Մենք բոլորս միասնական ենք և նույն Սկզբնաղբյուրն ունենք

Միասնականի Ներկայությունը

6 մարտի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Բոցը, հավերժական Բոցը, անտրոհելի Բոցը` հավերժության, անտրոհելիության և անսահմանության մեջ գտնվող միասնական Բոցը:

ԵՍ ԵՄ հոսքը Լույսի և Հրի:

Բոց...

Հուր...

Մահկանացու գիտակցությունը չի կարող ինձ ընկալել: Բայց կարող է զգալ իմ թրթիռները, իմ Ոգին, իմ Հուրը:

Փայլատակող անսահմանություն... Հավերժություն...

Գեղեցկություն: Համաչափություն: Երանություն: Բերկրանք: Ներդաշնակություն:

Տիեզերքի արարումը ենթակա է Իմ Օրենքին: Եվ այն ամենն, ինչ ասում եմ, հինավուրց Ճշմարտություն է, որը միշտ փորձել է գիտակցել մարդկությունը. որին միշտ ձգտել են լավագույն մարդկային մտածողները:

Ես հորինում եմ աշխարհներ, և ես իրականացնում եմ հորինածս: Ես արարում եմ իմ Կամքի և Հրի միջոցով: Աստիճանաբար մանրամասնելով արարումը՝ Ես վստահում եմ Իմ իրավասություններն Իմ Աշխարհը բնակեցնող հոգևոր Էակներին:

Ես առկա եմ այդ հոգևոր Էակներից յուրաքանչյուրում, բայց միաժամանակ նրանցից յուրաքանչյուրն օժտված է սեփական անհատականությամբ, սեփական ստեղծագործական և ինքնազարգացման կարողությամբ: Բոլոր էակներն իրենց հիմքում ունեն Իմ Հուրը:

Մենք բոլորս միասնական ենք Իմ գիտակցության մակարդակում:

Բայց տիեզերքի տարրալուծմանը զուգընթաց՝ տեղի է ունենում խտացում և բաժանում: Ինչքան ցածր են երևացող աշխարհի թրթռումները, այնքան մեծ է իմ մասերի միջև եղած մեկուսացվածությունն ու տարբաժանվածությունը:

Ես թույլատրում եմ այդ մեկուսացվածությունը, որովհետև այդ մեկուսացվածության շնորհիվ Ես ձգտում եմ ճանաչել Ինձ:

Տիեզերքը նման է մարդկային օրգանիզմի: Ամեն մի գալակտիկա կամ գալակտիկաների խումբ կարելի նմանեցնել մարդկային օրգանիզմի համակարգերին և մասերին:

Այդ ամբողջը կազմում են Իմ մարմինը՝ ճիշտ այնպես, ինչպես ձեր օրգաններն ու համակարգերն են կազմում ձեր մարմինը: Մենք նման ենք:

Եվ ճիշտ այնպես, ինչպես ձեզ համար դժվար է հասկանալ Լինելիության բարձր պլանների գոյությունը, այնպես էլ Ինձ համար ծանր է գիտակցել ձեր հոծ աշխարհի պրոբլեմները:

Տիեզերքի ղեկավարման համար գոյություն ունի տարբեր զարգացման մակարդակների վրա գտնվող գիտակից էակների մի ամբողջ հիերարխիա: Եվ այդ հիերարխիան ձգվում է Ինձնից մինչև այս աշխարհի մատերիական ամենամանրագույն մասնիկը:

Մենք բոլորս ենթարկվում ենք այս տիեզերքի միասնական Օրենքին:

Եվ ինչքան բարձր է այդ հիերարխիայում գտնվող հոգևոր էակի մակարդակը, այնքան նա ավելի փոքր ազատության է տիրապետում: Ըստ այդմ՝ համարյա անսահմանափակ ազատությամբ օժտված մարդու համար նախասահմանված է, որ նա ժամանակի ընթացքում պետք է հրաժարվի այդ ազատությունից՝ փոխարենը ստանալով ավելի մեծ լիազորություններ, ավելի մեծ իշխանություն: Ավելի մեծ հզորություն:

Այն աստիճանները, որոնք այս տիեզերքում զբաղեցնում են գիտակից էակները, ուղղակիորեն կապված են այդ էակների գիտակցության մակարդակներից: Մարդը, մասնավորապես՝ երկրային մարդկությունը, տեղ է զբաղեցնում բուրգի ստորոտի մոտ: Նա մշտապես հոգածության ու խնամքի կարիք է զգում այն էակների կողմից, որոնք հասել են զարգացման ավելի բարձր աստիճանի:

Այդ գործընթացը կարելի է համեմատել դպրոցի կամ մանկապարտեզի երեխաների դասիարակության գործընթացի հետ: Գալիս են տարբեր դասատուներ և ուսուցում են անցկացնում: Եվ այդ դասատուները կարող են գալ ինչպես դրսից՝ մի ուրիշ մարդու տեսքով, այնպես էլ հայտնվել ձեր ներսում:

Եթե ձեր թրթռումների մակարդակին համապատասխանող նվաճումների մակարդակը թույլ է տալիս, ապա ձեր մարմնավոր տաճարում կարող են ներկա գտնվել մեկ կամ մի քանի Լույսի Էակներ: Դուք պարզապես ստանում եք լրացուցիչ Աստվածային էներգիա՝ ուժեղացված Լույսի հոսք: Արտաքնապես ձեր ներսում եղած այդ էակների ներկայությունը ոչ մի կերպ չի արտահայտվում: Բայց յուրաքանչյուր մարդ, ում ներսում ներկա են այդ էակները, տեղյակ է այդ մասին: Նա գիտի, թե Լույսի Էակներից որն է իր ներսում ներկա:

Լրացուցիչ լույսը ձեր ֆիզիկական աշխարհի տեսակետից որևէ առավելություն չի տալիս: Թրթռումների տարբերությունն ու ձեր աշխարհի մեծ խտությունը հանգեցնում են այն բանին, որ լրացուցիչ լույսի առկայությունը երկրային տրամաբանության տեսանկյունից կործանում է ձեր կյանքը: Կործանվում են սովորական կապերը, կորսվում է աշխատանքը, չի դիմանում ֆիզիկական տաճարը, և ի հայտ են գալիս ինչ-որ հիվանդությունների արտաքին նշաններ:

Սակայն այդ Լույսի Էակների ներկայությունն անհրաժեշտ է, և յուրաքանչյուր կամավոր, ով թույլատրում է իր ներսում այդ Լույսի Էակներին, անում է դա իր ազատ կամքով՝ զոհաբերելով արտաքին ֆիզիկական նվաճումներն ու առավելություն տալով ավելի նուրբ աշխարհների նվաճումների տիրապետմանը:

Այդ Լույսի Էակների ներկայությունը տալիս է գիտակցության ընդլայնում, նուրբ աշխարհի էներգիաներին տիրապետելու ունակություն, որոնք հայտնի են որպես Սուրբ Հոգու շնորհներ:

Կա շատ նուրբ եզրաշերտ, որը բաժանում է մարդկանց, որոնք տրամադրել են իրենց տաճարները Լույսին ծառայելուն, այն մարդկանցից, որոնք տրամադրում են իրենց տաճարները ստորակարգ ոգիներին և մարմնազրկված էություններին: Ցավոք՝ ներկայումս մարդկության մեծ մասը՝ մարդկության 90 տոկոսը, իրենց տաճարները տրամադրում են ստորակարգ ոգիներին՝ չհոգալով և չանհանգստանալով ազատ կամքի նման վարքագծի հետևանքների մասին:

Եվ այդ մարդիկ, որոնք տրամադրում են իրենց տաճարները խավարի ստորակարգ ոգիներին, կարող են տիրանալ ճիշտ նույնպիսի շնորհների՝ նման նրանց, ովքեր տրամադրել են իրենց տաճարները լուսավոր ոգիներին: Նրանք էլ կարող են բժշկել, կանխատեսել ապագան, ուղերձներ ընդունել: Սակայն կա և տարբերություն: Լույսին ծառայելու նպատակով իր ստորին մարմինը զոհաբերած մարդը չի օգտագործի իր շնորհներն այս աշխարհին պատկանող երևելի իրեր և նշաններ ձեռք բերելու համար, լինի դա փող, իշխանություն, ազդեցիկություն, թե հեղինակություն: Այս աշխարհում շատ են մարդկանց անիրական մասի դրսևորումները:

Հենց դա է շփոթություն ծնում: Մարդիկ տեսնում են հրաշքներ, տեսնում են բժշկումներ, և իրենց մարդկային գիտակցությամբ չեն կարողանում զանազանել խավարի ներկայացուցիչներին Լույսի ներկայացուցիչներից:

Իսկ չափանիշը միայն մեկը կարող է լինել՝ ներքին իմացությունն ու ներքին ինտուիցիան:

Տեսե'ք՝ վարվու՞մ է արդյոք ինքը մարդն այնպես, ինչպես սովորեցնում է:

Սովորեցնում է ներել. իսկ արդյոք ներու՞մ է հենց ինքը:

Ուսուցանում է հրաժարվել շնացման մեղքից. իսկ այդպե՞ս է վարվում ինքը: Թույլ չի՞ տալիս արդյոք սեքսուալ էներգիայի աղավաղումներ: Քարոզում է Աստվածային սեր, անշահախնդրություն. իսկ ի՞նչ ունի հենց ինքը: Չի՞ ապրում արդյոք նա ճոխության մեջ: Ինչո՞վ է սնվում:

Զննեցե'ք, դիտեցե'ք:

Բայց յուրաքանչյուր դրսի մարդ՝ որպես ուսուցիչ, պետք է ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ չեք հասել ճանապարհի այն հատվածին, որից հետո ձեզ պետք չէ ունենալ որևէ ուսուցիչ ձեզնից դուրս եղած ֆիզիկական պլանում:

Արդեն դուք կկարողանաք հանդիպել յուրաքանչյուր Լույսի Էակի հետ, որի մակարդակին կհասնեք ձեր գիտակցության մեջ: Դուք կկարողանաք ուղղակիորեն այդ Լույսի Էակներից գիտելիքներ ստանալ: Եվ ժամանակի ընթացքում ձեր թրթռումներն այնպես կհամընկնեն այդ Լույսի Էակների թրթռումների հետ, որ թույլ կտաք նրանց մշտապես ներկա գտնվելու ձեր մեջ: Դուք  նրանց լրիվ հայեցողությանը կհրամցնեք ձեր մարմնական տաճարն ու բոլոր ստորին մարմինները: Եվ այստեղ չկա որևէ վատ բան, որը չի համապատասխանում բարձրագույն Օրենքին: Քանզի մենք բոլորս միասնական ենք և ունենք միևնույն Սկզբնաղբյուրը: Այսպիսի բաժանվածությունը հատուկ է միայն ձեր աշխարհին: Ավելի նուրբ աշխարհներում Միասնությունն ավելի ու ավելի է զգացվում՝ մատերիայի նրբացմանն ու Հրի, Բոցի հատկությունների ձեռքբերմանը զուգընթաց:

Դուք ինքներդ եք ձեր ազատ կամքով ընտրում, թե ում ծառայեք: Եվ դա որոշվում է ձեր գիտակցության մակարդակով:

Կամավոր հրաժարվե'ք ձեր միջոցով խավարի ուժերի յուրաքանչյուր դրսևորումից:

Հրաժարվե'ք այն ամբողջ ուղեբեռից, որը ձեռք եք բերել այս մոլորակի վրա լինելու միլիոնավոր տարիների ընթացքում: Բարձրացրե'ք ձեր գիտակցությունը և ձգտե'ք դեպի Բարձրագույն Աշխարհներ: Ձեր գիտակցության աճին զուգընթաց՝ փոփոխություն կկատարվի այդ աշխարհում: Եվ բոլոր նրանք, որոնք կառչում են հնից, և որոնց ժամկետը սպառվել է, ստիպված կլինեն լքելու ձեր աշխարհը, որին շատ շուտով վիճակված է տիեզերական չափանիշներով վերածվելու չքնաղ ու կատարյալ աշխարհի, իսկ ձեր մոլորակին վիճակված է վերածվելու փայլփլող աստղի:

ԵՍ ԵՄ Ներկայությունը Միասնականի, և Ես ձեզ հաջողություն եմ մաղթում Լինելիության անսահմանության ձեր Ճանապարհին:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ  Հաջորդ էջ  Նախորդ էջ