Կարողացեք ճանաչել Ճշմարտության արմատը

Հաութամա Բուդդա

17 մարտի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Բուդդա Հաութաման: ԵՍ ԵՄ եկել նորից: Ժամանակը սուղ է, և ես ուզում եմ ասել հիմնականը:

Բառային թաղանթը, որով զգեստավորված են մեր ուղերձները, թող ձեզ չշփոթեցնի: Խոսքերը Ճշմարտության հագուստն են, ճիշտ այնպես, ինչպես տերևներն են ծառերի հագուստը: Գալիս է աշունը, տերևները թափվում են և գարնանը նորից հայտնվում:

Այդպես էլ խոսքերն են. Ճշմարտությունը ծածկվում է խոսքերով, դուք հիանում եք այդ Ճշմարտությամբ: Բայց գալիս է ժամանակը, երբ այդ խոսքերը թոշնում են աշնան տերևների նման, բայց միայն այն բանի համար, որ տիեզերական բոլորապտույտի հաջորդ փուլում ի հայտ գա նոր Ճշմարտություն:

Ըստ այդմ՝ իմաստ չունի կապվել խոսքերի հետ, որոնցով զգեստավորված է Ճշմարտությունը: Կարողացե՛ք տարբեր ուսմունքների և կրոնական համակարգերի հետևում ճանաչել Ընդհանրական Ճշմարտությունը: Բայց մի՛ կապվեք խոսքերի հետ:

Այս կամ այն համակարգի հետ ձեր կապվածությունը նման է անցած տարվա տերևների հետ կապվածությանը:

Կարողացե՛ք ճանաչել Ճշմարտության արմատը:

Ներկայումս Ճշմարտությունը տրվում է այս դեսպանորդի միջոցով: Մենք չգիտենք, թե հետո ինչ կլինի: Չափազանց անկանխատեսելի է այն աշխարհը, որում ապրում եք: Այդ պատճառով ձեզ ուղղություն է տրվում էներգիայի՝ մագնիսի տեսքով, որը հետագայում թույլ կտա ձեզ, դրանով առաջնորդվելով, գտնել Ճշմարտության այն հատիկները, որոնք ցրված են տարբեր ուսմունքներում ու հավատներում:

Մի՛ մոռացեք, որ Ճշմարտությունը մեկն է, բայց տարբեր է նրա բեկումը մարդկանց գիտակցության մեջ, ինչը կախված է մարդկանց զարգացման մակարդակից:

Ճիշտ այնպես, ինչպես աշնանը ծառերը կորցնում են իրենց տերևները, դուք էլ կորցնում եք ձեր ֆիզիկական մարմինները. բայց միայն այն բանի համար, որպեսզի նորից  աշխարհ գաք՝ նորից ծնվեք և նոր մարմին ստանաք: Իմաստուն մարդը, այս կյանքում ապրելով, մտածում է իր հաջորդ կյանքի մասին: Նա հասկանում է, որ յուրաքանչյուր իր ընտրությունը, արարքը, գործողությունը, միտքը կամ զգացմունքը կազմավորում են իր ապագան այս կյանքում, ինչպես նաև՝ իր հաջորդ կյանքի հանգամանքները:

Շատ օգտակար կլինի ձեր զարգացման համար, եթե ձեր կյանքի յուրաքանչյուր պահի մտորեք այն մասին, որ այն, ինչ դուք անում եք, անդրադառնում է ձեր ապագա կյանքի վրա: Մի՛ ձգտեք այս կյանքում պարգևներ ստանալ ձեր բարի գործերի դիմաց: Ձգտեցեք պարգևներ ստանալ հաջո՛րդ կյանքում: Դա այն նվազագույն խնդիրն է, որ կանգնած է ձեր առջև:

Իսկ ձեզնից նրանք, ովքեր ունեն ավելի լայն գիտակցություն, հասկանում են, որ իրենք Աստծո անբաժանելի մասն են, և ինչպես Երկրի վրայի բոլոր կենդանի էակները, կազմում են Աստծո մարմինը: Ուստի ձեզ համար դադարում է որևէ նշանակություն ունենալ պարգևի ստացման հարցը՝ նաև հաջորդ կյանքի առումով:

Դուք ձեր նպատակը տեսնում եք բոլոր կենդանի էակներին օգնելու մեջ, որովհետև միաժամանակ հանդիսանում եք այդ կենդանի էակներից յուրաքանչյուրը: Եվ միասնական օրգանիզմ կազմելով ամենայն Արարվածի հետ՝ դուք այլևս չեք կարող պնդել, թե օրգանիզմի այն մասը կամ համակարգը, որին դուք եք պատկանում, ամենակարևորն է:

Եթե ձեր օրգանիզմում սիրտը կամ երիկամներն ասեն, թե իրենք ամենակարևորն են և արժանի են իրենց նկատմամբ հատուկ վերաբերմունքի, ապա դա կանդրադառնա ամբողջ օրգանիզմի վրա: Ամբողջ օրգանիզմը կսկսի իրեն հիվանդ զգալ:

Իսկ տիեզերքի բոլոր մյուս կենդանի էակներից ինքներդ ձեզ առանձնացնելը միայն ձեր գիտակցության արգասիքն է և բնորոշ է միայն էվոլյուցիոն զարգացման տվյալ փուլի համար:

Եվ որքան զարգացած է մարդու գիտակցությունը, այնքան նա ավելի քիչ հակասություններ է տեսնում տարբեր կրոնական համակարգերի միջև, այնքան ավելի մեծ միասնականություն է զգում ամեն մի կենդանի էակի հետ:

Հապա փորձեք հակասություններ և վատ բաներ փնտրել ձեզ շրջապատող ամեն ինչում: Հենց այդպես է գործում, այսպես կոչված, էգոիստական՝ ինքն իր մեջ կենտրոնացված, գիտակցությունը: Դրանով այնքան կիջեցնեք ձեր թրթռումները, որ արտաքին աշխարհից ձեր կյանքի մեջ կներքաշեք ամենավատ դրսևորումները: Դուք դժբախտ կլինեք: Եվ ձեզ շրջապատող մարդիկ նույնպես դժբախտ կլինեն:

Եթե խորանանք, ապա մարդկանց մեծամասնությունը հենց այդպես էլ վարվում է: Նրանք առաջին հերթին թերություններն են մատնանշում այն ամենի մեջ, ինչն իրենց շրջապատում է: Եվ դա բնական է. նրանց գիտակցությունն այնքան անկատար է, որ միայն թերություններ են տեսնում: Այդ պատճառով, նման մարդիկ հանդիսանում են յուրահատուկ անկատարության գրգռիչներ՝ պատրանքների գրգռիչներ: Նրանք հանդիսանում են պատրանքների վիթխարի արտադրողներ. ուղղակի ռեկորդսմեններ՝ անկատար մտքերի ու զգացմունքների, անկատար էմոցիաների ու գործողությունների արտադրության ասպարեզում:

Բայց, ի վերջո, այդ ամենին պետք է վերջ տրվի:

Իսկ քանի որ ձեր աշխարհում գործում է ազատ կամքի օրենքը, ապա միայն դու'ք կարող եք ցանկանալ փոխելու այդ իրավիճակը: Միայն դու'ք կարող եք փորձել փոխելու ինքներդ ձեզ և շրջապատի նկատմամբ ձեր վերաբերմունքը:

Հեռու՛ քշեք ձեր գլխից ու սրտից այն ամենը, ինչը բաժանման է տանում, ինչը ստիպում է մեղադրել ուրիշներին, փնտրել ամեն ինչում հակասություններ և անկատարություն:

Դադարե՛ք ձեր մտքի մեջ փնտրել նրանց, ովքեր ձեր սահմաններից դուրս են և, ձեր կարծիքով, խանգարում են ձեզ:

Դրանք կարող են լինել ձեր հարևանները, աշխարհընկալման այլ համակարգի ներկայացուցիչները, լքյալ հրեշտակները կամ համաշխարհային չարը:

Այո՜, անկատարությունն առատ է ձեր աշխարհում: Բայց երբ դուք անընդհատ ձեր ուշադրությունը կենտրոնացնում եք անկատարության վրա, ապա կամովին Աստվածային էներգիայով ոռոգում եք մարդկային անկատար գիտակցության մոլախոտերը:

Նայեք, թե ի՛նչն եք ոռոգում, որտե՛ղ եք ծախսում Աստծո կողմից տրված էներգիան:

Մշտապես պահպանեք ձեր թրթիռների մակարդակը ձեզ համար հնարավոր առավելագույն բարձրության վրա: Իսկապես, շատ դժվար է մշտապես գիտակցությունը պահել մաքուր վիճակում՝ գտնվելով անկատարության մեջ: Բայց դուք  պետք է դա անե՛ք: Օգտագործե՛ք այն ամենը, ինչն օգնում է բարձրացնել ձեր գիտակցությունը. բանաստեղծությունները, երաժշտությունը, բնությունը, երեխաների հետ խաղը, ծաղիկները:

Ձեր ուշադրության էներգիայով ոռոգեք միայն կատարյա՛լ բաները:

Դա չի նշանակում, որ պետք է ձեզ մեկուսացնեք աշխարհից: Եղե՛ք աշխարհում՝ անկատարի դրսևորման մեջ, բայց թույլ մի՛ տվեք այդ անկատարին տիրելու ձեզ, ձեր գիտակցությանը, ձեր հոգուն:

Երբ դուք սկսում եք կենտրոնանալ կատարյալ Աստվածային դրսևորումների վրա, ապա բարձրացնում եք ձեր թրթիռները: Դուք դառնում եք երջանիկ մարդ: Բայց մի՛ մոռացեք, որ ձեր պարտականությունների մեջ է մտնում նաև  բոլոր կենդանի էակներին օգնելը: Համայն տիեզերքի օրենքն այն է, որ վերինը պետք է ծառայի ստորինին:

Նա, ով ունի բավականաչափ ընդլայնված գիտակցություն, պարտավոր է օգնել իր կրտսեր եղբայրներին ու քույրերին:

Եվ մենք ինքներս ձեզ տալիս ենք այդպիսի օրինակ:

Տեսեք, թե որքան էներգիա ու ջանքեր ենք մենք ծախսում, որպեսզի օգնենք ձեզ բացելու Աստվածային Ճշմարտության ձեր ընկալման լոտոսը:

Ես չեմ ասում ոչինչ, ինչը դուք նախապես չգիտեիք: Ձեզ շատ քիչ բան է մնում՝ կյանքում վարվել ստացած գիտելիքներին համապատասխան:

ԵՍ ԵՄ ձեր եղբայր Հաութաման:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ