Ես ինձ վրա վերցրեցի աշխարհի մեղքերը, բայց իմ արածի գլխավոր մասն այն էր, որ ձեզ ցույց տվեցի Ուղին

Պաշտելի Հիսուս

1 մայիսի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Հիսուս Քրիստոս՝ դեսպանորդ Տատյանայի միջոցով այսօր ձեզ մոտ եկածս:

ԵՍ ԵՄ եկողը... Հենց այսօր, երբ ուղղափառ քրիստոնյաները նշում են Զատկի լուսավոր տոնը՝ ի հիշատակ խաչելությունից հետո իմ հարության: Խաչելության և հարության խորհրդանիշները, ինչպես ձեզ հայտնի է, չեն վերաբերում միայն այն իրադարձությանը, որը տեղի ունեցավ 2000 տարի առաջ:

Դրանք այն խորհրդանիշներն են, որոնք վերաբերում են բոլոր նրանց, ովքեր ներկայումս ապրում են Երկրի վրա: Եվ ձեզնից յուրաքանչյուրը պետք է անցնի իր խաչելությունն ու իր հարությունը: Ուստի այսօրվա տոնը թող ձեզ համար ծառայի որպես հիշեցում՝ ձեր ձեռնադրումների Ուղու և այդ Ուղու այն փորձությունների մասին, որոնք սպասվում են ձեզ:

Դա չի նշանակում, պաշտելինե'րս, որ դուք անպայման կխաչվեք հենց այնպես, ինչպես ես խաչվեցի: Եվ դա նաև չի նշանակում, որ դուք հարություն կառնեք հենց այնպես, ինչպես ես հարություն առա: Բայց այդ իրադարձություններն անպայման տեղի կունենան ձեր ձեռնադրումների ավարտական փուլում:

Ձեր խաչելությունը կկայանա, երբ դուք կախված կլինեք կյանքի ու մահվան սահմանագծի խաչի վրա՝ հավերժական կյանքի և ձեր աշխարհի մահկանացու գոյության միջև: Դուք կգիտակցեք ձեզ շրջապատող ֆիզիկական աշխարհի անցողիկությունը և կզգաք հավերժական աշխարհի հպումը: Եվ այն զգացողությունները, որոնք դուք կապրեք ձեր այդ ձեռնադրման ընթացքում, համեմատելի կլինեն խաչելության այն ընթացքի հետ, որն ինձ վիճակվեց ապրել: Ձեր ֆիզիկական մարմինն ու ձեր բոլոր նուրբ մարմինները կտառապեն: Դուք կզգաք ոչ միայն ձեր ցավը, այլ նաև ամեն մի կենդանի էակի ցավը, որը տառապում է ձեր աշխարհում: Դուք լիովին կզգաք ձեր աշխարհի ողջ անկատարությունը:

Դուք կբախվեք ձեր շրջապատի գիտակցության այդ անկատար վիճակների հետ, և դուք ընտրություն կկատարեք զոհաբերել ինքներդ ձեզ՝ զոհաբերել այն ամենն, ինչ ունեք՝ նույնիսկ ձեր ֆիզիկական մարմինը, որպեսզի օգնեք ձեր շրջապատի տառապող էակներին, որոնց հայտնի չեն իրենց տառապանքների պատճառները:

Այո', պաշտելինե'րս, այն մարդիկ, ովքեր արդեն պատրաստ են արթնացմանը, որոնց ժամկետը հասել է, այնպիսի ահավոր տանջանքներ ու տառապանքներ են զգում, որ պատրաստ են ընդունել յուրաքանչյուրի օգնությունը, ով կբացատրի իրենց այն պատճառները, որոնցով տառապում են:

Եվ լավ կլինի, եթե նրանց կողքին հայտնվի մեկը, ով արդեն գիտակցել է երկու աշխարհների միջև գտնվելու վիճակը և ընտրություն է կատարել Աստվածային աշխարհի օգտին:

Պաշտելինե'րս, ձեզնից շատերն արդեն ապրել են իրենց խաչելությունը, և շատերն էլ արդեն մոտ են գտնվում իրենց խաչելությունն անցնելուն: Դա ձեր գիտակցության այն վիճակն է, երբ դուք գիտակցում եք ձեր առաքելությունը, և երբ դուք ձեզ ամբողջովին զոհ եք մատուցում՝ հանուն բոլոր կենդանի էակների բարօրության: Իսկ այդ կենդանի էակները, փոխանակ երախտագիտություն հայտնելու ու ձեզ գովաբանելու, կձգտեն ստորացնել ձեզ ու ցավ պատճառել, կհետապնդեն ձեզ ու կձգտեն պատժել:

Եվ այն րոպեին, երբ կթվա, թե այլևս ուժ չունեք հաղթահարելու ձեր բոլոր ուժերի այդ անմարդկային լարումը, դուք կգիտակցեք, որ այդ մարդիկ չգիտեն, թե ինչ են անում: Եվ դուք կներեք նրանց բոլորին, դեռ ավելին՝ կուզենաք ձեզ վրա վերցնել նրանց բոլոր այն մեղքերը, որոնք շղարշում են նրանց աչքերը և չեն թողնում տեսնել Ճշմարտությունը:

Եվ ահա այդ ժամանակ դուք կանցնեք ձեր խաչելությունը մատերիայի խաչի վրա:

Իսկ դրանից անմիջապես հետո պատրաստ կլինեք հարությանը՝ որպես Աստծո Կամքի հետ լիակատար համահնչունության վիճակ և մարդկային մտքերից ու զգացմունքներից լիոկատար մաքրում:

Դա հիրավի հարություն է, որովհետև ձեր Հոգին հնարավորություն է ստանում գործել ձեր միջոցով: Եվ դուք անխոցելի եք դառնում ձեր դեմ ուղղված բոլոր նետերի հանդեպ: Ֆիզիկական աշխարհում չի լինում այլևս ոչինչ, որ կարողանա ձեզ վնաս պատճառել:

Դուք հարություն եք տալիս ձեր հոգևոր էներգիաներին և դրանք պահպանում եք ֆիզիկական պլանում: Եվ ձեզ շրջապատող զազիր ամայությանը պատկանող ոչինչ այլևս չի կարող ձեզ վրա ազդեցություն գործել: Ընդհակառակը, պաշտելինե'րս, հենց միայն ձեր ներկայությամբ դուք ունակ եք դառնում դադարեցնելու ձեր աշխարհի ցանկացած անկատարության դրսևորումը:

Եվ դուք ձեր ծառայությունն իրագործելու լրացուցիչ հնարավորություն եք ստանում, իսկ այն օգնությունը, որն այդ ընթացքում կարողանում եք ցուցաբերել մարդկանց, հենց Երկնոլորտների օգնությունն է հանդիսանում: Քանզի ձեր մեջ այլևս ոչինչ չի մնում, որով ձեր գիտակցության վիճակը տարբերվեր Աստվածայինից:

Մի' հավատացեք նրանց, ովքեր ձեզ կասեն, թե եղել է միայն մեկ Աստծո Որդի, և միայն Նա' է կարողացել իր վրա վերցնել աշխարհի բոլոր մեղքերը:

Այո', ես ինձ վրա վերցրեցի աշխարհի մեղքերը, բայց իմ արածի գլխավոր մասն այն էր, որ ես ձեզ ցույց տվեցի այն Ուղին, որով դուք պետք է ընթանաք և արդեն իսկ՝ ընթանում եք:

Ես ձեզ ուղի տվեցի՝ Վարդե Ուղին, որի վրա սփռված են վարդեր և փշեր: Եվ չկա այլ ուղի, որով ընթանալով դուք կարողանայիք հասնել ձեր Երկնավոր Հոր Արքայությանը:

Պաշտելինե'րս, ես լի եմ ձեր նկատմամբ Սիրո զգացումով: Ես տեսնում եմ ձեր ծառայությունը, նաև այն եմ տեսնում, թե որքա՜ն դժվար է ձեզ համար ձեր ժամանակներում: Իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ ձեր գիտակցությունը հազիվ է հասցնում հարմարվել դեկորացիաների արագ փոփոխությանը:

Եվ նրանք, ովքեր կանգնել են ծառայելու Ուղու վրա և վստահորեն առաջ են ընթանում դրանով, կստանան իրենց ընտրած Ուղու ճշմարտացիության հաստատումը՝ որպես մեղմ բերկրանքի, աննկարագրելի երանության րոպեների զգացողություն: Պաշտելինե'րս, ամուր հիշե'ք այդ րոպեները, կլանե'ք այդ երանության վիճակները ձեր բոլոր բջիջներով ու ձեր էության բոլոր ատոմներով: Որսացե'ք երանության այդ րոպեները: Դրանք ձեզ ուժ ու եռանդ կտան և կտան ձեզ հնարավորություն՝ անցնելու ձեր տեստերն ու Ուղու վրայի ձեր բոլոր փորձությունները:

Թող Սերը ձեր մշտական ուղեկիցը լինի ձեր կյանքի բոլոր րոպեներին: Եվ, եթե դուք Սիրո զգացում չեք ապրում, ապա խնդրեցե'ք ինձ, դիմեցե'ք ինձ, և ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի ձեզ վերադարձնեմ ձեր Սերը:

Սերը ձեր Ուղու այն նշանն է, որը հաստատում է, որ դուք ընթանում եք ճշմարիտ ուղով:

Դուք չպետք է այդ զգացմունքը կապեք կոնկրետ մարդու հետ, և դուք չպետք է պահանջեք պատասխան սեր: Չնայած՝ երբեմն հենց կոնկրետ մարդու նկատմամբ Սերն է, որ ձեզ փրկում է ձեր փորձությունների դժվարին շրջանում:

Երբ սիրում եք, ձեզ այլևս ոչինչ պետք չէ: Դուք պարզապես պատրաստ եք ապրել և երանություն զգալ այդ վիճակով: Եվ ձեր բոլոր պրոբլեմները, ձեր և շրջապատող աշխարհի բոլոր անկատարությունները լուծվում են այդ համապիտանի լուծիչով, որն ի սկզբանե հատուկ է համայն տիեզերքին:

Ճշմարիտ Աստվածային Սիրո Բոցն ունակ է տեղ գտնել միայն այն մարդկանց սրտերում, ովքեր չեն կորցրել իրենց կապն Աստվածային աշխարհի հետ: Եվ հենց այդ զգացմունքն է, որ կարող է բարձրացնել ձեր թրթիռները և դրանք համապատասխանեցնել ձեր ֆիզիկական պլանի անընդհատ բարձրացող թրթռանքների հետ:

Նրանք, ովքեր ունակ են յուրացնել Սիրո էներգիան, իրենց ավելի ու ավելի առանձնացված կզգան ձեր աշխարհից: Եվ վաղ թե ուշ նրանք կորոշեն կա'մ հնազանդվել Սիրո էներգիային, կա'մ էլ ընդմիշտ լքել այն աշխարհը, որում այլևս չեն կարողանում մնալ՝ թրթռանքների չափազանց մեծ տարբերության պատճառով:

Պաշտելինե'րս, ես ուրախ էի օգտվել այս հնարավորությունից և հանդիպել ձեզ մի օրվա ընթացքում, երբ, համոզված եմ՝ այս թելարդությունները կարդացողներից շատերը նշում են իմ հարության իրողությունը: Թու'յլ տվեք ինձ ևս միանալ այդ տոնակատարությանը և նշել ձեզնից նրա'նց հաղթանակն, ովքեր իրենց գիտակցության մեջ հասել են Աստվածային թրթիռների հարությանը, և ովքեր լիովին համահունչ են ինձ հետ և մյուս Համբարձյալ Տիրակալների հետ:

Դա մե՜ծ հաղթանակ է, պաշտելինե'րս, որովհետև դուք հասել եք այն վիճակին, որը մեզ թույլ է տալիս ներկա գտնվել ձեր տաճարներում:

Եվ դուք երևի ինձ չեք հավատա, եթե ասեմ, որ Երկնոլորտներում մնացել է իմ շատ ավելի քիչ մասը՝ համեմատած իմ այն մասի հետ, որը Երկրի վրա գտնվում է ձեր տաճարներում. նրա'նց տաճարներում, ովքեր հրավիրել են ինձ մուտք գործել իրենց տաճարը, և որոնց թրթիռներն ինձ թույլ են տալիս դա անել:

Ես ձեզ գաղտնիքի կարգով նաև կասեմ, որ Համբարձյալ Տիրակալներից շատերն, ովքեր պահպանել են իրենց կապը չհամբարձված մարդկության հետ, նույնպես գտնվում են ձեր մեջ՝ ձեր մարմիններում և ձեր եղբայրների ու քույրերի մարմիններում:

Աշխարհները մերձենում են: Հասել է ժամանակը, երբ մեր աշխարհներն իրենց թրթռանքներով ավելի ու ավելի կմոտենան իրար: Եվ, պաշտելինե'րս, ավելի ու ավելի շատերը ձեզնից կապ կունենան մեզ հետ, և դա կգիտակցեն իրենց արտաքին գիտակցությամբ:

Ես ուրախ էի մեր այսօրվա հանդիպման համար: Ես ձեզ եմ առաքում իմ սրտի Սերը և ընդունում ձեր սրտերի Սերը:

ԵՍ ԵՄ Հիսուս՝ ձեր Եղբայրը

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ