Այժմ Երկիրն ապրում է կրիտիկական, բեկումնային ժամանակ

Սանատ Կումարա

22 մարտի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան, որ կրկին եկել եմ իմ դեսպանորդի միջոցով:

Սպասվող իրադարձությունների բառային ձևակերպումները միշտ էլ քիչ են արտացոլում այն, ինչը պետք է տեղի ունենա, և կրում են մոտավոր, հավանականային բնույթ:

Բոլոր իրադարձություններն իրենց հավանականային տեսքով արդեն կանխանշված են արարման սկզբնական պահին:

Ձեր աշխարհում կա այնպիսի հասկացություն, ինչպիսին Կենդանակերպն է՝ Կենդանակերպի նշանները: Աստղերի լեզվին ծանոթ մարդու համար ամբողջ ներկան և ապագան գրի է առնված այդ տեղեկատվական դաշտում, որը կազմված է երևացող աստղերից: Եվ եթե դուք կատարելապես տիրապետեիք աստղերի լեզվին, ապա կկարողանայիք կարդալ ձեր մոլորակի ապագան, որը գրի է առնված տիեզերքի այդ համապիտանի լեզվով:

Բայց ներկայումս հազիվ թե գտնվի գոնե մեկ աշխարհիկ աստղաբաշխ, որն ընդունակ լինի հասկանալ այդ լեզուն:

Ճշմարիտ գիտելիքը, որն աստղերի լեզվի բանալին է հանդիսանում և թույլ է տալիս կանխատեսել ապագան, թաքցրված է ժամանակակից մարդկությունից: Ճիշտ այնպես, ինչպես ձեզնից թաքցրված է այն գիտելիքը, որը թույլ է տալիս կանխատեսել մահը և իմանալ սեփական անցյալն ու ապագան:

Սակայն անցյալն ու ապագան որոշվում են ներկայով՝ ներկայի ճուրաքանչյուր րոպեով և վայրկյանով: Ձեր աշխարհում գործում է ժամանակի սահմանափակում և տարածության սահմանափակում: Բարձրագույն Աշխարհներում չկան այդ սահմանափակումները, այդ պատճառով արարման կատարյալ մատրիցան տարածաժամանակային կորդինատներով կարող է դրսևորվել բազմաթիվ եղանակներով, որոնց հավանակությունը որոշվում է ամեն րոպե կատարվող ձեր ընտրությամբ:

Այդ պատճառով, տիեզերքի զարգացման այն պլանը, որն իր մեջ ներառում է նաև ձեր մոլորակի պլանը, կարող է փոփոխվել որոշակի տիրույթում, բայց այդ տիրույթն ունի սահմանափակ շրջանակներ: Եվ, եթե որևէ մոլորակի էվոլյուցիան ընթանում է Բարձրագույն Պլանով նրա համար նախատեսված միջանցքի սահմանագծի վրայով, ապա այդ էվոլյուցիայի ճշգրտման համար սկսում է միջամտել Տիեզերական Էակների մի ամբողջ Հիերարխիա:

Այդպես շատ անգամ է եղել ձեր մոլորակի հետ: Էվոլյուցիան հասել է մինչև որոշ կրիտիկական կետի և վերադարձվել դեպի նախկին անվտանգ հունը:

Տվյալ էվոլյուցիայի համար վտանգը կապված է այդ էվոլյուցիայի՝ Բարձրագույն Ուժերի, Տիեզերքի Հիերարխների, Աստծո, Աստվածային Օրենքի հետ կապի կտրվածության աստիճանից:

Գոյություն ունեն Երկրի, ինչպես և՝ ցանկացած այլ մոլորակի, պատմության մեջ որոշակի կրիտիկական պահեր, որոնք որոշվում են Կենդանակերպով և նրանով պայմանավորված տիեզերական բոլորապտույտներով, երբ ուղղությունը, Տիեզերական Օրենքի տեղեկատվական դաշտը համեմատվում է մոլորակը բնակեցնող կենսահոսքերի էվոլյուցիայի ուղղության հետ: Եվ այդ պահերին տեղի է ունենում մոլորակի զարգացման ճշգրտում՝ եթե նախատեսված ուղղությունից նրա շեղումը գերազանցում է կրիտիկական չափանիշը:

Նույնը կատարվում է ձեր օրերում: Մոլորակի էվոլյուցիան շեղվել է Տիեզերական Օրենքով նախատեսված հետագծից և ճշգրտման կարիք ունի:

Մենք պարբերաբար գալիս ենք տարբեր մարգարեների և դեսպանորդների միջոցով, որպեսզի հիշեցնենք գոյություն ունեցող Օրենքի և նրան հետևելու անհրաժեշտության մասին:

Եվ աշխարհի վերջի ու տարբեր աղետների մասին բոլոր մարգարեությունները, որոնք տրվել են անցյալում ու տրվում են հիմա, պարզապես հիշեցումներ են հանդիսանում այս տիեզերքում գործող Օրենքին ենթարկվելու անհրաժեշտության մասին: Օրենքը կպաշտպանվի՝ անկախ նրան հետևելու կամ չհետևելու ձեր ցանկությունից:

Եվ Բարձրագույն Ուժերի խնդիրը միշտ հանգել է նրան, որ մարդկությանը հեռու պահի անդունդի եզրից, որպեսզի նա ինքն իրեն չկործանի:

Օգնությունը, որը ցուցաբերվել է և շարունակվում է ցուցաբերվել մարդկությանը, կայանում է նրա գիտակցության ընդլայնման մեջ, կայանում է մարդկանց հատուկ ներքին սահմանափակումների հաղթահարման մեջ, և նաև կապված է գիտակցության զարգացման հաջորդ մակարդակի վրա բարձրանալու հետ:

Այժմ Երկիրն ապրում է կրիտիկական, բեկումնային ժամանակ:

Եվ խնդիրը, որն այժմ դրվում է մարդկության առջև, դա այն բանի գիտակցումն է, որ բացի ֆիզիկական պլանից կան ավելի նուրբ պլաններ, և որ մարդն իր բնույթով հանդիսանում է Մեծ Տիեզերական Հոգևոր Էակ: Մարդու պոտենցիալը հսկայական է:

Բայց այդ պոտենցիալին տիրապետելը չի լինի ավելի վաղ, քան մարդը կհաղթահարի իր այն որակները, որոնք նրան գամում են ֆիզիկական պլանին:

Երբ ձեզնից ոմանց մենք դիտում ենք մեր համբարձման մակարդակից, երբեմն այնպիսի զգացում ենք ապրում, ինչպիսին դուք զգում եք՝ դիտելով մրջյուններին:

Դուք երևի ձեր կյանքում դիտել եք մրջյունի, որը մեծ բեռ է քարշ տալիս դեպի մրջնանոց: Ձեր մակարդակից ավելի լավ է երևում՝ ինչպես նրա համար ավելի լավ կլիներ շարժվել: Եվ դուք տեսնում եք, որ ճանապարհը կարելի էր կրճատել և ավելի քիչ գործադրվող ջանքերով հասնել մրջնանոցին:

Եթե դուք դիտեք մրջյունին, ապա կհասկանաք մեր այն զգացմունքները, որոնք մենք ապրում ենք՝ դիտելով ձեր զարգացումը:

Եվ ճիշտ այնպես, ինչպես դուք ձեզ վրա չեք վերցնում մրջյունի աշխատանքը, այնպես էլ մենք մեր վրա չենք վերցնում այն խնդիրների կատարումը, որոնք կանգնած են ձեր առջև:

Մենք կարող ենք ցուցաբերել որոշակի օգնություն, և այն մշտապես ցուցաբերում ենք, բայց միայն այն շրջանակներում, ինչ թույլ է տալիս Օրենքը:

Օգնության տեսակներից մեկը, որը մենք ցույց ենք տալիս, դա հիշեցումն է տիեզերական ժամկետների մասին, և հիշեցումն այն մասին, թե ովքեր եք դուք իրականում:

Ձեր պոտենցիալը հսկայական է: Եվ ի տարբերություն մրջյունի, որն այս մանվանտարում՝ տիեզերքի զարգացման այս փուլում չի կարող հասնել զարգացման մարդկային ձևին, դուք մինչև այս մանվանտարի վերջը ունակ կլինեք դրսևորելու ձեր իսկական Աստվածային բնույթը:

Այդ պատճառով մենք այսքան ջանքեր ենք ցուցաբերում, որպեսզի կասեցնենք հենց ֆիզիկական պլատֆորմի՝ այս Երկրի ոչնչացումը, որը ձեզ իր հարկի տակ է առել, և որը տալիս է ձեզ ապրելու, զարգանալու անվտանգ պայմաններ:

Յուրաքանչյուր արհավիրք, յուրաքանչյուր տարերային աղետ հանդիսանում է ձեր ոչ կատարյալ գիտակցության հետևանք: Եվ արդարև՝ դուք արժանանում եք ձեր անհնազանդության, էգոիզմի և համառության պտուղներին, երբ երես առ երես կանգնում եք տարերքի այդ դրսևորումների առջև:

Մարդկության տեղեկատվական դաշտն ու Երկրի տեղեկատվական դաշտը շատ սերտորեն են իրար հետ կապված և միահյուսված:

Այդ պատճառով յուրաքանչյուր անկատար միտք ազդեցություն է թողնում ամբողջ մոլորակի վրա՝ պտույտ գործելով երկրագնդի շուրջը և համալարվելով նմանատիպ անկատար մտքերի և զգացմունքների հետ:

Ճիշտ նույն կերպ՝ Բարիքին, Բարուն ուղղված մտքերը, դրական մտաձևերն ու էմոցիաները ավելացնում են մոլորակի կայունությունը և օժանդակում երկրային առանցքի շտկմանը:

Որպեսզի դուք կարողանաք հանգիստ գոյատևել ու զարգանալ, միլիարդավոր Տիեզերական Էակներ պատրաստ են օր ու գիշեր առանց հոգնելու ծառայել ձեզ այն բանի համար, որպեսզի համակշռեն և կասեցնեն հնարավոր աղետներն ու արհավիրքները:

Դրանում է կայանում նաև ձեր օգնությունը, որը դուք կարող եք ցուցաբերել Համբարձյալ Դասերին:

Մտասևեռվե'ք Բարու, Բարիքի, Սիրո վրա: Պահպանե'ք ներքին խաղաղություն ու հանգստութուն: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է հենակետ դառնալ Երկրի վրա, դառնալ Լույսի հաղորդիչ, որի միջոցով կիրականացվի այս մոլորակի հավասարակշռումն ու Լույսի թափանցումը, ինչն անհրաժեշտ է, որպեսզի Երկիրը կարողանա անցնել հաջորդ մակարդակին:

Ես բերկրանքով եմ դիտում ձեզնից շատերի նվաճումները: Եվ ես անկեղծորեն ուրախ եմ Ուղու ձեր հաջողությունների համար:

Տիեզերական Օրենքի համաձայն ես չեմ կարող գալ և սեղմել ձեզնից յուրաքանչյուրի ձեռքը: Բայց դուք կարող եք ձեր նուրբ մարմնով հասնել իմ մակարդակին, և ես կգրկեմ ինձ մոտեցողներից յուրաքանչյուրին և կսեղմեմ նրա ձեռքը:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:

Տատյանա Միկուշինա, 2005

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ