Ռուսաստանի՝ որպես Մոր երկրի, վերածնունդը տեղի կունենա շատ շուտով

Պաշտելի Մայր Մարիամ

13 հունիսի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ այս դեսպանորդի միջոցով ձեզ մոտ եկածս:

Ես ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Ուրախ եմ՝ հատկապես այսօրվա հանդիպման համար, քանզի այն պահից սկսած, երբ ես վերջին անգամ եկա ձեզ մոտ, շատ բան է փոխվել: Եվ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր հանդիպումից հետո ընկած ողջ ժամանակի ընթացքում իրենց ամբողջ ազատ ժամանակը նվիրաբերել են Վարդանոցների ընթերցմանը: Ես խոստացել էի գալ և ձեզ վարդ նվիրել: Ձեզնից շատերին ես տառացիորեն ծածկել եմ վարդերով: Եվ, եթե դուք ձեր հոգու աչքերով կարողանայիք նկատել այն, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը, ապա կտեսնեիք, որ ամբողջ սենյակը, որտեղ ընթերցում էիք Վարդանոցները, տառացիորեն լցված է վարդերով:

Ես շնորհակալ եմ ձեզնից: Եվ ես անչափ երախտապարտ եմ յուրաքանչյուրին, ով արձագանքեց իմ խնդրանքին:

Ամբողջ այն էներգիան, որը դուք անշահախնդիր կերպով տվեցիք ինձ, իմ կողմից ներդրվել է ձեր կյանքի այնպիսի պայմանների ստեղծման համար, որոնք թույլ կտան ձեզ հասնելու ավելի մեծ հասկացողության, տեղի ունեցող իրադարձությունների ավելի մեծ գիտակցման:

Իմ Սերն անփոփոխ կերպով հասնում էր ձեզ՝ վարդանոցների ձեր ընթերցման ընթացքում: Իսկ ես՝ զգում էի ձեր Սերը: Օ՜ դուք չեք կարող պատկերացնել այն երանությունը, որը ես ապրում եմ՝ իմ սրտի մեջ ստանալով ձեր Սերը:

Ձեր Սերը թափանցում է վարագույրից այս կողմ՝ անուշաբույր խնկահոտի պես պարուրելով ինձ: Ես միշտ կարող եմ զանազանել, թե ում սիրտն է ինձ առաքում այդ Սերը, և ես միշտ կարող եմ առաքել իմ օրհնանքը ձեր սրտին, ձեր կենսահոսքին:

Թող օրհնյա՜լ լինեն բոլոր այն նվիրյալ ու կարեկից սրտերն, ովքեր օրվա ունայնության մեջ ժամանակ են գտնում մի պահ կանգ առնելու և տալու ինձ իրենց Սերն ու Վարդանոցների Էներգիան:

Եկեք չդադարացնե'նք Լույսի այդ հոսքն ու էներգիաների այդ փոխանակությունը մեր օկտավաների միջև:

Պատկերացրեք, որ ինձ ուղղված ձեր յուրաքանչյուր աղոթքն ավելի ու ավելի շատ է բարակացնում մեր աշխարհների միջև եղած վարագույրը: Եվ երկրագնդի վրա կան տարածքներ, որտեղ ձեր աղոթքների ուժը մեր աշխարհների հաղորդակցությունն այնքան է հնարավոր դարձրել, որ դուք կարող եք զգալ իմ հպումն ու իմ այն վարդերի բույրը, որոնք շաղ եմ տալիս ձեզ վրա:

Պաշտելինե'րս, մի' դադարացրեք ձեր աղոթքները:

Ես առաջվա պես ձեր Սիրո ու ձեր աղոթքների կարիքն ունեմ: Դուք գիտեք, որ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Երկրի վրա, և ես ուրախ եմ ողջունել ձեզնից նրանց, ովքեր հասել են իրենց գիտակցության զարգացման հաջորդ փուլին: Ես նաև ուրախ եմ, որ նրանցից շատերն ովքեր իրենց ժամանակը նվիրում էին Վարդանոցների ընթերցմանը, կարողացան բարձրանալ այդ աստիճանի վրա:

Իմ այն աղոթքները, որոնք այդ ընթացքում ես կարդում էի ձեզ ու ձեր մերձավորների համար, նույնպես թողել են իրենց ազդեցությունը:

Այժմ ես իմ ուշադրությունն ուղղում եմ Մոր երկրի՝ Ռուսաստանի վրա: Դուք գիտեք, որ Ռուսաստանն այն երկիրն է հանդիսանում, որին ես ցուցաբերում եմ իմ առանձնահատուկ խնամակալությունը:

Եվ Ռուսաստանի գլխավերևում իմ ներկայությունը կարող է ուժեղացվել միայն այն դեպքում, եթե այդ երկրի, որքան հնարավոր է, շատ ուստրեր ու դուստրեր դեպի ինձ դարձնեն իրենց ուշադրությունը և առաքեն ինձ Վարդանոցների էներգիան:

Դուք գիտեք, որ ուղղափառ եկեղեցին Վարդանոցներ կարդալու ավանդույթ չունի: Ուստի ձեզնից նրանք, ովքեր խստորեն պահպանում են ուղղափառ ավանդույթները, կարող են Վարդանոցներ չկարդալ, այլ բավական է, որ նայեն իմ պատկերին և առաքեն ինձ իրենց Սերը, իսկ ես մշտապես կզգամ դա:

Աստվածային աշխարհում սահմանափակումներ չկան: Բոլոր սահմանափակումները դուք ինքներդ եք հորինել՝ ավանդույթներ ստեղծելով: Ուստի ես ձեզ խնդրում եմ՝ ուղղակի առաքել ինձ ձեր Սերը:

Հիշու՞մ եք Սերաֆիմ Սարովսկուն: Հիշու՞մ եք նրա ինձ ծառայելն այն պատկերի առաջ, որը պատկերված է Գորովանք սրբապատկերի վրա:

Նա նույնիսկ աղոթք չէր մրմնջում, բայց նրա աչքերն արցունքով էին լցվում, և նա գտնվում էր իմ նկատմամբ Սիրո կատարյալ երանելի վիճակի մեջ: Սերաֆիմ Սարովսկին իմ ամենանվիրված սպասավորներից մեկն էր:

Եվ ես մինչև հիմա հիշում եմ մեր հաղորդակցության այն րոպեները, որոնք մենք երկուսով իրար հետ ունեցանք անտառում: Դուք չեք կարող պատկերացնել, թե դա ի՜նչ անպատմելի մի հրաշք է, որ Տերը տալիս է մեզ: Մեր Սիրո միջոցով մենք կարող ենք վերացնել բոլոր այն պատնեշները, որոնք ընկած են մեր աշխարհների միջև: Եվ չկա ավելի վերամբարձ, ավելի հաճելի ու երանելի բան, քան այն հաղորդությունը, որը կարող ենք նվիրել իրար:

Մենք գտնվում ենք այն սահմանագծի երկու կողմերում, որը բաժանում է մեր աշխարհներն իրարից, սակայն ինքը՝ սահամանագիծը, բարակում ու բարակում է՝ մեր Սիրո ամենակուլ ուժի շնորհիվ: Պաշտելինե'րս, Սիրո ուժի դեմ ոչ մի պատնեշ չի կարող դիմանալ:

Սերն ընդունակ է հրաշքներ գործելու ինչպես ձեր, այնպես էլ մեր աշխարհում: Եվ Սերն այն ուժն է, որը հնարավորություն ունի թափանցելու վարագույրից այս կողմ:

Երբ դուք հարմար պահ գտնեք և ձեր ունայնությունից ազատվելով կանգնեք իմ պատկերի առաջ, ապա խնդրում եմ, մի' մտածեք, թե ես հեռու ինչ-որ տեղ եմ գտնվում: Ես լսում եմ ձեր սրտի անկեղծ կանչը: Եվ ես այնտեղ եմ, որտեղ դուք եք: Ես լսում եմ ինձ ուղղված ձեր ամեն մի խոսքը: Անկախ այն բանից՝ այդ խոսքը հնչում է ձեր սրտում, թե՝ բարձրաձայն եք արտաբերում:

Եվ, եթե ձեր շունչը պահեք ու կենտրոնանաք, ապա կարող եք ձեր կողքին զգալ իմ ներկայությունը՝ թեթև, հազիվ նկատելի ամպի տեսքով. կամ կարող եք զգալ վարդի նուրբ բուրմունք. կամ կարող եք զգալ իմ հպումը:

Ես սիրում եմ դիտել ձեր դեմքերը՝ ձեր աղոթքի ընթացքում: Եվ երբեմն ես ինձ թույլ եմ տալիս ձեր Վարդանոց կարդալու ընթացքում մոտենալ ձեզ, շոյել կամ համբուրել:

Դուք՝ շատերդ, զգում եք իմ հպումը, և նույնիսկ փորձում եք քշել ինձ՝ ինչպես ձանձրացնող ճանճի: Օ՜, եթե միայն տեղ տայիք ձեր գիտակցության մեջ այն մտքին, որ դա ճանճ չէր, այլ հենց ինքը՝ Մայր Մարիամն է մոտեցել, որ համբուրի ձեզ... Դուք ձեզ կզգայիք շատ անհարմար ու ծիծաղելի վիճակում:

Մեր աշխարհներն անհամեմատ ավելի մոտ են գտնվում իրար, քան դուք կարող եք պատկերացնել:

Եվ արդեն հիմա՝ ձեր աղոթքի ընթացքում դուք կարող եք զգալ իմ ներկայությունը: Երկրի մարդկանց համար չկա ավելի մոտ Տիրակալ, քան ես: Ես արձագանքում եմ տառացիորեն ձեր բոլոր կանչերին: Եվ ես շատ եմ ափսոսում, որ երբեմն ձեր կարման այնքան ծանր է լինում, որ չեմ կարողանում ցուցաբերել այն օգնությունը, որը խնդրում եք: Սակայն՝ Աստծո համար անհնարին ոչինչ չկա: Եվ այնժամ, երբ ձեր անցյալի սխալների գիտակցումը տեղի ունենա նոր մակարդակի վրա, հնարավոր է, որ Կարմայական Վարչության որոշումը փոխվի, և ինձ թույլ տրվի՝ ձեզ օգնություն ցուցաբերել:

Ես շատ ուրախ եմ այն բանի համար, որ վերջին 100 տարվա մեջ առաջին անգամ ես հնարավորություն ունեմ ավելի ու ավելի հաճախ ներկա գտնվելու Ռուսաստանի Հողում: Իմ հողում, որին ես ցուցաբերում եմ առանձնահատուկ խնամակալություն: Ուստի՝ մի' կորցրեք ձեր հույսերը: Ձեր բոլոր աղոթքները տեղ են հասել, և Ռուսաստանի հողին օգնություն է շտապում: Եվ այդ օգնությունը տեղ կհասնի տիեզերական չափանիշներով շատ կարճ ժամկետում: Ամեն ինչ կփոխվի: Եվ, Ռուսաստանի՝ որպես Մոր երկրի, վերածնունդը տեղի կունենա շատ շուտով:

Իսկ առայժմ, ես խնդրու'մ եմ, մի' կանգնեցրեք աղոթքի անիվը: Եվ, եթե դուք ձեր զբաղվածության պատճառով չկարողանաք շատ ժամանակ հատկացնել աղոթքին, ապա, կարծում եմ, գոնե ժամանակ կգտնեք՝ օրվա ունայնության մեջ հայացք ձգել իմ պատկերի կամ սրբապատկերի վրա և առաքել ինձ ձեր Սերը:

Դա ընդամենը մի վայրկյան կտևի: Բայց, եթե օրվա ընթացքում ձեր Սերն առաքեք ինձ ընդամենը մի քանի անգամ, ապա դա կփոխարինի ձեր Վարդանոց ընթերցելուն և աղոթքներին:

Միշտ ձեզ մոտ ունեցե'ք իմ պատկերը: Պահեցե'ք իմ պատկերը ձեր պայուսակում, թալիսմանի մեջ: Միշտ հիշե'ք, որ այնտեղ, որտեղ ֆիզիկական աշխարհում գտնվում է իմ կիզակետը, ես կարող եմ հաստատել իմ ներկայությունը՝ շնորհիվ այն էներգիայի, որը դուք առաքում եք ինձ:

Դիմացե'ք, պաշտելինե'րս: Քիչ է մնացել սպասելու: Դուրս եկեք արշալույսին և զգացե'ք այն քաղցր ակնթարթը, երբ արևը դեռևս դուրս չի եկել հորիզոնի հետևից, բայց շրջապատում կանխազգացվում է Արևածագը: Ահա նույն կերպ՝ ամբողջ աշխարհը գտնվում է Արևագալի սպասման այդ կետում: Հավատի Արևի, Սիրո Արևի, Հույսի Արևի գալուն:

Եվ ձեր գիտակցության լուսաբացը նույնպես անխուսափելի է, ինչպես Արեգակի ծագումը, որը կանխազգում է ձեր էությունը:

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ միշտ ձեզ սիրող և մեր հանդիպմանն սպասող:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ