Մենք պարզապես հեռացրինք լուցկին երեխաներից

Պաշտելի Սուրիա

19 մարտի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Սուրիան. այսօր ձեզ այցի եմ եկել  Մեծ Կենտրոնական Արևից, որպեսզի այս դեսպանորդի միջոցով Ուսմունք տամ կարմայի մասին:

Դուք ծանոթ եք կարմայի հասկացության հետ՝ որպես մի էներգիայի, որն ուղեկցում է ձեզ երկրային մարմնավորումների շրջապտույտի մեջ ձեր գտնվելու ընթացքում: Դուք ստանում եք Աստվածային էներգիա, որը տիեզերքի կյանքի աղբյուրն է, որից հետո օգտագործում եք այդ էներգիան՝ Աստծո կողմից տրված ձեր ազատ կամքին համապատասխան: Ոչ միշտ է ձեր կողմից այդ էներգիան օգտագործվում այնպես, ինչպես Աստված է կամենում, և այդ դեպքում սխալ դասակարգված էներգիան լրացնում է ձեր կարմայական բեռը՝ կուտակվելով ձեր նուրբ և ֆիզիկական մարմիններում:

Այնուհետև ուժի մեջ է մտնում նմանության օրենքը:

Սխալ դասակարգված էներգիան, որը ձեր կյանքում մշտապես ուղեկցում է ձեզ, դեպի ձեր կողմն է ձգում կյանքի այնպիսի իրադրություններ, որոնք պետք է անցնեք, որպեսզի դաս առնեք և այդ իրադրության մեջ առաջնորդվեք ոչ թե ըստ ձեր կամքի, այլ Աստծո Կամքին համապատասխան:

Ըստ էության, դուք միշտ կարմա եք ստեղծում, երբ խախտում եք Աստծո Կամքը, երբ գործում եք ձեր էգոիստական մղումներին համապատասխան:

Այդ պատճառով ձեր կարման ուղիղ համեմատական է ձեր էգոիզմի աստիճանին՝ Աստծո Օրենքից կտրվածության ձեր աստիճանին և Աստծո Օրենքի չընդունման ձեր աստիճանին:

Եվ ձեր ճիշտ նախընտրանքները, որոնք դուք կատարում եք կարմայով պայմանավորված յուրաքանչյուր իրադրության մեջ, մաշեցնում են կարման: Յուրաքանչյուր այդպիսի ճիշտ նախընտրանք մոտեցնում է ձեզ Աստծուն, ստիպում հրաժարվել ձեր կողմից ստեղծված ձե'ր իսկ անիրական մասից և հրաժեշտ տալ նրան:

Տիեզերական բոլորապտույտներին համապատասխան՝ բոլորաշրջանի սկզբում դուք սուզվում եք նյութականության մեջ, ձեռք եք բերում կարմա, որից հետո դուրս եք գալիս նյութականությունից՝ կարծես մշտապես վերլուծելով ձեր անցյալի սխալները, երբ նորից ու նորից բախվում եք կարմայի մաշեցում պահանջող նույնատիպ իրադրությունների հետ:

Նյութականությունից դուրս գալու ներկա բոլորաշրջանը դեռ նոր է սկսվել և կտևի շատ տարիներ՝ միլիոնավոր երկրային տարիներ:

Եկեք այժմ դիտարկենք այն թողության շնորհը, որը տրվել է ձեզ նախորդ դեսպանորդների կողմից. հատկապես՝ մանուշակագույն բոցի թողությունը: Մանուշակագույն բոցի պատվիրանների ընթերցման օգնությամբ կարմայի վերաձևափոխության էությունը հանգում էր այն բանին, որ դուք այդ պատվիրանների ընթերցման ժամանակ պետք է գիտակցեիք ձեր ներսի այն հատկանիշները, որոնք Աստվածային չեն, և, ներքաշելով դեպի ձեր ֆիզիկական աշխարհ լրացուցիչ Աստվածաին էներգիա՝ ձևափոխեիք այդ բացասական հատկանիշները դրականի կամ Աստվածայինի:

Ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դուք ստացաք այդ թողության շնորհը:

Դուք ապրում եք երկակիության աշխարհում, իսկ դա նշանակում է, որ ձեր աշխարհում տառացիորեն ամեն ինչ կարող է օգտագործվել ինչպես բարու՝ բարիքի օգտին, այնպես էլ չարի օգտին:

Դուք հարցնում եք՝ ինչպե՞ս է հնարավոր կարմայի վերաձևափոխության համար նախատեսված մանուշակագույն բոցի պատվիրաններն ի սպաս դնել չարին:

Բացատրությունը շատ պարզ է, և այժմ ես այդ մասին կարող եմ բացահայտորեն ասել, որովհետև այս պահին մանուշակագույն բոցի թողությունը հետ է վերցրված Երկիր մոլորակից:

Այն պահին, երբ պատվիրանների ընթերցման ժամանակ ձեր կողմն եք ձգում Աստվածային էներգիայի լրացուցիչ հոսք, դուք ղեկավարում եք այդ հոսքը ձեր մտքերի և զգացմունքների միջոցով: Եվ եթե լրացուցիչ էներգիայի ընդունման պահին ձեր մտքերն ու զգացմունքներն աչքի չեն ընկնում մաքրությամբ ու Աստվածային կատարելությամբ, ապա ձեր էլեկրոնային գոտու, ձեր ստորին չորս մարմինների կարմայական կուտակների բեռնաթափման փոխարեն դուք այդ կուտակների վրա ավելացնում եք այն էներգիան, որը սխալ եք դասակարգել մանուշակագույն բոցի պատվիրանի ընթերցման պահին:

Եվ այդ եղանակով, կարմայի մաշեցման փոխարեն, դուք նոր կարմա եք ստեղծում:

Դուք տեսնում եք, որ մանուշակագույն բոցի պատվիրանները հզոր զենք էին, որը ձեզ էր տրված մոլորակի համար այս ծանր ժամանակներում, և տեսնում եք նաև, որ մանուշակագույն բոցի էներգիայի 90 տոկոսն այդ պատվիրանների ընթերցման պահին նստեցվում էր ձեր ստորին մարմիններում, քանի որ այդ պահին դուք ոչ թե մտածում էիք ձեր էգոից, ձեր անկատարությունից ազատվելու մասին, այլ այն մասին, թե ինչ կստանաք Աստծուց ձեր բազմաժամյա արթնության դիմաց: Եվ, որ ավելի վատ է, դուք թույլ էիք տալիս ձեր եղբայրներին մեղադրելու մտքեր: Այդ պատվիրանների ընթերցման ժամանակ ունենում էիք նաև այլ բացասական մտքեր ու զգացմունքներ:

Ուստի մանուշակագույն բոցի թողության շնորհը ներկայումս գործում է ընտրողաբար՝ միայն այն խմբերի ու մարդկանց համար, ովքեր ճիշտ ներքին շարժառիթներ են ունենում, երբ ձեռնամուխ են լինում մանուշակագույն բոցի պատվիրանների ընթերցմանը: Եվ սա ընդամենը խելամիտ զգուշավորության միջոց է: Մենք պարզապես սահմանափակում ենք մտցրել այն անձանց համար, որոնք դեռևս չեն հասել գիտակցության զարգացման բավարար մակարդակի, որպեսզի այդ հզոր զենքը կիրառելիս իրենք իրենց չվնասեն: Մենք պարզապես հեռացրել ենք լուցկին երեխաներից:

Նույնը վերաբերում է նաև ամսի 23-ի իմ թողության շնորհին, որը թույլ է տալիս վերաձևափոխության ենթարկել գալիք ամսվա կարման: Այն նույնպես սահմանափակ է և գործում է ընտրողաբար:

Ինչպե՞ս որոշել՝ գործում է՞ ձեզ համար թողությունը, թե՞ ոչ:

Դա կարող եք որոշել Ուղու ձեր նվաճումներով: Եթե մեկ տարի, երկու տարի, տաս տարի առաջ դուք նեղանում ու դատապարտում էիք, թույլ էիք տալիս ձեզ հատուկ անկատարություններ և այժմ էլ նույն ինտենսիվությամբ շարունակում եք դրանք, ապա ինքներդ կարող եք հասկանալ, որ թողությունը ձեզ չի վերաբերվում:

Սակայն ոչինչ անդարձ կորած չէ: Եթե դուք անկեղծ սրտով որոշեք ազատվել ձեր անիրական մասից և ձեր այդ պատրաստակամությունը ցուցաբերեք ամենօրյա մշտական ձգտումներով, ապա ամեն ինչ հետ կվերադարձվի: Դուք կզգաք, թե ինչպես է մանուշակագույն բոցը վերադառնում ձեր կյանք և օգնում ձեզ ազատվելու ձեր անկատարություններից:

Վերջին հաշվով, ամեն ինչ որոշվում է ձեր ներքին մղումով և ձեր ներքին շարժառիթներով:

Կուզենայի ձեզ հիշեցնել, որ կարևորն ամեն դեպքում ոչ թե պատվիրանի ընթերցումն է կամ աղոթքը, այլ ձեր էգոյից ազատվելու ցանկությունը և կյանքին, Աստծուն ծառայելու ցանկությունը: Իսկ այդ ցանկությունները կարող են իրականացվել ցանկացած գործում, ցանկացած իրադրության մեջ, որի հետ կյանքում դուք բախվում եք:

Ամենասովորական և առօրյական գործերը, շրջապատող աշխարհի մարդկանց հետ ձեր հարաբերությունները կարող են մաշեցնել կարման ոչ պակաս, քան պատվիրանների ընթերցումը: Ձեր կյանքի յուրաքանչյուր պահի դուք ընտրություն եք կատարում: Եվ ձեր արարքներով դուք կա'մ մաշեցնում եք անցյալի կարման, կա'մ էլ նոր կարմա եք ստեղծում:

Եվ ցանկացած կատարյալ հոգևոր ուղեցույց, անգամ ամենալավ աղոթքներն անօգուտ կլինեն ձեր հոգևոր առաջընթացի համար, եթե դրանք դուք օգտագործեք շահադիտական նպատակներով, որպեսզի հասնեք ձեր կամ ձեր յուրայինների համար ինչ-որ արտոնությունների:

Կա միայն մեկ ճշմարիտ շարժառիթ, որով հարկ է ձեռնամուխ լինել ցանկացած հոգևոր ուղեցույցի կիրառմանը կամ ցանկացած հոգևոր գործառությանը. դա սեփական էգոյից ազատվելն ու Աստծուն մոտենալն է՝ Աստծուն և բոլոր կենդանի էակներին ծառայելը:

Եթե դուք ձեռնամուխ եք լինում հոգևոր գործառության ցանկացած ուրիշ նպատակով, ապա կարմա եք ստեղծում:

Հոգևոր բնագավառում, կրոնի բնագավառում գործում է ճիշտ նույն երկդիմի սկզբունքը, որը հատուկ է ձեր աշխարհին:

Եվ երբեմն մարդկային պատկերացմամբ հավատցյալ մարդը, որը կանոնավոր կերպով մասնակցում է բոլոր կրոնական ծեսերին ու արարողություններին, իր հոգևոր մակարդակով ավելի ցածր է գտնվում նրանից, ով երբեք չի հաճախում եկեղեցի և չի մասնակցում եկեղեցական ծեսերին, բայց ճիշտ ներքին շարժառիթներ ունի և ընթացիկ կյանքում իրագործում է այն պատգամները, որոնք ուսուցանում էին Հիսուսն ու մարդկության մյուս Ուսուցիչները:

Մեծ հայտնություն չի լինի, եթե ասեմ, որ հոգևոր առումով զարգացած մարդկանց քանակը շատ ավելի մեծ է կրոնական կառույցներից դուրս, քան այն մարդկանց շրջանում, որոնք գործում են որոշակի կրոնական համակարգի շրջանակներում:

Ես այսօր ձեզ բավարար քանակի տեղեկատվություն հրամցրեցի մտորումների համար: Նաև օգտվեցի այս հնարավորությունից, որպեսզի ձեզ տեղեկություններ հաղորդեմ այն փոփոխությունների մասին, որոնց ներկայումս ենթարկվել են մեր նախորդ թողության շնորհները:

ԵՍ ԵՄ Սուրիան Մեծ Կենտրոնական Արևից: Օմ:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ