվածային գիտության ուսուցումն ու Աստվածային գիտելիքների ստացումը ոչնչով չեն տարբերվում ցանկացած ուրիշ ուսումից ու կրթությունից, որոնք դուք ստանում եք ֆիզիկական պլանում:

Ըստ այդմ, որքան ավելի կանոնավոր կարդաք այս թելադրությունները, այնքան ավելի մեծ էֆեկտի և գիտակցության ավելի մեծ ընդլայնման դուք կհասնեք:

Պետք չէ մոռանալ, որ դուք բոլորդ գտնվում եք Աստվածային Իրականության ճանաչման տարբեր աստիճանների վրա: Եվ ձեզնից որոշների համար, տեղեկատվության նույնիսկ այնպիսի պարզ շարադրանքը, որից մենք այժմ օգտվում ենք, չափազանց բարդ կթվա, կամ էլ ձեզ կգրգռի՝ հատկապես, իր այդ պարզությամբ:

Եթե դուք դպրոցից հետո միանգամից հայտնվեք համալսարանի վերջին կուրսում, ապա հազիվ թե կարողանաք արագ հարմարվել և յուրացնել այն դրույթները, որոնք այնտեղ ուսուցանվում են՝ նույնիսկ եթե տեղեկատվությունը տրվում է ձեր մայրենի լեզվով, և բավարար չափով պարզ շարադրանք ունի:

Ոչ միշտ է շարադրանքի պարզությունը խոսում մատուցվող նյութի պարզության մասին: Իր էությամբ Աստվածային Ճշմարտությունը շատ պարզ է, բայց մարդկային գիտակցության կողմից նրա ընկալումը ոչ միշտ է տեղի ունենում: Որովհետև Աստվածային աշխարհն իր բնույթով և օրենքներով տարբերվում է ֆիզիկական աշխարհից: Եվ ձեզ վիճակվում է ճանաչել այն, ինչը չի ընկալվում ձեր ֆիզիկական զգայարաններով: Այստեղից էլ հենց ծագում են և' նյութի յուրացման դժվարությունները, և' կասկածները, և' ժամանակ հատկացնել չուզենալն այն առարկաների համար, որոնք, ինչպես ձեզ թվում է՝ ոչ մի կերպ կապված չեն ձեր կյանքի հետ:

Իսկապես, այս Ուսմունքներում ցուցումներ չկան այն մասին, թե ինչպես երկրային կյանքում հասնել հաջողության, հարստություն և ճանաչում ձեռք բերել:

Այս թելադրություններում ոչինչ չկա այն մարդկանց համար, որոնք իրենց ուժերի կիրառման կիզակետում դրել են ֆիզիկական պլանն ու նյութական աշխարհը: Նրանց համար այստեղ ոչ մի օգտակար տեղեկատվություն չկա: Որովհետև այն ամենն, ինչի մասին խոսվում է այս Ուսմունքներում, անհրաժեշտ են ձեզ այն բանի համար, որպեսզի բարձրացնեք ձեր գիտակցությունն այն անհրաժեշտ մակարդակի վրա, որը թույլ կտա ձեզ անցնել մի ուրիշ, ավելի նուրբ, ավելի բարձր թրթռումներ ունեցող աշխարհ:

Եվ, եթե դուք հանդիպեք մարդու, որն ամբողջովին կենտրոնացած է նյութական աշխարհի վրա և սկսեք պատմել նրան այն տեղեկատվության մասին, որը ձեռք եք բերել այս Ուսմունքներից, ապա ամենից առաջ այդ մարդը կմտածի, որ ձեր գլխում ամեն ինչ չէ, որ կարգին է: Եվ հնարավոր չէ հավատալ այն բանին, ինչը չի կարելի սեփական ձեռքերով շոշափել և սեփական աչքերով տեսնել: Դրա համար էլ այդքան անհրաժեշտ է դառնում ձեզ շրջապատող իրականության ընկալման նրբացումը:

Երբ դուք շատ հեռուստահաղորդումներ եք դիտում, կամ լսում եք ձեր ռադիոն, ապա դա նման է այն բանին, որ դուք շատ զգայուն սարքով, որով կարելի միկրոններ տարբերել, սկսում եք մեխ խփել: Ձեր օրգանիզմն իր բնույթով եզակի է, և այն թույլ է տալիս ձեզ զգալ նուրբ աշխարհները և զանազանել նուրբ աշխարհների թրթռումները: Ըստ այդմ, օգտագործե'ք, խնդրեմ, ձեր օրգանիզմն ըստ իր նշանակության: Ձեզ հեռու' պահեք ձեր աշխարհի բոլոր կոպիտ ու անկատար դրսևորումներից: Որովհետև, երբ դուք չափից դուրս շատ ուշադրություն եք հատկացնում ցանկացած անկատար գործունեությանը, ապա իջեցնում եք ձեր թրթիռները և արդեն չեք կարողանում տարբերել այն, ինչը պատկանում է նուրբ աշխարհին, ինչպես նաև՝ ձեր կյանքում չեք նկատում նուրբ աշխարհի դրսևորումները: Ձեր գիտակցությունը փոխվում է օրվա ընթացքում, փոխվում է օր-օրի, և դրանով է բացատրվում, որ Ուսմունքի որոշ դրույթներ արձագանք են գտնում ձեր գիտակցության մեջ, իսկ որոշները՝ գրգռում են ձեզ:

Ուղով առաջընթացն ու Աստվածային իրականության ըմբռնումը կրում են շատ աստճանական բնույթ: Եվ այդ պատճառով մենք ձգտում ենք այս թելադրություններով, հնարավորինս երկար ժամանակով, պահել ձեր թրթռումները բավականաչափ բարձր մակարդակի վրա. այնքան ժամանակով, մինչև որ ձեր գիտակցությունն ունակ կլինի զանազանել ձեր աշխարհի կոպիտ թրթռումները և հեռու մնալ դրանցից՝ ելնելով ինքնապաշտպանության զգացումից:

Նախքան անվտանգ նավամատույցին հասնելը՝ նավը հազարավոր մղոններ լողում է փոթորկոտ ծովով և մրրկածուփ օվկիանոսով: Եվ միայն հարազատ Տան հուշն ու ցամաք հասնելու ցանկությունն են ստիպում ծովագնացներին՝ դիմանալու կյանքի փոթորիկների ճնշմանը:

Ձեր ճամփորդության ընթացքում ձեզ անհրաժեշտ է կողմնացույց, ձեզ անհրաժեշտ է քարտեզ և ձեզ անհրաժեշտ է կողմնացույցով, քարտեզով ու աստղերով կողմնորոշվելու հմտություն ունենալ, որպեսզի կարողանաք հասնել հարազատ Տան մոտ գտնվող անվտանգ նավամատույցին: Այդ պատճառով մենք ձեզ ուղղություն ենք տալիս, ցուցումներ ենք տալիս և խրատում ենք ձեր Ուղու ընթացքում: Բայց դուք միշտ պետք է հիշեք, որ կգա պահը, երբ դուք կարող եք միայնակ մնալ փոթորկուն ծովում: Եվ միայն ուսուցման ընթացքում ձեռք բերած ձեր ունակություններից ու հմտություններից կախված կլինի, թե դուք կկարողանա՞ք, արդյոք, հաղթահարել խոչընդոտներն ու հասնել անվտանգ նավամատույցին:

Ըստ այդմ՝ մի' ծուլացեք: Օգտագործե'ք ուսումնառության և խրատներ ստանալու այս Աստվածաշնորհ հնարավորությունը: Տիրապետե'ք քարտեզով, կողմնացույցով ու աստղերով ձեր Ուղին որոշելու հմտությանը:

Եվ ձեր կյանքի ոչ մի արտաքին հանգամանքի թույլ մի' տվեք խցկվելու ձեր և Աստվածային իրականության միջև:

Ես այսօր ձեզ ողջերթի խոսք եմ ասում, որովհետև, եթե դուք ձեր կյանքում չօգտագործեք ձեր ստացած գիտելիքները, ապա ուղղակիորեն Տիրակալների հետ հաղորդակցվելու ձեզ շնորհված հնարավորությունը կարող է դադարեցվել: Եվ, ո՞վ գիտե, թե մեկ էլ երբ կստանաք այսպիսի հնարավորություն:

Կարելի է հսկայական քանակի Աստվածային Էներգիա ծախսել մեր կապի կանալի պահպանման համար, բայց եթե մենք չտեսնենք, որ այդ էներգիան յուրացվում է ձեր կողմից և կիրառվում ձեր կյանքում, ապա Աստվածային հնարավորությունը կընդհատվի, և Էներգիան հետ կվերցրվի:

Դուք չեք ջրում ձեր այգում գտնվող չոր ծառը: Ճիշտ նույն կերպ՝ մենք գերադասում ենք իզուր տեղը չծախսել թանկարժեք Աստվածային Էներգիան:

Ես հուսով եմ, որ դուք կգտնեք ազատ րոպե, որպեսզի առանձնանաք և ձեր սրտի անդորրության մեջ մտորեք իմ ասած խոսքերի մասին:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ