Հեռավոր Աշխարհները բաց են այցելության համար

և սպասում են ձեզ

ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ

16 մարտի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, և Ես խոսում եմ քո ներսից:

Համաչափությունը, համահնչունությունը այն որակներն են, որոնք պետք է դրսևորվեն, որպեսզի հնարավոր դառնա նուրբ ոլորտից թելադրություններ ընդունելը: Առանց այդ որակների հնարավոր չէ հասնել այն ամենից լրիվ կտրվածության վիճակին, ինչը ֆիզիկական ոլորտում շրջապատում է մեզ, այն է՝ կտրել սեփական գիտակցությունը շրջապատող իրականությունից և վեր բարձրանալ:

Կարելի է ակնառու դարձնել մարմնից դուրս գալն ու վերելքը դեպի Բարձրագույն Աշխարհներ՝ համեմատելով այն լեռնագագաթի նվաճման հետ: Իրականում նուրբ ոլորտ անցնելու պահը կապված է թրթիռների մակարդակի բարձրացման հետ: Եթե ֆիզիկական մարմինն ավելի լավ նախապատրաստված լիներ տարածական ու ժամանակային այդպիսի ուղևորությունների համար, ապա կարելի կլիներ հասնել թրթիռների այնպիսի մակարդակի, որը թույլ կտար տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ և աշխարհների ցանկացած համակարգերում:

Սակայն ֆիզիկական տաճարը՝ ֆիզիկական ուղեկիցը, շատ կոպիտ է և չի կարող դիմանալ թրթիռների նույնիսկ աննշան բարձրացմանը: Այն պարզապես կայրվի: Այդ պատճառով ուղևորությունների համար մենք օգտագործում ենք նուրբ մարմինները: Եվ այստեղ առաջին պլան է ելնում նման ուղևորությունների նկատմամբ այդ նուրբ մարմինների պատրաստվածությունը: Մարդկանց մեծամասնության նուրբ մարմիններն այնքան վնասված են, որ չունեն ոչ շիտակ ձևեր, ոչ անհրաժեշտ թեթևություն:

Նուրբ մարմինների վիճակն ամբողջությամբ կախված է մարդու գիտակցության մակարդակից: Ուստիև դեպի հեռավոր աշխարհներ ուղևորությունը Երկրի մարդկանց մեծամասնության համար պարզապես մատչելի չէ: Ձեր նուրբ մարմինները հենց ինքներդ եք, միայն թե՝ ավելի նուրբ աշխարհում: Եվ այնքանով, որքանով  ձեր գիտակցությունը պատրաստ է ընդունել նուրբ աշխարհը, այնքանով էլ դուք շարժունակություն եք ստանում այդ աշխարհում:

Որպես կանոն, մարդկանց մեծ մասը չի կարող բարձրանալ, այսպես կոչված, հոծ աստրալի շերտերից ավելի վեր: Իսկ այդ շերտերը հնարավորություն չեն տալիս կտրվելու Երկրից և այցելելու տիեզերքի ավելի նուրբ ու ավելի զարգացած համակարգեր:

Ուստի առաջին պլան են ելնում նուրբ աշխարհների գոյության ընդունման խնդիրը և սեփական նուրբ մարմինների կատարելագործման խնդիրը՝ այդ նուրբ աշխարհներում տեղաշարժվելու ունակության ձեռք բերելու նպատակով:

Դուք պետք է ձեռք բերեք ձեր մարմինը լքելու ունակություն և ճանապարհորդեք աշխարհներում: Դա մարդկության գիտակցության զարգացման հաջորդ մակարդակի հատկանիշ է, և մարդկությունն այն ձեռք կբերի ճիշտ այնպես, ինչպես ձեզ վիճակված է ազատվել ձեր մարմնեղեն սկաֆանդրից:

Հեռավոր աշխարհները բաց են այցելության համար և սպասում են ձեզ: Բայց ձեզ անհրաժեշտ է ձեռք բերել թեթևություն, ազատվել այս մոլորակի վրա ձեռք բերված կարմայի բեռից:

Մարմինների բաժանելիությունը, նուրբ մարմիններով տարածական տեղաշարժերը հանդիսանում են մարդու էվոլյուցիայի մոտակա փուլը, երբ նա մի մոլորակի շրջանակներով կաշկանդված և այդ մոլորակին կապկպված էակ լինելուց վերածվում է Տիեզերական Էակի: Էակի, որի համար տուն է հադիսանում ամբողջ կոսմոսը, ամբողջ երևակված տիեզերքը:

Մարդկային էվոլյուցիայի այդ փուլը կբացվի ձեր առաջ, երբ դուք կավարտեք Երկրի դպրոցը: Իսկ դրա համար դեռևս կծախսվեն շատ մարդկային տարիներ:

Ես կուզենայի շոշափել, այսպես կոչված, համբարձման հարցը:

Չի կարելի ասել, որ համբարձման հարցի վերաբերյալ նախորդ դեսպանորդների միջոցով տրվել են ոչ ճիշտ գիտելիքներ: Բայց համբարձումը՝ որպես մի գործընթաց, որի ընթացքում դուք ընդմիշտ լքում եք ֆիզիկական աշխարհը և անցնում նուրբ աշխարհում գոյատևելուն, տեղի չի ունենա այնպես, ինչպես դուք եք պատկերացնում:

Դուք կհամբարձեք աստիճանաբար՝ կարծես մաս առ մաս, անցնելով մի ռասայից մյուսին, մի տիեզերական բոլորապտույտից մյուսին: Բայց վերջնական համբարձումը՝ որպես մի վերջնական նպատակի հասնելու գործընթաց, անհնարին է: Որովհետև զարգացումն անվերջ է և չի կարող կանգ առնել: Ոչ մի նպատակ վերջնական չէ:

Դուք ամեն օր համբարձվում եք ձեր գիտակցության մեջ, ձեր թրթիռներում՝ ձեռք բերելով ավելի ու ավելի մեծ ազատություն և հասնելով էներգետիկական այն մակարդակին, որին համապատասխանում են ձեր թրթիռները:

Ձեր մեջ կա այն մասը, որն արդեն անցյալի տիեզերական բոլորապտույտների ընթացքում հասել է, այսպես կոչված, համբարձմանը: Այդ մասը հանդիսանում է ձեր Ես-Քրիստոսը, կամ ձեր Բարձրագույն Ես-ը: Դա ձեր այն մասն է, որի օգնությամբ  նյութականությունից դուրս եք քաշում ձեր ստորին մարմինները:

Ձեր Ես-Քրիստոսը   ձեր հենակետն է, ձեր ուղեկցորդը, որը ցույց է տալիս ուղին և ղեկավարում ձեզ:

Այդ պատճառով է, որ ձե'ր իսկ բարձրագույն մասի հետ կապն անհրաժեշտություն է: Եվ այժմ այդ կապն իրականություն է դառնում մարմնավորման վիճակում գտնվող ավելի ու ավելի մեծ քանակի մարդկանց համար:

Բարձրացնելով ձեր էներգետիկական մակարդակը՝ դուք հնարավորություն եք ստանում հաղորդակցվելու ձեր Ես-Քրիստոսի հետ: Եվ դուք փորձ եք ձեռք բերում ձե'ր իսկ ավելի բարձր մասի՝ ԵՍ ԵՄ Ներկայության հետ հաղորդակցվելու համար: Տեղի է ունենում ուղիղ այն, ինչ թույլ եք տալիս ձեր գիտակցության մեջ:

Եթե ձեր մեջ՝ ձեր գիտակցության մեջ, դուք ընդունում եք, որ կարող եք ձեր Ես-Քրիստոսի հետ հաղորդակցվել, ապա վաղ թե ուշ կստանաք այդ հնարավորությունը:

Տատյանան մի ժամանակ դադարեց լսել իր Բարձրագույն Ես-ի պատասխանները:  Դա ցնցում եղավ նրա համար: Ըստ էության, սեփական բարձրագույն մասի հետ հաղորդակցվելն այնքան բնական բան էր դարձել, որ նա պարզապես չէր կարողանում հասկանալ, թե առանց այդ հաղորդակցության ինչ պետք է անի հետո:

Ճիշտ նույնն է և ձեր գիտակցության դեպքում. քանի դեռ այն չի ընդունում ձեր Բարձրագույն Ես-ի հետ հաղորդակցվելու միտքը, դուք չեք կարող ստանալ այդպիսի հաղորդակցության փորձ:

Եթե չցանկանաք լողալ սովորել, ապա չեք սովորի: Իսկ որպեսզի լողալ սովորեք, անհրաժեշտ է, որպեսզի մտնեք ջուրը և փորձեք լողալ: Բոլոր այն մարդիկ, որոնք կարդում են այս թելադրությունները և հասկանում, թե ինչի մասին է խոսք գնում, ունակ են լողալու, հաղորդակցվելու իրենց Բարձրագույն Մասի հետ:

Իսկ եթե դուք չեք ուզում ջուրը մտնել, ապա ոչ ոք չի կարող ձեզ ստիպել: Դուք կամ որոշում եք լողալ սովորել և ջուրն եք մտնում, կամ էլ չեք ուրոշում և չեք մտնում:

Շատ ուղեցույցներ կան, թե ինչպես հաղորդակցվել սեփական բարձրագույն մասի հետ:

Ես կտամ ձեզ ամենապարզը:

Դուք ունեք Ընկեր. ամենալավ և ամենահավատարիմ Ընկերը, որն ապրում է հենց ձեր մեջ: Եվ այդ Ընկերը միշտ սիրել է ձեզ, կյանքի բոլոր ծանր հանգամանքներում ձգտել է օգնել ձեզ այնքանով, որքանով թույլ եք տվել:

Դուք հաճախ անհրաժեշտություն եք զգացել խորհուրդ հարցնելու ընկերոջից, խորհուրդ՝ բարդ իրադրության լուծման համար: Դուք ընկերներ եք փնտրել ձեզնից դուրս: Ձգտել եք նրանց հետ մարդկային հաղորդակցության մեջ տնել:

Իսկ այդ նույն ժամանակ ձեր ամենալավ ընկերը՝ ձեր ամենահավատարիմ ընկերը, ով ձեր ներսում է, համբերությամբ սպասել է, թե երբ իր վրա ուշադրություն կդարձնեք:

Նա պատրաստ է ձեզ հետ հաղորդակցվելու: Նա տածում է ձեր նկատմամբ ընկերության ու սիրո զգացմունքներ: Ուշադրությա՜ն արժանացրեք նրան:

Ասացե՛ք նրան, թե որքան եք սիրում իրեն, թե որքան կարիք ունեք նրա հետ հաղորդակցվելու:

Ընտրեք այնպիսի ժամանակ, երբ գիտեք, որ ձեզ ոչ ոք չի խանգարի: Անջատե՛ք այն ամենը, ինչը կարող է ձեզ շեղել: Հարմար դիրք ընդունեք: Կենտրոնացե՛ք սրտի վրա: Եվ հարցրե՛ք ձեր Բարձրագույն Ես-ին, թե արդյոք ուզու՞մ է ձեզ հետ հաղորդակցվել: Ինչպե՞ս հասկանալ նրա այո-ն:

Ունկնդրե՛ք ինքներդ ձեզ: Պատասխանը կարող է գալ շատ նուրբ զգացողության, սրտի թրթիռի, կամ որևէ այլ ձևով: Դուք պետք է կարողանաք հասկանալ, թե ինչպես է ձեր Ես-Քրիստոսը ձեզ պատասխանում: Նա ձեզ կպատասխանի այն եղանակով, որը ձեզ համար առավել ընկալելի է:

Հնարավոր է և, որ չլսեք ոչ մի պատասխան: Մի՛ համառեք և մի՛ հոգնեցրեք ձեզ: Փորձը կրկնեք հաջորդ օրը: Կրկնե՛ք այն ամեն օր:

Ինքներդ պետք է գլխի ընկնեք, թե օրվա որ ժամանակն է ամենահարմարը հաղորդակցման համար: Նորից ու նորից փորձե՛ք:

Սկզբում ձեզ միայն կթվա, թե լսում եք պատասխանները: Հարցեր տվեք ձեր Ես-Քրիստոսին, հարցրերով դիմե՛ք նրան: Զրուցեք նրա հետ, ինչպես կզրուցեիք մտերիմ ընկերոջ հետ: Հայտնեցեք, թե որքա՜ն եք նրան սիրում, որքա՜ն եք երազում նրա հետ հաղորդակցվել:

Եվ վաղ թե ուշ՝ հաղորդակցությունը կկայանա:

Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում ձեր ճանապարհին: Կգա ժամանակը, և մենք կհանդիպենք իրար հետ: Եվ Ես կխոսեմ ձեզ հետ ձեր ներսից, ճիշտ այնպես, ինչպես հիմա խոսում եմ այս դեսպանորդի ներսից:

ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ: ՕՄ:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ