Մենք ձեզ ցույց ենք տալիս Ուղին

Սանատ Կումարա

15 մարտի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Ես եկա'... Այս դեսպանորդի միջոցով իրականացվող թելադրություններ տալն ավանդույթ է դարձել: Մենք կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոխվել արտաքին կամ ներքին հանագամանքները:

Չափազանց հազվագյուտ բան է աշխարհի ներկայիս վիճակում մեր տեղեկատվությունն ընկալող, բավարար չափով մաքուր հաղորդիչ ունենալը:

Այս թելադրությունները կարդալու ընթացքում ձեր գիտակցության մեջ դուք բախվեցիք որոշ կասկածների հետ: Իրոք, հրամցվող տեղեկատվությունը որոշակի տարբերություններ ունի՝ համեմատած այն տեղեկատվության հետ, որը տրվում մարմնավորված վիճակում գտնվող մյուս մարդկանց՝ դեսպանորդների, միջոցով:

Եվ այդ տարբերությունը կապված է բացորոշության մեծ աստիճանի հետ: Մենք ձգտում ենք ոչ այնքան տեղեկատվություն տալ այն հին ուսմունքների հունով, որոնք դուք ստացել եք վերջին ժամանակներում, որքան ձգտում ենք ընդարձակել ձեր պատկերացումները նուրբ աշխարհի վերաբերյալ: Յուրաքանչյուր աշխարհայացքային համակարգ, որքան էլ այն կուռ թվա, միայն մոտավոր, բավականին մոտավոր է նկարագրում ավելի նուրբ իրականությունը: Դրա համար մենք ընտրեցինք այլ ճանապարհ. տեղեկատվություն տալ՝ չառնչվելով որևէ կոնկրետ, արդեն գոյություն ունեցող համակարգի կամ տերմինաբանության հետ: Ինչպես դուք կարողացաք նկատել, մենք համարյա չենք օգտագործում այնպիսի տերմիններ, որոնք կիրառվում են այլ կրոնական և աշխարհայացքային համակարգերում:

Հաշվարկը պարզ է: Ճշմարտությունը պետք է շարադրվի այնպես մատչելի, որ հասկանալի լինի նույնիսկ երեխայի համար:

Դուք նկատել եք, թե երբեմն որքա՜ն խրթինություն կա այս կամ այն համակարգերում: Այո, տիեզերքի կառուցվածքը շատ բարդ է և հազիվ թե հասանելի՝ զարգացման ներկա փուլում գտնվող մարդկային գիտակցության համար:

Ըստ այդմ՝ որքան էլ մենք փորձենք պարզ շարադրել որոշ բաներ, դուք ունակ չեք լինի ընկալելու: Դրա համար մենք ընտրեցինք այլ ճանապարհ: Դա ճանապարհ է, որը պարզապես ուղորդում է ձեր գիտակցությունը՝ կողմնորոշելով նրան ճիշտ ուղղությամբ: Երբ դուք գիտեք, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվեք, ապա կարող եք նախապատրաստել այն ամենը, ինչն անհրաժեշտ է ձեզ ճանապարհի համար: Դուք կգտնեք և' հոգևոր գործիքներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ձեզ, և' հոգևոր գործառություններ, և հոգևոր մեթոդներ: Բայց դուք այլևս չեք խարխափի այս ու այնտեղ, որովհետև ուղղությունը, ներքին կողմնորոշիչն ու ձեր գիտակցության կողմնացույցն արդեն ճիշտ  ուղղորդված կլինեն:

Եվ այդ ուղղությունը տրվում է շատ նրբորեն ու փափկանկատորեն, որպեսզի այն չտարանջատվի ձեր արտաքին գիտակցությունից: Դուք նկատել եք, որ այն ամբողջ կամ գրեթե ամբողջ տեղեկատվությունը, որը տրվում է այս դեսպանորդի միջոցով, ձեզ համար ընդունելի է: Ձեր գիտակցությունը փնտրում է հակասություններ, թե ինչից կարող է կառչել ձեր քննադատական միտքը: Եվ չի գտնում:

Որովհետև ինչքան բարձր է Ճշմարտության շարադրման մակարդակը, այնքան հակասություններ գտնելն ավելի դժվար է:

Այսպիսի օրինակ կարելի բերել: Դուք ձեր առաջ տեսնում եք գագաթ՝ ձյունաճերմակ գլխարկով ծածկված Աստվածային Գիտակցության գագաթը: Բայց, երբ դուք ճամփա եք ընկնում դեպի այդ գագաթը, ապա նախ մտնում եք անտառ, թափառում եք կիրճերում, մագլցում եք ժայռերը և արդեն ձեր առջև չեք տեսնում գագաթը :

Դա նման է այն բանին, երբ հայտնվում եք որևէ եկեղեցու կամ կազմակերպության կառույցի մեջ, որն ունի իր կանոնները, արարողակարգերն ու դոգմաները: Ձեզ այնտեղ տառացիորեն խճճում են դոգմաների ու կանոնների անանցանելի թփուտներում: Ոչ ոք արդեն չի հիշում, թե ինչի համար են մտցվել այդ կանոնները, բայց ձեզանից պահանջում են, որ դուք այդ կանոններն անպայման պահպանեք. այլապես դժոխքում հրի կմատնվեք, կամ ձեր գլխին կթափվեն այս աշխարհի բոլոր հայտնի դժբախտությունները:

Բայց եթե դուք հիշեք, մշտապես հիշեք այն Աստվածային Գագաթի մասին, դիպի ուր ձգտում եք, ապա կանցնեք իր փշերով ձեզնից կառչող թփուտից, և այն ձեզ ոչ մի վնաս չի հասցնի:

Ճիշտ նույն կերպ՝ եթե դուք մտնում եք դարերով գոյություն ունեցող կրոնների դոգմաներից կազմված խիտ անտառը, և դուք արդեն այդ դոգմաների ու կանոնների ետևում նույնիսկ կապույտ երկինքը չեք տեսնում, ապա հիշում եք Աստվածային Գագաթի մասին, դեպի ուր ընտրել եք ձեր ուղին, և ելք եք գտնում անտառից դուրս գալու համար:

Երբ դուք շարունակում եք ճանապարհը և սկսում մագլցել նոր ուսմունքներից կազմված ժայռերն ու քարե կիրճերը, որոնք երիտասարդ են ու դեռևս շատ սայթաքուն ու երերուն, ապա հիշում եք Աստվածային Գագաթի մասին և օգնություն ու օժանդակություն եք ստանում՝ ընկերոջ ձեռքի կամ ճոպանի տեսքով, որը դեպի ձեզ է մեկնվում ձեր այն եղբայրների կողմից, որոնք արդեն ավելի վեր են ելել:

Այս թելադրությունները նրանց համար չեն, ովքեր իրենց հանդարտությունն են գտել անտառի բացատում՝ թռչունների ծլվլոցով և թևածող թիթեռներով լցված գետակի ափին: Այդ բացատները նման են այն աղանդներին և ուսմունքներին, որոնք ձեզ ներշնչում են, թե դուք պետք է ձգտեք երանության՝ գտնվելով ձեր աշխարհում, թե պետք է բոլորին սիրեք, դրսևորեք միայն մարդկային լավ հատկանիշներ:

Չի՜ կարող կատարելություն լինել ձեր աշխարհում: Եվ ինչքան երկարատև դուք ձեզ սրբեր երևակայեք, այնքան ավելի ցավոտ հարվածի կենթարկվեք: Հարված, որ կարթնացնի հիասքանչ բացատի ձեր քնից և կստիպի քայլել դեպի գագաթը՝ հաղթահարելով ինքզինք, հաղթահարելով սեփական անկատարությունը: Վերելքին զուգընթաց ի դերև կելնեն ձեր հին, ցավոտ կետերը՝ ձեր վերքերը, որոնք ստացել եք ոչ միայն այս, այլ նաև ձեր նախորդ մարմնավորումների ընթացքում:

Դուք կշարունակեք առաջ ընթանալ՝ հաղթահարելով ձեր այդ վնասվածքների, ջարդվածքների, վերքերի ու հիվանդությունների ցավը:

Մեր խնդիրն է՝ ձեզ ցույց տալ ուղին, ցույց տալ ճիշտ ուղղությունը, բայց կքայլեք դուք ինքներդ՝ յուրաքանչյուրդ իր անհատական ճանապարհով:

Բայց, ստանալով ճիշտ ուղղություն, դուք այլևս երբեք չեք մոլորվի:

Մենք ձեզ ցույց ենք տալիս Աստվածային իրականության բարձրագույն գագաթին հասնելու Ուղին:

Ահա' ուղին: Գնացե'ք: Խիզախե'ք, միայն թե կանգ մի' առեք ձեր զարգացման ճանապարհին: Առա՜ջ:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝ ձեզ հետ եմ ամբողջ ճանապարհին:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ